1Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան մասում, Կարմիր ծովի մօտ, Փառանտիփողի, Ղոբանի, Հանգրուանների ու Ոսկեկի միջեւ։
2Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ։
3Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց վերաբերեալ պատուիրել էր իրեն։
4Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց յետոյ
5Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.
6«Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. «Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ։
7Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու դաշտերը, դէպի հարաւ ու Քանանացիների երկրի ծովեզերքը, դէպի Անդրլիբանան, մինչեւ Մեծ կամ Եփրատ գետը։
8Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, նրանց ու նրանց յետնորդներին, մի երկիր, ուր մեղր ու կաթ է հոսում»։
9«Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել.
10«Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել։ Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։
11Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ։
12Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները։
13Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ։
14Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ «Լաւ է, եթէ քո ասածը անես»։
15Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ։
16Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. «Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք։
17Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է։ Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ»։
18Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»։
19«Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ։
20Ես ձեզ ասացի. «Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ։
21Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ։ Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս, ինչպէս մեր հայրերի Տէր Աստուածն է ասել ձեզ։ Մի՛ վախեցէք եւ մի՛ սարսափէք»։
22Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր գնալիք ճանապարհի եւ այն քաղաքների վիճակը, ուր մտնելու ենք»։
23Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ։
24Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն։
25Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. «Լաւ է այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ»։
26Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը
27եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. «Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների երկրից, որպէսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը, կոտորի մեզ։ Արդ, ո՞ւր ենք գնում։
28Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. «Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները մեծ են ու մինչեւ երկինք հասնող պարիսպներ ունեն։ Բացի այդ, հսկաների սերունդ տեսանք մենք այնտեղ»։
29Ես ասացի ձեզ. «Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից։
30Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա արեց Եգիպտացիների երկրում
31եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք։ Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն։ Այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում, մինչեւ որ եկաք հասաք այս վայրը։
32Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք,
33որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու համար գիշերը ձեզ առաջնորդի հրով, իսկ ցերեկը՝ ամպով»։
34«Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով.
35«Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին,
36բացի Յեփոնէի որդի Քաղէբից։ Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետեւ նա հնազանդ է եղել Տիրոջը»։
37Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ,
38այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին։
39Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ՚ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն։
40Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը»։
41Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. «Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու պատերազմ տանք, ինչպէս մեզ պատուիրել է մեր Տէր Աստուածը»։ Եւ իւրաքանչիւրդ, առնելով ձեր պատերազմելու զէնքը, հաւաքուեցիք ու բարձրացաք լեռը։
42Տէրն ինձ ասաց. «Նրանց ասա՛. մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր թշնամիները»։
43Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։
44Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։
45Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։
46Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։
1«Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը։
2Տէրն ինձ ասաց. «Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։
3Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով.
4«Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։
5Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն։
6Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։
7Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել»։
8Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով։
9Տէրն ինձ ասաց. «Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն։
10(Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։
11Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։
12Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան)։
13Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով»։
14Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց։
15Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց.
17«Դու այսօր Մովաբի սահմանով կ՚անցնես Սէիր։
18Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։
19Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել։
20(Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ։
21Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն։
22Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր։
23Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում)։
24Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ։
25Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց»։
26«Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի.
27«Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։
28Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։
29Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ»։
30Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը։
31Տէրն ինձ ասաց. «Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը»։
32Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։
33Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
34Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։
35Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն
36ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը,
37բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ»։
1«Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով։ Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դէմ։
2Տէրն ինձ ասաց. «Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացի արքայ Սեհոնի հետ»։
3Եւ մեր Տէր Աստուածը Բասանի արքայ Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Մենք կոտորեցինք նրանց այնպէս, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
4Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չկար, որ նրանից խլած չլինէինք։ Բասանի Օգ թագաւորը Արգոբ գաւառի շրջակայքում ունէր ընդամէնը վաթսուն քաղաք։
5Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացուած քաղաքներից, որոնք բաւական շատ էին։
6Նրանց կոտորեցինք այնպէս, ինչպէս Եսեբոնի արքայ Սեհոնին։ Մէկ առ մէկ աւերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք կանանց ու մանուկներին։ Ոչ մէկը մազապուրծ չեղաւ։
7Բոլոր անասունները աւար առանք ու քաղաքները կողոպտեցինք։
8Այդ ժամանակ ամորհացիների երկու թագաւորներից գրաւեցինք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկիրը Առնոնից մինչեւ Հերմոն։
9Փիւնիկեցիները Հերմոնն անուանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր։
10Միսորի բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչեւ Եղքա ու Եդրային Օգի թագաւորութեան քաղաքներն էին Բասանում։
11Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը։ Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների ամրոցում։ Հսկաների կանգունով չափած՝ ինը կանգուն էր դրա երկարութիւնը, եւ չորս կանգուն՝ դրա լայնութիւնը»։
12«Այդ երկիրն այն ժամանակ ժառանգեցինք Առնոնի ձորի եզերքում գտնուող Արոյերից սկսած։ Գաղաադի ձորի կէսն ու նրա քաղաքները տուեցի Ռուբէնի ու Գադի ցեղերին։
13Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագաւորութիւնը, նաեւ Արգոբի ամբողջ գաւառն ու ամբողջ Բասանը, որը ռափայինեանների երկիր էր համարւում, տուեցի Մանասէի կէս ցեղին։
14Մանասէի որդի Յայիրը գրաւեց Արգոբի ամբողջ գաւառը մինչեւ Գարգասիի ու Ոմքատիի սահմանները, եւ Բասանն այն իր անունով կոչեց Աւոթիեր, եւ մինչեւ այսօր էլ կոչւում է այդպէս։
15Ես Մաքիրին տուեցի Գաղաադը,
16իսկ Ռուբէնի ու Գադի ցեղերին տուեցի Գաղաադից մինչեւ Առնոնի ձորն ընկած երկիրը, որի սահմանն անցնում է ձորի միջով եւ հասնում մինչեւ Յաբոկ։ Ձորը ամոնացիների սահմանն է։
17Արաբան ու Յորդանան գետը նրա սահմանն են Քեներեթից մինչեւ Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որը գտնւում է Փասգայից արեւելք՝ Ասեդոթում։
18Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. «Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն։ Ձեզանից ով խիզախ է, թող սպառազինուի ու անցնի իր եղբայրների՝ իսրայէլացիների գլուխը։
19Իսկ ձեր կանայք, երեխաները եւ անասունները (գիտեմ, որ շատ անասուն ունէք) թող բնակուեն ձեր այն քաղաքներում, որ ես տուել եմ ձեզ,
20մինչեւ որ մեր Տէր Աստուածը տեղաւորի ձեր եղբայրներին, ինչպէս որ ձեզ տեղաւորեց, որպէսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց Յորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կը վերադառնաք ժառանգութիւն ստացած ձեր այն երկիրը, որ ես տուել եմ ձեզ»։
21Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. «Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու թագաւորներին։ Տէրը նոյն կերպ կը վարուի բոլոր այն թագաւորութիւնների հետ, որոնց վրայ կը յարձակուես դու։
22Մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Աստուածն ինքն է պատերազմելու ձեր փոխարէն»։
23«Այդ ժամանակ աղաչեցի Տէր Աստծուն՝ ասելով.
24«Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրայ գտնուող այդ ո՞ր աստուածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զօրութեամբ։
25Արդ, շնո՛րհ արա, որ անցնեմ, տեսնեմ Յորդանան գետից այն կողմ գտնուող լաւ երկիրը, սքանչելի լեռն ու Անդրլիբանանը»։
26Տէրը ձեր պատճառով զայրացաւ ու ինձ չլսեց։ Տէրն ինձ ասաց. «Բաւական է, այլեւս ինձ հետ այդ մասին չխօսես։
27Բարձրացի՛ր Կոփուած լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս, որովհետեւ Յորդանան գետի այն կողմը չես անցնելու դու։
28Քո պատուէրները տո՛ւր Յեսուին, զօրացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետեւ նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, եւ նա է քո տեսած երկիրն իբրեւ սեփականութիւն յանձնելու նրանց»։
29Այն ժամանակ մենք հաստատուեցինք հովտում, Փոգորի տան մօտ»։
1«Արդ, Իսրայէ՜լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ այսօր ուսուցանում եմ քեզ։ Դրանք պէտք է կիրառէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է ձեզ։
2Ոչ մի բառ չաւելացնէք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատէք դրանից։ Պահպանեցէ՛ք մեր Տէր Աստծու այն պատուիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։
3Դուք ձեր աչքերով տեսաք, թէ Տէրն ինչ արեց Բելփեգորին։ Մեր Տէր Աստուածը ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր հետեւում էին Բելփեգորին,
4իսկ դուք, որ յարեցիք ձեր Տէր Աստծուն, բոլորդ էլ կենդանի էք մնացել մինչ այսօր։
5Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու այն։
6Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրէնքները՝ պիտի ասեն. «Ահա՛ւասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ»։
7Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել։
8Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ»։
9«Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Դրանք կը հաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին։
10Կը պատմես այն օրուայ մասին, երբ ձեր Տէր Աստծու առջեւ ի մի հաւաքուելու համար կանգնեցիք Քորէբում։ Այդ ժամանակ Տէրն ինձ ասաց. «Քո մարդկանց հաւաքի՛ր ինձ մօտ, որ նրանք լսեն իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպէսզի, այնքան ժամանակ որ ապրեն նրանք երկրի վրայ, թող երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին»։
11Դուք, մօտենալով, կանգնեցիք լերան ստորոտին։ Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք։ Խաւար, մէգ ու մառախուղ էր...
12Տէրը կրակի միջից խօսեց ձեզ հետ։ Դուք լսեցիք պատգամախօսի ձայնը, բայց նրա կերպարանքը չտեսաք, այլ միայն ձայնը լսեցիք։
13Նա հաղորդեց իր ուխտը, պատուիրեց, որ կատարէք տասը պատուիրանները, եւ դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ։
14Այդ ժամանակ նա ինձ պատուիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրէնքներն ու կանոնները, եւ դուք դրանք կիրառէք այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու էք այն»։
15Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։
16Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,
17երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով,
18երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով,
19կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ Տէր Աստուածը դրանցից բաժին է հանել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։
20Աստուած իր հովանաւորութեամբ ձեզ հանեց երկաթէ հնոցից՝ Եգիպտոսից, որպէսզի լինէք իր սեփական ժողովուրդը, ինչ որ է՛ք մինչեւ այսօր։
21Տէրը ձեր ասած խօսքերի համար բարկացաւ ինձ վրայ եւ երդուեց, որ ես չեմ անցնի Յորդանան գետի այն կողմը եւ չեմ մտնի այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ իբրեւ ժառանգութիւն։
22Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում՝ առանց անցնելու Յորդանան գետի այն կողմը։ Դուք, սակայն, պիտի անցնէք ու ժառանգէք այդ լաւ երկիրը։
23Զգո՛յշ եղէք, չլինի թէ մոռանաք մեր Տէր Աստծու ձեզ տուած այն ուխտը, թէ՝ «Որեւէ արարածի կերպարանք ունեցող կուռք չստեղծէ՛ք ձեզ համար»։ Դա պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը,
24որովհետեւ քո Տէր Աստուածը լափող կրակ է, նախանձոտ Աստուած։
25Եթէ որդիներ, որդիների որդիներ ծնես ու այդ երկրում երկար ժամանակ ապրես եւ անօրինութիւն անես՝ որեւէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, ձեր Տէր Աստծուն բարկացնելու համար չար գործեր կատարես,
26ապա այսօր երդւում եմ ձեզ երկինքն ու երկիրը վկայ, որ կը վերանաք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկրից, ուր դուք գնում էք, որպէսզի ժառանգէք այն։ Երկար կեանք չէք ունենայ այդտեղ, անպայման կը կոտորուէք։
27Տէրը ձեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ, սակաւաթիւ կը լինէք այն ազգերի մէջ, ուր Տէրը կը տանի ձեզ։
28Այնտեղ կը պաշտէք մարդու ձեռքով կերտուած ուրիշ աստուածներ՝ փայտից ու քարից պատրաստուած, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտառութիւն ունեն։
29Եթէ այնտեղ նեղութեան մէջ գտնուելով ձեր ամբողջ հոգով ու էութեամբ ցանկանաք փնտռել ու գտնել ձեր Տէր Աստծուն, ապա նրան կը գտնէք։
30Այս բոլորը իրականութիւն կը դառնայ վերջին օրերին, եւ դու կը դիմես քո Տէր Աստծուն, կը լսես նրա ձայնը,
31որովհետեւ Աստուած ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանայ քո հայրերին տուած եւ երդումով հաստատած ուխտը։
32Երկնքի մի ծայրից սկսած մինչեւ երկնքի միւս ծայրը հարցրէ՛ք ձեզանից առաջ եղած այս օրերի մասին (երբ Աստուած մարդ էր ստեղծել երկրի վրայ), թէ՝ «Այսպիսի մեծ բան կատարուե՞լ է», թէ՝ «Այսպիսի բան լսուե՞լ է»,
33թէ՝ «Մի որեւէ ազգ կրակի միջից խօսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է», ինչպէս դու լսեցիր ու կենդանի մնացիր,
34թէ՝ «Աստուած յօժա՞ր էր մտնել ու ազգերի միջից իր համար ազգ ընտրել փորձութեամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ մեր Տէր Աստուածը գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջեւ, որպէսզի տեսնես։
35Ուստի պէտք է իմանաս, որ նա է Տէր Աստուածը, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։
36Երկնքից լսելի եղաւ նրա խօսքը, որպէսզի խրատի քեզ, երկրի վրայ ցոյց տուեց քեզ իր մեծ կրակը, եւ դու կրակի միջից լսեցիր նրա պատգամները,
37որովհետեւ նա սիրում է քո հայրերին։ Նա բոլոր ազգերի միջից նախընտրեց նրանց յետնորդներին՝ ձեզ, եւ ինքն իր մեծ զօրութեամբ քեզ հանեց Եգիպտոսից,
38որպէսզի դու հալածես մեծամեծ ու քեզանից հզօր ազգեր, որպէսզի նա քեզ տանի ու իբրեւ սեփականութիւն քեզ տայ նրանց երկիրը, մի բան, որ դու ունես այսօր։
39Արդ, իմացի՛ր այսօր եւ ի մտի ունեցիր, որ քո Տէր Աստուածը Աստուած է վերեւում՝ երկնքում, եւ ներքեւում՝ երկրի վրայ, եւ նրանից բացի այլ Աստուած չկայ։
40Պահպանի՛ր նրա օրէնքներն ու պատուիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպէսզի լաւ լինի քեզ ու քեզանից յետոյ գալիք քո որդիների համար, որպէսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տէր Աստուածը առ միշտ քեզ է տալու»։
41Այն ժամանակ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելեան մասում առանձնացրեց երեք քաղաքներ,
42որպէսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որ իր մերձաւորին սպանում է անգիտութեամբ, եւ որին չէր ատում նախապէս, որպէսզի նա ընկնելով այդ քաղաքներից մէկնումէկը՝ կարողանայ իր կեանքը փրկել։
43Դրանք են՝ Ռուբէնի երկրի դաշտում գտնուող անապատային Բոսոր քաղաքը, Գադի երկրի Գաղաադում գտնուող Ռամոթ քաղաքը եւ Մանասէի երկրի Բասանում գտնուող Գաղոն քաղաքը։
44Սա է այն օրէնքը, որ Մովսէսը հաղորդեց իսրայէլացիներին։
45Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսը յայտնեց իսրայէլացիներին, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից,
46Յորդանանի գետի այն կողմում, Փոգորի տան մօտ գտնուող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների արքայ Սեհոնի երկրում, եւ որի բնակիչներին սպանել էին Մովսէսն ու իսրայէլացիները, երբ սրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից։
47Իսրայէլացիները գրաւեցին ամորհացի երկու թագաւորների՝ Սեհոնի երկիրն ու Բասանի Օգ թագաւորի երկիրը, որոնք գտնւում էին Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում,
48Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերից սկսած մինչեւ Սեհոնի լեռը, այսինքն՝ Հերմոնը,
49ամբողջ Արաբան, որ գտնւում է Յորդանան գետից այն կողմ՝ արեւելեան մասում, մինչեւ Արաբայի ծովը՝ Կոփածոյ լերան ստորոտը։
1Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացիներին եւ ասաց նրանց. «Իսրայէ՛լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորեցէ՛ք եւ հետեւէ՛ք, որ կիրառէք դրանք։
2Մեր Տէր Աստուածը ուխտ արեց ձեզ Քորէբում։
3Տէրն այդ ուխտը արեց ոչ թէ ձեր հայրերին, այլ՝ ձեզ, իսկ դուք բոլորդ կենդանի էք այսօր։
4Տէրը դէմ յանդիման խօսեց ձեզ հետ լերան վրայ, կրակի միջից։
5Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջեւ, որպէսզի ձեզ յայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետեւ դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տէրն ասաց.
6«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
7Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,
8վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,
9դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
10Դրա փոխարէն ես ողորմածութիւն եմ ցուցաբերում ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ։
11Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում։
12Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը։
13Վեց օր կ՚աշխատես եւ կը կատարես քո բոլոր գործերը,
14իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր անասունները, քո յարկի տակ գտնուող եկուորը այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք, որովհետեւ քո ծառան ու աղախինը պէտք է հանգստանան, ինչպէս եւ դու։
15Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզօր բազկով, որի համար քո Տէր Աստուածը քեզ պատուիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։
16Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։
17Մի՛ շնացիր։
18Մի՛ սպանիր։
19Մի՛ գողացիր։
20Քո մերձաւորի մասին սուտ վկայութիւն մի՛ տուր։
21Քո մերձաւորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ ունեցիր ո՛չ քո ընկերոջ տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որեւէ անասունի, ո՛չ այն ամէնի վրայ, ինչ քո մերձաւորին է պատկանում»։
22Տէրը կրակի միջից բարձր ձայնով այս պատգամները յղեց ձեր ժողովրդին լերան վրայ, որը խաւարով, մէգով ու մառախուղով էր պատուած, եւ այլեւս ոչինչ չաւելացրեց։ Նա դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ ու տուեց ինձ»։
23«Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, եւ լեռը բորբոքուած էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը ինձ մօտենալով՝ ասացին.
24«Տէր Աստուածը, ահա, մեզ ցոյց տուեց իր փառքն ու իր մեծութիւնը, նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այդ օրը համոզուեցինք, որ Աստուած է խօսում մարդու հետ, եւ մարդը կենդանի է մնում։
25Արդ, չմեռնենք, որովհետեւ այս մեծ կրակը մեզ կը սպանի. եթէ միւս անգամ դարձեալ լսենք մեր Տէր Աստծու ձայնը, ապա կը մեռնենք։
26Որովհետեւ միս ու արիւնից կազմուած այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպէս մենք ենք լսել, ու կենդանի է մնացել։
27Մօտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ մեր Տէր Աստուածը կ՚ասի եւ մեզ հաղորդի՛ր այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը կ՚ասի քեզ։ Մենք կը լսենք ու կը կատարենք»։
28Տէրը լսեց ինձ ասած ձեր խօսքերը, եւ Տէրն ասաց ինձ. «Լսեցի ժողովրդի այն խօսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամէն ինչ ճիշտ ասացին։
29Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպէս անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատուիրանները բոլոր օրերում, որպէսզի յաւիտեան լաւ լինի նրանց ու նրանց որդիների համար։
30Արդ, գնա՛ եւ ասա՛ նրանց. «Վերադարձէ՛ք ձեր տները»։
31Դու մնա՛ այստեղ, ինձ մօտ, որպէսզի քեզ հաղորդեմ այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, եւ նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրեւ ժառանգութիւն»։
32Հետեւեցէ՛ք, որ դրանք գործադրէք այնպէս, ինչպէս պատուիրել է ձեզ ձեր Տէր Աստուածը։ Չշեղուէք ո՛չ աջ, ո՛չ ձախ,
33գնացէ՛ք այն ճանապարհով, որ պատուիրել է ձեզ մեր Տէր Աստուածը, որպէսզի տեղաւորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, եւ դուք երկար ապրէք այն երկրում, որ ստանալու էք իբրեւ ժառանգութիւն»։
1«Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ մեր Տէր Աստուածը հրամայեց ուսուցանել ձեզ, որպէսզի դրանք գործադրէք այն երկրում, ուր պիտի մտնէք իբրեւ ժառանգութիւն ստանալու համար։
2Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կեանքի բոլոր օրերին պէտք է երկնչէք մեր Տէր Աստծուց, պէտք է պահէք նրա բոլոր օրէնքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպէսզի երկար ապրէք։
3Լսի՛ր, Իսրայէ՛լ, եւ հետեւի՛ր, որ կատարես դրանք, որպէսզի լաւ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպէս քո հայրերի Աստուածն է խոստացել, որպէսզի նա քեզ տայ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Սրանք են այն օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսն անապատում հաղորդեց իսրայէլացիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից։
4Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։
5Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։
6Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։
7Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։
8Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ,
9դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»։
10«Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,
11ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել,
12եւ ուտես ու յագենաս,
13ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։
14Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա,
15որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից։
16Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։
17Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։
18Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին,
19որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։
20Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ «Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ»,
21ապա քո որդուն կ՚ասես. «Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։
22Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։
23Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։
24Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր։
25Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ»։
1«Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին,
2եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։
3Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես,
4որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ։
5Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը։
6Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը։
7Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք,
8այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։ Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից։
9Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը։ Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ,
10իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով։ Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց։
11Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները»։
12«Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին։
13Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին։
14Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։
15Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին։
16Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են»։
17«Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց»,
18ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին.
19ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։
20Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից։
21Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է։
22Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ։ Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը։
23Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց։
24Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից։ Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց։
25Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։
26Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է»։
1«Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին։
2Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ կայ քո սրտում, թէ պահո՞ւմ ես նրա պատուիրանները, թէ՞ ոչ։
3Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից։
4Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին։
5Հոգուդ մէջ պիտի համոզուես, որ ինչպէս մարդ խրատում է իր որդուն, այնպէս էլ քո Տէր Աստուածը պիտի խրատի քեզ։
6Պահի՛ր քո Տէր Աստծու պատուիրանները, որպէսզի գնաս նրա ճանապարհներով եւ երկիւղ կրես նրանից։
7Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում։
8Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր,
9ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես։ Դա մի երկիր է, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ ստանալ։
10Կ՚ուտես, կը յագենաս ու կ՚օրհնես քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ։
11Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ։
12Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ,
13քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ,
14գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից,
15քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց։
16Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։
17Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան»,
18այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր։
19Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք։
20Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»։
1«Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ,
2մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը, թէ՝ «Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին»։
3Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը։
4Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ «Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը»։ Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ։
5Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը։
6Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես»։
7«Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը։
8Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան,
9երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի.
10Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը։
11Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։
12Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել»։
13Տէրն ինձ ասաց. «Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։
14Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚։
15Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։
16Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել,
17վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի»։
18Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։
19Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը։
20Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար,
21ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ։
22Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ։
23Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել։
24Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրուանից ի վեր, ինչ այն ձեզ ծանուցուեց։
25Ես Տիրոջ առջեւ աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետեւ Տէրն ասում էր, որ կը կոտորի ձեզ։
26Ես Տիրոջ առջեւ աղօթք անելով՝ ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, աստուածների թագաւոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո ընտրած մարդկանց, որոնց փրկեցիր, դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով։
27Յիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իահակին ու Յակոբին, որոնց երդուեցիր քո անունով։ Քո ժողովրդի խստութեան, ամբարշտութեան ու մեղքերի վրայ ուշադրութիւն մի՛ դարձրու։
28Չլինի այնպէս, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. «Քանի որ Տէրը չկարողացաւ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, եւ քանի որ Տէրն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպէսզի կոտորի անապատում»։
29Սրանք քո ժողովուրդն են ու քո ընտրած մարդիկ, որոնց քո հզօր զօրութեամբ ու հզօր բազկով ես դուրս բերել Եգիպտացիների երկրից»։
1«Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար,
2եւ ես այդ տախտակների վրայ կը գրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ։ Դրանք կը դնես տապանակի մէջ»։
3Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը։ Երկու տախտակներն իմ ձեռքին էին։
4Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լերան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ։
5Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։
6Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի։ Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց։ Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն։
7Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը։
8Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։
9Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց։
10Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ։
11Տէրն ինձ ասաց. «Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին»։
12«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ,
13պահես քո Տէր Աստծու պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի։
14Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն։
15Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր։
16Վերացրէ՛ք ձեր խստասրտութիւնը եւ մի՛ յամառէք,
17որովհետեւ մեր Տէր Աստուածը աստուածների Աստուած է, տէրերի Տէր, մեծ, հզօր ու ահաւոր Աստուած, որ ոչ մէկին աչառութիւն չի անում ու կաշառք չի առնում։
18Նա պաշտպանում է պանդխտի, որբի ու այրու իրաւունքները, սիրում է օտարականին, նրան տալիս է հաց ու հագուստ։
19Դուք էլ սիրեցէ՛ք պանդխտին, որովհետեւ դուք էլ պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում։
20Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, պաշտի՛ր նրան, յարի՛ր նրան եւ երդուի՛ր նրա անունով,
21որովհետեւ նա քո պարծանքն է, քո այն նոյն Աստուածը, որ քեզ համար մեծ ու փառաւոր գործեր արեց, ինչպէս ինքդ էլ ես տեսնում քո աչքերով։
22Քո նախնիները եօթանասուն հոգով եկան Եգիպտոս, իսկ հիմա քո Տէր Աստուածը քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ է դարձրել»։
1«Քո կեանքի բոլոր օրերին պէտք է սիրես քո Տէր Աստծուն, պահես նրա պատգամները, օրէնքները, պատուիրաններն ու կանոնները։
2Այսօր պէտք է իմանաք, որ խօսքը չի վերաբերում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են քո Տէր Աստծու խրատը, նրա մեծագործութիւնները, ամուր ձեռքը եւ հզօր բազուկը,
3նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների արքայ փարաւոնի եւ նրա ամբողջ երկրի հանդէպ։
4Նաեւ այն, թէ Տէրն ինչ բերեց եգիպտացիների զօրքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թէ ինչպէս նրանց ջրասոյզ արեց Կարմիր ծովի մէջ, երբ սրանք յարձակւում էին մեր թիկունքից, եւ անհետացրեց նրանց յաւիտեան։
5Նաեւ այն, թէ ինչ արեց ձեզ համար անապատում, մինչեւ որ եկաք այս վայրը։ Նաեւ այն,
6թէ ինչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբէնի ցեղից Եղիաբի որդիներն էին, թէ ինչպէս երկիրն իր երախը բանալով կուլ տուեց նրանց, նրանց տներն ու վրանները, նրանց հետ եւ այն ամէնը, ինչ ունէին ամբողջ Իսրայէլում։
7Խօսքը վերաբերում է ձեզ, քանի որ ձեր աչքերով իսկ տեսաք Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մէջ մինչեւ այսօր»։
8«Պահեցէ՛ք, ուրեմն, նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպէսզի ապրէք, բազմանաք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, դէպի ուր անցնում էք Յորդանան գետով,
9որպէսզի երկար ապրէք այն երկրում, որ Տէրը երդուեց տալ ձեր հայրերին եւ նրանցից յետոյ՝ նրանց զաւակներին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
10Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի։
11Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով։
12Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է։
13Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ,
14ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը։
15Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար։ Կ՚ուտես եւ կը յագենաս։
16Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց։
17Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ։
18Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ։
19Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։
20Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ,
21որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ։
22Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան,
23ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին։
24Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը կը լինեն ձեր սահմանները։
25Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը»։
26«Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ։
27Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ,
28եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես ցոյց տուեցի ձեզ, գնաք պաշտէք ձեզ անծանօթ օտար աստուածներ։
29Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, դէպի ուր անցնում ես Յորդանան գետով, որպէսզի ժառանգես այն, ապա օրհնութի՛ւն առաքիր Գարիզին լերան վրայ եւ անէ՛ծք՝ Գեբաղ լերան վրայ։
30Չէ՞ որ դրանք Յորդանան գետի այն կողմում են, Քանանացիների երկրի արեւմտեան ճանապարհի յետեւում, Գաղգաղի մօտ, բարձր կաղնու մերձակայքում։
31Եւ դուք անցէ՛ք Յորդանան գետով՝ մտնելու եւ ժառանգելու համար այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն բոլոր օրերի համար։ Ժառանգեցէ՛ք այն եւ բնակուեցէ՛ք նրա մէջ։
32Զգո՛յշ եղէք, որ կատարէք նրա բոլոր հրամանները եւ կանոնները, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ»։
1«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որոնք դուք հետեւողականօրէն պիտի կատարէք այն երկրում, որը ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն։ Դրանք պիտի կատարէք այդ երկրի վրայ ձեր կեցութեան բոլոր օրերում։
2Ոչնչացրէ՛ք բարձր լեռների, բլուրների վրայ ու վարսաւոր ծառերի տակ գտնուող բոլոր վայրերը, ուր միւս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, եւ որոնց դուք պիտի տիրանաք։
3Քարուքա՛նդ արէք նրանց բագինները, ջարդուփշո՛ւր արէք նրանց կոթողները, խորտակեցէ՛ք նրանց յուշասիւները եւ կրակի մատնեցէ՛ք նրանց տաշածոյ կուռքերը։
4Չաստուածների անունները վերացրէ՛ք այդ վայրերից, բայց այդպէս մի՛ վարուէք ձեր Տէր Աստծու նկատմամբ։
5Նրան պիտի պաշտէք այն տեղում, որ ձեր Տէր Աստուածը պիտի ընտրի ձեր ցեղերից մէկի տարածքում, եւ այն պիտի կոչէք նրա անունով եւ նրա՛ մէջ պիտի բնակեցնէք նրան։ Փնտռեցէ՛ք այն եւ մտէ՛ք այնտեղ։
6Այդտե՛ղ կը մատուցէք ձեր ողջակէզները, զոհերը, կը տաք ձեր տասանորդները, պարգեւները, ձեր ուխտած, խոստացած եւ կամաւոր նուէրները, նաեւ ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։
7Դուք եւ ձեր ընտանիքների անդամները կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ եւ կ՚ուրախանաք այն ամէնի համար, ինչ արել էք ձեր ձեռքերով, ինչի համար օրհնել է ձեզ ձեր Տէր Աստուածը։
8Մի՛ արէք այն ամէնը, ինչ որ այսօր մենք այստեղ չենք անում. իւրաքանչիւրը իրեն հաճելի բանն է անում.
