1Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր բանն։
2Նա էր ի սկզբանէ առ Աստուած։
3Ամենայն ինչ՝ նովաւ եղեւ. եւ առանց նորա եղեւ եւ ոչինչ՝ որ ինչ եղեւն։
4Նովաւ՝ կեանք էր, եւ կեանքն՝ էր լոյս մարդկան.
5Եւ լոյսն՝ ի խաւարի անդ՝ լուսաւոր էր, եւ խաւար՝ նմա ոչ եղեւ հասու։
6Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ. անուն նմա Յովհաննէս։
7Սա՝ եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն լուսոյն. զի ամենեքին հաւատասցեն նովաւ։
8Ոչ էր նա լոյսն, այլ զի վկայեսցէ վասն լուսոյն։
9Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է յաշխարհ։
10Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ։
11Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան։
12Իսկ որք ընկալան զնա, ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա։
13Ոյք ոչ յարենէ, եւ ոչ ի կամաց մարմնոյ, եւ ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան։
14Եւ բանն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ եւ տեսաք զփառս նորա զփառս իբրեւ զմիածնի առ ի հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ։
15Յովհաննէս վկայէ վասն նորա, աղաղակեաց եւ ասէ. սա է՝ զորմէ ասէի, որ զկնի իմ գալոցն էր, առաջի իմ եղեւ, զի նախ քան զիս էր։
16Զի ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առաք շնորհս փոխանակ շնորհաց։
17Զի օրէնքն ի ձեռն մովսիսի տուան. շնորհք եւ ճշմարտութիւնն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն։
18ԶԱստուած ոչ ոք ետես երբէք, բայց միածինն որդի՝ որ է ի ծոց հօր՝ նա պատմեաց։
19Եւ այս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա՝ թէ դու ո ես։
20Եւ խոստովան եղեւ՝ եւ ոչ ուրացաւ. եւ խոստովան եղեւ եթէ ես՝ ոչ եմ Քրիստոսն։
21Եւ հարցին ցնա. իսկ ով ես դու, Եղիա ես։ եւ ասէ. ոչ եմ։ Իսկ՝ մարգարէն ես դու։ Պարասխանի ետ թէ ոչ։
22Իսկ՝ ասա մեզ, դու ով ես, զի պատասխանի տարցուք որոց առաքեցինն մեզ. Զի ասես վասն քո։
23Ասէ. ես՝ ձայն բարբառոյ յանապատի. ուղիղ արարէք զճանապարհ տեառն. որպէս ասաց Եսայի մարգարէ։
24Եւ որք առաքեցանն՝ ի Փարիսեցւոց անտի էին։
25Հարցին ցնա՝ եւ ասեն. իսկ զի մկրտես՝ եթէ դու չես Քրիստոսն, եւ ոչ Եղիա, եւ ոչ մարգարէն։
26Պատասխանի ետ նոցա Յովհաննէս՝ եւ ասէ. ես՝ մկրտեմ զձեզ ջրով. ի միջի ձերում կայ զոր դուքն ոչ գիտէք։
27Որ զկնի իմ գալոցն է, որում չեմն արժանի՝ եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։
28Այս՝ ի Բեթաբրա եղեւ յայնկոյս Յորդանանու, ուր էրն Յովհաննէս՝ եւ մկրտէր։
29Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գայր առ նա, եւ ասէ. ահաւասիկ գառն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։
30Սա է վասն որոյ եսն ասէի, զկնի իմ գայ՝ այր, որ առաջի իմ եղեւ, զի յառաջ իսկ էր քան զիս։
31Եւ ես՝ ոչ գիտէի զնա. այլ զի յայտնի լինիցի Իսրայէլի, վասն այնորիկ եկի ես ջրով մկրտել։
32Վկայեաց Յովհաննէս՝ եւ ասէ, թէ տեսանէի զհոգին՝ զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա։
33Եւ ես՝ ոչ գիտէի զնա. այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով, նա ասաց ցիս. յոյր վերայ տեսանիցես զհոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է՝ որ մկրտէ հոգւովն սրբով։
34Եւ ես՝ տեսի, եւ վկայեցի՝ եթէ սա է որդին Աստուծոյ։
35Ի վաղիւ անդր կայր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա՝ երկու։
36Եւ նայեցեալ ընդ Յիսուսի՝ զի զգնայր, ասէ. ահաւասիկ Քրիստոս գառն Աստուծոյ։
37Լուան ի նմանէ երկու աշակերտքն՝ զի խօսէր, եւ գնացին զհետ Յիսուսի։
38Իբրեւ դարձաւ Յիսուս, եւ ետես զնոսա՝ զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. զինչ խնդրէք։ Սոքա ասեն ցնա. Ռաբբի, որ թարգմանեալ կոչի՝ վարդապետ. ուր են օթեվանք քո։
39Ասէ ցնոսա. եկայք եւ տեսէք։ Եկին եւ տեսին՝ ուր էին օթեվանք նորա. եւ առ նմա ագան այն օր, զի ժամ էր՝ իբրեւ տասներորդ։
40Էր Անդրէաս՝ եղբայր Սիմովնի վիմի՝ մի յերկուց անտի, որ լուանն ի Յովհաննէ՝ եւ գնացին զկնի նորա։
41Գտանէ սա՝ նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. գտաք զմեսիայն՝ որ թարգմանի Քրիստոսն։
42Սա ած զնա առ Յիսուս. Հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. դու ես Սիմովն որդի Յովնանու, դու կոչեսցիս կեփաս, որ թարգմանի Պետրոս։
43Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլիպպոս, եւ ասէ ցնա Յիսուս. ել զկնի իմ։
44Եւ էր Փիլիպպոս ի Բեթսայիդայ. ի քաղաքէ Ադրեայ եւ Պետրոսի։
45Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ. եւ ասէ ցնա. զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն, եւ մարգարէքն. գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ։
46Ասէ ցնա Նաթանայէլ. իսկ Նազարեթէ՝ մարթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. եկ եւ տես։
47Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գայր առ նա, ասէ վասն նորա. ահա արդարեւ Իսրայէլացի, յորում նենգութիւն ոչ գոյ։
48Ասէ ցնա Նաթանայէլ. ուստի ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. մինչչեւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի զքեզ։
49Պատասխանի ետ նմա Նաթանայէլ՝ եւ ասէ։ Ռաբբի՝ դու ես որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայէլի։
50Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. փոխանակ զի ասացի քեզ՝ թէ տեսի քեզ՝ ի ներքոյ թզենւոյն՝ հաւատաս, մեծամեծ եւս քան զայս տեսցես։
51Եւ ասէ ցնա. ամէն ամէն՝ ասեմ ձեզ, տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ՝ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ որդւոյ մարդոյ։
1Եւ յաւուրն երրորդի, հարսանիք էին ի Կանա Գալիլեացւոց. եւ անդ էր մայրն Յիսուսի։
2Կոչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիսն։
3Եւ ի պակասել գինւոյն, ասէ մայրն ցՅիսուս. գինի ոչ ունին։
4Եւ ասէ ցնա Յիսուս. զի կայ իմ եւ քո՝ կին դու, չեւ է հասեալ ժամանակ իմ։
5Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք։
6Անդ էին թակոյկք կճեայք վեց՝ ըստ սրբութեանն հրէից. տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։
7Ասէ ցնոսա Յիսուս. լցէք զթակոյկսդ ջրով, եւ լցին զնոսա մինչեւ ի վեր։
8Եւ ասէ ցնոսա. արդ՝ առէք եւ բերէք տաճարապետիդ։ եւ նոքա՝ բերին։
9Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի եղեալ, եւ ոչ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն՝ գիտէին որք արկին զջուրն։ Խօսի ընդ փեսային տաճարապետն,
10Եւ ասէ. ամենայն մարդ՝ զանոյշ գինի յառաջագոյն պաշտէ. եւ յորժամ արբենան, յայնժամ զյոռին. դու՝ պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ։
11Զայս արար սկիզբն նշանաց Յիսուսի ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր. եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։
12Յետ այսորիկ էջ Յիսուս ի Կափառնաում, ինքն եւ մայր իւր եւ եղբարք իւր. եւ անդ լինէր՝ ոչ բազում ինչ աւուրս։
13Եւ էր՝ մերձ զատիկն Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։
14Եւ եգիտ ի տաճարին՝ զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին։
15Եւ արար խարազան չուանեայ, եւ եհան զամենեսին ի տաճարէն, զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն ցրուեաց, եւ զսեղանսն կործանեաց։
16Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. առէք զայդ աստի, եւ մի առնէք զտուն հօր իմոյ՝ տուն վաճառի։
17Ապա յիշեցին աշակերտքն նորա՝ թէ գրեալ է. նախանձ տան քո կերիցէ զիս։
18Պատասխանի ետուն Հրէայքն՝ եւ ասեն ցնա. զինչ նշան ցուցանես դու մեզ՝ զի զայդ առնես։
19Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. քակեցէք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զդա։
20Ասեն ցնա Հրէայքն. զքառասուն եւ զվեց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու՝ զերիս աւուրս կանգնես զդա։
21Բայց նա՝ ասէր վասն տաճարի մարմնոյ իւրոյ։
22Իսկ յորժամ յարեաւն ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ այս է զոր ասացն. եւ հաւատացին գրոյն՝ եւ բանին զոր ասաց Յիսուս։
23Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ի զատկին ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր։
24Բայց ինքն Յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա. քանզի ինքն գիտէր զամենայն.
25Եւ զի ոչ էր պիտոյ՝ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ. զի ինքն իսկ՝ գիտէր զինչ կրէր ի մարդն։
1Եւ էր՝ այր մի ի Փարիսեցւոց անտի՝ Նիկոդեմոս անուն նորա, իշխան Հրէից։
2Սա՝ եկն առ նա գիշերի՝ եւ ասէ ցնա. Ռաբբի՝ գիտեմք թէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել՝ զոր դուդ առնես. եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։
3Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. ամէն ամէն ասեմ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։
4Ասէ ցնա Նիկոդեմոս. զիարդ կարէ մարդ ծնանել որ ծնեալն իցէ. մի(ե)թէ՝ մարթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել։
5Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. ամէն ամէն ասեմ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։
6Զի ծնեալն ի մարմնոյ՝ մարմին է, եւ ծնեալն ի հոգւոյ՝ հոգի է։
7Դու՝ մի զարմանար, թէ ասացի քեզ՝ պարտ է ձեզ ծնանել վերստին։
8Զի հողմ՝ ուր կամի շնչէ. եւ զձայն նորա լսես. այլ ոչ գիտես ուստի գայ՝ կամ յո երթայ. սոյնպէս՝ եւ ամենայն ծնեալն ի հոգւոյն։
9Պատասխանի ետ Նիկոդեմոս՝ եւ ասէ ցնա. զիարդ մարթի այդմ լինել։
10Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. դու ես վարդապետ Իսրայէլի՝ եւ զայդ՝ ոչ գիտես։
11Ամէն ամէն ասեմ քեզ. զի զոր ինչ գիտեմք՝ խօսիմք, եւ զոր տեսաք՝ վկայեմք. եւ զվկայութիւնն մեր ոչ ընդունիք։
12Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ, եւ ոչ հաւատայք. զիարդ եթէ զերկնաւորսն ասացից՝ հաւատայցէք։
13Եւ ոչ ոք յերկինս ել, եթէ ոչ՝ որ էջն յերկնից որդին մարդոյ՝ որ էն յերկինս։
14Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօձն յանապատին, նոյնպէս բարձրանալ պարտ է որդւոյ մարդոյ։
15Զի ամենայն որ հաւատայ ի նա՝ ընկալցի զկեանսն յաւիտենականս։
16Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զորդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս։
17Զի ոչ առաքեաց Աստուած զորդի իւր յաշխարհ՝ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։
18Որ հաւատայ ի նա ոչ դատապարտեսցի. եւ որ ոչ հաւատայ ի նա՝ արդէն իսկ դատապարտեալ է. զի ոչ հաւատաց յանուն միածնի որդւոյն Աստուծոյ։
19Եւ այս իսկ է դատաստան. զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել քան զլոյս. զի էին գործք իւրեանց չարութեան։
20Զի ամենայն որ զչար գործէ՝ ատեայ զլոյս. եւ ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանեսցին գործք Նորա։
21Իսկ որ առնէ զճշմարտութիւն, գայ առ լոյսն. զի յայտնի լիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան։
22Յետ այսորիկ եկն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի. եւ անդ շրջէր նոքօք հանդերձ եւ մկրտէր։
23Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱյենովն, մերձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. եւ գային՝ եւ մկրտէին։
24Զի չեւ եւս էր արկեալ զՅովհաննէս ի բանտ։
25Եւ եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու՝ ընդ հրէի՝ վասն սրբութեան.
26Եկին առ Յովհաննէս՝ եւ ասեն ցնա. Ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու. որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ՝ եւ ամենեքին գան առ նա։
27Պատասխանի ետ Յովհաննէս՝ եւ ասէ. ոչ կարէ մարդ առնուլ յանձնէ՝ եւ ոչ ինչ, եթէ ոչ իցէ տուեալ նմա յերկնից ի վերուստ։
28Դուք ձեզէն վկայէք ինձ, զի ասացի ձեզ՝ թէ չեմ ես Քրիստոսն, այլ թէ առաքեալ եմ առաջի նորա։
29Որ ունի հարսն, նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային՝ որ կայ եւ լսէ նմա, ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային։ Արդ՝ այս ուրախութիւն՝ որ իմս է, լցեալ է։
30Նմա պարտ է աճել, եւ ինձ մեղմանալ։
31Որ ի վերուստն գայ, ի վերոյ է քան զամենայն. որ յերկրէ աստի է, յերկրէ է՝ եւ յերկրէ խօսի։
32Որ յերկնիցն գայ, զոր ինչ ետես եւ զոր լուաւ, վկայէ. եւ զվկայութիւն նորա ոչ ոք ընդունի։
33Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց, թէ Աստուած ճշմարիտ է։
34Զի զոր Աստուածն առաքեաց՝ զբանս Աստուծոյ խօսի. զի ոչ եթէ չափով տայ Աստուած զհոգին։
35Հայր սիրէ զորդի, եւ զամենայն ինչ՝ ետ ի ձեռս նորա։
36Որ հաւատայ յորդի, ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ որ ոչ հնազանդի որդւոյ, ոչ տեսցէ զկեանս. այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ի վերայ նորա։
1Իբրեւ գիտաց Յիսուս՝ եթէ լուան փարիսեցիքն՝ եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ, եւ մկրտէ քան զՅովհաննէս.
2Քանզի ոչ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա։
3Եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ի Գալիլեա։
4Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա։
5Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց՝ որում անուն էր Սեքար. մերձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ։
6Եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ։ Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն, նստէր ի վերայ աղբերն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ։
7Գայ կին մի ի Սամարեայ հանել ջուր։ Ասէ ցնա Յիսուս. տուր ինձ ըմպել։
8Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր՝ զի կերակուր գնեսցեն։
9Ասէ ցնա կինն Սամարացի. դու՝ որ Հրէայդ ես, զիարդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ոչ երբէք խառնակին Հրէայք ընդ Սամարացիս։
10Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. եթէ գիտէիր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ով է՝ որ ասէդ ցքեզ՝ թէ տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի։
11Ասէ ցնա կինն. Տէր՝ դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է. իսկ արդ՝ ուստի ունիցիս զջուրն կենդանի։
12Միթէ դու մեծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ՝ որ զայս ջրհոր ետ մեզ, եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա, եւ խաշինք նորա։
13Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ, միւսանգամ ծարաւէ. բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա, մի ծարաւեսցէ յաւիտեան։
14Այլ ջուրն զոր ես տաց նմա, եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս։
15Ասէ ցնա կինն. տէր՝ տուր ինձ զջուրն զայն, զի մի ծարաւեցից՝ եւ մի եկից այսր հանել ջուր։
16Ասէ ցնա Յիսուս. երթ կոչեա զայր քո՝ եւ եկ այսր։
17Պատասխանի ետ նմա կինն՝ եւ ասէ. չիք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. բարւոք ասացեր՝ թէ չիք իմ այր.
