1Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ.
2շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան,
4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց.
5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի.
6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։
7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը.
8որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան.
9եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին,
10որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի.
11քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։
12Քանզի մեր պարծանքն այս է. մեր խղճմտանքի վկայութիւնը. այն՝ որ սրբութեամբ ու Աստծու ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծու շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ.
13որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, թէ մինչեւ վերջը կը հասկանաք,
14ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը։
15Եւ այս վստահութեամբ էի կամենում նախ գալ ձեզ մօտ, որպէսզի դուք կրկին շնորհ ընդունէք,
16եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան։
17Իսկ եթէ այս բանը մտածեցի, միթէ փոփոխամտութեա՞մբ վարուեցի. եւ կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպէս որ իմ կողմից թող այոն լինի այո, եւ ոչը՝ ոչ։
18Վկայ է Աստուած, որ ձեզ հասած մեր խօսքը այո եւ ոչ չէ միաժամանակ.
19քանզի Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիղուանոսի եւ Տիմոթէոսի, չեղաւ թէ՛ այո եւ թէ՛ ոչ, այլ Նա «այո՛ն» եղաւ Աստծու.
20որովհետեւ Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա մէջ. դրա համար էլ Նրանով է, որ ասում ենք ԱՄԷՆ՝ Աստծու փառքի համար։
21Եւ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին եւ օծեց մեզ, Աստուած է,
22որ մեզ կնքեց էլ եւ Հոգու առհաւատչեան դրեց մեր սրտերի մէջ։
23Եւ ես Աստծուն եմ վկայ կանչում իմ անձի համար, որ ձեզ խնայելու համար է, որ այլեւս չեկայ Կորնթոս. եւ ձեր հաւատի վրայ չենք իշխում, այլ գործակից ենք ձեր այդ շնորհներին, քանի որ հաւատով հաստատուն էք։
1Բայց այս բանը որոշեցի, որ ուրիշ անգամ տրտմութեամբ ձեզ մօտ չգամ.
2որովհետեւ, եթէ ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կ՚ուրախացնի ինձ, եթէ ոչ նրանք, որոնց տրտմութիւն պատճառեցի ես։
3Եւ այն, ինչ գրեցի, գրեցի նրա համար, որ, երբ գամ, տրտմութիւն չկրեմ այնտեղից, որտեղ պէտք է, որ ես ուրախանայի. վստահ եմ ձեր բոլորի վրայ, որ իմ ուրախութիւնը ձեր բոլորինն է.
4որովհետեւ բազում վշտերի եւ սրտի նեղութեան պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպէսզի տրտմէք, այլ իմանաք իմ սէրը, որն ունեմ առաւել չափով ձեր հանդէպ։
5Իսկ եթէ մէկը տրտմեցրեց, ոչ թէ միայն ինձ տրտմեցրեց, այլ, որպէսզի չչափազանցեմ, որոշ չափով նաեւ՝ ձեզ բոլորիդ։
6Այնպիսի մէկի համար բաւական է այն պատիժը, որը տրուեց շատերից.
7այնպէս որ, դրան հակառակ, դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակուի նա։
8Ուստի, աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց տալ։
9Հէնց դրա համար էլ գրեցի, որպէսզի ձեզ փորձեմ, թէ ամէն ինչում հնազա՞նդ էք,
10որովհետեւ, եթէ մէկին ներէք, ես էլ կը ներեմ, քանի որ, եթէ ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է՝ ի դէմս Քրիստոսի,
11որպէսզի չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին։
12Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր,
13բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա։
14Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ,
15քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ.
16ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել.
17քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։
1Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից.
2այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանցից։
3Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ։
4Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով.
5մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը,
6որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում։
7Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր,
8որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի.
9արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի.
10քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր.
11որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր։
12Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ.
13եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր։
14Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու։
15Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ։
16Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացուի,
17որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է։
18Եւ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով ենք նորոգւում փառքից փառք, որպէս թէ Տիրոջ Հոգով։
1Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծու ողորմութեամբ, չենք տկարանում.
2այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծու խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծու առաջ։
3Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար,
4որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու։
5Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ՝ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար.
6որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։
7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։
8Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ,
9հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։
10Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ.
11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։
12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։
13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։
14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ.
15քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու։
16Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ.
17որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ.
18քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։
1Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում։
2Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել։
3Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք.
4քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից։
5Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան։
6Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից
7(որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած)։
8Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ։
9Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան.
10քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար։
11Իսկ արդ, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծու առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կը լինենք։
12Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ՝ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով.
13որովհետեւ, եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն.
14որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին.
15եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար։
16Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում։
17Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ։
18Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։
19Քանզի Աստուած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշուի չառաւ նրանց մեղքերը ու տուեց մեզ հաշտութեան խօսքը։
20Արդ, պատգամաւորներ ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտուէք Աստծու հետ.
21որովհետեւ նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստուած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները լինենք։
1Ուստի, Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք.
2որովհետեւ ասում է.
3Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը։
4Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որ մեր պաշտօնը չարատաւորուի.
5այլ, բոլոր դէպքերում, դուք ձեզ ներկայացրէ՛ք իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ,
6հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ,
7սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
8ճշմարտութեան խօսքով, Աստծու զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար,
9փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ,
10իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ,
11իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց՝ ունենք ամէն ինչ։
12Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն։
13Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում։
14Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով, - որդիների տեղ եմ դնում ձեզ, - լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը։
15Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ.
16եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ.
17կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած.
18ասում է Ամենակալ Տէրը։
1Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։
2Հանդուրժեցէ՛ք մեզ, որովհետեւ ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք եւ ոչ ոքի չզրկեցինք։
3Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ առաջ էլ ասացի, թէ մեր սրտերում էք՝ լինի ձեզ հետ մեռնելու թէ ապրելու համար։
4Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցուած եմ ուրախութեամբ.
5որովհետեւ, երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ։
6Բայց Աստուած, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով.
7ոչ միայն նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես է՛լ աւելի ուրախ եղայ։
8Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտեւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ։
9Արդ, ուրախ եմ. ոչ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք.
10որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում։
11Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխընդրութիւն. արդարեւ ամէն ինչում դուք ձեզ ցոյց տուիք, թէ մաքուր էք այդ հարցում։
12Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի յայտնի լինի Աստծու առաջ մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը։
13Ահա թէ ինչու մխիթարուած ենք։ Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ հանգիստ էր գտել։
14Եւ եթէ ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ։
15Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան։
16Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրայ։
1Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին.
2որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին.
3քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում.
4բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է։
5Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով։
6Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս։
7Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք։
8Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում,
9քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք։
10Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարուանից։
11Բայց արդ, աւարտի՛ն հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէ՛ք այն ձեր ունեցուածքի չափով.
12քանզի, եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի.
13ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ.
14ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի.
15ինչպէս գրուած էլ է, թէ՝
16Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում,
17որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ։
18Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը Աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է։
19Եւ ոչ միայն այսչափ. այլեւ, նշանակուելով եկեղեցիների կողմից, ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով։
20Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից.
21քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ։
22Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաների մէջ՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ։
23Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ։ Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը։
24Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛յց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը։
1Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ,
2որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուանից պատրաստ են այդ օգնութեանը»։ Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց։
3Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը ի զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնուէք։
4Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մե՛նք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար՝ դուք։
5Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ առաջուց պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նուէր եւ ոչ թէ ժլատութեամբ եղած ընծայ.
6քանզի, ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի։
7Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը։
8Եւ Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում,
9ինչպէս գրուած էլ է.
10Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները։
11Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ.
12որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար։
13Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին։
14Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ։
15Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար։
1Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ։
2Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում.
3որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք
4(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները).
5քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին
6եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։
7Իւրաքանչիւրին դիտեցէ՛ք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ, ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք.
8որովհետեւ, եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տուեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու,
9որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթուամ։
10Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի։
11Այդ ասողը թող իմանայ, թէ, ինչպիսին որ ենք հեռուից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կը լինենք նաեւ մօտիկից՝ գործերով.
12արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց։
13Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստուած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ։
14Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի Աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ։
15Եւ սահմանուած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կը մեծանանք ձեզնով՝
16ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով.
17բայց ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ.
18քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում։
1Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք.
2ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար։
3Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից.
4որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան։
5Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից։
6Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ։
7Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։
8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձե՛զ ծառայեմ։
9Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ,
10որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը։ Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ։
11Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստուած գիտէ այդ։
12Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են.
13որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով.
14եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ։
15Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի։
16Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի, - կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ, - որպէսզի ես էլ մի փոքր պարծենամ։
17Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ՝ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակի մէջ է գտնւում։
18Եւ որովհետեւ շատերն են պարծենում մարդկային նկատումներից առաջնորդուած, ես էլ եմ պարծենալու։
19Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում,
20քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին։
21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։
22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ.
23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։
24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ.
25երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։
26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։
27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։
28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։
29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։
30Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ։
31Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում։
32Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար.
33բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից։
1Արդ, ես պէ՛տք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։
2Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք։
3Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ),
4որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել։
5Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով.
6որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։
7Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։
8Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։
9Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։
10Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։
11Յիմար եղայ պարծենալով, քանզի դո՛ւք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ։
12Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով։
13Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ։ Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը։
14Ահա՛ւասիկ այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար։
15Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ։
16Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ։
17Միթէ ձեզնից օգո՞ւտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ։
18Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի։ Միթէ Տիտոսը ձեր ունեցածին ա՞չք տնկեց։ Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք։
19Դարձեալ՝ կարծում էք, թէ ձեր առջեւ մենք մե՞զ ենք պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խօսում, որ ամէն ինչ ձեր շինութեան համար է, սիրելինե՛ր։
20Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս, ինչպէս դուք չէիք կամենայ։ Գուցէ դարձեալ լինեն վէճեր, նախանձ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, բամբասանքներ, գոռոզութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։
21Երբ գամ, գուցէ դարձեալ իմ Աստուածն ինձ նկուն դարձնի ձեր առաջ, եւ սուգ անեմ նախապէս մեղանչած շատերի համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծութեան, պոռնկութեան եւ վաւաշոտութեան համար։
1Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մօտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն բան։
2Առաջ ասել եմ եւ դարձեալ կանխաւ ասում եմ, որպէս թէ երկրորդ անգամ ներկայ լինեմ ձեր մէջ, թէեւ այժմ հեռուից գրում եմ նախապէս յանցանք գործածներին եւ բոլոր միւսներին. եթէ դարձեալ գամ, չեմ խնայելու ձեզ,
3որ ապացոյց էք փնտռում, թէ ինձնով Քրիստոս է որ ձեզ հետ խօսում է, Քրիստոս, որ հզօր է ձեր մէջ եւ ոչ թէ տկար։
4Թէպէտեւ նա խաչուեց մեր տկարութեան պատճառով, բայց կենդանի է Աստծու զօրութեամբ։ Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ։
5Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան։
6Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք։
7Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք.
8քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան։
9Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք։ Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք։
10Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու։
11Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ։
12Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ։
13Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն։ Ամէն։