9եւ մինչեւ այսօր դուք չէք հասել հանգստի ու ժառանգութեան այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է մեզ։
10Երբ անցնելով Յորդանան գետը՝ բնակուէք այն երկրում, որ մեր Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու ձեզ, եւ երբ Նա ձեր շուրջը գտնուող բոլոր թշնամիներից ձեզ ազատի, ու դուք ապրէք ապահով,
11այն ժամանակ մեր Տէր Աստծու ընտրած վայրը կը կոչէք նրա անունով եւ այնտեղ կը բերէք այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ ձեզ, այն է՝ ձեր ողջակէզները, զոհերը, տասանորդները, ձեր ձեռքերին գտնուող նուէրները, տուրքերը եւ ձեր նուիրաբերումները, որ ուխտ էք արել տալ ձեր Աստծուն։
12Մեր Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, նաեւ ձեր ծառաներն ու աղախինները, ձեր յարկի տակ գտնուող ղեւտացին, որը ձեզ նման բաժին ու սեփականութիւն չունի։
13Զգո՛յշ եղիր, որ քո ողջակէզները չմատուցես ուր որ պատահի.
14քո ողջակէզները կը մատուցես քո քաղաքներից մէկում, այնտեղ, ուր կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Այնտեղ կը կատարես այն ամէնը, ինչ այսօր պատգամում եմ քեզ։
15Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում։ Քեզ հետ բնակուող անմաքուր եւ մաքուր մարդիկ կարող են միասին ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն։
16Արիւնը, սակայն, չպէտք է ուտէք, այլ իբրեւ ջուր այն պէտք է գետին թափէք։
17Չհամարձակուես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամէն ինչը, քո խոստացած նուէրներն ու ձեռքի ընծաները ուտել քո քաղաքներում։
18Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող պանդուխտը դրանք կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ, այնտեղ, ուր Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար։ Քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաս այն ամէնի համար, ինչ արել ես քո ձեռքով։
19Զգո՛յշ եղիր, որ ղեւտացուն չլքես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես երկրի վրայ։
20Եթէ քո Տէր Աստուածը իր խոստացածի համաձայն ընդարձակի քո սահմանները, եւ եթէ ցանկանաս միս ուտել ու ասես, թէ՝ «Միս եմ ուզում ուտել», ապա ըստ քո ցանկութեան միս կ՚ուտես։
21Իսկ եթէ քեզանից հեռու լինի այն վայրը, որ քո Տէր Աստուածը ընտրել է, որպէսզի իր անունով կոչես այն, ապա Աստծու քեզ տուած արջառներից կամ ոչխարներից կը մորթես, ինչպէս պատուիրել եմ քեզ, եւ ըստ քո ցանկութեան կ՚ուտես քո քաղաքներում։
22Ինչպէս ուտւում են այծեամն ու եղջերուն, այդպէս էլ կ՚ուտես դա։ Քեզ հետ բնակուող անմաքուր ու մաքուր մարդիկ նոյնպէս կարող են ուտել։
23Զգո՛յշ եղիր, որ արիւնը չուտես, որովհետեւ արիւնն անասունի հոգին է։
24Հոգին մսի հետ չուտես. այն իբրեւ ջուր գետին թափի՛ր,
25այն մի՛ կեր, որպէսզի լաւ լինէք դու եւ քեզանից յետոյ գալիք քո սերունդները, եթէ բարի ու հաճելի գործ կատարես քո Տէր Աստծու առջեւ։
26Քո սրբութիւնները, եթէ ունես, քո ուխտած բաները վերցնելով՝ կը գաս այն վայրը, որը քո Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
27Կ՚անես քո ողջակէզները. միսը կը դնես քո Տէր Աստծու զոհասեղանի վրայ, զոհի արիւնը կը թափես քո Տէր Աստծու զոհասեղանի յատակին, իսկ միսը կ՚ուտես։
28Զգո՛յշ եղիր ու լսի՛ր. կը կատարես այն ամէնը, ինչ պատգամում եմ քեզ, որպէսզի յաւիտեանս լաւ լինի քեզ եւ քո որդիների համար, քանի որ քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին ես անում»։
29«Եթէ քո Տէր Աստուածը քո առջեւ ազգեր կոտորի, եւ դու նրանց երկիրն իբրեւ ժառանգութիւն ստանալու համար մտնես այդ երկիրն ու նուաճես նրանց, բնակուես նրանց երկրում,
30ապա զգո՛յշ եղիր, որ քո առջեւ նրանց կոտորուելուց յետոյ չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես, թէ՝ «Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նոյնն էլ ես անեմ Տիրոջը»։
31Նոյն կերպ չվարուես քո Տէր Աստծու նկատմամբ, որովհետեւ նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, որովհետեւ նրանք իրենց տղաներին ու աղջիկներին յանուն իրենց կուռքերի այրում են կրակի վրայ։
32Զգո՛յշ եղիր, որ կատարես այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ քեզ։ Դրա վրայ ոչինչ մի՛ աւելացրու եւ դրանից ոչինչ մի՛ պակասեցրու»։
1«Եթէ ձեր միջից մի մարգարէ կամ երազահան երեւան գայ եւ քեզ մի նշան կամ հրաշք ցոյց տայ,
2քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարուի, եւ յետոյ նա ասի՝ «Գնանք պաշտենք ձեզ անծանօթ օտար աստուածներ»,
3ապա այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ, իմանալու համար, թէ ձեր ամբողջ հոգով ու ձեր ամբողջ էութեամբ սիրո՞ւմ էք մեր Տէր Աստծուն։
4Ձեր Տէր Աստծու յետեւի՛ց գնացէք, նրանից երկնչեցէ՛ք, նրա պատուիրանները կատարեցէ՛ք, նրա ասածը լսեցէ՛ք ու նրան յարեցէ՛ք,
5թող այն մարգարէն կամ երազահանը մեռնի, որովհետեւ աշխատում է քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, քեզ փրկեց ստրկութեան երկրից. թող այն մարգարէն մեռնի, քանզի քեզ շեղեց այն ճանապարհից, որով քո Տէր Աստուածը պատուիրել էր ընթանալ իր հետ։ Դրանով չարը կը վերացնես ձեր միջից։
6Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ գաղտնաբար քեզ ասի՝ «Գնանք պաշտենք քեզ եւ քո հայրերին անծանօթ օտար աստուածներ»,
7որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը,
8ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան։
9Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ ժողովրդի ձեռքը։
10Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
11Ամբողջ Իսրայէլն այդ լսելով թող զարհուրի, եւ ձեր միջից ոչ ոք թող չյանդգնի կատարել նման չար արարք։
12Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես,
13թէ՝ «Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին»՝ ասելով, թէ՝ «Գնանք ու պաշտենք մեզ անծանօթ օտար աստուածներ»,
14ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց։ Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է ունեցել ձեր մէջ,
15ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ այնտեղ եւ նրանց անասունները սրի կը քաշէք։
16Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։ Այդ քաղաքն աւերակի թող վերածուի յաւիտեան եւ այլեւս թող չվերակառուցուի։
17Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը։ Տէրը կը մեղմի իր բարկութիւնը, գթառատ կը լինի քո նկատմամբ, կ՚ողորմի քեզ եւ քեզ կը բազմացնի այնպէս, ինչպէս երդուել էր Տէրը քո հայրերին։
18Եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը, այսինքն՝ պահես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստծու առջեւ բարին եւ հաճելին գործած կը լինես»։
1«Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք։ Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք,
2որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք։ Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր ազգերի մէջ դուք լինէք իրեն պատկանող ժողովուրդ»։
3«Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք։
4Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ,
5եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ։
6Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։
7Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, դրանք ձեզ համար անմաքուր են։
8Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ դրանց սատկած դիակին մի՛ մօտեցէք։
9Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ՚ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։
10Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։
11Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել։
12Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ,
13գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ
14որի եւ այն, ինչ դրան ցեղակից է,
15ջայլամ, բու, ճայ,
16արագիլ, կարապ, հողամաղ,
17քաջահաւ, սոխակ, ագռաւ,
18հաւալուսն, քաղադր եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ։
19Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք։
20Կ՚ուտէք բոլոր մաքուր թռչունները։
21Ոչ մի սատկած անասունի միս չուտէք։ Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար մարդու, որովհետեւ դու քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդն ես։Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։
22«Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի։
23Դա կ՚ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ Այդտեղ կը մատուցես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպէսզի սովորես յաւիտեանս երկնչել քո Տէր Աստծուց։
24Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է քո Տէր Աստուածը՝ իր անունը հռչակելու այնտեղ, նրա՛ համար որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ,
25կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
26Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս, կ՚ուտես այնտեղ քո Տէր Աստծու առջեւ, եւ կ՚ուրախանաք դու եւ քո որդին։
27Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ։
28Երեք տարի անցնելուց յետոյ կ՚առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում։
29Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու այրին, կ՚ուտեն ու կը կշտանան, եւ քո Տէր Աստուածը կ՚օրհնի քո բոլոր գործերը»։
1«Ամէն եօթը տարին մէկ թողութիւն կ՚անես։
2Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա քո մերձաւորից ու եղբօրից, որովհետեւ թողութիւնը յանուն քո Տէր Աստծու է։
3Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես։
4Թող ձեր մէջ կարիքաւորներ չլինեն, եւ քո Տէր Աստուածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, որպէսզի տիրես դրան։
5Եթէ ամէն կերպ լսես քո Տէր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,
6քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ, ինչպէս խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կը տաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կը տիրես, բայց քեզ չեն տիրի։
7Եւ եթէ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի քաղաքներից որեւէ մէկում քո եղբայրների մէջ մէկը կարիքաւոր լինի, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքաւոր եղբօր նկատմամբ ժլատութիւն մի՛ արա,
8այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ։
9Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ «Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին», եւ թշնամաբար նայես կարիքի մէջ գտնուող քո եղբօր վրայ եւ նրան պարտք չտաս։ Եթէ նա քո դէմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կ՚ընկնես։
10Տո՛ւր նրան, պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Պարտք տալուց յետոյ մի՛ տրտմիր, որովհետեւ դրա համար քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի քո բոլոր գործերում՝ ինչի էլ որ ձեռք տաս։
11Քանի որ կարիքաւորներն անպակաս են լինելու երկրի վրայ, դրա համար էլ այս բանը պատուիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբօր եւ քո երկրում տառապեալ մարդկանց նկատմամբ առատաձե՛ռն եղիր»։
12Եթէ եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառուի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ եօթներորդ տարում նրան ազատ կ՚արձակես քեզնից։
13Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես.
14նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։
15Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատուիրում եմ, որ կատարես այս բաները։
16Եթէ ծառան քեզ ասի՝ «Քեզանից չեմ հեռանայ», քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետեւ նրա համար յարմար է քեզ մօտ մնալը,
17ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը։ Նոյն կերպ կը վարուես քո աղախնի նկատմամբ։
18Քեզ ծանր թող չթուայ, եթէ քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի շարունակ վարձկանի վարձով են ծառայել քեզ։ Այն ժամանակ ինչ գործ էլ կատարես, քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ»։
19«Քո նախիրներում ու հօտերում ծնուած բոլոր առաջին ծնունդների որձերին կը նուիրաբերես քո Տէր Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես եւ քո հօտերի առաջին ծնունդները չխուզես։
20Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ՚ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
21Եթէ այդ անասունը արատաւոր լինի՝ կաղ, կոյր կամ որեւէ ուրիշ արատ ունենայ, դրան քո Տէր Աստծուն զոհ մի՛ բեր,
22այլ կե՛ր քո քաղաքներում։ Այնտեղ գտնուող անմաքուր ու մաքուր մարդիկ միասին կարող են ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն։
23Արիւնը, սակայն, չուտես, այլ իբրեւ ջուր կը թափես գետին»։
1«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
2Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
3Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ՚ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպէսզի ձեր կեանքի բոլոր օրերին յիշէք Եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։
4Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին օրուայ երեկոյեան։
5Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ.
6զատիկը կը մորթես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։
7Կ՚եփես, կը խորովես ու կ՚ուտես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը։
8Վեց օր բաղարջ հաց կ՚ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի օրն է՝ քո Տէր Աստծու տօնը։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի այն գործերից, որ անհրաժեշտ են մարդու պէտքերի համար»։
9«Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից։ Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ
10եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։
11Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը, որբն ու այրին քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք այն վայրում, որ կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
12Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները»։
13«Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը։
14Տօնդ կատարելիս կ՚ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին, պանդուխտը, որբն ու այրին։
15Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո բոլոր բերքը եւ քո ձեռնարկած բոլոր գործերը, այն ժամանակ կ՚ուրախանաս։
16Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ պէտք է դէմ յանդիման կանգնեն քո Տէր Աստծու առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի Տէրը։ Ոչ ոք քո Տէր Աստծու առջեւ դատարկաձեռն չպէտք է երեւայ։
17Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ»։
18«Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,
19աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար մարդկանց խօսքերը։
20Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ։
21Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր,
22քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը»։
1«Եթէ արջառը կամ ոչխարը որեւէ արատ կամ թերութիւն ունենայ, ապա դա մի՛ զոհիր քո Տէր Աստծու համար, որովհետեւ դա պիղծ է քո Տէր Աստծու առջեւ։
2Եթէ քո միջավայրում, քո Տէր Աստծու քեզ տուած քաղաքներից մէկում գտնուի մի տղամարդ կամ կին, որ քո Տէր Աստծու առջեւ չար գործ անի, դրժի նրա ուխտը,
3գնայ, պաշտի օտար աստուածներ, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որեւէ մէկին, որոնք ես չեմ արտօնել ու յանձնարարել քեզ,
4ապա խստօրէն հարցուփորձ կ՚անես։ Եթէ իրօք այդպիսի բան եղել է՝ պղծութիւնը կատարուել է Իսրայէլի մէջ,
5ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կը բերես ձեր քաղաքի դռների մօտ, եւ քարկոծելով կը սպանէք նրանց։
6Երկու կամ երեք մարդկանց վկայութեամբ պէտք է մեռնի մահուան դատապարտուածը. մէկ մարդու վկայութեամբ չի կարելի նրան մահուան դատապարտել։
7Նախ վկաները թող քար նետեն նրա վրայ՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից վերացրած կը լինես։
8Եթէ քո քաղաքներում արիւնահեղութեան, դատարանի վճռի, կռուի, հակառակութեան վերաբերեալ դատական մի գործում կողմնորոշուել չկարողանաս, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որտեղ նա կը յայտնի իր անունը։
9Կը գնաս ղեւտացի քահանաների եւ այդ օրուայ դատաւորի մօտ, եւ նրանք գործը քննելով՝ քեզ կը յայտնեն վճիռը։
10Այդտեղ՝ քո Տէր Աստծու ընտրած վայրում, կ՚արձակես այն վճիռը, որ կը յայտնեն քեզ։ Խստօրէն հետեւի՛ր, որ կատարես ճիշտ այնպէս, ինչպէս կարգադրել են քեզ։
11Կը կիրառես այն օրէնքները եւ կ՚արձակես այն վճիռները, որ նրանք կը հաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կը շեղուես, ո՛չ ձախ։
12Այն մարդը, որ գոռոզամտութեան պատճառով կը գործի առանց լսելու քո Տէր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրուայ դատաւորի ասածը, մահապատժի կ՚ենթարկուի։ Դրանով դու չարը վերացրած կը լինես Իսրայէլի միջից,
13եւ ամբողջ ժողովուրդն այդ լսելով՝ կը վախենայ ու այլեւս չի գոռոզամտանայ»։
14«Եթէ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ, ժառանգես այն ու բնակուես նրա մէջ եւ ասես՝ «Մենք էլ առաջնորդ ունենանք մեր շուրջը գտնուող միւս ազգերի նման»,
15ապա առաջնորդ կը նշանակես նրան, որին կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Քո իսրայէլացի եղբայրների՛ց քեզ իշխան կը նշանակես։ Չհամարձակուես նշանակել օտար մի մարդու, որ քո եղբայրը չէ,
16որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ «Այլեւս նոյն ճանապարհով յետ չէք դառնալու»։
17Եւ թող նա չբազմացնի իր կանանց թիւը, չգայթակղուի եւ շատ արծաթ ու ոսկի չկուտակի։
18Երբ նա իր իշխանութեան գլուխ անցնի, նրա համար կը գրես այս երկրորդ օրէնքը այն մատեանում, որի բնօրինակը ղեւտացի քահանաների մօտ է։
19Այդ պատճէնը պէտք է մնայ իշխանի մօտ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին դրանք պէտք է կարդայ, որպէսզի սովորի երկնչել քո Տէր Աստծուց, պահի այս բոլոր պատուիրանները եւ կիրառի այս օրէնքները
20նրա համար, որ չմեծամտանայ իր ցեղակիցների մօտ, պատուիրաններից աջ կամ ձախ չշեղուի, որպէսզի իր ու իր որդիների իշխանութիւնը իսրայէլացիների վրայ երկար տեւի»։
1«Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի որդիները, իսրայէլացիների հետ բաժին ու ժառանգութիւն չպէտք է ունենան։ Տիրոջն արուած նուիրաբերումնե՛րը թող լինեն նրանց բաժինը. դրա՛նք թող ուտեն։
2Նրանք իրենց եղբայրների մէջ բաժին չպէտք է ունենան, որովհետեւ Տիրոջը ծառայելն է նրանց բաժինը, ինչպէս որ Տէրն ասել է նրանց։
3Զոհեր մատուցող ժողովուրդը իբրեւ բաժին քահանային պէտք է յատկացնի հետեւեալը. եթէ զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պէտք է տրուի թեւը, ծնօտներն ու փորը։
4Նրանց պէտք է տաս նաեւ քո ցորենի, գինու, իւղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,
5որովհետեւ Տէրը քո բոլոր ցեղերի միջից Ղեւիին է ընտրել, որպէսզի նա ու նրա որդիները յաւիտեանս կանգնեն ձեր Տէր Աստծու առջեւ, ծառայեն նրան ու օրհնութիւն տան նրա անուամբ։
6Իսկ եթէ իսրայէլացիներին պատկանող մի քաղաքից գայ այնտեղ բնակուող ղեւտացին եւ ըստ իր ցանկութեան գայ Տիրոջ ընտրած վայրը,
7որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն,
8ապա թող ուտի իրեն հասանելիք բաժինը՝ անկախ իր հայրական ունեցուածքից ստացած եկամուտներից»։
9«Եթէ մտնես Տէր Աստծու քեզ տուած երկիրը, չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները։
10Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի,
11մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի,
12որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից։
13Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես։
14Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել։
15Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք,
16քանի որ, երբ Քորէբում հաւաքուել էիք, ձեր Տէր Աստծուն խնդրելով՝ ասում էիք. «Այլեւս չլսենք մեր Տէր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլեւս չտեսնենք, որպէսզի չմեռնենք»։
17Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Ճիշտ է այն ամէնը, ինչ նրանք ասացին.
18ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարէ մէջտեղ կը հանեմ, իմ պատգամները կը դնեմ նրա բերանը, եւ նա նրանց կ՚ասի այն, ինչ ես կը պատուիրեմ նրան։
19Այն մարդը, որ չի լսի իմ անունից խօսող մարգարէին, նրանից վրէժ կը լուծեմ։
20Իսկ եթէ մարգարէն յանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթէ խօսի օտար աստուածների անունից, ապա այդ մարգարէն պէտք է մեռնի»։
21Եթէ ձեր մտքում ասէք՝ «Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը»,
22ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն ամբարշտութեամբ է խօսել, ուրեմն մի՛ թողէք նրան խօսել»։
1«Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես նրանց քաղաքներում ու տներում,
2այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք քաղաք կ՚առանձնացնես։
3Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանութիւն կատարած բոլոր մարդկանց համար։
4Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի նկատմամբ եւ նրան սպանել է ակամայ.
5ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է իր ձեռքը, եւ կացինը կոթից պոկուելով՝ դիպչում է այդ մերձաւորին, ու սա մեռնում է։ Նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մէկնումէկը եւ փրկուի։
6Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է, եւ սպանի նրան։ Նա մահուան դատապարտուելու ենթակայ չէ, որովհետեւ նախապէս նրա նկատմամբ թշնամութիւն չի ունեցել։
7Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ՚առանձնացնես քեզ համար։
8Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին խոստացած ամբողջ երկիրը,
9եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կ՚աւելացնես եւս երեք այլ քաղաքներ,
10որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի։
11Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մէկնումէկը,
12ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող հարազատի ձեռքը, որպէսզի նա սպանի նրան։
13Դու նրան չպէտք է խնայես։ Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար»։
14«Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ երկրում քեզ է տուել իբրեւ սեփականութիւն»։
15«Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան։
16Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ,
17ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների առջեւ,
18եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը։ Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը,
19ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը։ Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից։
20Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ։
21Նրան մի՛ խնայէք։ Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։
1«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թուով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետեւ Եգիպտացիների երկրից քեզ դուրս բերած քո Տէր Աստուածը քեզ հետ է։
2Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ
3եւ ասի նրանց. «Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք ու նրանցից խոյս մի՛ տուէք,
4որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ»։
5Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ նա սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ բնակարանամուտ անի։
6Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ դրա բերքը վայելի։
7Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ ամուսնանայ իր նշանածի հետ»։
8Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր տունը, որպէսզի իր եղբօրն էլ իր նման վախկոտ չդարձնի»։
9Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար։
10Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես։
11Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ։
12Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը,
13մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին,
14կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը։
15Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն։
16Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք,
17ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը,
18որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար։ Դրանով դուք մեղանչած կը լինէք ձեր Տէր Աստծու առջեւ։
19Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. դրանց պտղից կե՛ր, բայց մի՛ կտրիր. ծառը միթէ դաշտում գտնուող մա՞րդ է, որ կարողանայ քեզանից հեռանալով՝ պաշարուածներին միանալ։
20Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի շուրջը պատնէշ կառուցի՛ր, մինչեւ որ այդ քաղաքը յանձնուի»։
1«Եթէ քո Տէր Աստծու իբրեւ ժառանգութիւն քեզ տուած երկրում, դաշտի մէջ ընկած մի սպանուած գտնուի, ու չիմանան, թէ ով է եղել նրան սպանողը,
2ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատաւորները եւ չափեն սպանուածի եւ նրա շուրջը գտնուող քաղաքների միջեւ ընկած տարածութիւնը։
3Սպանուածի վայրին առաւել մօտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցուած ու լուծ չկրած մի երինջ,
4այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժուտ մի ձորի մէջ, ուր ո՛չ վար է արուած, ո՛չ սերմ ցանուած, եւ այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։
5Ղեւտացի քահանաները, որոնց քո Տէր Աստուածն է ընտրել, որպէսզի կանգնեն նրա առջեւ, օրհնութիւն տան նրա անունով, թող մօտենան եւ նրանց ասածով վերանան բոլոր վէճերն ու վնասները։
6Սպանուածին առաւել մօտիկ գտնուող քաղաքի բոլոր ծերերը իրենց ձեռքերը թող լուան ձորում ջլակոտոր արուած երինջի գլխի վրայ
7եւ պատասխան տալով՝ թող ասեն. «Մեր ձեռքերը չեն թափել այս արիւնը, եւ մեր աչքերը չեն տեսել։
8Տէ՜ր, քաւութի՛ւն արա քո փրկած Իսրայէլի ժողովրդին, որպէսզի անմեղ արիւնը Իսրայէլի քո ժողովրդին չվերագրուի«։ Դրանով նրանք թափուած արեան մեղքից զերծ կը մնան։
9Այս ձեւով դու ձեր միջից կը սրբես անմեղ արիւնը, եթէ ուզում ես քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին անել»։
10«Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը
11եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ,
12ապա նրան կը տանես քո տունը, կ՚ածիլես նրա գլուխը,
13կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները։ Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու մօր համար։ Դրանից յետոյ կը մերձենաս նրան, կ՚ապրես նրա հետ, եւ նա կը լինի քո կինը։
14Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՚արձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան»։
15«Եթէ մի տղամարդ երկու կին ունենայ, որոնցից մէկը սիրելի լինի, իսկ միւսն՝ ատելի, եւ նրանք՝ սիրելի ու ատելի այդ կանայք, նրա համար որդիներ ծնեն, եւ անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,
16ու երբ վրայ հասնի իր ունեցուածքը որդիներին ժառանգութիւն տալու օրը, ապա այդ մարդն անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն՝ իրաւունք չունի անդրանիկի իրաւունքը տալ իր սիրելի կնոջ որդուն.
17նա պարտաւոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն եւ իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ, որովհետեւ նա է նրա անդրանիկ որդին, եւ անդրանկութեան իրաւունքը նրան է պատկանում»։
18«Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց,
19ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ,
20եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։
21Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան»։
22«Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից,
23ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն»։
1«Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբօր մօտ։
2Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան քեզ մօտ, մինչեւ որ քո եղբայրը փնտռի դրանք, ու դու վերադարձնես նրան։
3Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթէ նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չյանդգնես անուշադրութեան մատնել այն։
4Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝ ոտքի կը կանգնեցնես դրանց։
5Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը։
6Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձուերը, ապա մօրը չվերցնես ձագերի հետ.
7ազատ կ՚արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես։
8Նոր տուն կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն գործած չլինես։
9Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն։
10Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։
11Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած հագուստ չհագնես։
12Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես»։
13«Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան,
14նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ «Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ»,
15ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։
16Աղջկայ հայրը թող ասի ծերերին. «Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։
17Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ՚Քո աղջկան կոյս չգտայ՚։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները»։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը։
18Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։
19Նրանից թող գանձեն հարիւր սիկղ, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան։
20Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն,
21ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը։ Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը։
22Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը։
23Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ,
24ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։
25Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած տղամարդուն,
26իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր մերձաւորի վրայ ու սպանում նրան։
27Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան։
28Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ,
29ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։ Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան։
30Ոչ ոք իրաւունք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը»։
1«Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։
2Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։
3Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու։ Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ ժողովարանը չմտնի,
4որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին միջագետքցի Բէորի որդի Բաղաամին, որպէսզի սա անիծի քեզ։
5Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր Աստուածը սիրեց քեզ։
6Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես։
7Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում։
8Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։
9«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից։
10Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ բանակատեղի չմտնի։
11Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։
12Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։
13Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ նետելով՝ ծածկես.
14որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պէտք է մնայ, քո միջավայրում աղտեղութիւն չպէտք է երեւայ, այլապէս Տէրը երես կը թեքի քեզանից»։
15«Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը.
16նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում։ Նրան նեղութիւն մի՛ պատճառէք։
17Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։ Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք։
18Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են։
19Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր։
20Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
21Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է քեզանից, եւ չկատարելու դէպքում մեղք կը բարդես վրադ։
22Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ։
23Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն։ Տո՛ւր այն նուէրը, որ խոստացել ես քո բերանով։
24Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես։
25Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես»։
1«Եթէ մէկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։
2Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ,
3եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եթէ մեռնի նրան կնութեան առած վերջին ամուսինը,
4ապա նրան արձակող առաջին ամուսինը իրաւունք չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա պղծութիւն է քո Տէր Աստծու առջեւ։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ Տէր Աստուածը ձեզ է տալու իբրեւ ժառանգութիւն»։
5«Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող լինի իր տան մէջ եւ ուրախացնի իր առած կնոջը։
6Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում։
7Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։
8Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները, ինչպէս որ ես եմ պատուիրել ձեզ, որ զգոյշ լինէք։
9Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։
10Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես.
11կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։
12Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի,
13այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի։
14Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին.
15նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս մեղք թող չբարդուի։
16Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար։
17Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու,
18որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։
19Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես։
20Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։
21Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։
22Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները»։
1«Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին թող պատժեն։
2Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ նրա մեղաւորութեան՝
3քառասուն հարուած, բայց ոչ աւելի։ Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո եղբօր հանդէպ։
4Կալում աշխատող եզան դունչը չկապես»։
5«Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ։ Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։
6Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի։
7Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. «Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը։
8Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ «Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ»,
9ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. «Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը»։
10Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ՚ բոբկացած մարդու տուն՚»։
11«Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից,
12ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։
13Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։
14Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։
15Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ,
16որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում»։
17«Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել,
18թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու քաղցած ու յոգնած էիր՝ չվախենալով Աստծուց։
19Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, Ամաղէկի անունը կը ջնջես երկրի երեսից։ Տե՛ս, որ չմոռանաս սա»։
1«Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակուես այնտեղ,
2ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տուած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ։
3Կը գնաս այդ ժամանակ քահանայութիւն անողի մօտ եւ կ՚ասես նրան. «Այսօր գոհութիւն եմ յայտնում իմ Տէր Աստծուն, քանի որ մտայ այն երկիրը, որ Տէրը երդուեց մեր հայրերին, որ մեզ տայ»։
4Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբիւղը՝ այն թող դնի քո Տէր Աստծու զոհասեղանի առջեւ։
5Պատասխան տալով՝ կ՚ասես քո Տէր Աստծու առջեւ. «Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջաւ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց սակաւաթիւ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձաւ, խիստ բազմացաւ։
6Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։
7Մենք աղաղակ բարձրացրինք դէպի մեր հայրերի Աստուածը, Տէրը լսեց մեր ձայնը, տեսաւ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղութիւնը,
8եւ Տէրն ինքը մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով մեզ դուրս հանեց Եգիպտոսից,
9մեզ բերեց այս վայրը, մեզ տուեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
10Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տուած երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Այնտեղ երկրպագութիւն կ՚անես քո Տէր Աստծու առջեւ,
11այնտեղ կ՚ուրախանաք դու, ղեւտացին ու քեզ մօտ բնակուող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ ու քո ընտանիքին»։
12«Երբ քո երկրի բոլոր տասանորդները տաս վերջացնես, երկրորդ տարում տասանորդ կը տաս այս անգամ ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Նրանք թող ուտեն ու յագենան քո քաղաքներում։
13Այն ժամանակ քո Տէր Աստծու առջեւ կ՚ասես. «Ինչ որ սուրբ էր, իմ տնից դուրս տարայ, ըստ Տէր Աստծու ինձ տրուած հրամանների յանձնեցի ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Տէ՛ր, քո պատուիրաններն անտես չարեցի, չմոռացայ։
14Վշտիս օրերին դրանից չկերայ ու որեւէ պիղծ նպատակի չնուիրեցի, դրանից որեւէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի իմ Տէր Աստծու խօսքը եւ արեցի այնպէս, ինչպէս պատուիրել էիր ինձ, Տէ՛ր։
15Արդ, նայի՛ր քո սուրբ բնակութեան վայրից՝ երկնքից, եւ օրհնի՛ր քո ժողովրդին՝ իսրայէլացիներին եւ նրանց տուած քո երկիրը, ինչպէս երդուել ես մեր հայրերին, թէ մեզ կը տաս մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։
16«Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք ձեր ամբողջ հոգով ու էութեամբ։
17Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք նրա ճանապարհով, կը պահպանէք նրա օրէնքներն ու կանոնները՝ կը լսէք նրա ասածը։
18Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես նրա բոլոր պատուիրանները
19եւ բոլոր ազգերից բարձր լինես։ Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ իր խոստման լինես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը»։
1Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։
2Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը ծեփէք դրանք։
3Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում, ինչպէս խոստացել է ձեր հայրերի Տէր Աստուածը, որ տայ ձեզ, ապա քարերի վրայ կը գրէք այս օրէնքի բոլոր պատգամները։
4Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք Գեբաղ լերան վրայ եւ դրանք կը ծեփէք։
5Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։
6Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։
7Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան զոհ կը մատուցես, կ՚ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ՚ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ
8եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։
9Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար։
10Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
11Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց.
