1Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։
2Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։
3Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։
4Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
5Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։
6Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։
7Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։
8Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ։
9Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից։
10Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խօսքը մեր մէջ չէ։
1Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին.
2եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի։
3Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան։
4Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ։
5Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք։
6Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում։
7Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք։ Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք։
8Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ եւ ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն իսկ երեւում է։
9Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին։
10Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ։
11Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը։
12Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն։
13Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին։
14Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին։
15Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ։
16Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։
17Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան։
18Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։
19Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն։
20Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք։
21Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ։
22Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է։ Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն։
23Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը։
24Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանէ, թող բնակուի ձեր մէջ. որովհետեւ, եթէ ձեր մէջ բնակուի այն, ինչ որ ի սկզբանէ լսեցիք, դո՛ւք եւս կը բնակուէք Որդու եւ Հօր մէջ։
25Եւ այս է այն խոստումը, որը նա խոստացաւ մեզ, այն է՝ յաւիտենական կեանքը։
26Այս բանը գրեցի ձեզ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի։
27Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, թող բնակուի ձեր մէջ. եւ կարիք չկայ, որ մէկը ձեզ ուսուցանի։ Այլ եղէ՛ք այնպէս, ինչպէս որ նրա օծումն ուսուցանում է ձեզ ամէն ինչի մասին, որ ճշմարիտ է եւ ոչ սուտ. եւ ինչպէս նա ուսուցանեց ձեզ, մնացէ՛ք նրա մէջ։
28Իսկ այժմ, որդեակնե՛ր, մնացէ՛ք նրա մէջ, որպէսզի, երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք եւ նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք.
29քանի որ դուք գիտէք, թէ նա արդար է, ապա իմացէ՛ք, որ ամէն ոք, որ արդարութիւն է անում, նրանից է ծնուած։
1Տեսէ՛ք ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծու որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
2Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։
3Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր։
4Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է։
5Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ։
6Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել։
7Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։
8Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը։
9Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։
10Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։
11Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց.
12ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի։
13Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։
14Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ։
15Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի։
16Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։
17Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։
18Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։
19Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։
20Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան։
21Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ.
22եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։
23Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա՛ պատուիրեց մեզ։
24Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ։ Եւ մեր մէջ Աստծու բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ։
1Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում։
2Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։
3Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է։
4Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ։
5Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց։
6Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։
7Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։
8Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։
9Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։
10Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։
11Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց։
12Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է։
13Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ։
14Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու։
15Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծու մէջ։
16Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ։ Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ։
17Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում։
18Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։
19Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ։
20Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։
21Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը։
1Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին։
2Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները.
3քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։
4Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը։
5Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։
6Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով։
7Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը։
8Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէ՛կ են։
9Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է։ Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։
10Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար։
11Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է։
12Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը։
13Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, եւ թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը։
14Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի.
15եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից։
16Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։
17Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է։
18Գիտենք, որ, ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում։
19Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է։
20Եւ գիտենք, որ Աստծու Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա՛ է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք։
21Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից։