1Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները
2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,
3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝
4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար,
5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,
6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։
7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։
8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը,
9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։
10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ,
11եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան,անմեղ տեղը սպանենքեւ հողի տակ ծածկենք արդար մարդուն,
12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից,
13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըեւ մեր տները լցնենք աւարով։
14Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր,բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք,եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»։
15Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից,
16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում,եւ նրանք շտապում են արիւն հեղելու։
17Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։
18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում,չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։
19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։
20Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում,
21քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։
22Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։
23Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ.
24որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ,
25այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին։
26Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ։
27Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի,
28գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու,
29քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին,
30չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։
31Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։
32Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։
33Իսկ նա, ով ինձ լսի, կ՚ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից։
1Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ,
2իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ։
3Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես,
4փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն,
5այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը,եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը։
6Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը.
7նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին,
8նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին։
9Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ՚ուղղես դէպի բարին։
10Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ,
11այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն,
12որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց։
13Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով,
14ովքեր կ՚ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով.
15Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ,
16նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից։
17Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը։
18Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ։
19Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալուեւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները։
20Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները.քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ։
21Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից։
1Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում,
2որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։
3Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։
4Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։
5Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։
6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի։
7Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից։
8Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի։
9Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան,
10որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։
11Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,
12քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։
13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ,
14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։
15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը.
16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն
17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։
18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։
19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը,
20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։
21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը,
22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։
23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։
24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի,
25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից,
26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։
27Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։
28Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։
29Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ։
30Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։
31Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին,
32քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ։
33Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են։
34Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
1Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը,
2քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները,
3որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։
4Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում,պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր,
5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։
6Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ
7, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։
8Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։
9Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը։
10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։
11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։
12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով,
13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։
14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։
15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։
16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։
17Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում,
18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։
19Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։
20Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։
21Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։
22Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ,
23քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։
24Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։
25Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։
26Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։
27Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր։
28Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։ Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կ՚ուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կ՚առաջնորդի քո ճանապարհներով։
1Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին,
2որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։
3Մի՛ նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ,
4բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, եւ աւելի սուր, քան երկսայրի սուրը։
5Անզգամի ոտքերը դէպի մահ են տանում նրա մերձաւորներին եւ դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը,
6որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անյայտ են նրա ճանապարհները։
7Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խօսքերը.
8քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից եւ մի՛ մօտեցիր նրա տան դռներին,
9որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց։
10Մի՛ թող, որ օտարները լցուեն քո ուժով, եւ քո վաստակը մտնի ուրիշների տունը։
11Թող յետոյ այնպէս չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշուեն, զղջաս եւ ասես, թէ՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը,
12ինչո՞ւ իմ սիրտն անարգեց յանդիմանութիւնը»։
13Ես չէի լսում ո՛չ իմ խրատատուի ձայնը, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խօսքերին.
14քիչ էր մնացել, որ ժողովի ու ժողովրդի մէջ մասնակից դառնայի ամէն չարիքի։
15Քո ջուրը խմի՛ր քո ամանից եւ քո ջրհորի աղբիւրից։
16Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից,եւ քո փողոցով թող հոսեն դրանք։
17Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։
18Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։
19Թող քեզ համար եղնիկի պէս սիրով եւ այծեամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը եւ քեզ հետ լինի ամէն ժամ. եւ եթէ նրա սիրով գնաս, դու մեծարժէք պիտի լինես։
20Մի՛ այցելիր օտար կանանց եւ մի՛ փարուիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ.
21քանզի տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։
22Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպուի իր մեղքի թելերով։
23Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկուի իր կեանքի երկարութիւնից եւ պիտի կորչի անզգամութեան պատճառով։
1Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես,դու քեզ կը մատնես քո թշնամուն.
2քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։
3Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։
4Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ,
5որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։
6Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի.
7քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի,
8բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա եւ թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին եւ տնանկներին՝ բժշկութեան համար։ Թէպէտեւ թոյլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը յարգեց իմաստութիւնը եւ արժանի եղաւ յարգանքի։
9Մինչեւ ե՞րբ պիտի գամուած մնաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։
10Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ,
11եւ, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղեւոր, կը հասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ ծոյլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբիւրի նման, եւ կարիքը, ինչպէս ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու։
12Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում,
13որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով։
14Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։
15Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժումի։
16Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի։
17Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,այն լեզուն, որ սուտ է խօսում,
18այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան։
19Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը եւ գրգռութիւն է գցում եղբայրների միջեւ։
20Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը եւ մի՛ մերժիր մօրդ խրատը։
21Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ,մշտապէս պահի՛ր քո գլխում եւ, իբրեւ մանեակ, գցի՛ր քո պարանոցին։
22Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։
23Օրէնքի պատուիրանը ճրագ է, յանդիմանութիւնը եւ խրատը լոյս են եւ կեանքի ճանապարհ։
24Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզուից։
25Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնուեն քո աչքերը նրանով, մի՛ հրապուրուիր նրա թարթիչներով,
26քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարօտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատուական մարդկանց հոգին։
27Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ եւ շորը չայրի,
28կամ որեւէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով եւ իր ոտքերը չայրի, -
29այդպէս էլ անհնարին է որեւէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենայ նրան, չի արդարացուելու։
30Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնուի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը,
31բայց եթէ բռնուեց, պիտի եօթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցուածքը։
32Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն,
33նա ցաւ ու անարգանք պիտի կրի, եւ երբեք չի ջնջուելու նրա նախատինքը։
34Կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած եւ չի խնայելու վրէժխնդրութեան օրը,
35ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։
1Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։ Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։
2Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կ՚ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։
3Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։
4Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը,
5որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։
6Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝
7նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին,
8որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով.
9նա խօսում է երեկոյի խաւարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը։
10Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։
11Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը,
12մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։
13Ահա նա որսում է մէկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան.
14«Ես խաղաղութեան ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի,
15դրա համար էլ ընդառաջ ելայ քեզ՝ երեսդ տեսնելու համար, եւ ահա գտայ քեզ։
16Ես գահաւորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտաւներով,
17անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան,բնակարանս խնկել եմ կինամոնով,
18ե՛կ մինչեւ առաւօտ սէր վայելենք եւ հեշտանքի յանձնուենք.
19իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել,
20իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս, տուն գայ»։
21Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան,խեղդող շուրթերով կաշկանդում նրան,
22եւ նա յիմարացած գնում է կնոջ յետեւից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին,
23կամ ինչպէս լեարդը նետով խոցուած եղջերուն. թռչնի նման նա շտապում է դէպի ծուղակը եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։
24Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, եւ հնազա՛նդ եղիր իմ խօսքերին։
25Սիրտդ մի՛ շեղիր դէպի նրա տան ճանապարհները եւ մի՛ մոլորուիր նրա շաւիղներում,
26որովհետեւ խոցոտելով՝ նա շատերին է դիտապաստ արել, եւ անթիւ են նրա կողմից սպանուածները։
27Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դէպի մահուան շտեմարանները։
1Դրա համար էլ դու քարոզի՛ր իմաստութիւնը, որ հանճարը արձագանքի քեզ։
2Այն գտնւում է բարձր լեռների գլխին եւ շաւիղների վրայ,
3այն սպասում է նաեւ հզօրների դռան առջեւ, եւ օրհնւում է նրանց մուտքերին։
4«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։
5Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ,
6ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար,
7քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։
8Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ,
9բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։
10Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։
11Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։
12Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։
13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։
14Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։
15Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։
16Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։
17Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։
18Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։
19Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։
20Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով,
21որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։
22Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։
23Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ,
24աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր,
25աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները։
26Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ։
27Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը,երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ,
28երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերինեւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ։
29Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, - որ ջրերը նրա ափերը չանցնեն, -այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,ես նրա մօտ էի որպէս գործավար։
30Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս,եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ.
31բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ։
32Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։
33Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից։
34Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը։
35Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը։
36Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։
1Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ,
2մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը։
3Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց.
4«Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։
5Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։
6Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»։
7Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, եւ ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում։
8Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, եւ նա կը սիրի քեզ,խրատի՛ր յիմարին, եւ նա աւելի շատ կ՚ատի քեզ։
9Իմաստունին բացատրի՛ր պատճառը, եւ նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին,եւ նա կ՚աւելացնի իր ընկալումը։
10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է։
11Օրինա՛կ առ սրանք, եւ դու կ՚ապրես երկար, ու կ՚աւելանան քո կեանքի տարիները։
12Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար եւ քո ընկերների. եթէ անզգամ լինես, միայն դո՛ւ չարիք պիտի գտնես։Ով հաստատւում է ստի վրայ, նոյնն է, թէ հողմեր է արածեցնում կամ հալածում է թեւաւոր թռչուններ. քանզի այդպիսին իր այգու ճանապարհը թողած՝ մոլոր թափառում է իր հանդի շաւիղներում, անջրդի դաշտ ու անապատ է գնում եւ իր ձեռքով ոչ մի պտուղ չի հաւաքում ծարաւակէզ հողից։
13Անզգամ եւ յանդուգն կինը հացի կարօտ պիտի մնայ,նոյնպէս եւ նա, ով ամօթ չի զգում։
14Իր տան դռանը նստած աթոռին, որ երեւում է փողոցից,
15նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով.
16«Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ,
17իսկ պակասամիտներին հրամայում եմ ու ասում. «Թաքցրած հացը համով է ուտւում, եւ քաղցր է խմւում գողացուած ջուրը»։
18Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի։ Բայց դու հեռո՛ւ թռիր եւ մի՛ դանդաղիր այդտեղ, հայեացքդ մի՛ յառիր նրան,որպէսզի այդպէս անցնես օտար ջրից, անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրիցեւ ջուր չխմես օտար աղբիւրից. որպէսզի դու երկար ապրես,եւ աւելանան քո կեանքի տարիները։
1Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։
2Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։
3Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։
4Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։
5Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։
6Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։
7Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։
8Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանուի իր գայթակղող շուրթերի պատճառով։
9Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չմնայ։
10Ով նենգ աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում։
11Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը։
12Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի ներհակութիւն։
13Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն։
14Իմաստունները իմաստութիւն են հաւաքում,բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման։
15Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար։
16Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ մեղքեր։ Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը։
17Առանց յանդիմանութեան խրատը սխալ է։
18Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են։
19Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես։
20Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նուաղի։
21Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգամները պիտի կործանուեն խելքի պակասութիւնից։
22Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, եւ նա էլ հարստացնում է նրանցեւ չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը։
23Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում։
24Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարուի։
25Ամբարիշտը պիտի ջնջուի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ՚ապրի յաւիտեան։
26Ինչպէս ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով։
27Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատուեն։
28Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի։
29Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար, ովքեր չարիք են գործում։
30Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակուեն երկրի վրայ։
31Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրուի։
32Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն,բայց ամբարիշտների բերանը պիտի կործանուի։
1Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։
2Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։
3Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։
4Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։
5Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։
6Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։
7Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։
8Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։
9Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։
10Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։
11Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։
12Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում։
13Նենգամիտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը։
14Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերեւների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի։
15Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշութեան ձայնը։
16Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը։ Ծոյլերը կարօտ պիտի մնան մեծութեան, բայց ժրաջանները կը հասնեն մեծութեան։
17Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը։
18Ամբարիշտն անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է։
19Արդար որդին ծնւում է կեանքի համար, ամբարիշտը՝ հալածանքի ու մահուան։
20Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։
21Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի մնայ։Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ։
22Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար։
23Արդարների ցանկութիւնը կատարւում է ամենայն բարութեամբ, բայց ամբարշտի յոյսը պիտի կորչի։
24Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց մնում են կարօտեալ։
25Ամէն օրհնուած մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։
26Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի։
27Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան։
28Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի։
29Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին։
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։
31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
1Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։
2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։
3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։
4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
5Արդարների խորհուրդները իրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են։
6Ամբարիշտների բերանները նենգաւոր են. ուղղամիտների բերանը կը փրկի իրենց։
7Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատեւեն։
8Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։
9Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ։
10Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։
11Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։
12Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։
13Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։
14Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում։
15Անմիտներին իրենց ճանապարհները թւում են ուղիղ։
16Իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անմիտն իսկոյն յայտնի է դարձնում իր բարկութիւնը։
17Խորագէտ մարդը թաքցնում է իր անարգանքը.արդարը հաւատարմօրէն յայտնում է ճշմարտութիւնը. նենգամիտ է անօրէնի վկայութիւնը։
18Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս, բայց իմաստունների լեզուները բուժում են։
19Ճշմարտախօս շուրթերը հաստատում են վկայութիւնը, բայց շտապող վկան անիրաւ լեզու ունի։
20Չարամիտների սրտում նենգութիւն կայ, բայց ովքեր խաղաղութիւն են ուզում, ուրախ պիտի լինեն։
21Անիրաւացի ոչ մի բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցուած են չարութեամբ։
22Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առջեւ, ճշմարտութեան հաւատարիմ բերանը հաճելի է նրան։
23Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգամների սիրտը պիտի ենթարկուի նզովքի։
24Ընտրեալների ձեռքը պիտի հեշտ յաղթի, բայց նենգաւորները պիտի գերութեան մատնուեն։
25Ահեղ խօսքը խռովում է արդարի սիրտը, բարի խօսքը ուրախացնում է նրան։ Արդարը սիրում է իրաւադատ անձը, բայց ամբարիշտների մտքերը կեղծ են։
26Չարիքները հալածում են յանցաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։
27Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց. որսը չի հանդիպում նենգաւորին։
28Անարատ մարդու ունեցուածքը պատուական է եւ առատ։ Արդարութեան ճանապարհը տանում է դէպի կեանք, ոխակալների ճանապարհը՝ դէպի մահ։
1Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի։
2Մարդ առատօրէն պիտի ճաշակի արդարութեան պտղից, բայց անօրէն անձինք տարաժամ պիտի կործանուեն։
3Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին։
4Ծոյլը միշտ կարիքի մէջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կը գտնի։
5Արդարն ատում է անիրաւ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի եւ համարձակութիւն պիտի չգտնի։
6Արդարութիւնն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։
7Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձեւացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձեւացնում, բայց լի են մեծ հարստութեամբ։
8Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից։
9Արդարի լոյսը պիտի վառ լինի յարաժամ, բայց ամբարիշտների լոյսը պիտի հանգչի։ Նենգամիտ հոգիները պիտի մոլորուեն մեղքերի մէջ, բայց արդարները գթութիւն եւ ողորմութիւն պիտի գտնեն։
10Անզգամն ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է։
11Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ ձեռք բերուած ունեցուածքը պիտի բազմապատկուի։
12Լաւ է սկզբից եւեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ եւ երկար ժամանակ յոյսով թողնել։ Արդարը ողորմում եւ փոխ է տալիս. բարի ցանկութիւնը կեանքի ծառ է։
13Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհուի. ով երկիւղ է կրում պատուիրանից, առողջ պիտի լինի։ Նենգամիտ որդին բարիք չի գտնի, բայց խելացի ծառայի գործերը պիտի յաջողուեն, եւ ուղիղ պիտի լինեն նրա ճանապարհները։
14Իմաստունի համար օրէնքը կեանքի աղբիւր է,բայց անմիտը պիտի մեռնի որոգայթի մէջ ընկնելով։
15Բարւոք խոհեմութիւնը շնորհ է պարգեւում, եւ օրէնքի իմացութիւնը մտքի բարիք է. կորստաբեր է օրէնքն արհամարհողների ճանապարհը։
16Խորագէտ անձն իմաստութեամբ է գործում, բայց անմիտն ինքնակամ չարիքներ է տարածում։
17Յանդուգն թագաւորը չարիքի մէջ պիտի ընկնի, բայց հաւատարիմ պատգամաւորը կը փրկի նրան։
18Խրատը հեռու է վանում աղքատութիւնն ու անարգանքը, իսկ յանդիմանութեան անսացողը պիտի փառաւորուի։
19Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից։
20Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնայ։
21Չարիքները հալածում են մեղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։
22Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստութիւնը արդարները պիտի ստանան։
23Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը, բայց անիրաւները շուտով պիտի կործանուեն։
24Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։
25Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում։
1Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։
2Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։
3Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։
4Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։
5Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։
6Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։
7Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են։
8Խելացի մարդու իմաստութիւնը երեւում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից։
9Անօրէնների տները պիտի դատապարտուեն արդարութեան կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։
10Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում։
11Ամբարիշտների տները պիտի կործանուեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։
12Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում։
13Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի։
14Խստասիրտը պիտի յագենայ իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղուելու է իր խոհերի շնորհիւ։
15Անմեղը հաւատում է ամէն բանի, բայց խորագէտը պիտի զղջայ։
16Իմաստունը զարհուրելով՝ իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրէնի հետ։
17Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։
18Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագէտները պիտի զօրանան իրենց իմաստութեամբ։
19Չարերը ծնկի պիտի գան բարիների առջեւ, եւ ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մօտ։
20Աղքատներին ատում են նոյնիսկ իր բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։
21Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանութեան։
22Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն արարում։ Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը։
23Իմաստութիւն է, որ մարդ աշխատում եւ մի բան է աւելացնում, բայց անհոգ դատարկապորտը միշտ կարիքի մէջ պիտի լինի։
24Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անմիտների ուղին՝ իրենց չարութիւնը։
25Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը։
26Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։
27Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից։
28Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ։
29Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք։
30Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն։
31Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։
32Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։
33Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն։
34Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում։
35Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը։ Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին։
1Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրոյթը, բայց խիստ խօսքը բարկութիւն է յարուցում։
2Իմաստունների լեզուն գիտէ բարիքը, իսկ անզգամների բերանը խօսում է չարիքների մասին։
3Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։
4Բուժող լեզուն կեանքի ծառ է, եւ ով պահում է այն՝ նրա հոգին պիտի լցուի։
5Անզգամն անարգում է հօր խրատը, բայց յանդիմանութեանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարութեան աւելացումով՝ աւելանում է զօրութիւնը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։
6Արդարների տները պիտի մնան մեծ զօրութեամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան։
7Իմաստունների շուրթերը իմաստութիւն են հաստատում, անմիտների սրտերը անսխալ լինել չեն կարող։
8Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան։
9Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ով հետեւում է արդարութեանը, Տէրը սիրում է նրան։
10Անմեղի խրատն ընդունելի է մերձաւորների համար, բայց ով ատում է յանդիմանութիւնը, պիտի վախճանուի անարգանքով։
11Դժոխքն ու կորուստը յայտնի են Տիրոջ առջեւ, էլ ուր մնաց՝ մարդկանց սրտերը։
12Մեծամիտը չի սիրում իրեն յանդիմանողին եւ չի հաղորդւում իմաստունների հետ։
13Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։
14Ուղիղ սիրտը իմաստութիւն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանօթ է չարիքներին։
15Չարի աչքն ամէն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղուի ամէն ժամ։
16Լաւ է քիչ բաժինը՝ Տիրոջ երկիւղով, քան թէ շատ գանձը՝ առանց երկիւղածութեան։
17Լաւ է բանջարեղէնի ճաշ ուտել՝ սիրով ու շնորհքով, քան թէ մսուրի արջառի միս՝ թշնամութեամբ։
18Զայրացկոտ մարդը կռիւ է յարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։ Համբերատար մարդը մեղմում է դատաստանը, բայց ամբարիշտն աւելի է գրգռում այն։
19Ծոյլի ճանապարհը ծածկուած է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասէրի ճամփան։
20Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, իսկ անմիտ որդին արհամարհում է մօրը։
21Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։
22Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում,
23բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։
24Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի։
25Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում։
26Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են։
27Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից։
28Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնամիները դառնում են բարեկամներ։
29Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը։ Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան։
30Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը։
31Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները։
32Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ։
33Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից։
1Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։
2Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։
3Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, եւ դու շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ։
4Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։
5Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։
6Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։
7Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։
8Լաւ է քիչ վերցնել՝ Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձեր՝ ամբարշտութեամբ։
9Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը։
10Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ, եւ նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ։
11Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը։
12Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեան շնորհիւ։
13Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։
14Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբեր է, բայց իմաստունը մեղմացնում է այն։
15Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է, եւ նրա բարեհաճութիւնը սպասուող անձրեւաբեր ամպի պէս է։
16Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի. եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։
17Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։ Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի, եւ յանդիմանութիւն պահողը կ՚իմաստնանայ։ Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը, կեանքը սիրողը զսպում է իր լեզուն։
18Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը՝ չար բարքը։
19Լաւ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան աւար բաժանել ամբարտաւանների հետ։
20Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, եւ երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։
21Իմաստուններին եւ հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-մեղցր խօսքեր ունեն, աւելի շատ են լսում։
22Միտքը կեանքի աղբիւր է այն ունեցողի համար, բայց անմիտների խրատը չար է։
23Իմաստունի սիրտը գիտէ իր բերանի խօսքը, եւ նա իր շուրթերով իրաւադատութիւն է խորհում.
24Բարի խօսքը մեղրի խորիսխ է, եւ հոգու բժշկութիւն է նրա քաղցրութիւնը։
25Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թւում, բայց նրանց վերջաւորութիւնը տանում է դէպի դժոխքի յատակ։
26Աշխատողը վաստակում է իր անձի համար՝ իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անմիտը կորուստը կրում է իր բերանի մէջ։
27Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է յղանում եւ կրակ է կուտակում իր շուրթերի վրայ։
28Խորամանկ մարդը չարիքներ է նիւթում, չարութեամբ բորբոքում է նենգութեան լապտերը եւ բարեկամներին բաժանում է իրարից։
29Անօրէն մարդը փորձութեան է ենթարկում իր բարեկամներին եւ նրանց տանում է վատ ճանապարհներով։
30Նա, որ իր աչքերը փակում եւ ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամէն տեսակ չարիքներ է մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
31Ծերութիւնը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է միայն արդարութեան ճանապարհին։
32Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր քաղաք գրաւողից։
33Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։
1Լաւ է մի պատառ համով հացը՝ խաղաղութեամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամութեամբ։
2Խելացի ծառան պիտի իշխի անմիտ տէրերի վրայ եւ ժառանգութիւնը պիտի բաժանի եղբայրների հետ։
3Ինչպէս արծաթը եւ ոսկին փորձւում են քուրայի մէջ, այնպէս էլ Աստուած ընտրում է սրտերը։
4Չարագործը հնազանդւում է անօրէնի լեզուին, բայց արդարը չի նայում ստախօս շուրթերին։ Հաւատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստութեամբ, բայց անհաւատարիմը մէկ գրոշ իսկ չունի։
5Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա Արարչին, եւ ով հարուածում է ընկածին, նա չի արդարացուելու, բայց ով խղճում է՝ ողորմութիւն պիտի գտնի։
6Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7Անզգամներին վայել չեն ճշմարտախօս շուրթերը, եւ ոչ էլ արդարներին՝ ստախօս շուրթերը։
8Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, եւ նա դէպի որ կողմն էլ դառնայ՝ յաջողութիւն պիտի գտնի։
9Յանցանքը ծածկողը բարեկամութիւն է փնտռում, բայց այն բացայայտողը բարեկամներին եւ ընտանիքը բաժանում է իրարից։
10Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անմիտը թէկուզ եւ բազում հարուածներ ուտի՝ չի ազդւում։
11Ամէն չարակամ հակառակութիւն է յարուցում, բայց Տէրն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դէմ։
12Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անմիտները մտածում են չարիքների մասին։
13Ով բարիքի փոխարէն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։
14Արդարութեան սկիզբը խօսքին իշխանութիւն է տալիս, իսկ հակառակութիւնը եւ կռիւը տանում են դէպի չքաւորութիւն։
15Ովքեր անիրաւին համարում են արդար ու արդարին՝ անիրաւ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջեւ։
16Ինչպէ՞ս է անմիտը հարստութիւն գտնում, քանի որ չգիտէ, թէ ինչ բան է իմաստութիւնը։ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մէջ։
17Բարեկամներ կարող ես ունենալ ամէն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պէտք են վշտի ժամանակ, քանզի հէնց դրա համար էլ ծնուել են նրանք։
18Անմիտ մարդը պարում եւ ցնծում է բարեկամների համար երաշխաւոր լինելիս, վնասասէրը ուրախանում է նրանց վէճ ու կռուի ժամանակ։
19Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, եւ խստասիրտն էլ բարիք չի գտնի։
20Լեզուով յեղյեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մէջ,
21եւ անզգամի սիրտը ցաւ է իր մարմնի անդամների համար։ Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մօրը։
22Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են։
23Կաշառքի համար գիրկը բացողը յաջողութիւն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորւում է արդարութեան ճանապարհներից։
24Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անմիտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում։
25Անմիտ որդին հօր տրտմութիւնն է եւ դառն ցաւ է իր ծնողների համար։
26Արդար մարդուն տոյժի ենթարկելը բարի գործ չէ,եւ ոչ էլ իրաւունքի մէջ իշխանի նենգելը՝ արդարի նկատմամբ։
27Իր խիստ խօսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի։
28Անմիտ մարդուն հարցրին, թէ ի՛նչ է իմաստութիւնը, եւ նա գտնո՞ւմ է արդեօք, որ իմաստութիւն կայ. նա պապանձուեց, եւ կարծեցին, թէ իմաստուն է։
1Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։
2Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։
3Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։
4Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է եւ կեանքի աղբիւր։
5Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։
6Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։
7Անզգամի բերանը կործանում է նրա համար, եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։
8Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։
9Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։
10Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից, եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։
11Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար, եւ նրա փառքը մեծ հովանի ունի։
12Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։
13Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք։
14Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։
15Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։
16Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ։
17Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից։
18Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւններըեւ զօրեղների միջեւ վճռում է հարցը։
19Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։
20Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ։
21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։
22Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։
23Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։
24Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։ Մօտիկ բարեկամը լաւ է հեռաւոր եղբօրից։
1Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ։
2Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում։
3Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ։
4Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկամից։
5Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ չի փրկուի նա, ով զուր տեղն է մեղադրում։
6Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն մի չարակամ պիտի նախատուի մարդկանցից։
7Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը մերձենում է իրեն ճանաչողին, եւ իմաստուն մարդը կը գտնի այն։ Ով խիստ բան է անում չարամտօրէն, նա չարիք է գործում, եւ ով վէճեր է յարուցում, փրկութիւն չի գտնի,մանաւանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն։
8Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստութիւն պահողը բարիք է պահում։
9Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանուի։