18Զի հինգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմ ունիս՝ չէ քո այր. զայդ արդար ասացեր։
19Ասէ ցնա կինն. Տէր՝ թուի ինձ թէ մարգարէ իցես դու։
20Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին. եւ դուք ասէք՝ թէ յԵրուսաղէմ եւեթ է տեղի ուր արժան իցէ երկիր պագանել։
21Ասէ ցնա Յիսուս. կին դու՝ հաւատա ինձ։ Զի եկեսցէ ժամանակ՝ յորժամ ոչ ի լերինս յայսմիկ, եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն հօր։
22Դուք երկիր պագանէք՝ որում ոչն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի Հրէից է։
23Այլ եկեսցէ ժամանակ, եւ այժմ իսկ է. յորժամ ճշմարիտքն երկրպագուք՝ երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ. քանզի եւ հայր՝ այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։
24Հոգի է Աստուած, եւ երկրպագուացն նորա՝ հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել։
25Ասէ ցնա կինն, գիտեմ զի մեսսիա գայ՝ անուանեալն Քրիստոս. յորժամ եկեսցէ, նա պատմեսցէ մեզ զամենայն։
26Ասէ ցնա Յիսուս. ես եմ, որ խօսիմս ընդ քեզ։
27Եւ յայն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանային զի ընդ կնոջն խօսէր. բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թէ զինչ խնդրես, կամ զինչ խօսիս ընդ դմա։
28Եթող կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն։
29Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն՝ որ ինչ իմ գործեալ է. միթէ՝ նա իցէ Քրիստոսն։
30Ելին ի քաղաքէն՝ եւ գային առ նա։
31Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի՝ հաց կեր։
32Նա՝ ասէ ցնոսա. ես՝ կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք։
33Ասէին աշակերտքն ընդ միմեանս. միթէ՝ եբեր ինչ ոք դմա ուտել։
34Ասէ ցնոսա Յիսուս. իմ կերակուր այն է զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։
35Ոչ դուք ասէք՝ եթէ այլ եւս չորք ամիսք են՝ եւ հունձք գան. ահաւասիկ ես ասեմ ձեզ. ամբարձէք զաչս ձեր, եւ տեսէք զարտորայն, զի սպիտակացեալ են՝ եւ ի հունձս հասեալ։
36Եւ որ հնձէն՝ վարձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս։ Զի որ սեմանէն՝ եւ որ հնձէ, հասարակաց ցնծասցեն։
37Յայսմ իսկ է բանն ճշմարիտ. զի այլ է որ սերմանէ, եւ այլ է որ հնձէ։
38Ես առաքեցի զձեզ հնձել՝ զոր ոչ դուք ի վաստակս նոցա մտէք։
39Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց՝ բազումք հաւատացին ի նա, վասն բանի կնոջն վկայելոյ՝ եթէ ասաց ինձ զամենայն, որ ինչ իմ գործեալ էր։
40Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա։ Եւ եղեւ անդ աւուրս երկուս։
41Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա։
42Եւ ասէին ցկինն թէ ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք. զի մեզէն իսկ լուաք ի դմանէ. եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ փրկիչ աշխարհաց։
43Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա։
44Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց, եթէ մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։
45Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալան զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տօնին. քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն։
46Եկն դարձեալ ի Կանա Գալիլեացւոց՝ ուր արար զջուրն գինի. եւ անդ էր։ Թագաւորազն մի. որոյ որդի նորա հիւանդ կայր ի Կափառնաում։
47Նա իբրեւ լուաւ, եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա, եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա. քանզի մերձ էր ի մեռանել։
48Ասէ ցնա Յիսուս. եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք։
49Ասէ ցնա թագաւորազն. տէր՝ էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ։
50Ասէ ցնա Յիսուս. երթ, որդին քո կենդանի է։ Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնաց։
51Եւ մինչդեռ իջանէր, ընդառաջ եղեն նմա ծառայքն նորա. աւետիս ետուն՝ եւ ասեն, թէ մանուկն նորա կենդանի է։
52Հարցանէ ցնոսա վասն ժամուն՝ յորում ապաքինեաց։ Եւ ասեն ցնա. երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմն։
53Գիտաց հայրն նորա՝ թէ յայնմ ժամու՝ յորժամ ասացն ցնա Յիսուս՝ թէ որդին քո կենդանի է. եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր։
54Զայս դարձեալ՝ երկրորդ նշան արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա։
1Յետ այսորիկ տօն էր Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։
2Եւ էր յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին՝ որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեղդա, հինգ սրահ։
3Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանաց, կուրաց կաղաց գոսացելոց, որ ակն ունէին ջրոցն յուզելոյ։
4Եւ հրեշտակ տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն՝ եւ յուզէր զջուրսն. եւ որ նախ ի շարժումն ջուրց իջանէր՝ բժշկէր, ոչ ունելով նշան հիւանդութեան։
5Եւ անդ էր այր մի՝ որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում։
6Զնա իբրեւ ետես Յիսուս՝ զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. կամիս ողջ լինել։
7Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր՝ ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին՝ արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ։
8Ասէ ցնա Յիսուս. արի առ զմահիճս քո՝ եւ գնա։
9Եւ ողջացաւ այրն. եւ յարեաւ, առ զմահիճս իւր՝ եւ շրջէր՝ եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ։
10Ասեն Հրեայքն ցբժշկեալն. շաբաթ է, եւ ոչ էր արժան առնուլ քեզ զմահիճս քո։
11Պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. որ բժշկեացն զիս, նա ասաց ցիս՝ առ զմահիճս քո եւ գնա։
12Հարցին ցնա՝ եւ ասեն. ով է այրն որ ասացն ցքեզ՝ առ զմահիճս քո եւ շրջեաց։
13Եւ բժշկեալն ոչ գիտէր թէ ով իցէ. քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղւոջէ անտի։
14Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին, եւ ասէ ցնա. ահաւադիկ ողջացար, մի եւս մեղանչեր. զի մի չար եւս ինչ լինիցի քեզ։
15Գնաց այրն՝ եւ պատմեաց Հրէիցն, եթէ Յիսուս էր որ բժշկեացն զիս։
16Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս Հրէայք, զի զայն առնէր ի շաբաթու։
17Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. հայր իմ մինչեւ ցայժմ գործէ, եւ ես գործեմ։
18Վասն այնորիկ առաւել խնդրէին Հրէայքն սպանանել զնա. զի ոչ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ հայր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասար առնէր զանձն Աստուծոյ։
19Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. ամէն ամէն ասեմ ձեզ. ոչ կարէ որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչինչ, եթէ ոչ տեսանիցէ զհայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ որդին նմին նման գործէ։
20Զի հայր սիրէ զորդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա՝ զոր ինքն առնէ։ Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դուքդ զարմանայք։
21Զի որպէս հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ որդի զորս կամի կենդանի առնէ։
22Եւ ոչ եթէ հայր դատի զոք՝ այլ զամենայն դատաստանն ետ որդւոյ իւրոյ.
23Զի ամենեքեան պատուեսցեն զորդի, որպէս պատուեն զհայրն։ Որ ոչ պատուէ զորդին, ոչ պատուէ զհայր զառաքիչն նորա։
24Ամէն ամէն ասեմ ձեզ. զի որ զբանն իմ լսէ, եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս, ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս։
25Ամէն ամէն ասեմ ձեզ. զի գայ ժամանակ՝ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցեն՝ կեցցեն։
26Զի որպէս հայր ունի կեանս յանձին իւրում, նոյնպէս ետ եւ որդւոյ ունել կեանս յանձին իւրում։
27Եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել։ Եւ զի որդի մարդոյ է,
28Ընդ այն զի զարմանայք։ Զի եկեսցէ ժամանակ՝ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն, լուիցեն ձայնի նորա,
29Եւ եկեսցեն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ ի յարութեան կենաց, եւ որոց զչար արարեալ իցէ՝ ի յարութիւն դատաստանաց։
30Ոչ կարեմ ես յանձնէ առնել՝ եւ ոչինչ. այլ որպէս լսեմ՝ դատիմ եւ դատաստանն իմ արդար է։ Զի ոչ խնդրեմ զկամս իմ, այլ զկամս այնորիկ՝ որ առաքեացն զիս։
31Եթէ ես վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ ճշմարիտ։
32Այլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք եթէ ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ։
33Դուք առաքեցէք առ Յովհաննէս, եւ վկայեաց ճշմարտութեանն։
34Այլ ես ոչ եթէ ի մարդկանէ առնում վկայութիւն. այլ զայս ասեմ զի դուք ապրեսջիք։
35Նա էր ճրագն՝ որ լուցեալ էր եւ ծագէր. եւ դուք կամեցարուք ցնծալ առ ժամանակ մի ի լոյս նորա։
36Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն՝ զոր ետ ցիս հայր՝ զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ հայր առաքեաց զիս։
37Եւ որ առաքեացն զիս հայր, նա վկայեաց վասն իմ։ Դուք ոչ զձայն նորա երբէք լուարուք. եւ ոչ զտեսիլ նորա տեսէք։
38Եւ ոչ զբան նորա ունիք ի ձեզ բնակեալ. զի զոր նա առաքեաց, դուք նմա ոչ հաւատայք։
39Քննեցէք զգիրս. զի դուք համարիք նոքօք ունել զկեանսն յաւիտենականս։ Եւ նոքին իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս։
40Եւ դուք ոչ կամիք գալ առ իս, զի զկեանսն ունիցիք։
41Ես փառս ի մարդկանէ ոչ առնում։
42Այլ գիտեմ զձեզ՝ զի զսէրն Աստուծոյ ոչ ունիք յանձինս.
43Ես եկի յանուն հօր իմոյ, եւ ոչ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիցիք.
44Զիարդ կարէք դուք հաւատալ. զի փառս ի միմեանց առնուք, եւ զփառս զառ ի միոյն Աստուծոյ ոչ խնդրէք։
45Մի համարիք եթէ ես չարախօս ինչ իցեմ զձէնջ՝ առ հօր. գոյ որ չարախօս կայ զձէնջ՝ Մովսէս. յոր դուքն յուսացեալ էք։
46Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայիք արդեւք եւ ինձ. զի նա վասն իմ իսկ գրեաց։
47Զի եթէ նորա գրոցն ոչ հաւատայք, զիարդ իմոց բանիցս հաւատայցէք։
1Յետ այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլեացւոց Տիբերեայ։
2Եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր ի վերայ հիւանդաց։
3Ել ի լեառն Յիսուս, եւ անդ նստէր աշակերտօքն հանդերձ։
4Եւ էր մերձ զատիկ տօնն Հրէից։
5Բարձ ի վեր զաչս իւր Յիսուս, եւ ետես զի ժողովուրդ բազում գայր առ նա. ասէ ցՓիլիպպոս. ուստի գնեսցուք հաց զի՝ կերիցեն դոքա։
6Զայս ասէր փորձելով զնա. այլ ինքն գիտէր զինչ առնելոց էր։
7Պատասխանի ետ նմա Փիլիպպոս. երկերիւր դահեկանի հաց՝ չէ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչիւր ոք սակաւ ինչ առնուցու։
8Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէաս՝ եղբայր սիմովնի վիմի.
9Է աստ՝ պատանեակ մի որ ունի հինգ նկանակ գարեղէն՝ եւ երկուս ձկունս, այլ այն զինչ է առ այդչափ մարդիկդ։
10Ասէ Յիսուս. բազմեցուցէք զմարդիկդ, եւ էր խոտ յոյժ ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հինգ հազար։
11Եւ առ զհացն Յիսուս, եւ գոհացաւ. եւ բաշխեաց բազմականացն. Նոյնպէս եւ ի ձկանցն որչափ եւ կամեցան։
12Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. ժողովեցէք զնշխարեալ կոտորսդ, զի մի ինչ կորիցէ։
13Ժողովեցին. եւ լցին երկոտասան սակառի զկոտորոցն՝ ի հինգ գարեղէն նկանակէ անտի, որ յաւելաւ ի կերողացն։
14Իսկ մարդիկն՝ իբրեւ տեսին զնշանսն զոր արար, ասէին, թէ սա է ճշմարիտ մարգարէն՝ որ գալոց էր յաշխարհ։
15Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա, զի արասցեն զնա թագաւոր, գնաց դարձեալ ի լեառնն միայն։
16Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ի ծովեզրն։
17Եւ մտեալ ի նաւ՝ գնացին յայնկոյս ծովուն ի կափառնաում։ Եւ իբրեւ նսեմացաւ, եւ չեւ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս.
18Եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէր։
19Եւ Վարեալ իբրեւ ասպարէսս քսան եւ հինգ՝ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս՝ զի գայր ի վերայ ծովուն՝ եւ մերձ էր ի նաւն, եւ զարհուրեցան յոյժ։
20Եւ նա՝ ասէ ցնոսա. ես եմ՝ մի երկնչիք։
21Եւ կամէին զնա ընդունել ի նաւն. եւ վաղվաղակի եհաս նաւն յերկիրն յոր երթային։
22Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայն կոյս ծովուն. տեսանէր թէ այլ նաւ ոչ գոյր անդ բայց միայն ի միոյն՝ յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն. բայց միայն աշակերտքն նորա գնացին։
23Իբրեւ այլ նաւք գային ի Տիբերեայ մօտ յայն տեղի՝ ուր զհացն կերան։
24Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ոչ է անդ՝ եւ ոչ աշակերտքն նորա, առին նոքա զնաւսն, եւ եկին ի Կափառնաում խնդրել զՅիսուս։
25Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռաբբի երբ եկիր այսր։
26Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. ամէն ամէն ասեմ ձեզ. խնդրէք դուք զիս, իբրեւ ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի՝ եւ յագեցարուք։
27Երթայք գործեցէք՝ մի զկորստական կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ի կեանսն յաւիտենականս, զոր որդին մարդոյ տացէ ձեզ. քանզի զնա հայր կնքեաց Աստուած։
28Ասեն ցնա. զինչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք։
29Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. այս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն, զոր առաքեացն նա։
30Ասեն ցնա. զինչ նշան առնիցես, զի տեսցուք եւ հաւատասցուք, զինչ գործիցես։
31Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ է. հաց երկնից ետ նոցա ուտել։
32Ասէ ցնոսա Յիսուս. ամէն ամէն ասեմ ձեզ. թէ ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից. այլ հայրն իմ տացէ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։
33Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից՝ եւ կեանս տայ աշխարհի։
34Ասեն ցնա. Տէր՝ յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն։
35Ասէ ցնոսա Յիսուս. ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբէք ծառաւեսցի։
36Այլ ասացի ձեզ՝ եթէ տեսէք զիս, եւ ոչ հաւատայք։
37Զամենայն զոր տայ ինձ հայր, առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս, ոչ հանից արտաքս։
38Զի իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս։
39Այս են կամք հօր իմոյ որ առաքեացն զիս. զի ամենայն զոր ետ ցիս հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։
40Այս են կամք հօր իմոյ. զի ամենայն որ տեսանիցէ զորդի՝ եւ հաւատայցէ ի նա, ընկալցի զկեանսն յաւիտենականս. եւ ես՝ յարուցից զնա յաւուրն յետնում։
41Տրտնջէին զնմանէ Հրէայքն, զի ասաց թէ ես եմ հացն իջեալ յերկնից։
42Եւ ասէին, ոչ սա է որդին Յովսեփու, զորոյ մեք գիտեմք զհայրն. իսկ արդ՝ զիարդ ասէ՝ եթէ ես յերկնից իջի։
43Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. մի քրթմնջէք ընդ միմեանս.
44Ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ հայրն՝ որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։
45Գրեալ է ի մարգարէս. եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ։ Ամենայն որ լսէ՝ ի հօրէ՝ եւ ուսանի՝ գայ առ իս։
46Իբրեւ ոչ եթէ զհայր՝ ուրուք տեսեալ իցէ. եթէ ոչ որ էն յԱստուծոյ, նա ետես զհայր։
47Ամէն ամէն ասեմ ձեզ. զի որ հաւատայ ընդունի զկեանսն յաւիտենականս։
48Ես եմ հացն կենաց։
49Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին՝ եւ մեռան։
50Այս է հացն, որ յերկնիցն իջեալ է. զի որ ուտիցէ ոք ի սմանէ մի մեռանիցի։
51Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։
52Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ՝ կեցցէ ի յաւիտեան, եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի։
53Մարտնչէին ընդ միմեանս Հրէայքն եւ ասէին. զիարդ կարէ սա՝ տալ մեզ զմարմին իւր յուտել։
54Ասէ ցնոսա Յիսուս. ամէն ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ կերիջիք զմարմին որդւոյ մարդոյ, եւ արբջիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս։
55Որ ուտէ զմարմին իմ՝ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեանս յաւիտենականս. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում։
56Զի մարմին իմ՝ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է։
57Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, յիս բնակեսցէ, եւ ես ի նմա։
58Որպէս առաքեաց զիս կենդանին հայր, եւ ես կենդանի եմ վասն հօր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա կեցցէ վասն իմ։
59Այս է հացն՝ որ յերկնից իջեալ։ ոչ որպէս կերան հարքն ձեր զմանանայն՝ եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ յաւիտեան։
60Զայս ասաց ի ժողովրդեանն՝ յուսուցանելն ի Կափառնաում։
61Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան՝ ասեն. խիստ է բանդ այդ, ով կարէ լսել դմա։
62Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր՝ եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա, այդ գայթագղեցուցանէ զձեզ։
63Իսկ արդ՝ եթէ տեսանիցէք զորդի մարդոյ՝ զի ելանիցէ ուր էր զառաջինն։
64Հոգին է կենդանարար, մարմին՝ ինչ ոչ օգնէ։ Զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեանք։
65Այլ են ոմանք ի ձէնջ՝ որ ոչ հաւատան։ Քանզի գիտէր Յիսուս ի սկզբանէ, ով են այնոքիկ որ ոչն հաւատան, եւ ով այն է որ մատնելոցն է զնա։ Եւ ասէր.
66Վասն այսորիկ ասացի ձեզ՝ թէ ոչ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ իցէ տուեալ ի հօրէ իմմէ։
67Յայսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ոչ եւս շրջէին ընդ նմա։
68Ասէ Յիսուս ցերկոտասան աշակերտսն. միթէ՝ եւ դուք կամիք երթալ։
69Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր՝ առ ով երթիցուք. բանս կենաց յաւիտենականաց ունիս։
70Եւ մեք՝ հաւատացաք եւ ծանեաք՝ եթէ դու ես Քրիստոսն որդի Աստուծոյ։
71Պատասխանի ետ նոցա Յիսուս. ոչ ես զձեզ զերկոտասանսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանայ է։
72Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ Սկարիովտացւոյ. զի նա իսկ՝ մատնելոց էր զնա. եւ մի էր յերկոտասանիցն։
1Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գալիլեա. քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրէայքն սպանանել։
2Եւ էր մերձ տօնն Հրէից տաղաւարահարաց։
3Ասեն ցնա եղբարքն նորա. գնա աստի եւ երթ ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգործսդ քո զոր գործես։
4Զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես. յայտնեա զանձն քո աշխարհի։
5Քանզի եւ եղբարքն իսկ՝ չէին հաւատացեալ ի նա։
6Ասէ ցնոսա Յիսուս. ժամանակ իմ չեւ է հասեալ. բայց ձեր ժամանակ՝ յամենայն ժամու պատրաստ է։
7Ոչ կարէ աշխարհ ատել զձեզ. բայց զիս ատեայ. զի ես վկայեմ վասն նորա՝ եթէ գործքն իւր չարութեան են։
8Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ երթամ՝ ի տօնն յայն. զի իմ ժամանակ՝ չեւ է լցեալ։
9Զայս իբրեւ ասաց, ինքն մնաց անդէն ի Գալիլեա։
10Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա՝ եւ ինքն ել ի տօնն՝ ոչ յայտնի, այլ իբրեւ ի ծածուկ։
11Եւ Հրէայքն խնդրէին զնա ի տօնի անդ՝ եւ ասէին, ուր իցէ նա։
12Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն։ Կէսքն ասէին՝ թէ բարւոք է։ այլք ասէին՝ ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։
13Եւ ոչ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից։
14Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ել Յիսուս ի տաճարն՝ եւ ուսուցանէր։
15Զարմանային Հրէայքն եւ ասէին. Զիարդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։
16Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. իմ վարդապետութիւնս չէ իմ, այլ այնորիկ որ առաքեացն զիս։
17Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱստուծոյ իցէ արդեւք՝ եթէ ես ինչ յանձնէ իմմէ խօսիմ։
18Որ յանձնէ իւրմէ խօսի, փառս անձին իւրում խնդրէ. իսկ որ խնդրէ զփառս այնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարիտ է, եւ անիրաւութիւն ոչ գոյ ի նմա։
19Ոչ Մովսէս ետ ձեզ զօրէնսն, եւ ոչ ոք ի ձէնջ առնէ զօրէնսն։
20Զի խնդրէք զիս սպանանել։ Պատասխանի ետ ժողովուրդն՝ եւ ասէ. դեւ գոյ ի քեզ. ով խնդրէ զքեզ սպանանել։
21Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. գործ մի գործեցի, եւ ամենեքին զարմացեալ էք։
22Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն. զի ոչ եթէ ի Մովսիսէ էր, այլ ի հարց անտի. եւ ի շաբաթու թլփատէք զմարդ։
23Իսկ արդ՝ եթէ թլփատութիւն՝ առնու մարդ ի շաբաթու, զի մի օրէնքն Մովսիսի լուծցին. ընդ իս ցասուցեալ էք՝ զի ողջոյն իսկ մարդ բժշկեցի ի շաբաթու։
24Մի ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք։
25Ասէին ոմանք յԵրուսաղեմացւոց անտի. ոչ նա է սա զոր խնդրէին սպանանել։
26Եւ աւասիկ յայտնապէս խօսի, եւ չասեն ինչ դմա. գուցէ արդեւք եւ իշխանքն գիտացին՝ թէ սա իցէ Քրիստոսն։
27Այլ՝ զսա գիտեմք ուստի է. իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ոչ ոք գիտէ ուստի է։
28Աղաղակեաց Յիսուս ի տաճարին, ուսուցանէր՝ եւ ասէր։ Եւ զիս գիտէք, եւ ուստի եմ գիտէք. եւ յանձնէ իմմէ ոչ եմ եկեալ, այլ է ճշմարիտ որ առաքեացն զիս. զոր դուքն ոչ գիտէք։
29Ես գիտեմ զնա. զի ի նմանէ իսկ եմ, եւ նա առաքեաց զիս։
30Խնդրէին զնա ունել, եւ ել ի ձեռաց նոցա. եւ ոչ ոք արկ ի նա ձեռն, զի չեւ էր հասեալ ժամ նորա։
31Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ միթէ աւելի ինչ նշանս առնիցէ՝ քան զոր սայս առնէ։
32Եւ լուան Փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ։ Եւ առաքեցին քահանայապետքն եւ Փարիսեցիքն սպասաւորս՝ զի կալցին զնա։
33Ասէ Յիսուս. փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձեզ եմ. երթամ առ այն՝ որ առաքեացն զիս։
34Խնդրեցէք զիս՝ եւ ոչ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ։
35Ասեն Հրէայքն ընդ միմեանս. իսկ յո երթայցէ դա՝ զի մեք ոչ գտանիցեմք զդա. միթէ ի սփիռս հեթանոսաց երթիցէ՝ եւ ուսուցանիցէ զհեթանոսս։
36Զինչ է բանն այն զոր ասաց. խնդրեցէք զիս՝ եւ ոչ գտանիցէք. եւ ուր եսն երթամ, դուք ոչ կարիցէք գալ։
37Ի վերջնում աւուր մեծի տօնին, կայր Յիսուս՝ աղաղակէր եւ ասէր. եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս՝ եւ արբցէ։
38Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն գիրք, գետք յորովայնէ նորա բղխեսցեն ջրոց կենդանութեան։
39Զայս ասէր՝ վասն հոգւոյն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի չեւ էր հոգի, քան զի Յիսուս չեւ էր փառաւորեալ։
40Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. սա է ճշմարիտ մարգարէն։
41Այլքն ասէին՝ սա է Քրիստոսն։ Իսկ կէսքն ասէին՝ միթէ ի Գալիլեէ գալոց իցէ Քրիստոս։
42Ոչ գիրք ասեն՝ եթէ ի զաւակէ Դաւթի, եւ ի Բեթղահէմ գեղջէ՝ ուր Դաւիթն էր, գալոց է Քրիստոս։
43Եւ եղեւ հերձուած ի մէջ ժողովրդեանն վասն նորա։
44Եւ ոմանք ի նոցանէ կամեցան ունել զնա. այլ ոչ ոք մխեաց ի նա ձեռն։
45Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ Փարիսեցիս. եւ ասեն սոքա ցնոսա. ընդէր ոչ ածէք զնա այսր.
46Պատասխանի ետուն սպասաւորքն՝ եւ ասեն. ոչ երբէք խօսեցաւ մարդ, որպէս այրն այն։
47Պատասխանի ետուն Փարիսեցիքն՝ եւ ասեն. միթէ՝ եւ դուք մոլորեցարուք։
48Միթէ ոք յիշխանացն հաւատաց ի նա՝ կամ ի Փարիսեցւոցն.
49Այլ այն խաժամուժ ամբոխ՝ որ ոչ գիտէ զօրէնս, եւ նզովեալք են։
50Ասէ Նիկոդեմոս ցնոսա՝ որ եկեալն էր առ նա ի գիշերին յառաջագոյն՝ եւ մի էր ի նոցանէ։
51Միթէ օրէնքն մեր՝ դատին զմարդ՝ եթէ ոչ լսեն ինչ նախ ի նմանէ, կամ գիտեն զինչ գործէ։
52Պատասխանի ետուն նմա եւ ասեն. միթէ՝ եւ դու եւս ի Գալիլեէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլեէ ոչ յառնէ։
53Գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր։
1Իսկ Յիսուս գնաց ի լեառն ձիթենեաց։
2Ընդ առաւօտսն դարձեալ եկն ի տաճարն. եւ գայր առ նա ամենայն ժողովուրդն, եւ ուսուցանէր զնոսա·
3Ածին քահանայապետքն եւ փարիսեցիք՝ կին մի ըմբռնեալ ի շնութեան. եւ կացուցեալ զնա առաջի.
4Ասեն. կինս այս ըմբեռնեալ՝ ինքն յայտնապէս շնացեալ է։
5Եւ յօրէնսն Մովսէս մեզ պատուիրեաց զայսպիսիս քարկոծել. արդ դու զինչ ասես վասն դորա։
6Զայս ասէին՝ փորձելով զնա, զի ունիցին ամբաստանութիւն զնմանէ։ Իսկ Յիսուս ի խոնարհ հայելով գրէր մատամբն յերկրի։
7Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ի վեր՝ ասէ ցնոսա. անմեղն ի ձէնջ, նախ՝ նա ընկեսցէ քար ի վերայ դորա։
8Եւ դարձեալ ի խոնարհ նայելով՝ գրէր յերկրի։
9Եւ լուեալ՝ ելանէին մի ըստ միոջէ՝ սկսեալ յառաջնոցն մինչեւ ի վերջինսն եւ մնաց միայն Յիսուս, եւ կինն՝ կայր առաջի նորա։
10Պատասխանի ետ Յիսուս, եւ ասէ ցնա. կին դու՝ ուր են ոչ ոք զքեզ դատապարտեաց։
11Եւ ասէ. ոչ տէր։ Եւ ասէ Յիսուս. եւ ոչ ես դատապարտեմ զքեզ. երթ՝ յայսմհետէ՝ մի մեղանչեր։
12Դարձեալ խօսեցաւ ընդ նոսա Յիսուս՝ եւ ասէ. ես եմ լոյս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի գնասցէ. այլ ընկալցի զլոյսն կենաց։
13Ասեն ցնա Փարիսեցիքն. դու վասն անձին քոյ վկայես, եւ վկայութիւն քո չէ ճշմարիտ։
14Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ՝ վկայութիւն իմ ճշմարիտ է. զի գիտեմ ուստի եկի՝ եւ յո երթամ. բայց դուք ոչ գիտէք ուստի գամ՝ կամ յո երթամ։
15Դուք ըստ մարմնոյ դատիք. ես ոչ դատիմ եւ ոչ զոք։
16Թէպէտ եւ դատիմ եւս զոք՝ դատաստանն իմ ճշմարիտ է. զի չեմ միայն, այլ ես՝ եւ որ առաքեացն զիս հայր։
17Եւ յօրէնսն իսկ ձեր գրեալ է, թէ երկուց մարդոց վկայութիւն ճշմարիտ է։
18Ես եմ որ վկայեմ վասն իմ. եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս հայր։
19Ասէին ցնա. ուր է հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. ոչ զիս գիտէք՝ եւ ոչ զհայրն իմ. եթէ զիս գիտէիք՝ եւ զհայրն իմ թերեւս գիտէիք։
20Զայս բանս խօսեցաւ Յիսուս ընդ նոսա ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ի տաճարի անդ. եւ ոչ ոք կալաւ զնա, զի չեւ եւս հասեալ էր ժամ նորա։
21Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. ես երթամ, եւ խնդրիցէք զիս. եւ ի մեղս ձեր մեռանիջիք. զի ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ։
22Ասէին Հրէայքն. միթէ զիւրովին երթայցէ. զի ասէ՝ թէ ուր եսն երթամ դուք ոչ կարէք գալ։
23Եւ ասէ ցնոսա. դուք ի ներքուստ աստի էք, եւ ես՝ ի վերուստ անտի եմ. դուք՝ յաշխարհէ աստի էք, ես չեմ յայսմ աշխարհէ։
24Բայց ասացի ձեզ՝ թէ ի մեղս ձեր մեռանիցիք։ Զի թէ ոչ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցիք ի մեղս ձեր։
25Ասեն ցնա. դու ով ես։ ասէ ցնոսա Յիսուս. նախ՝ զի եւ խօսիմս իսկ ընդ ձեզ։
26Բազում ինչ ունիմ վասն ձեր խօսել եւ դատել. այլ որ առաքեացն զիս՝ ճշմարիտ է։ Եւ ես զոր լուայն ի նմանէ՝ զայն խօսիմ յաշխարհի։
27Եւ ոչ գիտացին՝ թէ զհօրէ ասէր ցնոսա։
28Ասէ ցնոսա Յիսուս. յորժամ բարձրացուցանիցէք զորդի մարդոյ, յայնժամ գիտասջիք՝ թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ինչ ոչ առնեմ, այլ որպէս ուսոյց զիս հայրն իմ, զայն խօսիմ։
29Եւ որ առաքեացն զիս ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։
30Իբրեւ զայս խօսեցաւ, բազումք հաւատացին ի նա։
31Եւ ասէր Յիսուս առ Հրէայսն հաւատացեալս. եթէ դուք կացջիք ի բանի իմում, ճշմարիտ աշակերտք իմ էք.
32Ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ։
33Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. զաւակ Աբրահամու եմք, եւ ոչ ումեք երբէք ծառայեցաք. զիարդ ասես եթէ ազատք լինիջիք։
34Պատասխանի ետ նոցա Յիսուս ամէն ամէն ասեմ ձեզ. թէ ամենայն որ առնէ զմեղս՝ ծառայ է մեղաց։
35Եւ ծառայն՝ ոչ յաւիտեան կայ ի տան, իսկ որդին ի յաւիտեան կայ։
36Իսկ արդ՝ եթէ որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարիտ ազատ լինիջիք։
37Գիտեմ զի զաւակ Աբրահամու էք, այլ խնդրէք սպանանել զիս. զի բանին իմոյ չիք տեղի ի ձեզ։
38Ես՝ զոր տեսի առ հօր իմում՝ խօսիմ. եւ դուք՝ զոր լուաք ի հօրէն ձերմէ՝ առնէք։
39Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Հայր մեր՝ Աբրահամ է։ Ասէ ցնոսա Յիսուս. եթէ որդիք Աբրահամու էիք՝ զգործսն Աբրահամու գործէիք։
40Այլ այժմիկ խնդրէք սպանանել զիս. զայր մի որ ձեզ զճշմարտութիւնն խօսեցայ՝ զոր լուայ ի հօրէ իմմէ. զայդ՝ Աբրահամ ոչ արար.
41Դուք առնէք զգործս հօրն ձերոյ։ Ասեն ցնա. մեք ի պոռնկութենէ չեմք ծնեալ. մի է հայր մեր, Աստուած։
42Ասէ ցնոսա Յիսուս. եթէ Աստուած էր հայր ձեր, սիրէիք արդեւք զիս, զի ես յԱստուծոյ ելի՝ եւ եկի. եւ ոչ եթէ յանձնէ ինչ եկի, այլ նա առաքեաց զիս։
43Ընդէր զխօսս իմ ոչ գիտէք դուք. Վասն զի ոչ կարէք լսել զբանն իմ։
44Դուք՝ ի հօրէ ի սատանայէ էք, եւ զցանկութիւնս հօրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպան էր ի սկզբանէ, եւ ի ճշմարտութեան ոչ եկաց. զի ոչ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խօսիցի սուտ՝ յիւրոց անտի խօսի. զի սուտ է եւ հայր նորա։
45Իսկ ես՝ զի զճշմարտութիւն խօսիմ, ոչ հաւատայք ինձ։
46Ո ոք ի ձէնջ յանդիմանեսցէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարիտն ասեմ, ընդէր ոչ հաւատայք ինձ։
47Որ էն յԱստուծոյ, բանս Աստուած լսէ. եւ դուք վասն այնորիկ ոչ լսէք, զի չէք յԱստուծոյ։
48Պատասխանի ետուն Հրէայքն՝ եւ ասեն ցնա. ոչ բարւոք ասեմք մեք՝ եթէ Սամարացի ես դու, եւ դեւ՝ գոյ ի քեզ։
49Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. յիս դեւ՝ ոչ գոյ. այլ պատուեմ զհայր իմ, եւ դուք անարգէք զիս։
50Ես՝ ոչ խնդրեմ զփառս իմ. է որ խնդրէն՝ եւ դատի։
51Ամէն ամէն ասեմ ձեզ, եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի տեսցէ ի յաւիտեան։
52Ասեն ցնա Հրեայքն. արդ՝ գիտացաք թէ՝ դեւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռաւ եւ մարգարէքն, եւ դու ասես՝ եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան։
53Միթէ՝ դու մեծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Աբրահամ որ մեռաւ եւ մարգարէքն մեռան. արդ՝ դու զով առնես զքեզ։
54Պատասխանի ետ Յիսուս. եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ ոչինչ են. է հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք՝ թէ Աստուած մեր է.
55Եւ ոչ ճանաչէք զնա։ Բայց ես գիտեմ զնա։ Եւ թէ ասեմ, թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա, եւ զբան նորա պահեմ։
56Աբրահամ հայր ձեր ցանկացաւ տեսանել զօր իմ, ետես՝ եւ ուրախ եղեւ։
57Ասեն ցնա Հրեայքն. յիսուն ամ չեւ եւս է քո, եւ զԱբրահամ տեսեր։
58Ասէ ցնոսա Յիսուս. ամէն ամէն ասեմ ձեզ. յառաջ քան զլինելն Աբրահամու եմ ես։
59Վէմս առին Հրէայքն, զի արկցեն ի վերայ նորա. եւ Յիսուս խոյս ետ՝ եւ ել գնաց ի տաճարէ անտի։
1Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ,
2Եւ հարցին ցնա աշակերտքն նորա եւ ասեն. Ռաբբի, ոյր վնաս է, սորա՝ թէ հօր եւ մօր իւրոյ՝ զի կոյր ծնաւ։
3Պատասխանի ետ Յիսուս. ոչ դորա վնաս է, եւ ոչ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա։
4Եւ ինձ պարտ է՝ գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս՝ մինչ աւուր կայ. գայ գիշեր՝ յորժամ ոչ ոք կարէ գործել։
5Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի։
6Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին՝ եւ արար կաւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին։
7Եւ ասէ ցնա. երթ լուա յաւազանին Սիլովամայ. որ թարգմանի՝ առաքեալ. չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէր։
8Իսկ դրացիքն՝ եւ որոց տեսեալն էր զնա յառաջագոյն՝ թէ մուրացիկ էր, ասէին. ոչ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. նա է։
9Այլքն ասէին՝ ոչ այլ նման է նմա։ եւ ինքն ասէր՝ թէ ես եմ։
10Ասեն ցնա. իսկ զիարդ բացան աչք քո։
11Նա ետ պատասխանի. այր մի յորում Յիսուսն ասեն, կաւ արար՝ եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. երթ ի սիլովամ՝ եւ լուա՝ չոգայ լուացայ՝ եւ տեսանեմ։
12Ասեն ցնա. ուր է նա. ասէ ցնոսա. ոչ գիտեմ։
13Ածին առ Փարիսեցիսն զնա, որ երբեմն կոյր էր։
14Եւ էր շաբաթ՝ յորժամ զկաւն արար Յիսուս։ եւ եբաց զաչս կուրին։
15Դարձեալ հարցանէին զնա եւ Փարիսեցիքն, թէ զիարդ տեսանես։ եւ նա՝ ասէ ցնոսա. կաւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ՝ եւ տեսանեմ։
16Ասեն ոմանք ի Փարիսեցւոցն. ոչ է այրն այն յԱստուծոյ. զի շաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. իսկ զիարդ կարէ մարդ մեղաւոր՝ այսպիսի նշանս առնել։ եւ էին հերձուածք ի մէջ նոցա։
17Ասեն դարձեալ ցկոյրն. դու զի ասես վասն նորա՝ զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէ՝ թէ մարգարէ է։
18Եւ ոչ հաւատային Հրէայքն զնմանէ՝ թէ կոյր էր՝ եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնօղս բացելոյն։
19Հարցին ցնա եւ ասեն, սա է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կոյր ծնաւ. արդ զիարդ տեսանէ։
20Պատասխանի ետուն ծնօղքն նորա՝ եւ ասեն. գիտեմք զի սա է որդին մեր, եւ զի կոյր ծնաւ.
21Բայց զիարդ այժմդ տեսանէ, ոչ գիտեմք. կամ թէ ով եբաց զաչս դորա, մեք ոչ գիտեմք. ցդա իսկ հարցէք, ինքնին ի չափ հասեալ է. ինքն իսկ խօսեսցի վասն իւր։
22Զայս ասացին ծնօղքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցէ զնա Քրիստոս՝ ի բաց կացցէ ի ժողովրդենէն։
23Վասն այնորիկ ասացին ծնօղքն նորա, թէ ինքնին ի չափ հասեալ է՝ ցնա իսկ հարցէք։
24Դարձեալ կրկին անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. տուր փառս Աստուծոյ. մեք գիտեմք զի այրն այն մեղաւոր է։
25Եւ նա ասէ. թէ մեղաւոր իցէ՝ ես ոչ գիտեմ. բայց զայս գիտեմ, զի կոյր էի՝ եւ արդ տեսանեմ։
26Դարձեալ ասեն ցնա. զինչ արար քեզ. զիարդ եբաց զաչս քո։
27Պատասխանի ետ նոցա, այժմ ասացի ձեզ՝ եւ ոչ լուարուք. զի կամիք միւսանգամ լսել. միթէ եւ դուք կամիք աշակերտել նմա։
28Նոքա հայհոյէին զնա՝ եւ ասէին. դու լիջիր նորա աշակերտ. մեք՝ Մովսիսի աշակերտք եմք։
29Մեք գիտեմք՝ զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած. զսա ոչ գիտեմք ուստի է։
30Պատասխանի ետ այրն՝ եւ ասէ ցնոսա. այդ իսկ են սքանչելիք. զի դուք ոչ գիտէք ուստի իցէ, եւ զիմ զաչս եբաց։
31Գիտեմք զի Աստուած՝ մեղաւորաց ոչ լսէ. բայց թէ Աստուածապաշտ ոք իցէ, եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ։
32Ի յաւիտենից ոք ոչ լուաւ՝ եթէ եբաց ոք զաչս կուրի ի ծնէ կոյր ծնելոյ։
33Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ոչ կարէր առնել ինչ։
34Պատասխանի ետուն՝ եւ ասեն ցնա. ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապետ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։
35Լուաւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա՝ ասէ ցնա. դու հաւատաս յորդի Աստուծոյ։
36Նա պատասխանի ետ՝ եւ ասէ. տէր ով է՝ զի հաւատացից ի նա։
37Ասէ ցնա Յիսուս. տեսեր զնա, եւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա է։
38Եւ նա ասէ. հաւատամ տէր. եւ երկիր եպագ նմա։
39Եւ ասէ Յիսուս. ի դատաստանս եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որք տեսանենն՝ կուրասցին։
40Լուան ոմանք ի Փարիսեցւոցն՝ որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. միթէ եւ մեք կոյր իցեմք։
41Ասէ ցնոսա Յիսուս. եթէ կոյրք էիք՝ ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք՝ թէ տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են։
1Ամէն ամէն ասեմ ձեզ. որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ այլ ելանէ, նա գող է եւ աւազակ։
2Իսկ որ մտանէ ընդ դուռն, հովիւ է ոչխարաց։
3Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսեն. եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ, եւ հանէ զնոսա։
4Եւ յորժամ զիւրն զամենայն հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհետ նորա երթան, զի ճանաչեն զձայն նորա։
5Զօտարի զհետ ոչ երթիցեն, այլ փախիցեն ի նմանէ, զի ոչ ճանաչեն զձայն օտարաց։
6Զայս առակ՝ ասաց նոցա Յիսուս, եւ նոքա ոչ գիտէին՝ թէ զինչ էր որ խօսէր ընդ նոսա։
7Դարձեալ՝ ասէ ցնոսա Յիսուս. ամէն ամէն ասեմ ձեզ, զի ես եմ դուռն ոչխարաց։
8Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին, գողք էին եւ աւազակք. այլ ոչ լուան նոցա ոչխարքն։
9Ես եմ դուռն. ընդ իս թէ ոք մտանիցէ, կեցցէ. մտցէ, եւ ելցէ, եւ ճարակ գտցէ։
10Գող ոչ գայ՝ եթէ ոչ զի գողասցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին։
11Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։
12Իսկ վարձկանն որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի. եւ գայլն յափշտակէ զնոսա եւ ցրուէ.
13Քանզի վարձկան է, եւ չէ փոյթ նմա վասն ոչխարացն։
14Ես եմ հովիւն քաջ. եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն։
15Որպէս գիտէ զիս հայր, գիտեմ եւ ես զհայրն. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց։
16Նա՝ եւ այլ եւս ոչխարք են իմ, որ ոչ են յայսմ գաւթէ. եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր. եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ՝ եւ մի հովիւ։
17Վասն այնորիկ սիրէ զիս հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ. զի միւսանգամ առից զնա։
18Ոչ ոք հանէ զնա յինէն. այլ ես դնեմ զնա անձամբ իմով։ Իշխանութիւն ունիմ դնել զնա. եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա։ զայս պատուէր առի ի հօրէ իմմէ։
19Դարձեալ հերձուած լինէր ի մէջ Հրէիցն վասն բանիցս այսոցիկ։
20Եւ ասէին բազումք ի նոցանէ. դեւ գոյ ի նմա՝ եւ մոլեգնի, զի բնաւ լսէք նմա։
21Կէսքն ասէին, այսպիսի բանք ոչ դիւահարի են. միթէ դեւ կարէ զաչս կուրի բանալ։
22Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր։
23Եւ շրջէր Յիսուս ի տաճարին՝ ի սրահին Սաղովմոնի։
24Շուրջ եղեն զնովաւ Հրեայքն՝ եւ ասեն. մինչեւ յերբ թափես զոգիս մեր, եթէ դու ես Քրիստոսն՝ ասա մեզ համարձակ։
25Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. ասացի ձեզ՝ եւ ոչ հաւատայք ինձ, զգործսն զոր ես գործեմ յանուն հօր իմոյ՝ նոքին վկայեն վասն իմ։
26Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի իմոց։
27Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան
28Եւ ես տամ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի կորիցեն ի յաւիտեան. եւ մի ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց։
29Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մեծ է քան զամենայն, եւ ոչ ոք կարէ յափշտակել ի ձեռաց հօր իմոյ։
30Ես եւ հայր իմ մի եմք։
31Վէմս առին Հրեայքն՝ զի քարկոծ արասցեն զնա։
32Պատասխանի ետ նոցա Յիսուս. բազում գործս բարիս ցուցի ձեզ ի հօրէ իմմէ. վասն որոյ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս։
33Պատասխանի ետուն նմա Հրեայքն. վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մարդ ես, եւ զանձն քո Աստուած առնես։
34Պատասխանի ետ նոցա Յիսուս. ոչ յօրէնսն ձեր գրեալ է. ես ասացի թէ աստուածք իցէք։
35Իսկ եթէ զնոսա աստուածս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ. եւ չէ մարթ եղծանել գրոյն.
36Իսկ զոր հայր սրբեաց՝ եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք՝ թէ հայհոյես. զի ասացի՝ թէ որդի Աստուծոյ եմ։
37Եթէ ոչ գործեմ զգործս հօր իմոյ. մի հաւատայք ինձ.
38Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատայցէք. զի գիտասջիք եւ ծանիջիք՝ եթէ հայր յիս, եւ ես ի հայր։
39Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ել ի ձեռաց նոցա։
40Եւ գնաց միւսանգամ յայն կոյս Յորդանանու, ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն՝ եւ մկրտէր. եւ անդ լինէր։
41Եկին բազումք առ նա՝ եւ ասեն. զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար։
42Բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա՝ ճշմարիտ էր. եւ բազումք հաւատացին ի նա անդ։
1Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի բեթանիայ, ի գեղջէ Մարեմայ եւ Մարթայի քեռ նորա։
2Այս այն Մարիամ էր որ օծ զտէրն իւղով, եւ ջընջեաց զոտս նորա հերով իւրով. որոյ եղբայրն Ղազարոս հիւանդ էր։
3Առաքեցին առ նա քորքն նորա՝ եւ ասեն. տէր՝ ահաւասիկ զոր դուն սիրէիր՝ հիւանդացեալ է։
4Իբրեւ լուաւ Յիսուս, ասէ. այն հիւանդութիւն չէ ի մահ, այլ վասն փառացն Աստուծոյ. զի փառաւոր լիցի որդի Աստուծոյ այնուիկ։
5Եւ սիրէր Յիսուս զՄարիամ, եւ զՄարթա զքոյրն նորա, եւ զՂազար։
6Իբրեւ լուաւ թէ հիւանդացեալ է, զտեղի կալաւ անդէն ուր էրն՝ աւուրս երկուս։
7Ապա յետ այնորիկ ասէ ցնոսա. եկայք երթիցուք միւսանգամ ի Հրէաստան։
8Ասեն ցնա աշակերտքն. Ռաբբի, այժմ եւս խնդրէին զքեզ Հրեայքն քարկոծ առնել, եւ դարձեալ երթաս անդրէն։
9Պատասխանի ետ Յիսուս, ոչ երկոտասան ժամ է յաւուր. եթէ ոք գնայ ի տուընջեան՝ ոչ գայթագղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ տեսանէ։
10Ապա թէ ոք գնայ գիշերի՝ գայթագղի, զի լոյս ոչ գոյ ընդ նմա։
11Զայս իբրեւ ասաց, յետ այսորիկ ասէ ցնոսա. Ղազարոս բարեկամ մեր ննջեաց, այլ երթամ զի զարթուցից զնա։
12Ասեն ցնա աշակերտքն, տէր՝ եթէ ննջեաց՝ ապա ապրի։
13Այլ Յիսուս վասն մահուն նորա ասէր. նոցա այսպէս թուեցաւ՝ թէ վասն ննջելոյ քնոյ ասէր։
14Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս՝ յայտնապէս Ղազարոս մեռաւ։
15Եւ ես ուրախ եմ վասն ձեր, զի դուք հաւատասջիք ինձ, զի ես չէի անդ բայց արդ եկայք երթիցուք առ նա։
16Ասէ Թովմաս՝ անուանեալն երկուորեակ՝ ցաշակերտակիցսն. աւն եկայք եւ մեք՝ զի ընդ նմա մեռցուք։
17Եկն Յիսուս՝ եգիտ զնա չորեքօրեայ ի գերեզմանի։
18Եւ էր Բեթանիա մերձ յԵրուսաղէմ, իբրեւ ասպարիսօք հնգետասան։
19Բազումք ի Հրէից անտի եկեալ էին առ Մարթա եւ Մարիամ, զի մխիթարեսցեն զնոսա վասն եղբօրն։
20Մարթա իբրեւ լուաւ՝ թէ Յիսուս գայ, ընդ առաջ գնաց նորա. բայց Մարիամ նստէր անդէն ի տան։
21Ասէ Մարթա ցՅիսուս. տէր եթէ աստ լիեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ.
22Այլ եւ արդ գիտեմ, թէ զոր ինչ խնդրեսցես յԱստուծոյ՝ տացէ քեզ Աստուած։
23Ասէ ցնա Յիսուս. յարիցէ եղբայրն քո։
24Ասէ ցնա Մարթա. գիտեմ զի յարիցէ ի յարութեան յաւուրն յետնում։
25Ասէ ցնա Յիսուս. ես եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի կեցցէ.
26Եւ ամենայն որ կենդանի է եւ հաւատայ յիս. եւ մի մեռցի ի յաւիտեան. հաւատաս այսմիկ։
27Ասէ ցնա, այո տէր. ես հաւատացի՝ եթէ դու ես Քրիստոսն Որդին Աստուծոյ, որ յաշխարհ գալոց էիր։
28Եւ զայս իբրեւ ասաց, գնաց կոչեաց զՄարիամ քոյր իւր լռելեայն՝ եւ ասէ. վարդապետն եկեալ է՝ եւ կոչէ զքեզ։
29Նա իբրեւ լուաւ, յարեաւ վաղվաղակի, եւ եկն առ Յիսուս։
30Չեւ եւս էր եկեալ Յիսուս ի գեղն. այլ էր անդրէն ի տեղւոջն՝ ուր ընդ առաջ եղեւ նմա Մարթա։
31Իսկ Հրեայքն որ էին ընդ նմա ի տան անդ, եւ մխիթարէին զնա, իբրեւ տեսին զՄարիամ՝ թէ յարեաւ վաղվաղակի եւ գնաց, գնացին եւ նոքա զհետ նորա. համարէին թէ ի գերեզմանն երթայ՝ զի լացցէ անդ։
32Իսկ Մարիամ իբրեւ եկն ուր էրն Յիսուս՝ եւ ետես զնա. անկաւ առ ոտս նորա՝ եւ ասէ. տէր՝ եթէ աստ էիր դիպեալ՝ ոչ էր մեռեալ եղբայրն իմ։
33Յիսուս իբրեւ ետես զնա զի լայր. եւ որ ընդ նմայն էին Հրեայքն՝ լային, խռովեցաւ յոգի իւր իբրեւ զայրացեալ.
34Եւ ասէ. ուր եդիք զնա, ասեն ցնա. տէր եկ եւ տես։
35Եւ արտասուեաց Յիսուս։
36Ասէին Հրեայքն. տեսէք որչափ սիրէր զնա։
37Կէսքն ի նոցանէ ասէին. ոչ կարէր սա, որ եբաց զաչս կուրին. առնել զի եւ սա՝ մի մեռցի։
38Յիսուս դարձեալ զայրացեալ ընդ միտս իւր գայ ի գերեզմանն։ եւ էր այր մի, եւ վէմ մի եդեալ ի վերայ նորա։
39Եւ ասէ Յիսուս. ի բաց արարէք զվէմդ։ ասէ ցնա Մարթա քոյր մեռելոյն. Տէր՝ արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է։
40Ասէ ցնա Յիսուս. ոչ ասացի քեզ եթէ հաւատասցես՝ տեսցես զփառսն Աստուծոյ։
41Եւ իբրեւ ի վեր առին զվէմն, Յիսուս ամբարձ զաչս իւր ի վեր, եւ ասէ. հայր, գոհանամ զքէն զի լուար ինձ։
42Եւ ես գիտէի՝ զի յամենայն ժամ լսես ինձ. այլ վասն ժողովրդեանս որ շուրջ կան առնեմ՝ զի հաւատասցեն թէ դու առաքեցեր զիս։
43Զայս իբրեւ ասաց, ի ձայն մեծ աղաղակեաց եւ ասէ. Ղազարէ՝ արի եկ արտաքս։
44Եւ ել մեռեալն ոտիւք կապելով, եւ ձեռօքն՝ երիզապնդօք, եւ երեսօքն վարշամակապատօք· Եւ ասէ ցնոսա Յիսուս. լուծէք զդա՝ եւ թողէք երթալ։
45Բազումք ի Հրէիցն՝ որ եկեալ էին առ Մարեմանս, իբրեւ տեսին զոր արարն հաւատացին ի նա։
46Եւ ոմանք ի նոցանէ գնացին առ Փարիսեցիս, եւ պատմեցին նոցա զոր արարն Յիսուս։
47Ժողովեցին քահանայապետքն եւ Փարիսեցիքն ատեան, եւ ասեն. զինչ արասցուք զի այրն այն բազում նշանս առնէ։
48Եթէ թողումք զնա այնպէս, ամենեքին հաւատան ի նա. եւ գայցեն Հոռոմք՝ եւ բառնայցեն զազգս մեր եւ զտեղի։
49Մի ոմն ի նոցանէ՝ անուն Կայիափա, որ քահանայապետ էր, տարւոյն այնորիկ, ասէ ցնոսա. դուք ոչինչ գիտէք·
50Եւ ոչ բնաւ խորհել իսկ. թէ լաւ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս, եւ մի ամենայն ազգս կորիցէ։
51Զայս ոչ յանձնէ ինչ ասաց. այլ քանզի քահանայապետ էր տարւոյն այնորիկ. մարգարէացաւ՝ եթէ մեռանելոց էր Յիսուս ի վերայ ազգին.
52Եւ ոչ ի վերայ ազգին միայն, այլ զի եւ զորդիսն Աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ի մի։
53Ապա յայնմ օրէ խորհուրդ արարին՝ զի սպանցեն զնա։
54Եւ Յիսուս այնուհետեւ ոչ եթէ համարձակ շրջէր ի մէջ Հրէիցն. այլ գնաց անտի յերկիր մի՝ որ մերձ էր յանապատ. ի քաղաք մի՝ որում անուն էր Եփրայիմ, եւ անդ լինէր աշակերտօքն հանդերձ։
55Եւ էր մերձ զատիկն Հրէից։ եւ բազումք ելին յԵրուսաղէմ ի գաւառէ անտի յառաջագոյն քան զզատիկն, զի սրբեսցեն զանձինս իւրեանց։
56Խնդրէին զՅիսուս, եւ ասէին ընդ միմեանս մինչ կային ի տաճարին. զիարդ թուի ձեզ՝ եթէ ոչ գայցէ ի տօն այսր։ Պատուէր տուեալ էր քահանայապետիցն եւ Փարիսեցւոց, զի թէ ոք գիտասցէ թէ ուր է, գուշակեսցէ զնմանէ, զի կալցին զնա։
1Իսկ Յիսուս վեց աւուրբ յառաջ քան զզատիկն եկ ի Բեթանիա, իւր էր Ղազար մեռեալն. զոր յարոյց ի մեռելոց։
2Եւ արարին անդ նմա ընթրիս. եւ ի սպասու կայր Մարթա, եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա։
3Իսկ Մարեմայ առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. օծ զոտսն Յիսուսի, եւ հերով իւրով մաքրէր զոտս նորա. եւ տունն լի եղեւ ի հոտոյ իւղոյն։
4Ասէ մի ոմն յաշակերտաց անտի՝ Յուդա Իսկարիովտացի, որ մատնելոց էր զնա.
5Ընդէր ոչ եւղդ այդ վաճառեցաւ երեք արեւր դենարի, եւ տուաւ աղքատաց։
6Զայս ասաց՝ ոչ զի զաղքատաց ինչ փոյթ էր նմա. այլ զի գող էր, եւ զարկղն ինքն ունէր, եւ եւ որ ինչ անկանէրն նա կրէր։
7Ասէ Յիսուս. թոյլ տուք դմա, զի յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ։
8Զաղքատս յամենայն ժամ ընդ ձեզ ունիք. զիս ոչ հանապազ ընդ ձեզ ունիք։
9Իբրեւ գիտաց ժողովուրդ բազում ի Հրէիցն թէ անդ է՝ եկին. ոչ միայն վասն Յիսուսի, այլ զի եւ զՂազար տեսցեն՝ զոր յարոյցն ի մեռելոց։
10Խորհուրդ արարին քահանայապետքն՝ զի եւ զՂազար սպանցեն.
11Քանզի բազումք ի Հրէից երթային եւ հաւատային ի Յիսուս։
12Ի վաղիւ անդր ժողովուրդ բազում որ եկեալ էր ի տօնն, իբրեւ լուան եթէ գայ Յիսուս յԵրուսաղէմ,
13Առին ոստս արմաւենեաց՝ եւ ելին ընդ առաջ նորա. աղաղակէին եւ ասէին. աւսաննա օրհնեալ որ գասդ յանուն տեառն՝ թագաւորդ Իսրայէլի։
14Եւ գտեալ Յիսուսի էշ մի, նստաւ ի վերայ նորա. որպէս եւ գրեալ է։
15Մի երկնչիր դուստր Սիովնի, ահաւասիկ թագաւոր քո գայ նստեալ ի վերայ յաւանակի իշոյ։
16Եւ զայն ինչ՝ ոչ գիտացին աշակերտքն նորա զառաջինն. այլ յորժամ փառաւորեցաւ Յիսուս, յայնժամ յիշեցին եթէ այն էր որ գրեալն էր վասն նորա. եւ զայն արարին նմա։
17Եւ ժողովուրդն վկայէր՝ որ էր ընդ նմա, եթէ զՂազար կոչեաց եւեթ ի գերեզմանէն, եւ յարոյց զնա ի մեռելոց։
18Եւ վասն այնորիկ ընդ առաջ եղեւ նմա ժողովուրդն, զի լուան եթէ զայն նշանս արարեալ էր նորա։
19Իսկ Փարիսեցիքն ասէին ընդ միմեանս. տեսանէք՝ զի ոչինչ օգտիք. ահաւասիկ աշխարհ ամենայն զկնի նորա գնաց։
20Էին անդ ոմանք եւ հեթանոսք յելելոցն անդր, զի երկիր պագանիցեն ի տօնին.
21Նոքա մատեան առ Փիլիպպոս՝ որ ի Բեթսայիդայ Գալիլեացւոցն էր, աղաչէին զնա եւ ասէին. տէր՝ կամիմք զՅիսուս տեսանել։
22Գայ Փիլիպպոս եւ ասէ ցԱնդրէաս։ Անդրէաս եւ Փիլիպպոս ասեն ցՅիսուս։
23Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. եհաս ժամ զի փառաւորեսցի որդի մարդոյ։
24Ամէն ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի.
25Ինքն միայն կայ. ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ։ Որ սիրէ զանձն իւր՝ արձակէ զնա. եւ որ ատեայ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ, ի կեանսն յաւիտենականս պահեսցէ զնա։
26Եթէ ոք զիս պաշտիցէ, զկնի իմ եկեսցէ. եւ ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի։ Եթէ ոք զիս պաշտիցէ, պատուեսցէ զնա հայրն իմ։
27Բայց այժմ անձն իմ խռովեալ է, եւ զինչ ասացից՝ եթէ հայր ապրեցո զիս ի ժամանակէ աստի յայսմանէ. այլ վասն այնորիկ եկի ի ժամս յայս։
28Հայր՝ փառաւորեա զորդի քո։ Եկն բարբառ յերկնից. եւ փառաւոր արարի, եւ դարձեալ փառաւոր արարից։
29Եւ ժողովուրդն որ կայր եւ լսէր. ասէին որոտումն լինել։ Կէսքն ասէին, հրեշտակ խօսեցաւ ընդ նմա։
30Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. ոչ վասն իմ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձեր։
31Այժմիկ դատաստան է աշխարհիս այսորիկ. այժմիկ իշխան աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս։
32Եւ ես՝ յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսին ձգեցից առ իս։
33Զայս ասէր, նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ։
34Պատասխանի ետ նմա ժողովուրդն. մեք լուաք յօրինաց՝ եթէ Քրիստոսն յաւիտեան կայ, եւ դու զիարդ ասես՝ թէ պարտ է բարձրանալ որդւոյ մարդոյ. ով է այն որդին մարդոյ։
35Ասէ ցնոսա Յիսուս. փոքր մեւս ժամանակ լոյս ընդ ձեզ է. գնացէք մինչդեռ զլոյսն ունիք, զի մի խաւար ձեզ հասցէ. զի որ գնայ ի խաւարի, ոչ գիտէ յո երթայ։
36Մինչդեռ զլոյսն ընդ ձեզ ունիք՝ հաւատացէք ի լոյսն զի որդիք լուսոյ եղիջիք։ Զայս խօսեցաւ Յիսուս, եւ չոգաւ՝ թաքեաւ ի նոցանէ։
37Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա. եւ նոքա ոչ հաւատային ի նա.
38Զի լցցի բանն Եղայայ մարգարէի՝ զոր ասացն. Տէր ո հաւատաց ի լուր մեր, եւ բազուկ տ(եառ)ն ում յայտնեցաւ։
39Վասն այնորիկ ոչ կարէին հաւատալ, զի միւսանգամ ասէ Եսայի.
40Թէ կուրացոյց զաչս նոցա, եւ ափշեցոյց զսիրտս նոցա. զի մի տեսցեն աչօք, եւ իմասցին սրտիւք, եւ դարձցին՝ եւ բժշկեցից զնոսա։
41Զայս ասաց Եսայի՝ զի ետես զփառսն նորա, եւ խօսեցաւ վասն նորա։
42Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա. այլ վասն Փարիսեցւոցն ոչ յայտնէին, զի մի ի ժողովրդենէն ելանիցեն։
43Քանզի սիրեցին զփառս մարդկան, առաւել քան զփառս Աստուծոյ։
44Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր. որ հաւատայ յիս. ոչ հաւատայ յիս, այլ յայն որ առաքեացն զիս։
45Եւ որ տեսանէ զիս, զայն տեսանէ որ առաքեացն զիս։
46Ես լոյս յաշխարհ եկի. զի ամենայն որ հաւատայ յիս ի խաւարի մի մնասցէ։
47Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց՝ եւ ոչ պահեսցէ, ես ոչ դատիմ զնա. քանզի ոչ եկի թէ դատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցից զաշխարհ։
48Որ անարգէ զիս. եւ ոչ ընդունի զբանս իմ. գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ՝ նա դատի զնա յաւուրն յետնում։
49Զի ես յանձնէ իմմէ ոչ խօսեցայ. այլ որ առաքեացն զիս հայր, նա ետ ինձ պատուէր՝ զինչ ասացից եւ զինչ խօսեցայց։
50Եւ գիտեմ եթէ պատուէրն այն կեանք են յաւիտենականք։ Արդ՝ զոր եսն խօսիմ, որպէս ասաց ինձ հայրն, այնպէս խօսիմ։
1Յառաջագոյն քան զտօնն զատկի, գիտաց Յիսուս՝ թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ հայր, սիրեաց զիւրսն՝ որ յաշխարհի աստ են. ի սպառ սիրեաց զնոսա։
2Եւ ի լինել ընթրեացն, սատանայի իսկ արկեալ էր սիրտ՝ զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ։
3Գիտաց Յիսուս զի զամենայն ինչ ետ հայր ի ձեռս նորա եւ թէ յԱստուծոյ ել՝ եւ առ Աստուած երթայ։
4Յառնէ յընթրեաց անտի, եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջակ մի սփածաւ։
5Եւ ապա առեալ ջուր՝ արկ ի կոնք, եւ սկսաւ լուանալ զոտս աշակերտացն, եւ սրբէր ղենջակաւն զոր սփածեալ էր։
6Գայ առ Սիմովն Պետրոս։ եւ Նա ասէ ցնա. Տէր՝ դու զիմ զոտս՝ լուանաս։
7Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. զոր ինչ եսս գործեմ, դու այժմ ոչ գիտես, բայց ապա գիտասջիր։
8Ասէ ցնա Պետրոս. ոչ լուասցես զոտս իմ յաւիտեան։ Պատասխանի ետ Յիսուս. եթէ ոչ լուացից զքեզ, ոչ ունիս ընդ իս մասն։
9Ասէ ցնա Սիմովն Պետրոս. տէր՝ մի միայն զոտս իմ, այլ եւ զձեռս՝ եւ զգլուխ։
10Ասէ ցնա Յիսուս. լուացելոյն չէ ինչ պիտոյ, բայց զի զոտսն լուանայցէ։ քանզի ամենեւին սուրբ. է եւ դուք սուրբ էք, այլ ոչ ամենեքեան։
11Զի գիտէր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այսորիկ ասաց՝ թէ ոչ ամենեքեան սուրբ էք։
12Եւ յորժամ լուաց զոտս նոցա, առ զհանդերձսն իւր՝ եւ դարձեալ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. գիտէք զինչ արարիդ ձեզ։
13Դուք կոչէք զիս վարդապետ եւ տէր, եւ բարւոք առնէք. քանզի եմ իսկ։
14Իսկ արդ՝ եթէ ես լուացի զոտս ձեր՝ տէրս եւ վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։
15Զի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, եւ դուք առնիջիք։
16Ամէն ամէն ասեմ ձեզ. ոչ է ծառայ՝ մեծ քան զտէր իւր. եւ ոչ առաքեալ՝ մեծ քան զայն որ առաքեացն զնա։
17Եթէ զայս գիտէք, երանելի եւս էք՝ եթէ առնիցէք զայս։
18Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ. զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն, թէ որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։
19Յայսմ հետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք թէ ես եմ։
20Ամէն ամէն ասեմ ձեզ. որ ընդունի՝ զոր ոք ես առաքեցից, զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։
21Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. ամէն ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
22Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ ասիցէ։
23Եւ էր մի ոմն յաշակերտացն բազմեալ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս։
24Ակնարկէր նմա Սիմովն Պետրոս հարցանել՝ ով իցէ վասն որոյ ասէն։
25Եւ նա՝ անկեալ զլանջօքն Յիսուսի, ասէ ցնա. Տէր ով է։
26Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. այն է՝ որում ես թացից զպատառն եւ տաց։ Եւ թացեալ զպատառն՝ տայ Յուդայի Իսկարիովտացւոյ։
27Եւ յետ պատառոյն՝ ապա եմուտ ի նա սատանայ։ Եւ ասէ ցնա Յիսուս. արդ՝ որ զինչ առնելոցն ես՝ արա վաղվաղակի։
28Եւ զայս ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի՝ թէ առ ինչ ասաց ցնա։
29Զի ոմանք՝ համարէին թէ զի զարկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս, գնեա ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տօնիս. եւ կամ զի աղքատաց ինչ տացէ։
30Իսկ նորա առեալ զպատառն՝ ել արտաքս վաղվաղակի, եւ էր գիշէր։
31Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. այժմ փառաւորեցաւ որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցաւ ի նմա։
32Զի եթէ Աստուած փառաւորեցաւ ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի փառաւորեսցէ զնա։
33Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ. խնդրեցէք զիս, եւ որպէս ասացի ցՀրեայսն, եթէ ուր եսն երթամ դուք ոչ կարէք գալ։ Եւ արդ՝ ձեզ ասեմ։
34Պատուիրան նոր տամ ձեզ. զի սիրեցէք զմիմեայնս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։
35Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։
36Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր յով երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. ուր եսն երթամ. դու՝ ոչ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ։
37Ասէ ցնա Պետրոս. Տէր ընդէր ոչ կարիցեմ գալ այժմ զկնի քո. արդէն զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։
38Պատասխանի ետ Յիսուս. զանձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։
1Մի խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած, եւ յիս հաւատացէք։
2Ի տան հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ, եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի։
3Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։
4Եւ ուր երթամն՝ գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք։
5Ասէ ցնա Թովմաս, տէր ոչ գիտեմք յով երթաս, եւ զիարդ զճանապարհն կարասցուք գիտել։
6Ասէ ցնա Յիսուս. ես եմ ճանապարհն՝ եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ հայր՝ եթէ ոչ ինեւ։
7Եթէ զիս գիտէիք, ապա եւ զհայր՝ իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա,, եւ տեսէք զնա։
8Ասէ ցնա Փիլիպպոս, տէր ցոյց մեզ զհայր՝ եւ շատ է մեզ։
9Ասէ ցնա Յիսուս. այսչափ ժամանակս՝ ընդ ձեզ եմ, եւ ոչ ծանեար զիս Փիլիպպէ. որ ետես զիս՝ ետես զհայրն. եւ դու զիարդ ասես՝ եթէ ցոյց մեզ զհայր։
10Ոչ հաւատաս եթէ ես ի հայր՝ եւ հայր յիս է։ Բանն զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ հայրն որ յիս բնակեալ, նա գործէ զգործսն։
11Հաւատայք ինձ՝ եթէ ես ի հայր եւ հայր յիս։
12Ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ։ Ամէն ամէն ասեմ ձեզ, թէ որ հաւատայն յիս, զգործս զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ հայր երթամ։
13Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ արարից զայն. զի փառաւորեսցի հայր յորդի,
14
15Եթէ սիրէք զիս՝ զպատուիրանս իմ պահեսջիք։
16Եւ ես աղաչեցից զհայր, եւ այլ մխիթարիչ տացէ ձեզ. զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան։
17Զհոգին ճշմարտութեան. զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնա՝ եւ ոչ ճանաչէ զնա։ Բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ, եւ ընդ ձեզ եղիցի։
18Ոչ թողից զձեզ որբս. գամ առ ձեզ։
19Փոքր մեւս եւս, եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս. բայց դուք տեսանիցէք զիս. զի ես կենդանի եմ, եւ դուք՝ կենդանի լինելոց էք։
20Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ։
21Որ ունի զպատուիրանս իմ՝ եւ պահէ զնոսա, նա է որ սիրէ զիս։ Եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։
22Ասէ ցնա Յուդայ՝ ոչ Սկարիովտացին. Տէր զի եղեւ զի մեզ յայտնելոց ես զքեզ՝ եւ ոչ աշխարհի։
23Պատասխանի ես Յիսուս՝ եւ ասէ ցնա. եթէ ոք սիրէ զիս՝ զբանն իմ պահեսցէ, եւ հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք, եւ օթեվանս առ նմա արասցուք։
24Եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ոչ պահէ։ Եւ բանն իմ զոր լսէք՝ ոչ է իմ, այլ հօրն որ առաքեացն զիս։
25Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ մինչ առ ձեզս եմ։
26Իսկ մխիթարիչն հոգին սուրբ՝ զոր առաքեսցէ հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ, եւ յիշեցուսցէ ձեզ։
27Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս տայ՝ տամ ես ձեզ։ Մի խռովեսցին սիրտք ձեր, եւ մի զանգիտեսցեն.
28Լուայք զի ասացի ես ձեզ՝ թէ երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս՝ ապա ուրախ լիեալ էր ձեզ՝ եթէ ես առ հայր երթամ, զի հայր իմ մեծ է քան զիս։
29Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ. զի յորժամ լինիցի, հաւատասջիք։
30Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ, եւ յիս ինչ ոչ գտանէ։
31Այլ զի ծանիցէ աշխարհ՝ եթէ սիրեմ զհայր. եւ որպէս պատուիրեաց ինձ հայրն այսպէս առնեմ։ Աւն արիք գնասցուք աստի։
1Ես եմ որթն ճշմարիտ՝ եւ հայր իմ մշակ է։
2Ամենայն ուռ որ յիս է՝ եւ ոչ բերէ պտուղ, կտրէ զնա. եւ ամենայն որ բերէ պտուղ՝ սրբէ զնա, զի առաւել եւս պտղաբեր լիցի։
3Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին զոր խօսեցայ ընդ ձեզ։
4Կացէք յիս՝ եւ ես ի ձեզ. որպէս ուռն ոչ կարէ պտուղ բերել յանձնէ իւրմէ, եթէ չիցէ հաստատեալ յորթն, նոյնպէս եւ դուք՝ եթէ ոչ յիս հաստատեալ իցէք։
5Ես եմ որթն՝ եւ դուք ուռ. որ հաստատեալ է յիս՝ եւ ես ի նա, նա բերէ պտուղ յոյժ. զի առանց իմ ոչինչ կարէք առնել։
6Եթէ ոք ոչ է հաստատեալ յիս, ել նա արտաքս իբրեւ զուռն, եւ ցամաքեցաւ. եւ ժողովեն զնա, եւ ի հուր արկանեն՝ եւ այրի։
7Եթէ կացիք յիս, եւ բանքն իմ ի ձեզ կայցեն, զոր ինչ կամիցիք խնդրեսջիք՝ եւ լինիցի ձեզ։
8Յայսմիկ փառաւորեցաւ հայր իմ, զի պտուղ յոյժ բերիցէք. եւ եղիջիք իմ աշակերտք։
9Որպէս սիրեաց զիս հայրն իմ, եւ ես սիրեցի զձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ։
10Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս հօր իմոյ պահեցի, եւ կամ ի սէր նորա։
11Զայս խօսեցայ ընդ ձեզ, զի ուրախութիւնն իմ ի ձեզ իցէ, եւ ձեր ուրախութիւնն լցեալ եղիցի։
12Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես սիրեցի ձեզ։
13Մեծ եւս՝ քան զայս սէր՝ ոչ ոք ունիցի, եթէ զանձն իւր դիցէ ի վերայ բարեկամաց իւրոց։
14Դուք բարեկամք էք իմ, եթէ առնիցէք զոր եսն պատուիրեմ ձեզ։
15Ոչ եւս կոչեմ զձեզ ծառայս զի ծառայն ոչ գիտէ զինչ գործէ տէրն նորա. այլ զձեզ կոչեցի բարեկամս. զի զամենայն զոր լուայ ի հօրէ իմմէ՝ ծանուցի ձեզ։
16Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ. եւ եդի զձեզ՝ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք. եւ պտուղն ձեր կացցէ։ Եւ զոր ինչ խնդրիցէք ի հօրէ իմմէ յանուն իմ, տացէ ձեզ։
17Զայս պատուիրեմ. զի սիրեսջիք զմիմեանս։
18Եթէ աշխարհ զձեզ ատեայ. գիտասջիք զի նախ զիս ատեայ։
19Եթէ յաշխարհէ աստի էիք՝ աշխարհ զիւրսն սիրէր արդեւք. բայց զի յաշխարհէ չէք. այլ ես ընտրեցի զձեզ յաշխարհէ, վասն այնորիկ ատեայ զձեզ աշխարհ։
20Յիշեցէք զբանն զոր ասացի, եթէ ոչ է ծառայ՝ մեծ քան զտէր իւր։ Եթէ զիս հալածեցին, ապա եւ զձեզ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձերն պահեսցեն։
21Այլ զնոյնս արասցեն ընդ ձեզ վասն անուան իմոյ. զի ոչ ծանեան զայն՝ որ առաքեացն զիս։
22Իմ՝ եթէ չէր եկեալ եւ խօսեցեալ ընդ նոսա, մեղ ինչ ոչ գոյր նոցա. բայց արդ՝ չիք ինչ պատճառք վասն մեղաց իւրեանց։
23Որ զիս ատեայ, եւ զհայրն իմ ատեայ։
24Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա՝ զոր ոչ այլ ոք գործեաց, մեզ ինչ՝ ոչ գոյր նոցա, բայց արդ՝ տեսին, եւ ատեցին՝ եւ զիս եւ զհայր իմ։
25Այլ զի լցցի բանն, որ յօրէնս նոցա գրեալ է, թէ ատեցին զիս տարապարտուց։
26Բայց յորժամ եկեսցէ մխիթարիչն, զոր ես առաքեցից ձեզ ի հօրէ, զհոգին ճշմարտութեան որ ի հօրէ ելանէ, նա վկայեսցէ վասն իմ։
27Եւ դուք վկայէք, զի ի սկզբանէ ընդ իս էք։
1Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի մի գայթագղեսջիք։
2Ի ժողովրդոց իւրեանց հանցեն զձեզ։ Այլ եկեսցէ ժամանակ՝ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ, համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։
3Եւ զայն արասցեն ընդ ձեզ. քանզի ոչ ծանեան զհայր՝ եւ ոչ զիս։
4Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ՝ յիշեցէք՝ թէ ես ասացի ձեզ։
5Զայս ի սկզբանէ՝ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի։ Բայց արդ երթամ ես առ առաքիչն իմ. եւ ոչ ոք ի ձէնջ հարցանէ ցիս, թէ յով երթաս։
6Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութիւն ելից զսիրտս ձեր։
7Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ. լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց՝ մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ։
8Եւ նա՝ եկեալ, յանդիմանեսցէ զաշխարհ, վասն մեղաց, եւ վասն արդարութեան, եւ վասն դատաստանի։
9Վասն մեղաց՝ զի ոչ հաւատան յիս։
10Վասն արդարութեան՝ զի առ հայր իմ երթամ, եւ ոչ եւս տեսանէք զիս։
11Վասն դատաստանի՝ զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեալ է։
12Եւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարէք հանդարտել այժմիկ։
13Յորժամ եկեսցէ նա հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ խօսեսցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։
14Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու՝ եւ պատմեսցէ ձեզ։
15Զամենայն ինչ զոր ունի հայր՝ իմ է. վասն այնորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ անտի առնու՝ եւ պատմէ ձեզ։
16Փոքր մի, եւ ոչ եւս տեսանիցէք զիս. եւ ապա սակաւիկ մի, եւ տեսանիցէք զիս. եւ ես երթամ առ հայր։
17Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. զինչ է այս զոր ասէս ցմեզ, թէ փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ տեսանիցէք զիս. եւ եթէ ես առ հայր իմ երթամ։
18Եւ ասէին, զինչ իցէ այն փոքր մեւս եւսն, չգիտեմք զինչ խօսի։
19Գիտաց Յիսուս եթէ կամին ցնա հարցանել, եւ ասէ ցնոսա. վասն այդորիկ խնդրէք ընդ միմեանս՝ զի ասացի՝ թէ փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս տեսանիցէք զիս։
20Ամէն ամէն ասեմ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն յուրախութիւն եղիցի։
21Կին յորժամ ծնանիցի՝ տրտմութիւն է նմա, զի հասեալ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ոչ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մարդ յաշխարհ։
22Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք. այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրախ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ։
23Եւ յայնմ աւուր զիս ինչ ոչ հարցանիցէք։ Ամէն ամէն ասեմ ձեզ. զի զոր ինչ խնդրիցէք ի հօրէ իմմէ յանուն իմ. տացէ ձեզ։
24Մինչեւ ցայժմ ոչինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէք եւ առնուցուք. զի ուրախութիւնն ձեր լցեալ եղիցի։
25Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ. այլ յայտնապէս զհօրէ պատմեցից ձեզ։
26Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ, եւ ոչ ասեմ ձեզ՝ եթէ ես հարցից զհայր վասն ձեր.