12«Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին։
13Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։
14Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին.
15«Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»։ Եւ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպէս թող լինի»։
16«Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
17«Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
18«Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
19«Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
20Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
21«Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
22Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. Այդպէս թող լինի։
23«Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
24«Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
25«Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։
1«Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։
2Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։
3Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։
4Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։
5Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
6Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։
7Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։
8Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։
9Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։
10Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։
11Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։
12Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։
13Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ՚իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։
14Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»։
15«Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ։
16Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում։
17Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
18Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը։
19Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս։
20Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ կոտորի քեզ Տէրը, մինչեւ որ քեզ ոչնչացնի իսկոյն քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր։
21Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար։
22Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք քեզ կը հետապնդեն, մինչեւ որ քեզ կորստեան մատնեն։
23Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից։
24Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի։
25Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից։ Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ։
26Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։
27Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել։
28Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ։
29Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ յաւիտենապէս զրկուած ու կողոպտուած կը լինես, եւ ոչ ոք օգնութեան չի գայ քեզ։
30Կին կ՚առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից։ Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ։ Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը։
31Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ մօտ։ Քո ոչխարը կը մատնուի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։
32Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց։
33Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ՚ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս։
34Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես։
35Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ բուժուել։
36Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, եւ այնտեղ կը պաշտես օտար՝ փայտէ ու քարէ աստուածներ։
37Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը։
38Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն։
39Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի այգիդ։
40Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն։
41Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն։
42Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ՚ուտի։
43Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ՚իջնես։
44Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ։ Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ։
45Քեզ վրայ կ՚իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու ասածը՝ չպահեցիր նրա այն պատուիրաններն ու օրէնքները, որ նա պատուիրեց քեզ։
46Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն
47ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան։
48Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ՚ուղարկի քո դէմ։ Նա երկաթէ լուծ կը դնի քո վզին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։
49Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն չես հասկանայ։
50Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ։
51Նա կ՚ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը։ Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը, մինչեւ որ կորստեան մատնի քեզ։
52Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կը ճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ։
53Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ՚ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղջիկների միսը։
54Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,
55որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ։
56Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնուող ամուսնուն, իր տղային ու աղջկան,
57պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին։ Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա իր անձկութեան եւ նեղութեան մէջ, որովհետեւ թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։
58Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի անունից,
59ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին։
60Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ։
61Օրէնքների այս գրքում գրուած բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։
62Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը։
63Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ՚ուրախանայ ձեր մէջ ձեզ կոտորելով. եւ դուք կը վերանաք այն երկրից, ուր մտնելու էք այն ժառանգելու համար։
64Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո հայրերին անծանօթ փայտէ ու քարէ օտար աստուածներ։
65Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ։ Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ, արտասուաթոր աչքեր ու հիւծուած մարմին։
66Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար։
67Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ՚ասես. «Ե՞րբ է երեկոյ լինելու», իսկ գիշերները կ՚ասես. «Ե՞րբ է առաւօտ լինելու»։
68Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրեւ ստրուկ ու աղախին կը վաճառուէք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։
1Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ հաղորդել էր նրանց Քորէբում։
2Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում փարաւոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ՝
3ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը եղաք դուք։
4Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք։
5Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին։
6Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը,
7եւ եկաք մինչեւ այս վայրը։ Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը։
8Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը։ Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի այն։
9Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք։
10Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր օրէնսգէտները, Իսրայէլի բոլոր տղամարդիկ,
11ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը,
12որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր,
13որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։
14Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները,
15այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։
16Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։
17Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը։
18Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ ազգերի կուռքերը։Ձեր մէջ ոչ մէկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։
19Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ «Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում», այդ դէպքում մեղաւորն անմեղին կորստեան կը մատնի։
20Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքները, եւ Տէրը նրա անունը կը ջնջի երկրի վրայից։
21Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի չարիք հասցնի նրան։
22Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհաւիրքները, նրանց վրայ Տիրոջ ուղարկած հիւանդութիւնները, կ՚ասեն.
23«Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ։ Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տէրը կործանեց սրտմտութեամբ ու բարկութեամբ»։
24Բոլոր ազգերը կ՚ասեն. «Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան պատճառը»։
25Պատասխան կը տան ու կ՚ասեն. «Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս էր բերում Եգիպտացիների երկրից։
26Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար։
27Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր նզովքները։
28Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է օտար երկիր»։
29Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների բոլոր խօսքերը»։
1«Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր ազգերի մէջ, ուր Տէրը քեզ ցրելու է,
2դառնաս դէպի քո Տէր Աստուածը, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ այսօր,
3ապա Տէրը կը ների քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մէջ ցրել էր քեզ։
4Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը։
5Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կը ժառանգես այն, քեզ համար լաւ կը լինի, եւ Աստուած քեզ քո հայրերից տասնապատիկ աւելի կը բազմացնի։
6Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։
7Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին։
8Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։
9Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել,
10եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ։
11Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։
12Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք»,
13ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք»։
14Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։
15Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։
16Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։
17Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք,
18ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։
19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։
20Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում, որ Տէրը երդուեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որ կը տայ նրանց»։
1Մովսէսը բոլոր իսրայէլացիներին այս բաները հաղորդելուց յետոյ նրանց ասաց.
2«Այսօր ես հարիւր քսան տարեկան եմ, այլեւս չեմ կարող ո՛չ գնալ, ո՛չ գալ։ Տէրն ինձ ասել է՝ «Յորդանան գետից այն կողմ չանցնես»։
3Քո Տէր Աստուածը, որ ընթանում է քո առջեւից, Նա՛ պիտի վերացնի քո առջեւից այդ ազգերին, եւ դու պիտի տիրես նրանց։ Յեսո՛ւն պիտի առաջնորդի քեզ, ինչպէս ասել է Տէրը։
4Տէրը նրանց հետ պիտի վարուի այնպէս, ինչպէս վարուեց Սեհոնի ու Օգի հետ՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող ամորհացի երկու թագաւորների ու նրանց երկրի հետ,
5որ կոտորէք նրանց։ Տէրը նրանց պիտի յանձնի ձեր ձեռքը, եւ դուք նրանց հետ պիտի վարուէք այնպէս, ինչպէս պատուիրել եմ ձեզ։
6Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը պիտի գնայ ձեր առջեւից, ձեր մէջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
7Մովսէսը կանչեց Յեսուին ու բոլոր իսրայէլացիների առջեւ ասաց նրան. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ այս ժողովրդին առաջնորդելով՝ դու պիտի մտնես այն երկիրը, որ ձեր հայրերի Տէրը երդուեց տալ նրանց, եւ դու պիտի նրանց սեփականութեան տէր դարձնես։
8Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։
9Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը գրեց մատեանում, այն տուեց քահանաներին՝ Տիրոջ ուխտի տապանակը ուսամբարձ տանող Ղեւիի որդիներին եւ իսրայէլացի ծերերին։
10Մովսէսն այդ օրը նրանց պատուիրելով՝ ասաց. «Եօթը տարի յետոյ՝ թողութեան տարում, Տաղաւարահարաց տօնին,
11երբ ամբողջ Իսրայէլը հաւաքուի, որպէսզի Տիրոջ ընտրած վայրում հանդիպէք ձեր Տէր Աստծուն, այս օրէնքները կը կարդաք իսրայէլացիների առջեւ, նրանց ականջին,
12երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնուող եկուորները հաւաքուած կը լինեն, որպէսզի լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց եւ սովորեն կատարել այս օրէնքի բոլոր պատգամները։
13Նրանց անտեղեակ որդիները թող լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց այդ երկրում ապրելու բոլոր օրերին, այն երկրում, որ Յորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգէք դուք»։
14Տէրն ասաց Մովսէսին. «Ահա մօտեցան քո մահուան օրերը։ Կանչի՛ր Յեսուին, կանգնեցէ՛ք վկայութեան խորանի դռանը, որպէսզի պատուէր տամ նրան»։ Մովսէսն ու Յեսուն գնացին դէպի վկայութեան խորանը եւ կանգնեցին վկայութեան խորանի դռանը։
15Տէրն իջաւ ամպի սիւնի ձեւով ու կանգնեց վկայութեան խորանի դռանը։ Խորանի դռանը կանգնեց նաեւ ամպի սիւնը։
16Տէրն ասաց Մովսէսին. «Ահա դու պիտի մահանաս ու գնաս քո նախնիների մօտ. այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանայ՝ հետեւելով օտար աստուածներին այն երկրի, որոնց բնակիչների մէջ պիտի մտնի։ Նա պիտի լքի ինձ ու պիտի խախտի իր հետ կնքած իմ ուխտը։
17Այդ օրը սրտմտութեամբ պիտի բարկանամ նրանց վրայ, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղութիւններ պիտի կրեն ու այդ օրը պիտի ասեն. «Այս չարիքները մեզ վրայ թափուեցին, քանի որ մեր Տէր Աստուածը մեզ հետ չէ»։
18Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ յարեցին օտար աստուածների։
19Ուրեմն գրեցէ՛ք օրհներգութեան այս խօսքերը, դրանք սովորեցրէ՛ք իսրայէլացիներին, դրանք դրէ՛ք նրանց բերանը, որպէսզի այդ օրհներգութիւնը իսրայէլացիների մէջ ինձ համար վկայութիւն լինի։
20Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Թող ուտեն ու լիուլի յագենան։ Յետոյ նորից պիտի յարեն օտար աստուածների, պիտի պաշտեն դրանք, ինձ պիտի զայրացնեն ու դրժեն նրանց հետ կնքած իմ ուխտը։
21Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարութիւնը, որ նրանք յղացան այսօր այստեղ, նախքան ես նրանց կը տանեմ այն լաւ երկիրը, որը երդուեցի տալ նրանց հայրերին»։
22Այդ օրը Մովսէսը գրեց այս օրհներգութիւնը եւ այն սովորեցրեց իսրայէլացիներին։
23Մովսէսը Նաւէի որդի Յեսուին պատուիրելով՝ ասաց. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ Իսրայէլի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տէրը խոստացաւ տալ նրանց, եւ Նա լինելու է քեզ հետ»։
24Երբ Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը մինչեւ վերջ գրեց մատեանի մէջ ու աւարտեց,
25նա Տիրոջ ուխտի տապանակը տանող ղեւտացիներին պատուիրելով՝ ասաց.