10Անզգամին վայել չէ փափկակեցութիւնը,եւ ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել։
11Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից։
12Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի,իսկ նրա զուարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի։
13Անմիտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարուած ուխտը։
14Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։
15Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կը մնայ։
16Պատուիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանուի։
17Աղքատին ողորմութիւն տուողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տուածի էլ Աստուած պիտի հատուցի նրան։
18Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։
19Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, եւ եթէ աւելի դաժան վարուի, հոգին էլ վրայ կը տայ։
20Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում։
21Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է յաւիտեան։
22Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը։
23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ։
24Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի։
25Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն կ՚ունենայ։
26Այն որդին, որ անարգում է հօրը եւ հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի եւ նախատինք։
27Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում։
28Անմիտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը.ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։
29Տանջանքները պատրաստուած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգամների։
1Գինին անառակութեան է մղում, հարբեցողութիւնը՝ թշնամութեան, եւ ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ։
2Թագաւորի պատուհասը պակաս վնասաբեր չէ առիւծի ցասումից, եւ ով զայրացնում է նրան, վնաս է պատճառում ինքն իրեն։
3Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամէն մի անզգամ խառնւում է այդպիսի բաների։
4Ծոյլը թէեւ նախատւում է, բայց չի ամաչում, ինչպէս մէկը, որ ցորեն է փոխ առնում ամռանը։
5Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։
6Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։
7Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։
8Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։
9Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։
10Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։
11Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում։
12Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։
13Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։
14«Վատ է, վատ է», ասում է գնորդը,իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։
15Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։
16Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։
17Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։
18Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։
19Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։
20Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։
21Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։
22Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,որ նա օգնական լինի քեզ։
23Տիրոջ առջեւ պիղծ է երկու տեսակի չափը, եւ խարդախ կշեռքը մերժելի է նրա համար։
24Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպէ՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամփաներին։
25Որոգայթ է մարդու համար շտապելը եւ իր ունեցուածքից բան նուիրելը, հապճեպ ուխտ անելը եւ յետոյ զղջալը։
26Իմաստուն թագաւորը ցրում է ամբարիշտներինեւ անուի տակ է գցում նրանց։
27Մարդու հոգին Տիրոջ լոյսն է, որը քննում է սրտի շտեմարանները։
28Ողորմածութիւնը եւ ճշմարտութիւնը թագաւորի պահապաններն են, եւ նրանք արդարութեամբ են շրջապատում նրա գահը։
29Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։
30Չարագործների համար են թէ՛ վէրքերն ու հարուածները եւ թէ՛ տանջանքները նրանց որովայնի խորքերում։
1Ինչպէս ջրի հոսանքը,այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենայ, այն կողմն էլ կը դարձնի այն։
2Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը։
3Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը։
4Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
5Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել,սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում։
6Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի հասնի մահուան որոգայթների։
7Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։
8Խոտորնակին Աստուած խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։
9Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած եւ խառնակ տան մէջ։
10Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։
11Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։
12Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։
13Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։
14Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում։
15Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։
16Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում։
17Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ՚ընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։
18Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։
19Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։
20Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։
21Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։
22Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։
23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։
24Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։
25Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։
26Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։
27Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ, որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով։
28Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։
29Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։
30Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ։
31Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։
1Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։
2Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը։
3Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ աւելի են վնասւում։
4Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։
5Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից։
6Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից։
7Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին։
8Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։
9Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։
10Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, եւ հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին։
11Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։
12Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն արհամարհում է անօրէն խօսքերը։
13Ծոյլը պատճառ է բռնում եւ ասում. «Ճամփին առիւծ կայ, փողոցների մատոյցներում՝ մարդասպաններ»։
14Անօրէնի բերանը խոր հոր է, եւ Տիրոջն ատելի անձը նրա մէջ պիտի ընկնի։ Վատ ճանապարհներ կան մարդու առջեւ, եւ նա չի ուզում յետ դառնալ դրանցից, բայց հարկաւոր է յետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից։
15Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից։
16Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները. եւ նա, ով զրկում է նրան եւ տալիս է հարստին,կարօտութեան մէջ պիտի մնայ։
17Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ եւ կ՚իմանաս, որ դրանք բարի են։
18Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ՚ուրախացնեն քեզ եւ միշտ կը մնան շուրթերիդ վրայ։
19Որպէսզի քո յոյսը Տիրոջ վրայ լինի, ես քեզ ցոյց կը տամ նրա ճանապարհները։
20Եւ դու այդ խօսքերը երի՛ցս գրիր հոգուդ մէջ, քո մտքի, գիտութեան եւ բանականութեան մէջ։
21Ահաւասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խօսքեր եւ գիտութիւն, որպէսզի քեզ հարցնողներին յօժարութեամբ ճշմարտութեան խօսքերով պատասխաններ տաս։
22Մի՛ բռնացիր աղքատի վրայ, որովհետեւ նա խեղճ է, եւ մի՛ անարգիր տնանկին դատարանի մէջ,
23որովհետեւ Տէրն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տէրն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին։
24Ընկեր մի՛ լինիր բարկացկոտ մարդուն եւ մի՛ առնչուիր դիւրաբորբոք բարեկամի հետ,
25որ չլինի թէ սովորես նրա ճանապարհները եւ ծուղակն ընկնելով՝ խեղդամահ լինես։
26Որեւէ մէկից ակնածելով՝ պարտքի համար անձդ երաշխաւոր մի՛ դարձրու,
27որովհետեւ եթէ չունես, որտեղի՞ց պիտի վճարես, եւ ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը, որի վրայ հանգստանում են կողերդ։
28Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած յաւիտենական սահմանները։
29Իր գործի մէջ փութկոտ եւ խելամիտ մարդուն պէտք է կանգնեցնել թագաւորների եւ ոչ թէ ծոյլ ու անպէտք մարդկանց առջեւ։
1Երբ հզօրների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛ւ իմացիր, թէ ինչ են դրել քո առաջ, եւ նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։
2Իմացի՛ր նաեւ, որ դու եւս պարտաւոր ես նոյնը պատրաստել։
3Եւ եթէ ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կ՚անցնեն կը գնան սուտ կեանքի հետ։
4Եթէ ունեւոր չես, մի՛ ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստութեամբ հեռացի՛ր նրանից։
5Հէնց որ աչքդ տնկես մի բանի վրայ,այն իսկոյն կը չքանայ. հարստութիւնն արծուի թեւեր է շինում իր համար եւ վերադառնում է իր նախնիների տունը։
6Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր եւ մի՛ ցանկացիր նրա կերակուրը,
7քանզի նա ուտում եւ խմում է այնպէս, ինչպէս մէկը մազ կուլ տար։
8Նրան մի՛ ընդունիր քո տունը եւ քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կը պատճառի քեզեւ կ՚ապականի քո բարի խօսքերը.
