11Ե՛կ, իմ սիրեցեա՛լ, ելնենք ագարակները, գիշերենք շէների ու պարտէզների մէջ, վաղ առաւօտեան այգիները գնանք։
12Տեսնենք, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին։ Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները։
13Մանրագորներն իրենց հոտն են բուրում, մեր դռների մօտ ամէն տեսակ հին ու նոր մրգատու ծառեր կան, որ իմ մայրն է տուել ինձ, ես պահել եմ քե՛զ համար, իմ սիրեցեա՛լ։
1Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝ մօրս կաթով սնուած, եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ, եւ ոչ ոք չնախատէրինձ։
2Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը, այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով, քեզ ազնիւ գինի տայի խմելու, օշարակ տայի իմ նռնենիներից։
3Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ նրա աջը թող գրկի ինձ։
4Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։
5«Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։ «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ. այնտեղ քո մայրը երկնել է քեզ, այնտեղ քո ծնողը ծնել է քեզ։
6Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը մահուան պէս, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։
7Առատ ջրերը չեն կարող սէրը մարել, եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն։ Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար, նրան արհամարհելով կ՚արհամարհէին մարդիկ»։
8«Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։
9Եթէ պարիսպ լինէր նա,վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։
10«Ես պարիսպ եմ, եւ իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է գտել»։
11Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։
12Իմ այգին իմ առջեւն է. հազարը Սողոմոնին, եւ երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։ Հարսն ասում է.
13«Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, եւ ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։
14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։