26«Օրէնքների այս մատեանն առէ՛ք եւ դրէ՛ք մեր Տէր Աստծու ուխտի տապանակի մի կողմը։ Դա այնտեղ ձեզ համար վկայութիւն թող լինի։
27Ես գիտեմ ձեր ըմբոստութիւնն ու կամակորութիւնը. եթէ այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մէջ, եւ դուք Աստծու դէմ ապստամբում էք, ապա իմ մահուանից յետոյ ինչե՜ր կ՚անէք։
28Արդ, ինձ մօտ հաւաքեցէ՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատաւորներին ու օրէնսգէտներին, որպէսզի նրանց ասեմ բոլոր այս խօսքերը եւ ձեզ համար վկայ ունենամ երկինքն ու երկիրը։
29Գիտեմ, որ իմ մահուանից յետոյ անպայման անօրէնութիւններ էք անելու, շեղուելու էք այն ճանապարհից, որ ես ձեզ պատուիրեցի, եւ վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետեւ չար գործ էք կատարելու Տիրոջ առջեւ՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու էք նրան»։
30Եւ Մովսէսը հաւաքուած բոլոր իսրայէլացիներին մինչեւ վերջ ասաց օրհներգութեան այս խօսքերը.
1«Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։
2Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ,
3որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
4Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։
5Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն։ Սա թիւր ու մոլորուած մի ազգ է։
6Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ, մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում։ Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ։
7Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն։
8Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների թուի։
9Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը։
10Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան։
11Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան։
12Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար։
13Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց։
14Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արիւն՝ գինի։
15Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը։ Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ։
16Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ։
17Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։
18Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն։
19Տէրը տեսաւ ու վրդովուեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար։ Նա ասաց.
20«Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորուած ազգ են, հաւատ չունեցող որդիներ։
21Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով, նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով։
22Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների հիմքերը։
23Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով։
24Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով։ Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ, որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց։
25Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին։
26Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը։
27Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն. « Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը, այլ՝ մեր հզօր ձեռքերը։
28Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ։
29Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս.արդ, կը ստանան ապագայում։
30Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։
31Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։
32Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն։
33Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։
34Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում։
35Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ ձեր դատաստանը պատրաստ է։
36Տէրը դատելու է իր ժողովրդինեւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու գերութեան մատնուած։
37Եւ Տէրը պիտի ասի. «Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք,
38որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։
39Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ։ Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում։ Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից։
40Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. «Ես յաւիտեան կենդանի եմ,
41իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ։ Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց։
42Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը։ Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։
43Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում. թշնամիների վրէժն է պահանջուելու, եւ դատաստան է արուելու։ Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի, եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին։
44Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
45Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ,
46նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ։ Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը։
47Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը։ Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք»։
48Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
49«Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն։
50Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին։
51Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ։
52Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»։
1Այս է այն օրհներգութիւնը, որով Մովսէսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց իսրայէլացիներին՝
2ասելով. «Տէրը եկաւ Սինայից եւ մեզ երեւաց Սէիրից։ Նա Կադէսից բիւրաւոր մարդկանց հետ շտապ իջաւ Փառանի լեռից՝ աջ կողմում ունենալով իր հետ հրեշտակներին։
3Նա գթաց իր ժողովրդին։ Նրա սրբագործած բոլոր էակները քո ձեռքին են, նրանք քեզ հետ են։
4Նրա պատգամներից օրէնքներ ստեղծուեցին, որոնք դարձան Յակոբի ժողովրդի սեփականութիւնը։ Դրանք մեզ հաղորդեց Մովսէսը։
5Երբ ժողովրդի իշխանները ի մի հաւաքուեն Իսրայէլի ցեղերի հետ, իշխան թող լինի Նա իր սիրեցեալների մէջ։
6Ռուբէնը թող ապրի՝ չմեռնի, նրա ժողովուրդը թուով բազմաքանակ թող լինի»։
7Յուդայի մասին ասաց հետեւեալը. «Տէ՜ր, լսի՛ր Յուդայի ձայնը եւ այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող նրա ձեռքերն իր համար անեն ընտրութիւն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դէմ»։
8Ղեւիի մասին ասաց. «Ղեւիին տուէ՛ք նրա յայտնութիւնը, իսկ նրա ճշմարտութիւնը՝ այն անարատ մարդուն, որին փորձութեան ենթարկեցին ու Հակառակութեան ջրի մօտ բամբասեցին նրան։
9Նա էր, որ ասում էր իր հօրն ու մօրը, թէ չի տեսել նրանց, չի ճանաչել իր եղբայրներին ու իր որդիներին անգիտացել։ Նա հետեւեց քո խօսքերին ու պահեց քո ուխտը։
10Քո իրաւունքները Յակոբին, քո օրէնքները Իսրայէլին պիտի յայտնեն նրանք։ Երբ բարկանաս, քո զոհասեղանի վրայ նրանք մշտապէս խունկ պիտի ծխեն։
11Տէ՜ր, օրհնի՛ր նրա զօրութիւնը եւ ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրայ յարձակուող թշնամիների մէջքը, որպէսզի նրան ատող մարդիկ չկարողանան ոտքի կանգնել»։
12Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստուած նրա համար հովանի կը լինի ամէն օր, եւ նա Նրա ուսերի վրայ կը հանգստանայ»։
13Յովսէփի մասին ասաց. «Տէրն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրեւով ու ցօղով, անդունդների ընդերքից բխող աղբիւրներով,
14արեգակի փոփոխութիւնից կախուած բերքով, ամպերը միմեանց վրայ կուտակելով,
15հինավուրց լեռների գագաթներով, մշտնջենական բլուրների կատարներով,
16երկրի եղանակի համեմատ տրուող առատութեամբ։ Մորենու մէջ երեւացած Աստծու հաճութիւնը թող իջնի Յովսէփի գլխին՝ եղբայրների մէջ փառաւորուածի գագաթին։
17Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչեւ երկրի հեռաւոր անկիւնները։ Սրանք են Եփրեմի բիւրաւորները, եւ սրանք են Մանասէի հազարաւորները»։
18Զաբուղոնի մասին ասաց. «Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ճանապարհ ես ելնում գործի համար»։ Իսաքարի մասին ասաց. «Իր բնակավայրում թող ազգեր մեռնեն։
19Այդտեղ կանչեցէ՛ք մարդկանց ու արդարութեան զոհեր մատուցեցէ՛ք, որովհետեւ ծովի հարստութիւնն ու ծովեզերքի մօտ բնակուող մարդկանց վաճառքի շահը կարող են քեզ կերակրել»։
20Գադի մասին ասաց. «Թող օրհնեալ լինի Աստուած, որ ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացաւ ինչպէս առիւծը.նա խորտակեց բազուկներ ու իշխաններ
21եւ տեսաւ իր իշխանութիւնը, որովհետեւ այնտեղ է բաժանուած Իսրայէլիացիների առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, եւ Տէրն իր արդարութիւնն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայէլի»։
22Դանի մասին ասաց. «Դանը առիւծի ձագ է։ Նա Բասանից ցատկ պիտի կատարի»։
23Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը յագեցած է բարիքներով։ Նա թող լցուի Տիրոջ օրհնութիւններով, թող ժառանգի ծովն ու հարաւը»։
24Ասերի մասին ասաց. «Ասերն օրհնուի թող որդիներից, նա եղբայրներին ընդունելի թող լինի, իր ոտքը թաթախի իւղի մէջ։
25Նրա կօշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զօրութիւնը քո օրերի չափ թող լինի։
26Սիրելի Աստծու նման ոչ ոք չկայ։ Նա բարձրանում է երկինք, որպէսզի դառնայ քո օգնականն ու հաստատուի իր վեհութեամբ։
27Աստծու իշխանութիւնն ու նրա բազուկների մշտնջենաւոր զօրութիւնը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջեւից թող հալածի թշնամուն եւ ասի՝ կորի՛ր։
28Իսրայէլը Յակոբի երկրում թող բնակուի ապահով ու առանձին, ցորենի ու գինու առատութեան մէջ թող ապրի, իսկ երկինքը նրա համար ցօղի շտեմարան թող լինի։
29Երանի՜ քեզ, Իսրայէ՛լ. ո՞վ կարող է նմանուել քեզ,ո՜վ Տիրոջ ընտրեալ ժողովուրդ։ Քո օգնականը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Քո թշնամիները թող գան, դու բարձրանալու ես նրանց ուսերին»։
1Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց։ Տէրը նրան ցոյց տուեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչեւ Դան,
2Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը,
3անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր։
4Տէրն ասաց Մովսէսին. «Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. «Քո յետնորդներին եմ տալու դա»։ Այս երկիրը ցոյց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։
5Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։
6Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։
7Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել։
8Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը։
9Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
10Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։
11Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները
12Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։