9Ամենեւին բան մի՛ ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խօսքերը։
10Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի՛ տուր որբերի ունեցուածքին,
11որովհետեւ հզօր է նրանց պաշտպանը՝ Տէրը, եւ նրանց դատը նա կը պաշտպանի քո դէմ։
12Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար։
13Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի,
14դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։
15Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կ՚ուրախացնես եւ իմ սիրտը։
16Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին,միայն թէ դու ուղիղ խօսես։
17Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։
18Եւ եթէ պահես, դու զաւակ կ՚ունենաս, եւ քո յոյսը չի կտրուի։
19Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։
20Մի՛ լինիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին,
21որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։
22Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։
23Ճշմարտութի՛ւն ձեռք բեր եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը։
24Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։
25Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։
26Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին։
27Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը՝ նեղ ջրհոր։
28Եւ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանուի, եւ ամէն մի անօրէն պիտի ջնջուի իսպառ։
29Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովութիւնը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանութիւններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրուած հարուածները,եւ ո՞ւմն են հարուածից կապտած աչքերը,
30- ո՞չ արդեօք նրանցը, ովքեր տարւում են գինով, ովքեր նայում են, թէ որտեղ գինարբուք կայ։
31Մի՛ հարբէք գինով, այլ զրուցեցէ՛ք արդար մարդկանց հետ, եւ խօսեցէ՛ք միմեանց հետ հրապարակներում։ Իսկ եթէ աչքդ գցես թաս ու բաժակի, յետոյ պիտի սանդի կոթի պէս տկլոր ման գաս,
32վերջն էլ օձից խայթուածի պէս պիտի ցած ընկնես, եւ գինին, ինչպէս իժի թոյն, պիտի տարածուի քո մէջ։
33Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խօսի,
34եւ պիտի ծփաս՝ ասես ծովի մէջ, ինչպէս նաւավարը՝ սաստիկ մրրիկի մէջ։
35Եւ պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցաւ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, ե՞րբ է բացուելու առաւօտը, որ վեր կենամ գտնեմ, թէ ո՞ւմ հետ պիտի էլի շրջեմ»։
1Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ,
2որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։
3Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ,
4եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։
5Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։
6Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։
7Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։
8Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։
9Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ։
10Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։
11Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում,եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։
12Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», - ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի։
13Մե՛ղր կեր, որդեա՛կ, որովհետեւ հաճելի է, եւ խորիսխ, որպէսզի կոկորդդ քաղցրանայ։
14Այդպէս էլ իմաստութեան գիտութիւնը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետեւ եթէ գտնես այն, քո վախճանը լինելու է բարի, եւ չի կտրուելու քո յոյսը։
15Ամբարշտին մի՛ մօտեցրու արդարների արօտին,եւ մի՛ խաբուիր, որ նրա որովայնը լիքն է։
16Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ։
17Եթէ թշնամիդ ցած գլորուի, մի՛ տրորիր նրան, եւ եթէ սայթաքի, ամբարտաւանութեամբ մի՛ վարուիր նրա հետ,
18քանզի Տէրը կը տեսնի, եւ դա հաճոյ չի լինի նրան, եւ իր բարկութիւնը կը հեռացնի նրանից։
19Մի՛ ուրախացիր չարագործների հետ եւ մի՛ նախանձիր մեղաւորներին,
20որովհետեւ չարերը ժառանգորդ չեն ունենայ, եւ ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։
21Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից,եւ նրանցից ոչ մէկի դէմ մի՛ ապստամբիր,
22որովհետեւ ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, եւ ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ միւսի պատուհասը։
23Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչէք խելամուտ լինել իրաւունքի մէջ», քանզի լաւ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։
24Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանայ ժողովուրդների անէծքին եւ ատելի պիտի լինի ազգերից։
25Իսկ նրանք, որ կը յանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարուեն, եւ բարի օրհնութիւն պիտի գայ նրանց վրայ։
26Շուրթերը սիրում են բարի խօսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խօսքերով, նա իր վրայ հրաւիրում է հեռացման խօսքեր։
27Հո՛գ տար դրսի գործերիդ համար, վերջացրո՛ւ դաստակերտիդ աշխատանքը, ապա ե՛կ իմ յետեւից եւ նորի՛ց շինիր քո տունը։
28Սուտ վկայ մի՛ լինիր քո ընկերոջ հանդէպ, եւ քո շուրթերով մի՛ խաբիր նրան։
29Մի՛ ասա, թէ՝ «Ինչպէս նա վարուեց ինձ հետ, այնպէս էլ ես եմ վարուելու նրա հետ», եւ թէ՝ «Այնպէս պիտի հատուցեմ նրան, ինչպէս ինքն ինձ զրկեց»։
30Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը՝ այգու.