27Զի ինքն իսկ հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրիցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի։
28Ելի ի հօրէ՝ եւ եկի յաշխարհ. դարձեալ թողում զաշխարհ, եւ երթամ առ հայր։
29Ասեն ցնա աշակերտքն. ահա՝ արդ յայտնութեամբ խօսիս. եւ առակ եւ ոչ մի ինչ ասես։
30Այժմիկ գիտեմք՝ եթէ գիտես զամենայն. եւ ոչինչ պիտոյ է՝ եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր։
31Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. այժմ հաւատայք։
32Ահա եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է. զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի հայր ընդ իս է։
33Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ՝ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարուք զի ես յաղթեցի աշխարհի։
1Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբարձ զաչս իւր յերկինս՝ եւ ասէ. հայր՝ հասեալ է ժամ, փառաւորեա զորդի քո, զի եւ որդի քո փառաւորեսցէ զքեզ։
2Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ. զի ամենայնի զոր ետուր նմա. տացէ զկեանսն յաւիտենականս։
3Այս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս։
4Ես զքեզ փառաւորեցի յերկրի. զգործն կատարեցի՝ զոր ետուր ցիս զի արարից։
5Եւ այժմ փառաւորեա զիս հայր առ ի քէն, փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն։
6Յայտնեցի զանուն քո մարդկան, զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա. եւ զբանն քո պահեցին։
7Արդ գիտացին՝ եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ։
8Ետու նոցա. եւ նոքա ընկալան, եւ ծանեան ճշմարտութեամբ՝ թէ առ ի քէն ելի. եւ հաւատասցին՝ եթէ դու առաքեցեր զիս։
9Արդ ես՝ վասն նոցա աղաչեմ, եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ. այլ վասն նոցա զորս ետուրն ինձ. զի քո էին։
10Եւ որ ինչ իմ է, ամենայն քո է, եւ որ ինչ քո է, այն իմ է. եւ փառաւորեալ եմ ի նոսա։
11Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են. եւ ես՝ առ քեզ գամ. Հայր՝ սուրբ պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ. զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։
12Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո՝ որով ետուրն ինձ. եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի։
13Բայց արդ առ քեզ գամ, եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիով յանձինս իւրեանց։
14Ես ետու նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեաց զնոսա. զի չեն յաշխարհէ, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։
15Ոչ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցես զնոսա ի չարէ։
16Յաշխարհէ աստի չեն, որպէս եւ ես՝ չեմ յաշխարհէ։
17Սուրբ արա՝ զնոսա ճշմարտութեամբ քով. զի քո բանդ ճշմարտութիւն է։
18Որպէս զիս առաքեցեր յաշխարհ. եւ ես առաքեցի զնոսա յաշխարհ։
19Եւ ի վերայ նոցա ես սուրբ առնեմ զանձն իմ. զի եղիցին եւ նոքա սրբեալք ճշմարտութեամբ։
20Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւատացելոց բանիւն նոցա յիս։
21Զի ամենեքին մի իցեն, որպէս դու հայր յիս՝ եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն։ Զի աշխարհ հաւատասցէ եթէ դու առաքեցեր զիս։
22Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետու նոցա, զի իցեն մի որպէս եւ մեք մի եմք։
23Ես ի նոսա, եւ դու՝ յիս, զի եղիցին կատարեալք ի մի։ Եւ գիտասցէ աշխարհ՝ եթէ դու առաքեցեր զիս. եւ սիրեցի զնոսա որպէս դու զիս սիրեցեր։
24Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ՝ զի ուր ես եմ, եւ նոքա իցեն ընդ իս. զի տեսանիցեն զփառսն զիմ. զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։
25Հայր արդար՝ եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ. այլ ես զքեզ ծանեայ, եւ նոքա ծանեան՝ եթէ դու առաքեցեր զիս։
26Եւ ծանուցի նոցա զանուն քո՝ եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա իցէ, եւ ես ի նոսա։
1Զայս իբրեւ ասաց Յիսուս, ել աշակերտօքն հանդերձ յայն կոյս ձորոյն Կեդրովնի՝ ուր էր պարտէզ, յոր եմուտ ինքն եւ աշակերտքն իւր։
2Գիտէր եւ Յուդա, որ զնայն մատնելոց էր՝ զտեղին. զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ։
3Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ի քահանայապետիցն եւ ի փարիսեցւոց սպասաւորս, գայ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք։
4Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա. ել եւ ասէ ցնոսա. զո խնդրէք։
5Պատասխանի ետուն նմա. զՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. ես եմ։ Կայր ընդ նոսա եւ Յուդա՝ որ մատնէրն զնա։
6Իբրեւ ասաց՝ թէ ես եմ, յետս յետս չոգան՝ եւ զարկան զգետնի։
7Դարձեալ եհարց զնոսա զո խնդրէք։ Եւ նոքա ասեն զՅիսուս Նազովրեցի։
8Պատասխանի ետ նոցա Յիսուս. ասացի ձեզ թէ ես եմ. արդ՝ եթէ զիս խնդրէք՝ թոյլ տուք դոցա երթալ։
9Զի լցցի բանն՝ զոր ասաց. թէ զորս ետուրն ցիս, ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք։
10Իսկ Սիմովն Պետրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա՝ եւ եհար զքահանայապետին ծառայ, եւ ի բաց առ զունկն նորա զաջոյ։ Եւ էր անուն ծառային Մաղքոս։
11Ասէ Յիսուս ցՊետրոս.արկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ հայր ոչ ըմպիցեմ զնա։
12Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորքն Հրէիցն կալան զՅիսուս՝ եւ կապեցին։
13Եւ ածին զնա նախ՝ առ Անա, որ էր աներ Կայիափայի. որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ։
14Այս՝ այն Կայիափա էր՝ որ խրատ ետ Հրէից, թէ լաւ է առն միում մեռանիլ ի վերայ ժողովրդեանն։
15Եւ երթային զհետ Յիսուսի Սիմովն Պետրոս եւ մեւս աշակերտն։ Եւ աշակերտն այն քանզի ծանօթ էր քահանայապետին՝ եմուտ ընդ Յիսուսի ի գաւիթ քահանայապետին։
16Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ։ Ել մեւս աշակերտն՝ որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն՝ եւ եմոյծ ի ներքս զՊետրոս։
17Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊետրոս. միթէ՝ եւ դու յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ՝ ոչ եմ։
18Կային անդ ծառայքն եւ սպասաւորք, խարոյկ արկեալ՝ քանզի ցուրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պետրոս՝ եւ ջեռնոյր։
19Եւ քահանայապետն եհարց ցՅիսուս վասն աշակերտացն՝ եւ վասն վարդապետութեան նորա։
20Պատասխանի ետ նմա Յիսուս. ես՝ յայտնապէս խօսեցայ յաշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն, եւ ի տաճարի անդ՝ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ։
21Զի հարցանես զիս. հարց զայնոսիկ՝ որ լուանն, թէ զինչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտեն զինչ խօսեցայ։
22Իբրեւ նա զայն ասաց, մի ոմն ի սպասաւորացն որ անդ կայր, ած ապտակ Յիսուսի՝ եւ ասէ. այդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։
23Եւ Յիսուս ասէ ցնա. եթէ չար ինչ խօսեցայ, վկայեա վասն չարին, իսկ եթէ բարի ընդէր հարկանես զիս։
24Եւ առաքեաց զնա Անա կապեալ առ Կայիափա քանայապետ։
25Եւ Սիմովն Պետրոս կայր անդ՝ եւ ջեռնոյր. ասեն ցնա՝ միթէ՝ եւ դու յաշակերտաց անտի նորա իցես։ նա՝ ուրացաւ եւ ասէ՝ թէ չեմ։
26Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին՝ ազգական այնորիկ, զորոյ զունկն եհատ Պետրոս. Ոչ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա։
27Դարձեալ ուրացաւ Պետրոս. եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ։
28Եւ ածեն զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին. եւ էր այգուց։ Եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի պղծիցին, այլ զի ուտիցեն զզատիկն։
29Ել առ նոսա Պեղատոս արտաքս՝ եւ ասէ. զինչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։
30Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. եթէ չէր չարագործ այրն այն, ապա ոչ մատնէաք զնա քեզ։
31Ասէ ցնոսա Պեղատոս. առէք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարուք։ Ասեն ցնա Հրեայքն. մեզ չէ արժան սպանանել զոք։
32Զի լցցի բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ։
33Եմուտ միւսանգամ յապարանսն Պեղատոս, կոչեաց ցՅիսուս եւ ասէ ցնա. Դու ես թագաւորն Հրէից։
34Պատասխանի ետ Յիսուս. ի քէն ասես զայդ, եթէ այլք ասացին քեզ զինէն։
35Պատասխանի ետ Պեղատոս. միթէ եւ ես Հրեայ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ, զինչ գործ գործեալ է քո։
36Պատասխանի ետ Յիսուս. իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեւք՝ զի մի մատնեցայց Հրէից. բայց արդ թագաւորութիւն իմ չէ աստի։
37Ասէ ցնա Պեղատոս. ապա թէ այդպէս իցէ, թագաւոր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. դու ասես՝ թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի գոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ։
38Ասէ ցնա Պեղատոս. զինչ է ճշմարտութիւն։ Զայս իբրեւ ասաց, դարձեալ ել առ Հրէայսն՝ եւ ասէ ցնոսա. ես՝ եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա։
39Բայց է ձեր սովորութիւն զի զմի ոք արձակեցից ձեզ ի զատիկս. արդ կամիք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից։
40Աղաղակեցին ամենեքեան՝ եւ ասէին. մի զդա, այլ զԲարաբբա, եւ էր Բարաբբայն այն աւազակ։
1Յայնժամ առ Պեղատոս զՅիսուս, եւ գան* եհար։
2Եւ զինուորացն արարեալ պսակ ի փշոց՝ եդին ի գլուխ նորա, եւ զգեցուցին նմա հանդերձ ծիրանի.
3Եւ գային առ նա՝ եւ ասէին, ողջ եր արքայ Հրէից։ եւ հանէին նմա ապտակս։
4Ել դարձեալ Պեղատոս արտաքս եւ ասէ ցնոսա. ահա ածեմ զնա արտաքս առ ձեզ, զի գիտասջիք թէ ես՝ վնաս ինչ ի նմա ոչ գտանեմ։
5Ել Յիսուս արտաքս, եւ ունէր պսակ ի փշոց՝ եւ հանդերձ ծիրանի։ Եւ ասէ ցնոսա. ահա այրդ՝ ցձեզ։
6Իբրեւ տեսին զնա քահանայապետքն եւ սպասաւորք, զաղաղակ բարձին՝ եւ ասեն. ի խաչ հան՝ ի խաչ հան զդա։ Ասէ ցնոսա Պեղատոս. առէք զդա ի ձեզ, եւ ձեզէն հանէք ի խաչ. զի ես՝ ի դմա վնաս ինչ ոչ գտանեմ։
7Պատասխանի ետուն նմա Հրէայքն. մեք օրէնս ունիմք. եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել. զի զանձն իւր որդի Աստուծոյ արար։
8Իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ Պեղատոս, առաւել եւս երկեաւ։
9Եմուտ դարձեալ անդրէն յապարանսն, եւ ասէ ցՅիսուս. ուստի ես դու։ Եւ Յիսուս ոչ ետ նմա պատասխանի։
10Ասէ ցնա Պեղատոս. Ընդ իս ոչ խօսիս, ոչ գիտես եթէ իշխանութիւն ունիմ հանել զքեզ ի խաչ, եւ իշխանութիւն ունիմ արձակել զքեզ։
11Պատասխանի ետ Յիսուս. ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ՝ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեաց զիս քեզ, նորա մեծ մեղք են։
12Եւ յայնմանէ Պեղատոս խնդրէր արձակել զնա, եւ Հրեայքն աղաղակէին՝ եւ ասէին. եթէ զդա՝ արձակես, չես բարեկամ կայսեր։ Ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր։
13Իսկ Պեղատոս իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ, ած զՅիսուս արտաքս՝ եւ նստաւ ի վերայ բեմին ի տեղւոջն որ կոչէր Քարայատակ, եւ Եբրայեցերէն Կապ Պաթա։
14Էր ուրբաթն զատկի. եւ էր ժամ իբրեւ վեցերորդ, եւ ասէ ցՀրեայսն ահա թագաւորդ ձեր՝ ցձեզ։
15Եւ նոքա աղաղակէին, բարձ ի մէնջ բարձ ի մէնջ՝ եւ հան զդա ի խաչ։ Ասէ ցնոսա Պեղատոս. ես զթագաւորդ ձեր ի խաչ հանիցեմ, պատասխանի ետուն Քահանայապետքն չիք մեր թագաւոր՝ բաց ի կայսերէ։
16Յայնժամ ետ զնա ի ձեռս նոցա, զի ի խաչ ելանիցէ։
17Եւ նոքա առեալ տանէին զնա. եւ բարձեալ էր ինքնին զխաչափայտն, եւ ելանէր ի տեղին՝ որ անուանէր Գագաթան, եւ կոչէր Եբրայեցերէն Գողգոթա։
18Ուր եւ ի խաչն իսկ հանին զնա. եւ ընդ նմա երկուս եւս այլ աստի եւ անտի, եւ ի միջի զՅիսուս։
19Գրեաց եւ տախտակ Պեղատոս, եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ. Յիսուս Նազովրեցի Թագաւոր Հրէից։
20Զայս տախտակ ընթերցան բազումք ի Հրէից, զի մօտ էր ի քաղաք անդր տեղին՝ ուր խաչեցաւն Յիսուս. եւ էր գրեալ Եբրայեցերէն՝ Դաղմատարէն՝ եւ Յունարէն։
21Ասեն ցՊեղատոս քահանայապետքն Հրէից. մի գրեր թագաւոր Հրէից, այլ թէ նա ասաց՝ թագաւոր եմ Հրէից։
22Պատասխանի ետ Պեղատոս. զոր ինչ գրեցին՝ գրեցի։
23Իսկ զինուորքն իբրեւ հանին ի խաչ զՅիսուս, առին զհանդերձս նորա՝ եւ արարին չորս մասունս, իւրաքանչիւր զինուորի մասն։ Իսկ զպատմուճանն քանզի էր առանց կարանի ի վերուստ՝ փոր անկեալ ամենեւին։
24Ասեն ցմիմեանս. մի պատառեսցուք զայդ, այլ արկցուք վիճակս ի վերայ դորա ում եւ ելցէ։ Զի լցցի գիրն որ ասէ. բաժանեցան զհանդերձս իմ յիւրեանս, եւ ի վերայ պատմուճանի իմոյ վիճակ արկին։ Զինուորքն՝ զայն ինչ գործեցին։
25Եւ կային առ խաչին Յիսուսի մայրն նորա, եւ քոյր մօր նորա մարիամ Կղէովպայ, եւ Մարիամ Մագդաղենացի։
26Յիսուս իբրեւ ետես զմայրն եւ զաշակերտն զոր սիրէր՝ զի կայր մօտ. ասէ ցմայրն, կին դու՝ ահա որդի քո։
27Ապա ասէ ցաշակերտն. ահա մայր քո։ Եւ յայնմ ժամանակէ առ աշակերտն զնա՝ առ իւր։
28Յետ այսորիկ իբրեւ գիտաց Յիսուս, եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է. զի կատարեսցի գիրն. ասէ՝ ծարաւի եմ։
29Եւ անդ կայր աման ինչ լի քացախով. եւ նոցա սպունգ լցեալ քացախով ընդ լեղւոյ՝ շուրջ եդեալ զմշտկաւ զոպայի, մատուցին ի բերան նորայ։
30Իբրեւ առ Յիսուս զքացախն հանդերձ լեղւովն՝ ասէ. ամենայն ինչ կատարեալ է։
31Իսկ Հրէայքն՝ քանզի ուրբաթ էր, զի մի անդէն ի խաչին ագանիցին մարմինքն մինչ ցշաբաթն, զի էր օր մեծ շաբաթուն այնորիկ. աղաչեցին զՊեղատոս զի խորտակեսցեն զբարձս նոցա, եւ բարձցին։
32Եկին զինուորքն, եւ զառաջնոյն խորտակեցին զբարձս, նոյնպէս եւ զմիւսոյն որ ընդ նմա ի խաչն ելեալ էր։
33Բայց իբրեւ եկին առ Յիսուս, եւ տեսին զի այն ինչ մեռեալ էր, ոչ խորտակեցին զբարձս նորա։
34Այլ մի ոմն ի զինուորացն տիգաւ խոցեաց զկողս նորա, եւ վաղվաղակի ել արիւն եւ ջուր։
35Եւ որ ետեսն վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա. եւ նա գիտէ՝ թէ ճշմարիտ ասէ. զի եւ դուք հաւատասջիք։
36Այս եղեւ, զի լցցի գիրն, եթէ ոսկր նորա մի փշրեսցի։
37Եւ դարձեալ մեւս գիր ասէ, եթէ հայեսցին ի նա՝ յոր խոցեցինն։
38Յետ այսորիկ աղաչեաց զՊեղատոս Յովսէփ որ Յարեմաթեայ էր, աշակերտ Յիսուսի ի ծածուկ վասն ահին Հրէից, զի բարձցէ զմարմինն Յիսուսի, եւ հրամայեաց Պեղատոս, եկին եւ բարձին զնա։
39Եկն եւ Նիկոդեմոս որ եկեալն էր առ Յիսուս ի գիշերի զառաջինն, եւ եբեր զմուռս խառն ընդ հալուէս՝ իբրեւ լտերս հարեւր։
40Առին զմարմինն Յիսուսի, եւ պատեցին կտաւովք՝ խնկովքն հանդերձ, որպէս օրէն էր Հրէից պատել։
41Եւ էր ի տեղւոջն յորում խաչեցաւ՝ պարտէզ. եւ ի պարտիզի անդ գերեզման նոր, յորում ոչ ոք երբէք էր եդեալ։
42Անդ վասն ուրբաթուն Հրէից, զի մօտ էր գերեզմանն՝ եդին զՅիսուս։
1Եւ ի միաշաբաթւոջն՝ Մարիամ Մագդաղենացի գայ առաւօտուն ընդ արշալուշսն՝ ի գերեզման անդր, եւ տեսանէ զվէմն բարձեալ ի դրաց գերեզմանին։
2Ապա ընթանայ եւ գայ առ Սիմովն Պետրոս՝ եւ առ մեւս աշակերտն զոր սիրէր Յիսուս, եւ ասէ ցնա. բարձին զտէր ի գերեզմանէ անտի, եւ ոչ գիտեմք՝ ուր եդին զնա։
3Ել Պետրոս եւ մեւս աշակերտն՝ եւ գային ի գերեզմանն։
4Ընթանային երկոքին ի միասին։ Եւ մեւս աշակերտն յառաջեաց ընթացաւ վաղագոյն քան զՊետրոս՝ եւ եկն նախ ի գերեզմանն։
5Եւ խոնարհեալ տեսանէ՝ զի կային անդ կտաւքն, բայց ի ներքս ոչ եմուտ։
6Եկն եւ Սիմովն Պետրոս՝ որ գայրն զկնի նորա, եւ եմուտ ի գերեզմանն. եւ տեսանէ զկտաւսն զի կային անդ.
7Եւ վարշամակն որ էր ի գլուխ նորա ոչ ընդ այլ կտաւսն կայր, այլ ուրոյն ծալեալ ի մի կողմն։
8Յայնժամ եմուտ եւ մեւս աշակերտն, որ եկեալ էր յառաջագոյն ի գերեզմանն, ետես եւ հաւատաց.
9Զի չեւ եւս գիտէին զգիրս թէ պարտ է նմա ի մեռելոց յառնել։
10Չոգան դարձեալ առ միմեանս աշակերտքն։
11Բայց Մարիամ կայր արտաքոյ գերեզմանին՝ եւ լայր։ Եւ մինչդեռ լայր՝ խոնարհեցաւ ի գերեզմանն։
12Եւ տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս. զի նստէին մի ի սնարից, եւ մի՝ յանոտից՝ ուր կայր մարմինն՝ Յիսուսի։
13Եւ նոքա՝ ասեն ցնա. կին դու զի լաս. ասէ ցնոսա։ զի բարձին զտէրն իմ ի գերեզմանէ աստի՝ եւ ոչ գիտեմ ուր եդին զնա։
14Զայս իբրեւ ասաց, դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսանէ զՅիսուս զի կայր, եւ ոչ գիտէր թէ Յիսուս իցէ։
15Ասէ ցնա Յիսուս. կին դու զի լաս. զո խնդրես։ Նմա՝ այսպէս թուեցաւ՝ թէ պարտիզպանն իցէ։ Ասէ ցնա. տէր եթէ դու բարձեր զնա՝ ասա ինձ ուր եդիր զնա, զի ես առից զնա։
16Ասէ ցնա Յիսուս. Մարիամ։ Եւ նա՝ դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն րաբբունի, որ թարգմանի՝ վարդապետ։
17Ասէ ցնա Յիսուս. մի մերձենար յիս, զի չեւ եւս ելեալ եմ առ հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա ցնոսա. ելանեմ ես առ հայր իմ՝ եւ առ հայր ձեր. եւ Աստուածն իմ եւ Աստուած ձեր։
18Գայ Մարիամ Մագդաղենացի՝ եւ պատմէ աշակերտացն եթէ ետես նա զտէր, եւ զայս ինչ ասաց ցնա։
19Եւ էր երեկոյ ի միաշաբաթւոջ աւուրն. եւ դրօք փակելովք՝ ուր էին աշակերտքն ժողովեալ վասն ահին Հրէից, եկն Յիսուս եւ եկաց ի միջի նոցա, եւ ասէ ցնոսա. ողջոյն ընդ ձեզ։
20Իբրեւ զայս ասաց, եցոյց նոցա զձեռս եւ զկողսն իւր։ եւ Խնդացին աշակերտքն իբրեւ տեսին զտէր։
21Ասէ ցնոսա դարձեալ. Ողջոյն ընդ ձեզ, որպէս առաքեաց զիս հայր իմ եւ ես առաքեմ զձեզ։
22Եւ զայս իբրեւ ասաց, փչեաց ի նոսա՝ եւ ասէ. առէք հոգի սուրբ։
23Եթէ ումեք թողուցուք զմեղս, թողեալ լիցի նոցա. եթէ զուրուք՝ ունիցիք, կալեալ լիցի։
24Իսկ Թովմաս՝ մի յերկոտասանիցն անուանեալն երկուորեակ, ոչ էր ընդ նոսա յորժամ եկն Յիսուս։
25Ասէին ցնա այլ աշակերտքն, եթէ տեսաք զտէր։ Եւ նա՝ ասէ ցնոսա. եթէ ոչ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ի տեղիս բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ի կողս նորա, ոչ հաւատամ։
26Եւ յետ ութ աւուր, դարձեալ էին ի ներքս աշակերտքն, եւ Թովմաս ընդ նոսա. գայ Յիսուս դրօքն փակելովք. եւ եկաց ի մէջ, եւ ասէ. ողջոյն ընդ ձեզ։
27Ապա ասէ ցԹովմաս. բեր զմատունս քո եւ արկ այսր, եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։
28Պատասխանի ետ Թովմաս՝ եւ ասէ ցնա. Տէր իմ՝ եւ Աստուած իմ։
29Ասէ ցնա Յիսուս. այդ զի տեսերդ զիս՝ եւ հաւատացեր, երանի որոց ոչ իցէ տեսեալ՝ եւ հաւատասցեն։
30Բազում եւ այլ նշանս արար Յիսուս առաջի աշակերտացն իւրոց՝ որ ոչ է գրեալ ի գիրս յայսմիկ։
31Այլ այս՝ այնչափ ինչ գրեցաւ. զի հաւատայցէք եթէ Յիսուս Քրիստոս է որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա։
1Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց՝ առ ծովեզերբն Տիբերեայ. եւ յայտնեաց այսպէս։
2Էին ի միասին Սիմովն Պետրոս, եւ Թովմաս՝ անուանեալն երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանայ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ այլք յաշակերտաց անտի երկու։
3Ասէ ցնոսա Սիմովն Պետրոս՝ երթամ ձուկն որսալ։ ասեն ցնա գամք եւ մեք ընդ քեզ։ Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան՝ եւ ոչ ինչ։
4Իբրեւ այդ եղեւ՝ կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ոչ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ։
5Ասէ ցնոսա Յիսուս. մանկունք՝ միթէ՝ ունիք ինչ ուտելոյ։ Պատասխանի ետուն եւ ասեն ցնա, ոչ։
6Ասէ ցնոսա. արկէք յաջակողմն նաւին զուռկանդ՝ եւ գտանիցէք։ Արկին՝ եւ ոչ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն։
7Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս ցՊետրոս. տէր է այն։ Սիմովն Պետրոս իբրեւ լուաւ թէ տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին քանզի մերկ էր, եւ ընկեց զինքն ի ծովն։
8Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային. քանզի չէին հեռի ի ցամաքէն. այլ իբրեւ երկերիւր կանգնաւ, քարշէին զգործիսն հանդերձ ձկամբն։
9Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակետղ կայծականց, եւ ձուկն մի ի վերայ, եւ հաց։
10Ասէ ցնոսա Յիսուս. բերէք ինձ՝ ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։
11Եմուտ Սիմովն Պետրոս, եւ ձգէր զգործին ի ցամաք լի մեծամեծ ձկամբք, հարեւր եւ յիսուն եւ երիւք։ Եւ այնչափ ինչ կայր, եւ ոչ պատառեցաւ գործին։
12Ասէ ցնոսա Յիսուս. եկայք ճաշեցէք։ եւ ոչ ոք յաշակերտացն իշխէր հարցանել՝ թէ դու ով ես, զի գիտէին թէ տէրն է։
13Գայ Յիսուս՝ եւ առնու զհացն՝ եւ տայ նոցա, նոյնպէս եւ զձուկնն։
14Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեալ ի մեռելոց։
15Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրես զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. այո տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա, արածեա զգառինս իմ։
16Դարձեալ ասէ ցնա, Սիմովն Յովնանու սիրես զիս։ ասէ ցնա. այո տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա՝ արածեա զոչխարս իմ։
17Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու սիրես զիս։ Տրտմեցաւ Պետրոս՝ զի ասաց ցնա երիցս՝ թէ սիրես զիս. եւ ասէ ցնա. տէր դու զամենայն գիտես. եւ դու իսկ՝ զամենայն ճանաչես, եւ եթէ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. արածեա զոչխարս իմ։
18Ամէն ամէն ասեմ քեզ. զի մինչ մանուկն էիր՝ անձամբ անձին գօտի ածէիր, եւ երթայիր յո եւ կամէիր եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես՝ եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչ կամիցիս։
19Զայս ասաց՝ նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած։ Եւ զայս իբրեւ ասաց՝ ասէ ցնա եկ զկնի իմ։
20Դարձաւ Պետրոս՝ եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս՝ զի երթայր զկնի, որ եւ անկաւ զլանջօքն նորա՝ եւ ասէ, տէր ով է որ մատնելոցն է զքեզ։
21Զնա տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. տէր, իսկ սա զի։
22Ասէ ցնա Յիսուս. եթէ կամիմ զի կացցէ դա՝ մինչեւ ես գամ. քեզ զի փոյթ է, դու եկ զկնի իմ։
23Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի. եւ ոչ ասաց նմա Յիսուս, եթէ ոչ մեռանիցի. այլ թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ։
24Այս աշակերտ է որ վկայէ վասն այսոցիկ. որ եւ գրեացն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք, եթէ ճշմարիտ է վկայութիւն նորա։
25Բայց է եւ այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ՝ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն, որ թէ գրեալ էին։