31եթէ անխնամ թողնես, խոպան կը դառնայ արտը, ամենուր մոլախոտ կը բուսնի, այն կը մնայ լքուած, գետին կը թափուեն նրա ցանկապատի քարերը,
32բայց նա յետոյ միայն կ՚ասի. «Ես զղջացի, տեսայ եւ ընտրեցի բարի խրատը»։ Մինչեւ ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծոյլ, ե՞րբ պիտի զարթնես քնից։
33Մի քիչ էլ որ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ,
34եթէ այդպէս անես, ապա քեզ վրայ պիտի հասնի աղքատութիւնը ինչպէս ուղեւոր, եւ կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման։
35Խօսքից զգուշացող որդին կորստեան չի մատնուի,քանի որ նա խնամքով է ընդունում այն։
36Թագաւորի լեզուից թող ոչ մի սուտ բան դուրս չգայ.թող նրա լեզուից խաբէութիւն էլ դուրս չգայ։
37Սուր սուսեր է թագաւորի լեզուն եւ ոչ մարմնեղէն մի բան.ով որ մօտենայ դրան, կը խորտակուի։
38Եթէ նրա բարկութիւնը բորբոքուի,մարդկանց կը կործանի իրենց յօդերով հանդերձ,մարդկանց ոսկորները կը փշրիեւ դրանք կ՚այրի ինչպէս բոց։Մարդկանց մարմինը կը նմանուի արծիւների բոյներում եղած լէշի։
39Որդեա՛կ, վախեցի՛ր իմ խօսքերից, եւ եթէ դրանք ընդունես, զգոյշ կը լինես։
1Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկամները։
2Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երեւում է նրա հրամանները պատուելու մէջ։
3Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը։
4Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, եւ կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից։
5Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, եւ նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ։
6Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, մի՛ մօտեցիր մեծամեծների տեղերին,
7որովհետեւ լաւ է, որ մէկը քեզ ասի՝ «Արի՛ վեր, ինձ մօտ», քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ։
8Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ մի՛ նետուիր, որ յետոյ չզղջաս։ Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս տուր, մի՛ արհամարհիր։
9Գուցէ բարեկամդ քեզ նախատի,
10եւ դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, եւ մահուան պէս ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամութիւնն ազատ են. քո սրտի մէջ հաստատի՛ր դրանք եւ չես նախատուի, այլ հաշտ ու խաղաղ կ՚անցնի կեանքդ։
11Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։
12Պայծառ շարուած սարդիոն եւ ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար։
13Ինչպէս ամռան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց յոյսը կապել են նրա հետ։
14Սուտ խոստումներով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրեւների։
15Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։
16Երբ մեղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս եւ փսխես։
17Քո ոտքով շատ մի՛ յաճախիր բարեկամիդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ եւ քեզ ատի։
18Սրած սուսեր եւ սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկամի մասին։
19Չարի ճանապարհները եւ անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։
20Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարմնին հասած ցաւերից տրտմում է սիրտը։ Ինչպէս ցեցը վնասում է հագուստին, եւ որդը՝ փայտին, այնպէս էլ տրտմութիւնն է վնասակար մարդու սրտին։
21Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու,
22քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի։
23Հիւսիսային քամին ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։
24Լաւ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել մի տան մէջ։
25Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը։
26Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու առաջ։
27Ինչպէս որ լաւ չէ շատ մեղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել միայն պատուական խօսքերը։
28Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։
1Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին։
2Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս։
3Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անմիտների համար։
4Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։
5Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի։
6Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի։
7Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը։
8Ով պատիւ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ։
9Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
10Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից, որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները։
11Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր մեղքերը։ Ամօթ կայ, որ մեղքերի մէջ է գցում մարդուն, ամօթ էլ կայ, որ նրան պարգեւում է փառք ու շնորհ։
12Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից։
13Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»։
14Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում։
15Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել։
16Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում։
17Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։
18Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են,
19այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝ «Մենք կատակ էինք անում»։
20Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը։
21Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը։
22Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։
23Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։
24Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում։
25Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում։
26Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր վնասը հեռու է վանում։
27Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն։
28Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում։
1Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։
2Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը։
3Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը։
4Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։
5Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։
6Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։
7Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում։
8Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։
9Իւղով, խնկով եւ գինով զուարճանում է սիրտը, եւ հոգին թօթափւում է տրտմութիւնից։
10Քո բարեկամին, ինչպէս նաեւ հօրդ բարեկամին, մի՛ լքիր, եւ թշուառացած մի՛ մտնիր եղբօրդ տունը. մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից։
11Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը։
12Խորագէտը տեսնում է գալիք չարիքը եւ խոյս է տալիս, բայց անզգամներն ընդառաջ են գնում եւ տուժում։
13Հագից հանի՛ր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետեւ նա ուրիշին էլ է ապականում։
14Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկամին, նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը։
15Ինչպէս կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։
16Խստաշունչ է հիւսիսային քամին, բայց յաջողութեան նշան է համարւում։
17Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը։
18Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի։
19Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար, այնպէս էլ նման չեն նրանց սրտերը։
20Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը, այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջեւ պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող եւ ցոփ լեզու ունեցող մարդիկ։
21Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը։ Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն։
22Անզգամին կարող ես ծեծ տալ եւ անարգել ատեանում, բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից։
23Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ, սրտացա՛ւ եղիր քո երամակների համար,
24որովհետեւ մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն,եւ դրանք չեն տրւում սերնդից սերունդ։
25Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես,
26դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, եւ դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս։
27Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգամները քո տան ապրուստի եւ քո բարեկամների ապրուստի համար։
1Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ։
2Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները, բայց խորագէտ մարդը հանգցնում է դրանք։
3Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ.
4նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով։
5Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը, բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի։
6Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից։
7Իմաստուն որդին պահում է օրէնքը, բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը։
8Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։
9Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը,նա ինքն է պղծում իր ուխտը։
10Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ։
11Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։
12Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ։
13Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի։
14Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի։
15Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ։
16Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ։
17Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում եւ չի հաստատւում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի։
18Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի։
19Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով,իսկ ով հետեւում է դատարկ բաների, տնանկ կը մնայ։
20Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկուելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։
21Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։
22Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն։
23Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզուով շողոքորթողը։
24Ով մերժում է իր հօրը կամ մօրը եւ դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։
25Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում, բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի։
26Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի։
27Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարօտ կը մնայ։
28Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները։
1Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը, որովհետեւ եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի։
2Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։
3Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։
4Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։
5Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։
6Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։
7Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։
8Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկութիւնը։
9Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում։
10Արիւնարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ։
11Անզգամն իր ողջ բարկութիւնը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմութեամբ։
12Այն թագաւորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են։
13Փոխ տուողը եւ փոխ առնողը հասնելու են նոյն տեղը, եւ երկուսին էլ առերեսելու է Տէրը։
14Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնայ։
15Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս. ճամփից շեղուած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին։
16Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները, բայց արդարները ահով պիտի համակուեն նրանց կործանման ժամանակ։
17Խրատի՛ր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի եւ զարդ պիտի լինի հոգուդ համար։
18Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է։
19Խօսքով չի խրատւում կամակոր ծառան, որ թէեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն։
20Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես, իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգամի, քան նրա համար։
21Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառայ դառնայ եւ յետոյ մորմոքի ինքն իր մէջ։
22Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում, հեզաբարոյ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։
23Ամբարտաւանութիւնը պիտի նուաստացնի մարդուն, բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի։
24Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին. նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն,
25բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամօթի պատճառով պիտի յայտնեն եւ կործանուեն. իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի։ Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ, բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի։
26Շատերն են հաճոյախօսում իշխաններին, բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից։
27Արդարի համար պիղծ է անօրէն մարդը, իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը։
1Մարդս Աստծու հաւատացեալներին պիտի ասի այսպէս.«Լաւ է լռեմ, որովհետեւ բոլոր մարդկանցից աւելի անմիտ եմ,
2եւ իմ մէջ մարդկային իմաստութիւն չկայ։
3Աստուած իմաստութիւն սովորեցրեց ինձ, եւ ես խելամուտ եղայ սրբերի գիտութեանը եւ ճանաչեցի սրբութիւնները.
4ո՞վ ելաւ երկինք եւ իջաւ, ո՞վ հաւաքեց հողմերը իր գոգի մէջ, ո՞վ ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մէջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ՝ ի՞նչ է նրա որդու անունը։
5Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են, եւ նա ինքն է իրենից երկիւղ կրողների վերակացուն։
6Ոչինչ մի՛ աւելացրու նրա խօսքերին, որ քեզ չյանդիմանի, եւ դու ստախօս չերեւաս»։
7Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչեւ մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։
8Զուր եւ սուտ խօսքը հեռո՛ւ վանիր ինձանից։ Հարստութիւն եւ աղքատութիւն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բաւական է։
9Չլինի թէ հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով։
10Մի՛ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի, եւ դու ապականուած չմնաս։
11Չար ծնունդն անիծում է իր հօրը եւ իր մօրը չի օրհնում։
12Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում, բայց նա չի լուացել իր հոգու կեղտը։
13Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի, եւ գոռոզ են նրա թարթիչները։
14Չար ծննդի ատամները սուսեր են, եւ ժանիքները՝ դանակներ, երկրիս խոնարհներին եւ աղքատ մարդկանց կեղեքելու եւ ուտելու համար։
15Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր, եւ սրանք երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել, որպէսզի նա ասէր. «Բաւական է»։
16Գերեզմանն ու մահը, կանանց սէրն ու տարտարոսը, հողը, որ չի յագենում ջրով, ջուրը եւ կրակը երբեք չեն ասում. «Բաւական է»։
17Այն աչքը, որ արհամարհում է հօրը եւ անարգում է մօր ծերութիւնը, ձորերի ագռաւները պիտի հանեն, եւ արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն։
18Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում.
19թռչող արծուի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները։
20Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որեւէ վատ բան է անում, լուացւում է եւ ասում. «Ես ոչինչ չեմ արել»։
21Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել.
22ծառան, եթէ թագաւոր է դառնում, անմիտը, եթէ կշտանում է հացով,
23աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։
24Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են.
25մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը,
26ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ,
27մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի,
28եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ։
29Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ.
30առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,
31աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ։
32Եթէ դու քեզ անհոգութեան մատնես եւ ձեռքդ դժուարութեամբ տանես բերանդ,պիտի արհամարհուես։
33Կա՛թ կթիր, եւ իւղ կը լինի, բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ։ Այդպէս էլ՝ եթէ խօսքը ձգձգես, դատաստան ու կռիւ դուրս կը գայ։
1Իմ խօսքերն ասուած են Աստծու կողմից, իբրեւ թագաւորին ուղղուած պատգամ, որով նրան խրատել է իր մայրը։
2Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են,անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛. դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես. դէ ինչ, որդեա՛կ, իմ ուխտերի զաւակն ես։
3Քո հարստութիւնը մի՛ տուր կանանց եւ ոչ էլ քո միտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների. մտածուա՛ծ գործիր ամէն բան եւ խոհեմութեա՛մբ խմիր գինի։
4Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը եւ չկարողանան տկարին ուղիղ դատել։
6Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին, գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին,
7թող խմեն ու մոռանան իրենց աղքատութիւնը եւ թող չյիշեն իրենց ցաւերը։
8Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին,
9քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին։
10Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։
11Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։
12Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ։
13Բուրդ եւ կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում
14եւ, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռուից ժողովում է գանձերը։
15Նա ոտքի է ելնում արշալոյսին, տնեցիներին կերակուր է տալիս եւ գործի է դնում նաժիշտներին։
16Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը։
17Իր մէջքին պինդ գօտի կապած՝ նա թեւերը մխրճում է գործի մէջ
18եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը, եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։
19Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած՝ նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում։
20Նրա ձեռքը բաց է աղքատների համար, եւ նա բաժին է տալիս խեղճերին։
21Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ, չի մտահոգւում տան համար, որովհետեւ գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին։
22Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար եւ իր համար՝ ծածկոցներ։
23Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ։
24Կինը կտաւ է գործում ու վաճառում,եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին։
25Ուժ ու վայելչութիւն զգեցած՝ նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։
26Նա չափով եւ իմաստութեամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզուին։
27Պարկեշտ են նրա տան ճանապարհները, եւ նա դատարկապորտութեամբ հաց չի կերել։
28Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում։
29Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից։
30Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայեւ ոչ էլ սին գեղեցկութիւն»։Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի։
31Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից։