1Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց.
2«Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա խոշոր կամ մանր եղջերաւոր անասուն թող մատուցի։
3Եթէ նա արու արջառ է մատուցելու որպէս ողջակէզ, ապա այն թող լինի ոչ արատաւոր։ Վկայութեան խորանի դռան մօտ թող բերի այն, որպէսզի Տիրոջ համար ընդունելի լինի որպէս քաւութիւն նրան։
4Նա իր ձեռքը թող դնի զոհուող անասունի գլխին, որպէսզի այն Տիրոջ համար ընդունելի լինի, իսկ իր անձի համար՝ քաւութիւն։
5Զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։ Քահանաները՝ Ահարոնի որդիները, արիւնը թող բերեն ու շաղ տան վկայութեան խորանի դռան մօտ գտնուող զոհասեղանի շուրջը։
6Ողջակիզուելիք անասունը մորթազերծ անելուց յետոյ թող բաժանեն մասերի։
7Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրայ կրակ թող վառեն եւ փայտ դիզեն կրակի վրայ։ Ահարոնի որդիները՝ քահանաները,
8կտրտուած մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ։
9Փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով, քահանաներն այդ բոլորը թող դնեն զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է։
10Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուող մանր եղջերաւոր անասունը գառ կամ ուլ է, թող այն լինի արու եւ ոչ արատաւոր։
11Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի նրա գլխին, այն թող մորթեն զոհասեղանի հիւսիսային կողմում, Տիրոջ առաջ, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։
12Զոհը թող բաժանեն մասերի, նոյնպէս գլուխն ու ճարպը. քահանաները թող այն դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ,
13իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով։ Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է։
14Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը։
15Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին։
16Թող հանի նաեւ քարճիկը եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ։
17Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է»։
1«Եթէ մէկը անարիւն զոհ է մատուցում Տիրոջը, նրա մատուցածը ընտիր ալիւր թող լինի։ Դրա վրայ թող իւղ լցնի ու կնդրուկ դնի։ Դա անարիւն զոհաբերութիւնն է։
2Այն թող տանի քահանաների՝ Ահարոնի որդիների մօտ, քահանան թող վերցնի իւղած ընտիր ալիւրից մի բուռ ու բերուած ամբողջ կնդրուկը եւ դրանք իբրեւ յիշատակ դնի զոհասեղանի վրայ։ Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ է։
3Այդ զոհաբերութիւնից մնացածը պէտք է պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցուող ամենասուրբ զոհաբերութիւններից է։
4Եթէ մէկը որպէս անարիւն զոհ է մատուցում թոնրի մէջ եփուածը, ապա Տիրոջը որպէս զոհ թող մատուցի իւղած ընտիր ալիւրից պատրաստուած բաղարջ կարկանդակ եւ իւղած բաղարջ հաց։
5Եթէ քո զոհաբերածը տապակի մէջ եփուած բան է, ապա իւղած ընտիր ալիւրի բաղարջ թող լինի։
6Դա մաս-մաս կ՚անես, դրանց վրայ իւղ կը լցնես, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է։
7Եթէ քո մատուցած անարիւն զոհաբերութիւնը կասկարայի վրայ է եփուած, ապա ընտիր ալիւրը պէտք է իւղած լինի։
8Այսպէս պատրաստուած եւ Տիրոջը մատուցուող նուիրաբերութիւնը կը տանես քահանայի մօտ։ Քահանան զոհասեղանին մօտենալով՝
9մի կտոր թող կտրի Աստծուն իբրեւ յիշատակ նուիրաբերուող զոհից եւ այն դնի զոհասեղանին։ Դա Տիրոջը մատուցուող անուշահոտ նուիրաբերութիւն է։
10Ինչ որ մնայ այդ նուիրաբերութիւնից, թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա ամենասուրբ զոհաբերութիւններից է։
11Տիրոջը մատուցուող բոլոր անարիւն զոհաբերութիւնները առանց թթխմորի կը պատրաստէք։ Թթխմորով ու մեղրով պատրաստուած որեւէ ընծայաբերում Տիրոջը չմատուցէք։
12Այն կը մատուցէք Տիրոջը իբրեւ երախայրիքի ընծայաբերում, բայց զոհասեղանի վրայ այն չայրէք, ինչպէս որ այրում էք Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհը։
13Ձեր ամէն մի զոհաբերութիւնը Տիրոջը թող աղով աղուի. ձեր զոհաբերութիւններից չպակասեցնէք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերութիւնների ժամանակ ա՛ղ մատուցեցէք։
14Եթէ Տիրոջը զոհաբերութիւն պիտի անես նոր բերքից, ապա դա թող լինի մաքրած, բոված ու խոշոր աղացած ցորենը։
15Դրա վրայ իւղ կը լցնես ու կնդրուկ կը դնես։ Դա զոհաբերութիւն է։
16Քահանան թող վերցնի ցորենի եւ իւղի մի մասը որպէս յիշատակի բաժին, ինչպէս նաեւ ամբողջ կնդրուկը. դա Տիրոջն ընծայաբերուող զոհաբերութիւն է»։
1«Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը արջառ է, ապա այն, արու լինի թէ էգ, Տիրոջ առաջ պէտք է լինի ոչ արատաւոր։
2Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող անասունի գլխին եւ մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան ողջակէզների զոհասեղանի չորս բոլորը։
3Փրկութեան համար զոհաբերուածից Տիրոջը թող ընծայ մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ողջ ճարպը,
4թող պոկեն երկու երիկամները, դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։
5Ահարոնի որդիները՝ քահանաները, այն որպէս ողջակէզ թող դնեն զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ։ Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհաբերութիւն է։
6Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը ոչխար է, արու լինի թէ էգ, թող անարատ մատուցեն այն։
7Եթէ զոհաբերուողը գառ է, այն թող մատուցեն Տիրոջ առաջ։
8Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող կենդանու գլխին եւ այն մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։
9Փրկութեան համար զոհաբերուող անասունից Տիրոջը ընծայ թող մատուցեն. թող հանեն կենդանու ամբողջ դմակն ու մէջքը զիստերով հանդերձ,
10փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։
11Այս ամէնը քահանան թող դնի զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
12Եթէ զոհաբերուողը այծ է, ապա զոհ մատուցողն այն թող բերի Տիրոջ առաջ
13եւ իր ձեռքը թող դնի կենդանու գլխին։ Թող դա մորթեն վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը։
14Նրանք Տիրոջը դրանից որպէս ընծայ թող մատուցեն փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը,
15երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը։ Լեարդի բլթակը թող պոկեն երիկամներով հանդերձ։
16Քահանան դրանք թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
17Բոլոր ճարպերը Տիրոջը պիտի պատկանեն.
18ուր էլ բնակուելիս լինէք, դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների համար։ Ճարպ եւ արիւն երբեք չպիտի ուտէք»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլիացիների հետ ու ասա՛. «Եթէ մէկն ակամայ մեղք է գործում Տիրոջ հանդէպ, Տիրոջ որեւէ պատուիրանի դէմ անում է բաներ, որ չպէտք է կատարէր, բայց կատարում է,
3եւ եթէ նա օծուած քահանայապետ է, ապա նրա գործած մեղքը տարածւում է ամբողջ ժողովրդի վրայ։ Իր գործած մեղքը քաւելու համար նա Տիրոջը ոչ արատաւոր զուարակ պիտի մատուցի։
4Նա զուարակը թող բերի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը թող դնի զուարակի գլխին Տիրոջ առաջ, եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։
5Օծեալ քահանան իր ձեռքով առնելով զուարակի արիւնից, այն թող տանի վկայութեան խորան։
6Քահանան իր մատը թող թաթախի արեան մէջ, այդ արիւնից թող եօթն անգամ իր մատով շաղ տայ Տիրոջ առաջ, սրբարանը բաժանող վարագոյրի մօտ։
7Քահանան Տիրոջ առաջ զուարակի արիւնից թող քսի վկայութեան խորանում գտնուող խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Զուարակի մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին։
8Նա թող հանի գործուած մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի ամբողջ ճարպը, թող հանի նաեւ փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը։
9Թող պոկի երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։
10Թող անի այնպէս, ինչպէս վարւում էր փրկութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում. քահանան այս ամէնը թող դնի ողջակէզների զոհասեղանին։
11Զուարակի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորի ու կղկղանքի հետ՝
12զուարակն ամբողջութեամբ թող հանեն բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, եւ փայտի կրակի վրայ թող այրեն այն։ Զուարակը պէտք է այրուի մոխրակոյտի վրայ։
13Եթէ իսրայէլացի ողջ ժողովուրդն անգիտակցաբար ակամայ մոլորուի, եւ այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից, եթէ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անի մի բան, որ չպէտք է կատարէր, բայց կատարի,
14իսկ դրանից յետոյ գիտակցի իր կատարած մեղքը, ապա ժողովուրդն իր գործած մեղքը քաւելու համար նախրից ոչ արատաւոր մի զուարակ թող զոհաբերի։ Այն թող բերեն վկայութեան խորանի դուռը,
15ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքը թող դնեն զուարակի գլխին եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։
16Օծեալ քահանան զուարակի արիւնից թող տանի վկայութեան խորան,
17եւ մատը թաթախելով զուարակի արեան մէջ՝ Տիրոջ առաջ եօթն անգամ թող շաղ տայ սրբարանի վարագոյրի դիմաց։
18Քահանան այդ արիւնից թող քսի վկայութեան խորանում Տիրոջ առաջ դրուած խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին։
19Ամբողջ ճարպը թող պոկի կենդանուց եւ դնի զոհասեղանին։
20Այդ զուարակի հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում էր մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում։ Նոյն կերպ թող վարուի նաեւ դրա հետ։ Մեղքերի քաւութեան համար մատուցուող այս զոհաբերութիւնը քահանան է կատարելու, որից յետոյ նրանք մեղքերի թողութիւն կը ստանան։
21Զուարակն ամբողջութեամբ պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ այրեն այն, ինչպէս նախորդ զուարակն այրեցին, որովհետեւ դա ժողովրդի մեղքերի համար է։
22Եթէ իշխանն է մեղք գործում՝ խախտում է Տէր Աստծու պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է կատարէր, բայց ակամայ գործում է այդ մեղքը,
23բայց եւ գիտակցի իր կատարած մեղքը, ապա նա թող զոհաբերի մի նոխազ, արու եւ ոչ արատաւոր։
24Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն այնտեղ, ուր ողջակէզներ են մորթում Տիրոջ առաջ, քանի որ սա մեղքերի քաւութեան զոհ է։
25Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արեան մէջ մատը թաթախելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Նրա մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։
26Նրա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, ինչպէս փրկութեան համար զոհաբերուող կենդանու ճարպն են դնում։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան։
27Եթէ երկրի ժողովրդից մի մարդ ակամայ մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, մի բան, որ չպիտի անէր, եթէ որեւէ յանցանք գործի,
28բայց գիտակցի, որ ինքը մեղք է գործել, իր գործած մեղքը քաւելու համար ոչ արատաւոր մի այծ թող մատուցի որպէս զոհ։
29Նա ձեռքը թող դնի այծի գլխին, եւ մեղքերի քաւութեան համար զոհաբերուող այծը թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում։
30Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։
31Նա թող պոկի ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս փրկութեան համար ողջակիզուող կենդանուց են պոկում, եւ քահանան թող այն հանի զոհասեղան իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտութիւն։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան։
32Եթէ իբրեւ զոհ ոչխար է մատուցւում, ապա այն ոչ արատաւոր էգ ոչխար թող լինի։
33Զոհաբերողն իր ձեռքը թող դնի մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու գլխին, եւ այն թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում։
34Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։
35Նա թող պոկի նրա ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս պոկում են փրկութեան համար ողջակիզուող ոչխարի ճարպը։ Քահանան այն թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող ողջակէզ։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան»։
1«Յանցաւոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղեակ է լինում եւ այդ մասին չի յայտնում։ Այդ մարդը մեղքի տակ է ընկնում։
2Նա, ով կը դիպչի պիղծ իրերի կամ դիակի կամ գազանից յօշոտուած կենդանու կամ մի պիղծ բանի կամ անասունների ու պիղծ սողունների դիակների, թէկուզեւ չանդրադառնալով դրան, ինքն էլ պղծուած ու մեղանչած է լինում։
3Եթէ մէկը դիպչի մի մարդու պղծութեան կամ նրա բազում պղծութիւններին, որոնց դիպչելիս մարդ կեղտոտւում է, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, ուրեմն նա մեղանչած է լինում։
4Նա, ով խոստանայ չար կամ բարի գործ կատարել եւ այդ խոստումը հաստատի երդմամբ, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, միեւնոյն է, նա մեղանչած է լինում։
5Նա պէտք է խոստովանի իր մեղքերին։
6Տիրոջ նկատմամբ կատարած իր յանցանքների ու գործած մեղքերի համար նա հօտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող զոհ մատուցի։ Քահանան դրանով քաւութիւն պիտի տայ նրա մեղքերին, եւ նա թողութիւն պիտի ստանայ։
7Իսկ եթէ կարողութիւն չունի ոչխար զոհ մատուցելու, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղաւնիների երկու ձագ թող զոհ մատուցի. մէկը մեղքերի թողութեան համար, միւսը՝ որպէս ողջակէզ։
8Նա դրանք թող բերի քահանայի մօտ։ Քահանան նախ թող ներս տանի այն, որ մեղքերի քաւութեան համար է, գլուխը պոկի, բայց մարմնից չանջատի։
9Նա զոհասեղանի պատի վրայ թող շաղ տայ մեղքերի համար զոհ մատուցուածի արեան մի մասը, իսկ մնացած արիւնը թող թափի զոհասեղանի յատակին, քանի որ դա մեղքերի քաւութեան համար է։
10Երկրորդ թռչունը թող ողջակէզ անի, ինչպէս որ կարգն է։ Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքերին, եւ նա թողութիւն կը ստանայ։
11Եթէ նա ի վիճակի չէ զոյգ տատրակներ կամ աղաւնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի թողութեան համար որպէս զոհ թող նուիրաբերի մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ Դրա վրայ թող իւղ չլցնի, դրա վրայ կնդրուկ թող չդնի, քանի որ դա մեղքերի թողութեան համար է։
12Նա այն թող տանի քահանայի մօտ, եւ քահանան դրանից մի բուռ վերցնելով իբրեւ յիշատակի բաժին՝ թող դնի Տիրոջ ողջակէզների զոհասեղանին, քանի որ դա մեղքերի թողութեան համար է։
13Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն կը ստանայ։ Մնացեալը թող պատկանի քահանային, ինչպէս որ ընտիր ալիւրի նուիրաբերութեան դէպքում էր»։
14Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
15«Նա, ով կը սխալուի ու Տիրոջ սրբութիւնների հանդէպ ակամայ մեղք կը գործի, իր յանցանքի համար թող Տիրոջը մատուցի իր հօտից ոչ արատաւոր մի խոյ վկայութեան խորանում գործածուող յիսուն արծաթ սիկղ արժողութեամբ։
16Նա թող հատուցի սրբութիւններին հասցրած վնասները, դրան աւելացրած նաեւ սրբազան իրերի արժէքի մէկ հինգերորդ մասը, եւ տայ քահանային։ Քահանան յանցանքի թողութեան համար զոհաբերուած խոյով թող քաւութիւն տայ նրա յանցանքին եւ թողութիւն՝ նրան։
17Նա, ով մեղանչում է ու խախտում Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է անէր, բայց չիմանալով գործում է այդ մեղքը, ուրեմն մեղաւոր է։
18Իր յանցանքի թողութեան համար իր հօտից նա քահանայի մօտ թող բերի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, որով քահանան քաւութիւն պիտի տայ անգիտակցաբար նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն պիտի ստանայ, քանի որ նա
19յանցանք էր գործել Տիրոջ հանդէպ»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ տրուած կամ իր յափշտակած որեւէ իրի համար, կամ որեւէ վնաս հասցնի իր մերձաւորին եւ
3կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը,
4որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած յափշտակութեան համար,
5իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու համար։ Իր հասցրած ամէն մի վնաս նա պէտք է հատուցի ամբողջութեամբ, դրան աւելացրած նաեւ վնասուած իրի արժէքի մէկ հինգերորդը։ Նա տիրոջը թող հատուցի հէնց իր մեղքը գիտակցած օրը։
6Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց։
7Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է»։
8Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Կարգադրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛.
9«Այս է ողջակէզի կարգը. զոհասեղանի վրայ այն պէտք է մնայ ամբողջ գիշեր՝ մինչեւ առաւօտ, եւ զոհասեղանի վրայ այրուող կրակը չպէտք է հանգի։
10Քահանան կտաւէ պատմուճան պիտի հագնի եւ կտաւէ անդրավարտիք՝ իր մարմնի վրայ։ Կրակից առաջացած ողջակէզի ճարպամոխիրը նա պիտի վերցնի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մօտ։
11Նա պիտի հանի իր պատմուճանը, պիտի հագնի մի այլ պատմուճան ու ողջակէզը պիտի տանի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ։
12Զոհասեղանի վրայ վառուող կրակը պիտի չհանգի։ Դրա համար քահանան առաւօտները դրա վրայ փայտ պիտի աւելացնի, դրա վրայ պիտի այրի ողջակէզները, իսկ դրանց վրայ էլ՝ փրկութեան զոհի ճարպը։
13Կրակը միշտ պիտի վառուի զոհասեղանի վրայ ու երբեք չհանգի»։
14«Այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի վրայ Ահարոնի որդիների՝ քահանաների զոհ մատուցելու կարգը.
15քահանան իբրեւ յիշատակ մի բուռ պիտի առնի նուիրաբերուող ընտիր ալիւրից՝ նրա վրայ դրուած իւղով ու կնդրուկով հանդերձ, եւ ընծան դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
16Մնացած ալիւրը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Բաղարջը պիտի ուտուի մի սուրբ վայրում, այն պիտի ուտեն վկայութեան խորանի բակում։
17Թթխմորով պիտի չեփուի այն. դա Տիրոջը մատուցուող ընծաների մի մասն է կազմում։ Դրանք սրբութիւնների սրբութիւն են։ Նոյն կերպ պէտք է վարուել մեղքերի ու յանցանքների զոհաբերումների դէպքում։
18Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի ձեր սերունդների մէջ Տիրոջը մատուցուելիք նուիրաբերութեան յաւիտենական կարգը։ Եւ ինչ որ դիպչի դրանց, կը սրբանայ»։
19Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
20«Այս է Ահարոնի եւ նրա որդիների ընծան, որ նրանց օծուելու օրը պիտի մատուցուի Տիրոջը։ Մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝ իբրեւ հանապազօրեայ հացի ընծայ. դրա կէսը՝ առաւօտեան, իսկ միւս կէսը՝ երեկոյեան։
21Իւղով հունցելուց յետոյ տապակի մէջ պիտի պատրաստուի այն։ Դա կտրտուած, մաքուր վիճակում պիտի մատուցուի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
22Այս բանը պիտի կատարի այն քահանան, որն Ահարոնի որդիներից է եւ օծուել է նրա փոխարէն։ Տիրոջ հաստատած այս յաւիտենական օրէնքը պէտք է կատարուի ամբողջութեամբ։
23Քահանայի բոլոր զոհաբերութիւնները ողջակէզ պէտք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտուի»։
24Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
25«Դիմի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. «Մեղքերի թողութեան համար զոհ մատուցելու կարգը այս է. մեղքերի թողութեան համար Տիրոջ առաջ մորթուելիք անասունները պէտք է մորթուեն այնտեղ, որտեղ ողջակիզուող անասուններն են մորթում։ Դա սրբութիւնների սրբութիւն է։
26Զոհ մատուցող քահանան դրանից պէտք է ուտի։ Թող նա ուտի սուրբ վայրում՝ վկայութեան խորանի բակում։
27Ով որ ձեռք տայ դրա մսին, կը սրբանայ, եւ ում զգեստի վրայ ցանեն դրա արիւնից, նա պէտք է լուացուի սուրբ վայրում։
28Կաւէ այն անօթը, որի մէջ կ՚եփուի միսը, պէտք է ջարդել, իսկ եթէ պղնձէ անօթի մէջ եփուի, պէտք է այն քերել ու ջրով ողողել։
29Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող սրբութիւնների սրբութիւն է։
30Այն ամէնը, ինչ զոհ է մատուցւում մեղքերի քաւութեան համար, նոյնպէս անասունների արիւնը, որ վկայութեան խորան է բերւում, չպէտք է ուտուի, այլ կրակով պէտք է այրուի»։
1«Յանցանքի համար խոյ զոհաբերելու կարգը հետեւեալն է. դա սրբութիւնների սրբութիւն է։
2Այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում, Տիրոջ առաջ պէտք է մորթեն նաեւ յանցանքի համար զոհաբերուող խոյը։ Նրա արիւնը շուրջանակի թող թափեն ողջակէզների զոհասեղանի յատակին։
3Քահանան թող առնի նրա ամբողջ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,
4պոկի որովայնում գտնուող երկու երիկամները, դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։
5Քահանան այդ բոլորը թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող զոհ, քանի որ դա յանցանքի քաւութեան համար է։
6Քահանայի ընտանիքի բոլոր արու անդամները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբութիւնների սրբութիւն է։
7Յանցանքի համար զոհուող անասունի հետ թող վարուեն այնպէս, ինչպէս մեղքերի համար զոհուող անասունի։ Դրանց կատարման կարգը նոյնը թող լինի։ Զոհաբերուած անասունի մնացորդը թող պատկանի քահանային, որը դրանով քաւութիւն է տալիս։
8Որեւէ մէկի ողջակէզը մատուցող քահանան թող ստանայ ողջակէզի մորթին։
9Թոնրի, կասկարայի կամ տապակի մէջ պատրաստուած հացեղէնը, որ զոհաբերւում է, թող պատկանի այն քահանային, որ կատարում է զոհաբերումը,
10իսկ իւղով հունցուած, ինչպէս նաեւ չհունցուած բոլոր զոհաբերումները պիտի հաւասարապէս պատկանեն Ահարոնի որդիներից իւրաքանչիւրին»։
11«Փրկութեան համար Տիրոջը մատուցուելիք զոհաբերութեան կարգը այս է.
12եթէ գոհութեան համար է մատուցւում այն, որպէս գոհութեան զոհաբերում թող մատուցեն իւղով հունցուած ընտիր ալիւրի բաղարջ կարկանդակ, վրան իւղ քսած բաղարջ հաց եւ իւղով հունցուած ընտիր ալիւր։
13Փրկութեան համար գոհութեան այս զոհաբերութեան հետ ընծայ թող մատուցեն նաեւ բաղարջ կարկանդակներ։ Տիրոջը մատուցուող բոլոր զոհաբերութիւնների մի մասը
14փրկութեան համար արիւն հոսեցնող քահանային թող պատկանի։ Նրան թող պատկանի նաեւ փրկութեան համար մատուցուող գոհութեան զոհի միսը,
15որը պիտի ուտուի նույն օրը, երբ զոհ է մատուցւում. Յաջորդ օրուայ համար դրանից բան չպէտք է մնայ։
16Եթէ մէկը կամովին է խոստանում Տիրոջ համար զոհ մատուցել, ապա զոհի միսը թող ուտուի զոհի մատուցման օրը եւ յաջորդ օրը, իսկ զոհի մսի այն մասը, որ կը մնայ
17մինչեւ երրորդ օրը, կրակով թող այրուի։
18Եթէ նա իր փրկութեան համար զոհաբերած անասունի մսից ուտի երրորդ օրը, մատուցուածը ընդունելի զոհաբերութիւն չի լինի, քանի որ դա ապօրինի է ու պիղծ։ Ով ուտի դրանից, մեղք գործած կը լինի։
19Այն միսը, որ կը դիպչի որեւէ աղտեղութեան, թող չուտուի, այլ կրակով թող այրուի։ Միայն մաքուր մարդն իրաւունք ունի միս ուտելու։
20Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած անմաքուր մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից։
21Նա, ով կը դիպչի որեւէ պիղծ բանի՝ մարդու պղծութեան կամ պիղծ անասունների եւ կամ ամէն մի գարշելի բանի, եւ ապա կ՚ուտի Տիրոջը մատուցուած փրկութեան զոհի մսից, այդ մարդը կը կորչի իր ժողովրդի միջից»։
22Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
23«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. «Արջառի, ոչխարի ու այծի ճարպ պիտի չուտէք։
24Սատկած ու գազանի յօշոտած անասունների ճարպը թող օգտագործուի ամէն ինչի համար, բայց ոչ ուտելու համար։
25Ով որ ուտի Տիրոջը զոհաբերուած անասունների ճարպից, կը կորչի իր ժողովրդի միջից։
26Ձեր բոլոր բնակարաններում թռչունների եւ ամէն տեսակ անասունների արիւնը պիտի չուտէք։
27Արիւն ուտող ամէն ոք կը կորչի իր ժողովրդի միջից»։
28Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
29«Իսրայէլի որդիներին ասա՛. «Ով որ փրկութեան զոհ կը մատուցի Տիրոջը, նա իր փրկութեան զոհից Տիրոջը մաս պիտի հանի։
30Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ,
31իսկ քահանան այն պիտի հանի զոհասեղան, կուրծքը պիտի տրուի Ահարոնին ու նրա որդիներին։
32Բացի այդ, ձեր փրկութեան զոհերի աջ թեւը որպէս հասանելի տուրք կը տաք քահանային։
33Ահարոնի որդիներից ով որ փրկութեան արիւն ու ճարպ է մատուցում, նրան էլ բաժին թող հասնի աջ թեւը։
34Որովհետեւ Իսրայէլի որդիներից ես առայ ձեր փրկութեան համար ինձ մատուցուած անասունների կուրծքն ու թեւը եւ դրանք տուեցի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Իսրայէլի որդիների համար յաւիտենական կարգ թող լինի»։
35Ահարոնի ու նրա որդիների քահանայ օծուելու օրը Տիրոջը նուիրաբերուող ընծաներից իրենց հասանելիք բաժինը այս է։ Այս է պատուիրել Տէրը, որ տրուի նրանց,
36երբ Իսրայէլի որդիների միջից քահանայ օծեց նրանց։ Դա նրանց մէջ յաւիտենական կարգ է սերնդից սերունդ։
37Այս է ողջակէզների, մեղքերի, յանցանքների ու փրկութեան համար զոհեր մատուցելու կարգը։
38Այսպէս պատուիրեց Տէրը Իսրայէլի որդիներին Սինա լերան վրայ այն օրը, երբ նա Սինայի անապատում կարգադրեց Տիրոջ համար զոհեր մատուցել։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց զգեստներն ու օծութեան իւղը, մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը, երկու խոյերն ու բաղարջների սկուտեղը
3եւ ամբողջ ժողովրդին հաւաքի՛ր վկայութեան խորանի դռան մօտ»։
4Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր իրեն. նա հաւաքեց ժողովրդին վկայութեան խորանի դռան մօտ։
5Մովսէսն ասաց ժողովրդին. «Այս բանն է կարգադրել Տէրը»։
6Մովսէսն Ահարոնին ու նրա որդիներին տարաւ եւ ջրով լողացրեց նրանց։
7Նա Ահարոնին հագցրեց պատմուճանը, գօտի կապեց նրա մէջքին, դրա վրայ հագցրեց թիկնոցը, յետոյ դրա վրայ դրեց վակասը,
8վակասի ժապաւէնով զգեստներն ամրացրեց միմեանց։ Դրա վրայ կապեց լանջապանակը, վերջինիս վրայ դրեց Յանդիմանութիւնն ու Ճշմարտութիւնը։
9Նրա գլխին դրեց խոյրը, խոյրի վրայ, երեսի կողմից՝ նուիրագործուած եւ մաքուր ոսկէ թիթեղը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
10Մովսէսն առնելով օծութեան իւղից՝ եօթն անգամ ցանեց զոհասեղանի վրայ։
11Նա օծեց զոհասեղանը, սրբագործեց այն ու դրա ամբողջ սպասքը, ինչպէս նաեւ լուացարանն ու դրա պատուանդանը. նա սրբագործեց դրանք։ Նա, օծելով վրանն ու դրա մէջ գտնուող ամէն ինչ, սրբագործեց դրանք։
12Մովսէսն օծութեան իւղ ածեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։
13Մովսէսը մօտիկ բերեց Ահարոնի որդիներին, նրանց հագցրեց պատմուճանները, նրանց մէջքերին կապեց գօտիները, գլուխներին դրեց խոյրերը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
14Մովսէսն այնուհետեւ մօտ բերեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքերի քաւութեան համար սահմանուած զուարակի գլխին, եւ Մովսէսը մորթեց այն։
15Մովսէսն առաւ նրա արիւնից եւ իր մատով շուրջանակի քսելով զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին՝ սրբագործեց զոհասեղանը։ Եւ նա մնացած արիւնը թափեց զոհասեղանի յատակին։
16Նա սրբագործեց այն, որպէսզի քաւութեան զոհաբերութիւն կատարի դրա վրայ։ Մովսէսն առաւ փորոտիքի ամբողջ ճարպը, լեարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ամբողջ ճարպը եւ դրեց զոհասեղանին։
17Նա զուարակի մնացած մասերը՝ մորթին, միսն ու կղկղանքը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
18Մովսէսը մօտ բերեց ողջակէզի համար նախատեսուած խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,
19եւ Մովսէսը մորթեց խոյը, նրա արիւնը թափեց զոհասեղանի շուրջը։
20Նա խոյը բաժանեց մասերի, առաւ գլուխը, կտրտուած մասերն ու ճարպը, փորոտիքն ու ոտքերը լուաց ջրով։
21Մովսէսը խոյն ամբողջութեամբ դրեց ողջակէզների զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, քանի որ դա Տիրոջը մատուցուող ընծայ էր։ Այդպէս էր Տէրը հրամայել Մովսէսին։
22Մովսէսը մօտ բերեց երկրորդ խոյը, որպէսզի կատարուի քահանաներին սրբագործելու ծէսը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,
23եւ Մովսէսը մորթեց այն։ Մովսէսն առաւ դրա արիւնից, քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին։
24Մովսէսը մօտ բերեց Ահարոնի որդիներին, այդ արիւնից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատներին ու նրանց աջ ոտքերի բթամատներին, իսկ մնացած արիւնը թափեց զոհասեղանի շուրջը։
25Նա առաւ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, լեարդի բլթակը, երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ աջ թեւը։
26Նա Տիրոջ առաջ գտնուող եւ քահանաներին սրբագործելու ծէսի համար նախատեսուած մի բաղարջ կարկանդակ վերցրեց սկուտեղից, ինչպէս նաեւ իւղով հունցուած մի բաղարջ հաց, եւ դրեց ճարպի ու աջ թեւի վրայ։
27Նա այդ ամէնը դրեց Ահարոնի ձեռքերի ու նրա որդիների ձեռքերի վրայ եւ դրանք ընծայաբերեց Տիրոջ առաջ։
28Մովսէսը դրանք վերցնելով նրանց ձեռքերից՝ զոհասեղանի վրայ դրեց որպէս նրանց քահանայ ձեռնադրելու համար կատարուած ողջակէզ։ Դա անուշահոտ ընծայ է, որ արւում է Տիրոջ համար։ Այդպէս էր պատուիրել Տէրը։
29Մովսէսն առաւ խոյի կուրծքը եւ Տիրոջ առաջ խոյի նուիրաբերման շարժում արեց։ Դա եղաւ Մովսէսին յատկացուած բաժինը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
30Մովսէսը, վերցնելով օծութեան իւղից ու զոհասեղանի վրայի արիւնից, ցանեց Ահարոնի ու նրա զգեստների, նրա որդիների ու նրանց զգեստների վրայ։
31Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։ Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեցէ՛ք վկայութեան խորանի բակում, մի մաքուր վայրում, եւ այնտեղ էլ կերէ՛ք այն, ինչպէս նաեւ սկուտեղի բաղարջ կարկանդակները, որ քահանաների օծութեան համար են նախատեսուած, ինչպէս Տէրն է հրամայելով ասել, թէ՝ «Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն այն»։
32Հացի ու մսի մնացորդները կրակով կ՚այրէք։
33Վկայութեան խորանի դռնից եօթն օր դուրս չգաք, մինչեւ չլրանայ ձեր քահանայ օծուելու համար սահմանուած օրը, որովհետեւ եօթը օր պէտք է ձեր քահանայութեան լրումի համար
34(ինչպէս եւ կատարուեց իսկ)։ Տէրը այդպէս է պատուիրել կատարել, որպէսզի քաւուեն ձեր մեղքերը։
35Վկայութեան խորանի դռանը եօթն օր՝ գիշեր ու ցերեկ կը նստէք եւ Տիրոջ պահպանութեան կարգը կը կատարէք, որպէսզի չմեռնէք։ Այդպէս է ինձ պատուիրել Տէրը»։
36Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամէնը, ինչ Տէրն էր կարգադրել Մովսէսին։
1Ութերորդ օրը Մովսէսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայէլի մեծերին։ Մովսէսն ասաց Ահարոնին.
2«Քեզ համար նախրից, մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մի զուարակ ու ողջակէզի համար ոչ արատաւոր մի խոյ վերցրո՛ւ եւ դրանք զո՛հ մատուցիր Տիրոջ առաջ։
3Դիմի՛ր Իսրայէլի մեծերին ու նրանց ասա՛. «Այծերի միջից վերցրէ՛ք մեղքերի քաւութեան համար մի նոխազ, ինչպէս եւ ողջակէզի համար մէկ տարեկան ոչ արատաւոր խոյ, զուարակ եւ գառ։
4Նաեւ զուարակ ու խոյ՝ Տիրոջ առաջ փրկութեան ողջակէզ մատուցելու համար, ինչպէս եւ նուիրաբերման համար իւղով հունցուած ընտիր ալիւր, որովհետեւ այսօր Տէրը պիտի երեւայ ձեր մէջ»։
5Նրանք առան ու վկայութեան խորանի առաջ բերեցին, այն ամէնը, ինչ որ Մովսէսն էր հրամայել։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ ու կանգնեց Տիրոջ առաջ։
6Մովսէսն ասաց. «Տէրը հրամայեց, որ ա՛յս բանը պէտք է կատարէք. եւ Տիրոջ փառքը պիտի երեւայ ձեզ»։
7Իսկ Ահարոնին Մովսէսն ասաց. «Մօտեցի՛ր զոհասեղանին եւ քո ողջակէ՛զն արա քո մեղքերի համար, որպէսզի քաւութիւն լինի քեզ եւ քո տան համար։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները եւ քաւութի՛ւն արա նրանց, ինչպէս Տէրն է պատուիրել ինձ՝ Մովսէսիս»։
8Ահարոնը մօտեցաւ զոհասեղանին եւ մորթեց իր մեղքերի քաւութեան զուարակը։
9Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, նա իր մատը թացացրեց արեան մէջ, քսեց զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թափեց զոհասեղանի յատակին։
10Մեղքերի քաւութեան զոհի ճարպը, երիկամները եւ լեարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
11Միսն ու մորթին կրակով այրեցին բանակատեղիից դուրս։
12Ապա մորթեց ողջակէզի համար նախատեսուած անասունը, Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը։
13Ողջակէզը նրա մօտ բերեցին կտոր-կտոր արած։ Մովսէսը դա, ինչպէս նաեւ գլուխը, դրեց զոհասեղանին։
14Փորոտիքն ու ոտքերը նա լուաց ջրով եւ դրեց զոհասեղանին, ողջակէզի վրայ։
15Դրանից յետոյ մատուցեցին ժողովրդի ընծաները։ Նա առաւ ժողովրդի մեղքերի քաւութեան համար սահմանուած նոխազը եւ այն մորթեց նախորդի նման։
16Նա մատուցեց նաեւ ողջակիզուելիք անասունը։
17Նա արեց այնպէս, ինչպէս կարգն էր։ Նա մօտեցրեց ողջակէզը, մի բուռ վերցրեց դրանից եւ դրեց զոհասեղանին, որպէս յաւելում առաւօտուայ ողջակէզի։
18Նա մորթեց ժողովրդի փրկութեան համար զոհուելիք զուարակն ու խոյը։ Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը։
19Բերեցին նաեւ զուարակի ճարպը, խոյի ճարպն ու դմակը, ճարպաթաղանթը, երկու երիկամները ճարպով հանդերձ, լեարդի բլթակը
20եւ ճարպերը դրեցին անասունների կրծքերի վրայ։ Ապա կտրեցին հանեցին ճարպը կրծքերի հետ միասին։ Ճարպը դրեցին զոհասեղանի վրայ։
21Նա կրծքերը եւ աջ թեւերը նուիրաբերեց Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
22Ահարոնն իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց ժողովրդին եւ ներքեւ իջաւ մեղքերի քաւութեան, ողջակէզի ու փրկութեան համար զոհեր կատարելուց յետոյ։
23Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորանը եւ այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ամբողջ ժողովրդին։ Եւ Տիրոջ փառքը երեւաց համայն ժողովրդին։
24Կրակ բխեց Տիրոջից եւ այրեց այն ամէնը, ինչ կար զոհասեղանի վրայ՝ ողջակէզներն ու ճարպը։ Ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, սարսափեց ու ընկաւ երեսի վրայ։
1Ահարոնի երկու որդիները՝ Նաբադն ու Աբիուդը, ամէն մէկը մի բուրվառ վերցնելով, դրանց մէջ կրակ դրեցին, դրա վրայ խունկ լցրին եւ Տիրոջ առաջ անմաքուր կրակ մատուցեցին, մի բան, որ Տէրը նրանց չէր պատուիրել։
2Կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առաջ։
3Մովսէսն ասաց Ահարոնին. «Ահա թէ ինչ ասաց Տէրը. «Ինձ պաշտողների մէջ պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը եւ իմ ամբողջ ժողովրդի առաջ պիտի փառաւորուեմ»։ Ահարոնը տխրեց։
4Մովսէսը կանչեց Միսադայիին եւ Ելիսափանին՝ Ահարոնի հօրեղբայր Ոզիէլի որդիներին, եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ ձեր եղբայրների դիակները իրենց զգեստներով հանդերձ սուրբ վայրից ու բանակատեղիից դո՛ւրս հանեցէք»։
5Նրանք գնացին եւ բանակատեղիից դուրս հանեցին նրանց իրենց զգեստներով հանդերձ, ինչպէս Մովսէսն էր ասել։
6Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներ Եղիազարին եւ Իթամարին. «Ձեր գլխարկները չհանէք եւ ձեր հագուստները չպատառոտէք, որպէսզի չմեռնէք, եւ ժողովրդի վրայ Տիրոջ բարկութիւնը չիջնի։ Միայն ձեր եղբայրներն ու բոլոր իսրայէլացիները թող ողբան հրոյ ճարակ դարձածներին՝ նրանց, ովքեր այրուեցին Տիրոջ կողմից։
7Եւ դուք վկայութեան խորանի դռնից դուրս չգաք, որպէսզի չմեռնէք, որովհետեւ Տիրոջ օծութեան իւղը դեռեւս ձեր վրայ է»։ Եւ նրանք արեցին այնպէս, ինչպէս Մովսէսն էր ասել։
8Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
9«Երբ վկայութեան խորան մտնէք կամ երբ զոհասեղանին մօտենաք դու եւ քեզ հետ եղած որդիներդ, գինի կամ օղի չխմէք, որպէսզի չմեռնէք։ Դա յաւիտենական կարգ թող լինի ձեր սերնդի մէջ։
10Լինելով սթափ, դուք կը կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից,
11ի վիճակի կը լինէք իսրայէլացիներին սովորեցնելու այն բոլոր օրէնքները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց նրանց»։
12Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներին՝ Եղիազարին եւ Իթամարին. «Տիրոջը մատուցուած անարիւն զոհից աւելացածն առէ՛ք եւ բաղարջ հաց պատրաստելով՝ կերէ՛ք զոհասեղանի առաջ, որովհետեւ դա սրբութիւնների սրբութիւն է։
13Այն կ՚ուտէք մի սուրբ վայրում, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար օրէնք է, որ ուտէք Տիրոջը մատուցուած զոհերից։ Այդպէս է ինձ հրամայել Տէրը։
14Զոհ մատուցուած անասունի կուրծքը եւ թեւը դու, քո որդիները եւ քո ընտանիքի անդամները քեզ հետ մի սուրբ վայրում պիտի ուտէք, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար սահմանուած կարգ է, որ դուք պէտք է ուտէք իսրայէլացիների մատուցած փրկութեան զոհից։
15Զոհուած անասունի թեւը եւ կուրծքը, որ նուիրուելու են Աստծուն, ինչպէս նաեւ այրուելու ճարպը Տիրոջ առաջ թող նուէր մատուցեն։ Դա քեզ եւ քեզ հետ եղած քո որդիներին ու քո դուստրերին պիտի պատկանի յաւիտեանս սահմանուած օրէնքի համաձայն, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։
16Մովսէսը շատ փնտռեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուած նոխազը, բայց այն արդէն այրուած էր։ Մովսէսը բարկացաւ Եղիազարի ու Իթամարի՝ Ահարոնի ողջ մնացած որդիների վրայ
17եւ ասաց. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքերի քաւութեան համար արուած ողջակէզը։ Չէ՞ որ այն սրբութիւնների սրբութիւն է, այն տուել էի ձեզ, որ ուտէք, վերացնէք ժողովրդի մեղքերը եւ քաւութիւն տաք նրան Տիրոջ առաջ,
18բայց զոհի արիւնից սրբարանից ներս չբերուեց։ Արդ, պէտք է ուտէք մի սուրբ վայրում, ինչպէս ինձ է հրամայուած»։
19Ահարոնը պատասխանեց Մովսէսին եւ ասաց. «Այսօր, երբ մեղքերի քաւութեան համար զոհաբերութիւն արեցին եւ ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ, եւ ինձ հետ տեղի ունեցան այս դժբախտ դէպքերը, որքան աւելի Տիրոջը հաճելի պիտի չլինէր, եթէ ես ուտէի մեղքերի քաւութեան համար սահմանուած զոհից»։
20Մովսէսը լսեց նրա ասածը եւ դա հաճելի թուաց նրան։
1Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.
2«Դիմեցէ՛ք Իսրայէլի որդիներին եւ ասացէ՛ք. «Սրանք են երկրի վրայ եղած այն անասունները, որ կարող էք ուտել։
3Կ՚ուտէք բոլոր կճղակաբաշխ՝ թաթերը երկուսի բաժանուած եւ որոճացող կենդանիները։
4Մի՛ կերէք այն կենդանիները, որոնք թէեւ որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, ինչպէս ուղտը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
5նապաստակը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
6ճագարը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
7խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։
8Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ դրանց դիակին մօտեցէք, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։
9Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ եւ ապրում են ջրերում, ծովերում եւ վտակներում։
10Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի՛ կերէք, նոյնպէս եւ՝ այն կենդանիները, որ ջրերից են բխում եւ կամ կենդանի շունչ ունեն ջրերում, քանի որ դրանք պիղծ են եւ պիղծ կը լինեն ձեզ համար։
11Դրանց միսը չուտէք եւ դրանց դիակներից գարշեցէ՛ք,
12որովհետեւ ջրի մէջ եղած բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, թող ձեզ համար պիղծ համարուեն։
13Սրանք են այն թռչունները, որոնցից պէտք է գարշէք եւ որոնց միսը պիտի չուտէք, որովհետեւ ձեզ համար պիղծ են. արծիւ, պասկուճ, գետարծիւ,
14անգղ, ցին եւ այն, ինչ սրանց նման է։
15Նաեւ ագռաւ եւ այն, ինչ սրա նման է,
16ջայլամ, բու, որոր եւ այն, ինչ սրանց նման է,
17բազէ եւ այն, ինչ սրա նման է, հաւապատիր, հողամաղ,
18քաջահաւ, սոխակ, հաւալուսն, կարապ,
19արագիլ, քարադր՚ եւ այն, ինչ սրանց նման է, այլեւ՝ յոպոպ եւ չղջիկ։
20Չորս ոտքով քայլող ամէն մի թռչնազգի զեռուն թող պիղծ համարուի ձեզ համար։
21Թռչնազգի զեռուններից կ՚ուտէք դրանք, որոնք քայլում են չորս ոտքով, որոնց ոտքերը գետնի վրայ ոստոստելու համար սրունք ունեն։
22Կ՚ուտէք հետեւեալները. ջորեակ եւ այն, ինչ սրա նման է, խարագուլ եւ այն, ինչ սրա նման է, մորեխ եւ այն, ինչ սրա նման է, օձամարտ մորեխ եւ այն, ինչ սրա նման է։
23Թռչնազգի ամէն մի այլ զեռուն, որ չորս ոտք ունի, պիղծ է ձեզ համար. դրանցով չպղծուէք։
24Դրանց դիակին դիպչող ամէն ոք մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
25Ամէն ոք, ով ձեռք կը տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները եւ պիղծ համարուի մինչեւ երեկոյ։
26Կճղակաւոր այն բոլոր անասունները, որոնց կճղակը կիսուած չէ, եւ չեն որոճում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով որ դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
27Չորքոտանի բոլոր այն կենդանիները, որոնք միայն առջեւի թաթերի վրայ են քայլում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
28Ով ձեռք տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ, որովհետեւ այդ բոլորը ձեզ համար պիղծ է։
29Երկրի վրայ փորսող գնացող բոլոր կենդանիներից ձեզ համար պիղծ են. աքիսը, մուկը, տիտեռը,
30առնէտը, քամելէոնը, բծաւոր մողէսը, մողէսն ու խլուրդը։
31Երկրի վրայ փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ։
32Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի, լինի դա փայտից պատրաստուած ամէն տեսակի անօթ, զգեստ, կաշի կամ քուրձ. ամէն մի անօթ, որն ինչ-որ բանի համար կը գործածուի, թող լուացուի ջրով։ Այդ անօթը թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ, որից յետոյ այն թող մաքուր համարուի։
33Եթէ խեցէ որեւէ անօթի մէջ դրանցից ընկնի, անօթի մէջ եղածը թող պիղծ համարուի, իսկ անօթը թող ջարդեն։
34Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի։ Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն մի խմիչք թող պիղծ համարուի։
35Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի։ Թոնիրներն ու կասկարաները թող ջարդուեն, քանի որ պղծուած են լինում, եւ պիղծ թող համարուեն ձեզ համար։
36Ջրի աղբիւրները, ջրհորներն ու ջրակոյտերը թող մաքուր համարուեն ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց մէջ ընկած դիակին, թող պիղծ համարուի։
37Եթէ դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրայ, ապա սերմացուն մաքուր թող համարուի,
38իսկ եթէ սերմացուի վրայ ջուր թափելուց յետոյ դրա վրայ ընկնեն պիղծ կենդանիների դիակներ, ապա այդ սերմացուն թող անմաքուր համարուի ձեզ համար։
39Եթէ ձեզ համար ուտելու ենթակայ անասուններից որեւէ մէկը սատկի, ապա դրա դիակին դիպչողը թող մինչեւ երեկոյ պիղծ համարուի։
40Ով ձեռք տայ դրա դիակին, նա պէտք է լուանայ իր զգեստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ։
41Երկրի վրայ փորսող գնացող ամէն մի կենդանի թող պիղծ համարուի ձեզ համար, ուրեմն եւ թող չուտուի։
42Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք սողում են իրենց որովայնի վրայ, բոլոր այն կենդանիները, որոնք սողում են չորս ոտքով, նաեւ բազմոտանիները, երկրի վրայ սողացող բոլոր զեռունները, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։
43Մի՛ ապականէք ձեզ երկրի վրայ սողացող սողուններով, դրանցով մի՛ պղծուէք եւ դրանց պատճառով անմաքուր մի՛ դարձէք։
44Ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը։ Սրբուեցէ՛ք եւ սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Դուք ձեզ մի՛ պղծէք երկրի վրայ սողացող զեռուններով։
45Ե՛ս եմ, Տէր Աստուածը, որ ձեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ համար Աստուած լինեմ։ Դուք սուրբ եղէք, որովհետեւ ես սուրբ եմ։
46Ահա այս է անասունների եւ թռչունների, ջրերում եւ ցամաքում շարժուող բոլոր շնչաւորների վերաբերեալ օրէնքը,
47որպէսզի դուք կարողանաք զանազանութիւն դնել մաքուրի եւ անմաքուրի միջեւ, եւ որպէսզի Իսրայէլի որդիներին սովորեցնէք, թէ որոնք են ուտելի կենդանիները, եւ որոնք են ոչ ուտելի անասունները»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօթը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։
3Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն։
4Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ սրբարան չպիտի մտնի, մինչեւ լրանան նրա մաքրուելու օրերը։
5Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում։ Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը։
6Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ աղաւնի կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ։
7Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կը մաքրուի իր արեան բխումից։ Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում։
8Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ մէկը ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար։ Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կը համարուի մաքրուած»։
9ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2«Եթէ որեւէ մէկի մարմնի մաշկի վրայ սպի, պալար, բշտիկ եւ կամ բորոտութեան ախտանշան երեւայ, թող դիմի Ահարոն քահանային կամ նրա քահանայ որդիներից մէկին։
3Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը։ Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան մաշկը, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Քահանան պէտք է զննի եւ նրան անմաքուր համարի։
4Եթէ նրա մարմնի մաշկի վրայի վէրքը մաշկից սպիտակ է եւ նրանից խորը չի երեւում, ու մազի գույնն էլ սպիտակ չէ, այլ մուգ գույն ունի, ապա քահանան ախտակրին եօթն օր պէտք է մեկուսացնի։
5Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի նրան, եւ եթէ վէրքը նոյն վիճակում է մնացել, մաշկի վրայ չի տարածուել, ապա քահանան նրան պէտք է մեկուսացնի եւս եօթը օր։
6Քահանան եօթներորդ օրը պէտք է մի անգամ եւս զննի, եւ երբ տեսնի, որ վէրքը մգացել է, մաշկի գոյնը չի փոխուել, նրան պէտք է մաքուր համարի, որովհետեւ դա քոսի նշան է։ Նա թող լուանայ իր զգեստները եւ համարուի մաքուր։
7Իսկ եթէ քահանայի զննելուց եւ մաքուր համարելուց յետոյ վէրքը տարածուի մաշկի վրայ, նա պէտք է վերստին դիմի քահանային, եւ սա եթէ նկատի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ,
8նրան պէտք է անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան ախտանշան է։
9Ուրեմն, եթէ մարդը բորոտութեան վէրք ունենայ, ապա պէտք է գայ Ահարոն քահանայի մօտ։
10Քահանան պէտք է զննի։ Եթէ մաշկի վրայ սպիտակ պալար կայ, դրա շուրջն եղած մազն սպիտակել է, բայց պալարի մէջ առողջ ու կենդանի միս կայ,
11ուրեմն բորոտութիւնը հնացել է նրա մարմնի մաշկի վրայ։ Քահանան պէտք է անմաքուր համարի եւ մեկուսացնի նրան, որովհետեւ նա անմաքուր է։
12Եթէ բորոտութիւնը գնալով տարածուի նրա մաշկի վրայ, բորոտութիւնը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչեւ ոտքերը, եւ քահանան նկատի դա,
13տեսնի, որ բորոտութիւնը տարածուել է մարմնի ամբողջ մաշկի վրայ, ապա մաքուր թող համարի հիւանդին, որովհետեւ նրա մարմինն ամբողջութեամբ սպիտակել է։ Եւ նա մաքուր է։
14Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրայ գործող վէրք նկատուի, նա թող անմաքուր համարուի։
15Քահանան տեսնելով մաշկի վրայ գործող վէրքը՝ թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութիւն է։
16Եթէ մաշկի առողջ մասը դարձեալ փոփոխութեան ենթարկուի եւ սպիտակի,
17հիւանդը պէտք է գայ քահանայի մօտ, եւ քահանան պէտք է զննի նրան։ Եթէ նրա վէրքը սպիտակել է, քահանան թող հիւանդին մաքուր յայտարարի, որովհետեւ նա մաքուր է։
18Եթէ մարդ իր մարմնի մաշկի վրայ խոց ունենայ, եւ դա լաւանայ,
19բայց խոցի տեղում սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետք առաջանայ, ապա նա պէտք է դիմի քահանային։
20Քահանան պէտք է զննի նրան։ Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի։ Դա լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետքով բորոտութիւն է բորբոքուած խոցով։
21Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան հիւանդին եօթն օր թող մեկուսացնի։
22Իսկ եթէ խոցը տարածուի մաշկի վրայ, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։
23Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
24Եթէ մարմնի մաշկը կրակով այրուած լինի, նրա մաշկն այրուածքից ապաքինուի, իսկ այրուածքի տեղում փայլուն, սպիտակ, կարմրաւուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանայ,
25եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա այրուածքից առաջացած բորոտութիւն է։ Քահանան հիւանդին թող անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան հիւանդութիւն է։
26Իսկ եթէ քահանան տեսնի, որ դրա վրայ որեւէ փայլուն հետք կամ սպիտակ մազ չկայ, եւ բշտիկի տեղը մաշկից խորը չէ, գոյնը մուգ է, ապա քահանան նրան եօթը օր թող մեկուսացնի։
27Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի, որովհետեւ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։
28Եւ եթէ վէրքը նոյն տեղում մնայ՝ չտարածուի մաշկի վրայ, եւ գոյնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրուածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետեւ դա այրուածքի հետք է միայն։
29Եթէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրայ բորոտութեան վէրք լինի, եւ քահանան զննի այն ու նկատի,
30որ վէրքի տեղն աւելի խորն է, քան մաշկը, դրա վրայի մազը վերածուել է խարտեաշ աղուամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա գոնջութիւն է՝ գլխի կամ կզակի բորոտութիւն։
31Եթէ քահանան նկատի գոնջութեան նշանները, այն, որ վէրքի տեղն աւելի խորը չէ, քան մաշկը, եւ ոչ էլ մազն է խարտեաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի եօթը օր։
32Քահանան եօթներորդ օրը թող զննի գոնջութեան հետքերը եւ տեսնելով, որ այն չի տարածուել մաշկի վրայ, մազը խարտեաշ չի դարձրել, ոչ էլ վէրքի տեղն է աւելի խորը, քան մաշկը,
33թող սափրի մաշկի առողջ մասի մազերը, իսկ հիւանդ մասի մազերը թող չսափրի։ Քահանան հիւանդին թող մեկուսացնի եւս եօթը օր։
34Քահանան եօթներորդ օրը վէրքը թող զննի եւ տեսնելով, որ սափրելուց յետոյ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, եւ վէրքի տեղն էլ աւելի խորը չէ, քան մաշկը, ուրեմն նրան մաքուր թող համարի, իսկ այդ մարդն իր զգեստները լուանալով՝ մաքուր թող համարուի։
35Բայց եթէ նրան սափրելուց յետոյ վէրքը տարածուի նրա մաշկի վրայ, եւ քահանան տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ,
36նա խարտեաշ մազերի համար թող դարմանուած չհամարի այն, քանի որ հիւանդը անմաքուր է։
37Եթէ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, իսկ դրա շուրջը թուխ մազ է բուսել, ուրեմն հիւանդութիւնն անցել է, հիւանդը մաքուր է։ Քահանան թող մաքուր համարի նրան։
38Եթէ տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրայ որեւէ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան լինի,
39եւ քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրայ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան կայ, ապա դա մարմնի մաշկի վրայ տարածուած թեփուկ է, ուրեմն այդ մարդը մաքուր է։
40Եթէ որեւէ մէկի գլխի մազերը թափուեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։
41Իսկ եթէ նրա գլխի առջեւի մասի մազերը թափուեն, ուրեմն նա ճաղատ է, բայց մաքուր է։
42Եթէ նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրայ սպիտակ կամ կարմրաւուն վէրք լինի, ապա նրա հերաթափութեան կամ ճաղատութեան տակ բորոտութիւն է թաքնուած։
43Երբ քահանան զննի այն եւ տեսնի, որ հիւանդի ճաղատութեան վէրքը մարմնի մաշկի բորոտութեան նման սպիտակ է կամ կարմրաւուն, ուրեմն մարդը բորոտ է։ Նա անմաքուր է։ Քահանան խիստ անմաքուր պէտք է համարի նրան, քանի որ ախտը հէնց նրա գլխի վրայ է։
44Ով բորոտ է,
45նա պէտք է պատռուած զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկուած, եւ նա անմաքուր պէտք է համարուի։
46Քանի դեռ հիւանդութիւնը նրա վրայ է, նա անմաքուր պէտք է համարուի։ Նա անմաքուր է։ Նա պէտք է մեկուսացած մնայ, նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պէտք է լինի»։
47«Եթէ զգեստի վրայ բորոտութեան ախտանշան կայ, լինի այն բրդէ կամ կտաւէ զգեստ,
48լինի երկար գործուածք, թէ թեւքով, լինի կտաւից թէ բրդից գործուած, անմշակ կամ մշակուած կաշուից կարուած,
49եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն տեսակի աշխատուած կաշուի կամ իրի վրայ, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Այդ զգեստը պէտք է ցոյց տրուի քահանային։
50Քահանան պէտք է զննի ախտանշանը եւ ախտաւորուած զգեստը եօթն օր պէտք է մեկուսացնի։
51Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի ախտահարուած զգեստը։ Եթէ ախտանշանը տարածուել է զգեստի, երկար, թեւքով, կտաւէ, բրդէ կամ անմշակ ու մշակուած կաշուից պատրաստուած զգեստների, ամէն տեսակ առարկաների վրայ, ուրեմն դա իսկական բորոտութիւն է։ Դա անմաքուր է։
52Քահանան պէտք է վառի ախտահարուած այդ զգեստները, դրանք լինեն երկար թէ թեւքով, բրդից թէ կտաւից պատրաստուած զգեստներ կամ ամէն տեսակ կաշուէ առարկաներ։ Քանի որ դա իսկական բորոտութիւն է, ուրեմն կրակով պէտք է այրուի։
53Եթէ քահանան տեսնի, որ վարակը չի տարածուած զգեստի վրայ, դա լինի երկար թէ թեւքով, լինի բրդից կամ կտաւից պատրաստուած զգեստ կամ ամէն տեսակ կաշուէ առարկայ,
54թող նա հրամայի, որ լուանան ախտակիր զգեստը։ Այնուհետեւ քահանան ախտակիր զգեստը թող մեկուսացնի եւս եօթը օր։
55Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը։ Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը չի տարածուել։ Թող այն կրակով այրուի, քանզի ախտը բուն է դրել զգեստի՝ երկար կամ թեւքով հագուստի մէջ։
56Իսկ եթէ քահանան տեսնի, որ ախտահարուածը լուացուելուց յետոյ մուգ գոյն է ստացել, ապա այդ մասը թող կտրի-անջատի զգեստից, կաշուէ առարկայից, երկար կամ թեւքով հագուստից։
57Եթէ ախտանշանը նորից երեւայ երկար կամ թեւքով զգեստի, ամէն տեսակ կաշուէ առարկայի վրայ, ուրեմն դա սաստկացող բորոտութեան նշան է. ախտով վարակուածը կրակով թող այրուի, դա լինի երկար կամ թեւքով զգեստ,
58կաշուից պատրաստուած ամէն տեսակ առարկայ։ Եթէ լուացուելուց յետոյ ախտանշանը դուրս գայ դրանից, թող մի անգամ եւս լուացուի, ապա մաքուր համարուի»։
59Ահա այս թող լինի բրդէ, կտաւէ հագուստի, երկար կամ թեւքով զգեստի կամ ամէն տեսակ կաշուէ առարկայի բորոտութեան մասին օրէնքը, որով այս կամ այն առարկան մաքուր կամ անմաքուր են համարում։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Այս թող լինի մաքրուելուց յետոյ բորոտի հետ վարուելու կարգը։ Նրան թող բերեն քահանայի մօտ։
3Քահանան թող դուրս գայ բանակատեղիից, զննի նրան եւ համոզուելով, որ բորոտութեան ախտանշանը նրա վրայից վերացել է,
4թող հրաման տայ, որ ապաքինուածի համար բերեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։
5Քահանայի հրամանով թռչուններից մէկը թող մորթեն խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։
6Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթուած թռչունի արեան մէջ։
7Նա բորոտութիւնից ապաքինուածի վրայ դրանից եօթն անգամ թող ցանի եւ մաքրի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դէպի դաշտ։
8Մաքրուածը թող լուանայ իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լուացուի ջրով եւ դրանից յետոյ թող մաքուր համարուի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր վրանից դուրս ապրի եօթը օր։
9Եօթներորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը. ե՛ւ գլուխը, ե՛ւ մօրուքը, ե՛ւ յօնքերը. այո՛, պէտք է ածիլի մարմնի բոլոր մազերը։ Թող ջրով լուանայ իր զգեստները, մարմինը, որից յետոյ նա մաքուր թող համարուի։
10Ութերորդ օրը նա թող առնի մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ, մէկ տարեկան ոչ արատաւոր մի էգ գառ, իւղով հունցուած երեք տասներորդական գրիւ ընտիր ալիւր անարիւն զոհաբերութեան համար եւ մէկ բաժակ իւղ։
11Մաքրող քահանան մաքրուող մարդուն եւ զոհաբերութեան ընծաները թող բերի վկայութեան խորանի առաջ։
12Քահանան թող վերցնի մի գառը, այն թող զոհաբերի մեղքերի քաւութեան համար, վերցնի նաեւ մէկ բաժակ իւղը եւ այն որպէս ընծայ մատուցի Տիրոջ առաջ։
13Միւս գառը թող մորթի այն վայրում, ուր մորթում են ողջակէզն ու մեղքերի քաւութեան զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Մեղքերի քաւութեան համար արուած զոհը, ինչպէս եւ յանցանքի քաւութեան համար արուած զոհը, պատկանում է քահանային, եւ դա սրբութիւնների սրբութիւն է։
14Քահանան թող վերցնի յանցանքների քաւութեան համար արուած զոհի արիւնից եւ քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին։
15Քահանան վերցնելով բաժակի միջի իւղից՝ այն թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ։
16Քահանան իր ձախ ձեռքի ափի իւղի մէջ թող թաթախի աջ ձեռքի մատը եւ այդ մատով եօթն անգամ ցանի Տիրոջ առաջ։
17Իր ձախ ձեռքի ափի մնացած իւղը քահանան թող քսի մաքրուածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։
18Քահանան իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը թող քսի մաքրուողի գլխին։
19Քահանան նրան թող քաւութիւն տայ Տիրոջ առաջ։ Քահանան մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը կատարելով՝ մաքրուողին քաւութիւն է տուած լինում իր մեղքերից։ Դրանից յետոյ քահանան թող մորթի ողջակէզը եւ ողջակիզուածն ու զոհաբերուածը դնի զոհասեղանին, Տիրոջ առաջ։
20Քահանան թող այդպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողի մեղքերին, եւ այդ մարդը թող մաքրուի։
21Եթէ նա աղքատ է եւ չունի այդ կարողութիւնը, իր կատարած յանցանքի քաւութեան համար թող զոհաբերի մէկ գառ, իւղով հունցուած մէկ տասներորդական գրիւ ընտիր ալիւր, մէկ բաժակ իւղ
22եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ այն, ինչ կարող է։ Մէկը պիտի մատուցուի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ որպէս ողջակէզ։
23Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մօտ, որ նրան մաքրեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։
24Քահանան, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուելիք գառն ու իւղի բաժակը, թող մատուցի Տիրոջ առաջ»։
25Քահանան թող մորթի յանցանքի քաւութեան գառը, ապա, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուածի արիւնից, թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին։
26Քահանան այդ իւղից թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ,
27եւ աջ ձեռքի մատով ձախ ձեռքի ափի մէջ եղած իւղից եօթն անգամ թող ցանի Տիրոջ առաջ։
28Քահանան իր ձեռքում եղած իւղից թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։
29Իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը քահանան թող քսի մաքրուողի գլխին եւ քաւութիւն տայ նրան Տիրոջ առաջ։
30Իր կարողութեան չափով տատրակներից կամ աղաւնիների ձագերից մէկը
31թող զոհ մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ։ Քահանան թող այսպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողին Տիրոջ առաջ։
32Այս է չափաւոր կարողութեան տէր բորոտի մաքրուելու կարգը»։
33Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.
34«Երբ դուք մտնէք Քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրեւ սեփականութիւն եմ տալու, եւ ձեր սեփականութիւնը հանդիսացող այդ երկրի տներում բորոտութեան վարակ տարածեմ,
35այն ժամանակ տանտէրը թող գայ եւ քահանային պատմի ու ասի, թէ՝ «Ինչ-որ ախտանշան երեւաց իմ տանը»։
36Քահանայի հրամանով տունը կը դատարկեն, մինչ քահանան այդ տունը կը մտնի զննելու համար, որպէսզի տան մէջ գտնուող ոչ մի բան անմաքուր չլինի։ Դրանից յետոյ քահանան թող մտնի տունն ստուգելու։
37Քահանան տան պատերին կը տեսնի ախտանշանը՝ տեղ-տեղ խորն ընկած կանաչաւուն կամ կարմրաւուն բծեր, որոնց մակերեսն աւելի խորն է, քան պատինը։
38Քահանան, ելնելով տան դռնից դուրս, թող կարգադրի, որ տունը եօթն օր փակի տակ պահուի։
39Քահանան եօթներորդ օրը նորից թող գայ եւ զննի տունը։ Եթէ տեսնի, որ ախտանշանները տարածուած են տան պատերին,
40հրաման թող տայ, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրայ ախտանշան կայ։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
41Թող ամբողջութեամբ քերեն տան ներսը եւ քերուածը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
42Այնուհետեւ թող առնեն յղկուած այլ քարեր, դրանք տեղադրեն հանուած քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
43Եթէ քարերը տեղահանելուց, պատերը քերելուց եւ նորից ծեփելուց յետոյ տան մէջ վերստին երեւայ ախտանշանը,
44ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթէ ախտանշանը տարածուած է տան մէջ, ուրեմն տան մէջ իսկական բորոտութիւն կայ. այդ տունը անմաքուր է։
45Պէտք է քանդել տունը եւ նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պէտք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
46Փակի տակ պահուած բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի։
47Ով որ քնի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։ Ով որ ուտի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։
48Եթէ քահանան գայ մտնի, զննի ու տեսնի, որ այդ տունը ծեփուելուց յետոյ ախտանշանը չի տարածուել տան մէջ, թող այն մաքուր յայտարարի, քանի որ ախտը բուժուած է։
49Տունը մաքրելու համար քահանան թող առնի երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։
50Քահանան թռչուններից մէկը թող մորթի խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։
51Ապա քահանան թող վերցնի եղեւնու փայտը, կարմիր մանուածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը եւ դրանք թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթած թռչունի արեան մէջ։ Նա այդ տան վրայ եօթն անգամ թող ցանի այն։
52Տունը թող մաքրի թռչունի արեամբ, աղբիւրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղեւնու փայտով, ծոթրինով եւ կարմիր մանուածքով,
53իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դէպի դաշտ։ Երբ քահանան այդ տան համար քաւութեան զոհաբերութիւն կատարի, եւ տունը մաքրուի, այդ տունը մաքուր կը լինի։
54Ահա ա՛յս թող լինի բորոտութեան ու գոնջութեան բոլոր ախտանշանների համար կիրառուող կարգը,
55նաեւ զգեստի ու տան բորոտութեան,
56սպիի, ուռուցքի ու բշտիկի,
57թէ ո՛ր օրը մարդն անմաքուր է եւ ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտութեան վերաբերեալ կարգը։
1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. «Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումը անմաքուր է։
3Մարմնից սերմ ծորող եւ սերմի ծորումից մարմինը հիւծուող մարդու մաքրուելու կարգը այս է. իր մարմնից ծորում լինելու եւ ծորումից մարմինը հիւծուելու բոլոր օրերը անմաքրութեան շրջան թող համարուեն իր համար։ Դա մարմնի անմաքրութիւն է։
4Ամէն անկողին, որի մէջ սերմի ծորում ունեցողն է քնում, անմաքուր թող համարուի. այն ամէնը, որի վրայ նա կը նստի, թող անմաքուր համարուի։
5Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
6Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
7Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
8Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
9Էշի թամբը, որի վրայ նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
10Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնուող որեւէ իրի, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
11Եթէ սերմի ծորում ունեցողը առանց ձեռքերը լուանալու դիպչի որեւէ մէկին, սա պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
12Խեցէ որեւէ անօթ, որին կը դիպչի սերմի ծորում ունեցողը, պէտք է ջարդուի, իսկ փայտէ բոլոր ամանները պէտք է լուացուեն ջրով, որպէսզի մաքուր լինեն։
13Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները, մարմինը լուայ հոսող ջրով, որից յետոյ մաքուր կը համարուի։
14Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի Տիրոջ առաջ, վկայութեան խորան եւ տայ քահանային։
15Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը զոհի իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր ծորումի համար։
16Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
17Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով։ Դա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
18Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով։ Նրանք անմաքուր են համարւում մինչեւ երեկոյ։
19Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։
20Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
21Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում։
22Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
23Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
24Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ որեւէ մէկը պառկի նրա հետ, երբ նրա անմաքրութիւնը դեռ իր մէջ է, եօթը օր թող անմաքուր համարուի։ Մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի նաեւ այն անկողինը, որի վրայ այդ մարդը կը քնի։
25Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող համարուեն որպէս դաշտանի օրեր։ Այդ բոլոր օրերի ընթացքում նա թող անմաքուր համարուի։
26Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման անմաքուր թող համարուի։ Ամէն առարկայ, որի վրայ նա կը նստի այս շրջանում, թող անմաքուր համարուի, ինչպէս որ անմաքուր էր համարւում իր կանոնաւոր դաշտանի օրերին։
27Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի։ Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։
28Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի։
29Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանայի մօտ, վկայութեան խորանի դուռը։
30Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր արիւնահոսութեան համար, որ նրան անմաքուր էր դարձրել»։
31Իսրայէլի որդիներին խստօրէն զգուշացրէ՛ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրութեան պատճառով չմեռնեն։
32Այս է կարգը սերմի ծորում ունեցողի,
33երազախաբութեան պատճառով անմաքուր դարձածի, արիւնահոսութիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թէ կին, ինչպէս նաեւ դաշտանի մէջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու մասին։
1Տիրոջը օտար կրակ մատուցելիս Ահարոնի որդիների մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի հետ։
2Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Թող ամէն վայրկեան վկայութեան տապանակի առաջ գտնուող վարագոյրից ներս անցնելով՝ սրբարան չմտնեն, որպէսզի չմեռնեն. ես տապանակի վրայ երեւալու եմ ամպի մէջ։
3Եւ ապա Ահարոնը կը մտնի սրբարան մեղքերի քաւութեան համար նախրի մի զուարակով եւ ողջակէզի համար մի խոյով։
4Նա սրբագործուած կտաւէ պատմուճանը թող հագնի, մարմնի վրայ՝ կտաւէ անդրավարտիքը, մէջքին կապի կտաւէ գօտին, գլխին դնի կտաւէ խոյրը, որովհետեւ դրանք սրբագործուած հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լուայ ջրով եւ թող հագնի դրանք։
5Իսրայէլացիների հօտերի միջից նա մեղքերի քաւութեան համար երկու նոխազ թող առնի եւ մէկ խոյ էլ՝ ողջակէզի համար։
6Ահարոնը մեղքերի քաւութեան համար պիտի զոհաբերի զուարակը եւ դրանով պիտի քաւի իր ու իր ընտանիքի մեղքերը։
7Նա թող վերցնի երկու նոխազները, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ։
8Ահարոնը երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերուելիք նոխազի համար, իսկ միւսը՝ ազատ արձակուելիք նոխազի համար։
9Ահարոնը թող մօտեցնի իրեն այն նոխազը, որի վրայ արձակուելու վիճակ էր ընկել,
10թող այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ եւ այն արձակելով ու բաց թողնելով դէպի անապատ՝ նրան քաւութիւն թող անի։ Եւ թող նոխազն իր վրայ վերցնի նրանց անօրէնութիւնները։
11Ապա Ահարոնը թող առնի զուարակը իր մեղքերի քաւութեան համար եւ թող քաւութիւն տայ իր եւ իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քաւութեան համար թող մորթի զուարակը։
12Նա Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանի վրայից թող առնի վառուած ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ եւ տանի վարագոյրից ներս։
13Նա խունկը թող դնի կրակի վրայ, Տիրոջ առաջ. խնկի ծուխը կը ծածկի վկայութիւնների տապանակի վրայ գտնուող կափարիչը։ Եւ դուք չէք մեռնի։
14Նա թող առնի զուարակի արիւնից եւ իր մատով ցանի քաւութեան արեւելեան կողմից, իսկ քաւութեան դէմ յանդիման այդ արիւնից իր մատով թող ցանի եօթն անգամ։
15Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քաւութեան նոխազը եւ դրա արիւնից թող տանի վարագոյրից ներս։ Նա այդ արեան հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարուեց զուարակի արեան հետ. նա դրա արիւնը թող ցանի զոհասեղանի վրայ, քաւութեան դէմ յանդիման։
16Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի իսրայէլացիների պղծութիւններից՝ նրանց կատարած անիրաւութիւններից ու գործած բոլոր մեղքերից։ Նոյն կերպ թող վարուի իրենց աղտեղութեամբ պղծուած վկայութեան խորանի հետ։
17Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ։ Նա քաւութիւն թող անի իր, իր ընտանիքի եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի համար։
18Այնուհետեւ նա թող դուրս գայ եւ գնայ դէպի Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանը եւ քաւութեան ծէս կատարի դրա վրայ։ Նա թող առնի զուարակի արիւնից ու նոխազի արիւնից եւ շուրջանակի թող քսի զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։
19Նա այդ արիւնից իր մատով եօթն անգամ թող ցանի դրա վրայ եւ Իսրայէլի որդիների պղծութիւնից թող մաքրի այն ու սրբացնի։
20Նա այսպիսով թող աւարտի վկայութեան խորանի ու զոհասեղանի սրբագործութիւնը։ Նա թող սրբագործի նաեւ քահանաներին։ Նա թող մօտ բերի կենդանի նոխազը։
21Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի նոխազի գլխին, խոստովանի Իսրայէլի որդիների գործած բոլոր անօրէնութիւնները, նրանց բոլոր յանցանքներն ու բոլոր մեղքերը։ Նա դրանք թող թափի կենդանի նոխազի գլխին եւ յարմար մի մարդու միջոցով այն ազատ արձակի դէպի անապատ։
22Այս նոխազն իր վրայ պիտի վերցնի իսրայէլացիների գործած բոլոր մեղքերը անմարդաբնակ մի վայրում։ Ահարոնն այդ նոխազը պիտի արձակի դէպի անապատ։
23Ահարոնն այնուհետեւ պիտի մտնի վկայութեան խորանը, պիտի հանի կտաւէ պատմուճանը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, եւ այն պիտի թողնի այնտեղ։
24Նա սրբարանում իր մարմինը պիտի լուայ ջրով, հագնի իր պատմուճանը եւ, դուրս գալով, զոհաբերի իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը, որով նա քաւած պիտի լինի իր, իր ընտանիքի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ քահանաների գործած մեղքերը։
25Մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանիների ճարպը թող դնեն զոհասեղանի վրայ։
26Մեղքերի քաւութեան համար նոխազն ազատ արձակողը թող լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։
27Մեղքերի քաւութեան համար զոհաբերուած զուարակն ու նոխազը, որոնց արիւնը քաւութիւն անելու համար բերուած էր սրբարան, պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ ամբողջութեամբ՝ մորթով, մսով ու կղկղանքով այրեն։
28Դրանք այրողն այնուհետեւ պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։
29Սա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի.Եօթներորդ ամսուայ տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինը, այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք։ Դա վերաբերում է ե՛ւ տեղաբնակ իսրայէլացուն, ե՛ւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդխտին։
30Այդ օրը ձեզ համար մեղքերի քաւութեան օր պիտի լինի, որպէսզի Տիրոջ առաջ մաքրուէք ձեր գործած բոլոր մեղքերից. արդարեւ պիտի մաքրուէք,
31որովհետեւ դա շաբաթների Շաբաթ է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստեան օր, եւ դուք զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինները։ Դա յաւիտենական օրէնք է։
32Մեղքերի քաւութիւն կարող է տալ այն քահանան, որին օծել են եւ որին իր հօրից յետոյ քահանայագործելու կարո՛ղ կը համարեն։ Նա կը հագնի կտաւէ պատմուճանը՝ սուրբ պատմուճանը,
33կը սրբագործի սրբութիւնների սրբութիւնը, վկայութեան խորանն ու զոհասեղանը, քաւութիւն կը տայ քահանաներին եւ ամբողջ իսրայէլացի ժողովրդին։
34Իսրայէլի որդիների գործած բոլոր մեղքերի քաւութեան համար սա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ»։ Այդ արարողութիւնը տարին մէկ անգամ թող կատարուի, ինչպէս Տէրը հրամայեց Մովսէսին։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց.
3Իսրայէլացիներից որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի այն իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, նաեւ նա, որ դրսում կը մորթի
4եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը արիւնապարտ պիտի համարուի։ Նա պիտի սպանուի իր ժողովրդի կողմից որպէս արիւն թափող մարդ։
5Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ, եւ դրանք մորթեն այստեղ որպէս Տիրոջը մատուցուելիք փրկութեան զոհ։
6Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող այրի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
7Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար յաւիտենական օրէնք թող լինի»։
8Նրանց կ՚ասես. «Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ է մատուցում
9եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից։
10Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ զայրացած հայեացքը կ՚ուղղեմ արիւն ուտող այդ մարդու վրայ եւ նրան կը վերացնեմ իր ժողովրդի միջից,
11որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը, որպէսզի նրա՛ արիւնով քաւուեն ձեր մեղքերը։
12Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի։ Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մարդը»։
13Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է թափի դրա արիւնն ու այն ծածկի հողով,
14որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ոչ մի մարմնի արիւն չուտէք», որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ով որ ուտի դա, կը վերանայ։
15Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ իր մարմինը։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Միայն դրանից յետոյ նա մաքուր կը համարուի։
16Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը լինի»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Ես եմ ձեր Տէր Աստուածը։
3Մի՛ արէք այն, ինչ արեցիք Եգիպտացիների երկրում, որտեղ պանդուխտ էիք։ Մի՛ արէք այն, ինչ արեցիք նաեւ Քանանացիների երկրում, ուր ձեզ տանելու եմ, եւ նրանց օրէնքներով մի՛ առաջնորդուէք։
4Կը կատարէք իմ պատգամները եւ կը պահպանէք իմ հրամանները. դրանցով կ՚առաջնորդուէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
5Պիտի պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատգամները. պիտի կատարէք դրանք։ Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկուի դրանցով։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
6Որեւէ մէկն իր արիւնակից հարազատին թող չմօտենայ նրա ամօթոյքը բանալու նպատակով, որովհետեւ ես եմ Տէրը։
7Քո հօր ամօթոյքը կամ քո մօր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մայրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։
8Քո հօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո հօր ամօթոյքն է։
9Քո հօրից կամ մօրից ծնուած, քո տան մէջ կամ դրսում ծնուած քրոջդ ամօթոյքը չբանաս։
10Քո որդու աղջկայ ամօթոյքը կամ քո աղջիկ թոռան ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո՛ ամօթոյքն է։
11Քո հօր կնոջ դստեր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա նոյն հօրից ծնուած քո քոյրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։
12Քո հօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո արիւնակից հարազատն է։
13Քո մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մօր արիւնակից հարազատն է։
14Քո հօրեղբօր ամօթոյքը չբանաս եւ նրա կնոջը չմերձենաս, որովհետեւ նա քո ազգականն է։
15Քո հարսի ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո որդու կինն է. նրա ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ կամ աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը, որովհետեւ նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։
16Քո եղբօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նրա ամօթոյքը քո եղբօրն է պատկանում։
17Նրա կնոջ եւ դստեր ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ եւ նրա աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը. նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։
18Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետեւ մէկի ներկայութեամբ միւսի ամօթոյքը բանալով՝ խանդ կ՚առաջացնես։
19Դաշտանի մէջ գտնուող կնոջ ամօթոյքը բանալով՝ նրա հետ չպառկես։
20Քո ընկերոջ կնոջ հետ մի՛ պառկիր, որպէսզի նրա հետ չպղծուես։
21Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը։
22Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է։
23Ոչ մի անասունի հետ չխառնակուես՝ պղծուելով նրա հետ։ Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրութեամբ. դա գարշելի է։
24Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ։
25Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։
26Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդուխտը չպէտք է կատարի այդ բոլոր պղծութիւնները,
27որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց։
28Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից։
29Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից։
30Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որ ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ մի՛ պղծուէք դրանցով, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։
3Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից։Պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը։
4Մի՛ հետեւէք կուռքերին եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի՛ կերտէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
5Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցեցէք։
6Զոհը պէտք է ուտուի զոհամատուցման օրն ու յաջորդ օրը, եւ եթէ որեւէ բան մնայ երրորդ օրուան, այն կրակով պէտք է այրուի։
7Իսկ եթէ մէկն ուտի երրորդ օրը, այն զոհամատուցում չի լինի եւ ընդունելի չի համարուի։
8Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում։ Իրենց ժողովրդի միջից թող վերանան նրանք, ովքեր կ՚ուտեն այդ օրը։
9Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք։
10Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
11Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի։
12Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծու անունը մի՛ պղծէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
13Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր։Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քեզ մօտ չմնայ։
14Համրին մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը։
15Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո ընկերոջը։
16Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս։Ես եմ ձեր Տէր Աստուածը։
17Քո հոգում եղբօրդ չատես։ Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես։
18Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը։
19Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր։
20Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը նախատեսուած է եղել մէկ այլ տղամարդու համար, ապա երկուսն էլ պէտք է հարցաքննուեն, բայց մահուան չպիտի դատապարտուեն, քանի որ կինն անազատ է։
21Տղամարդը, իր գործած յանցանքը քաւելու համար, վկայութեան խորանի դռան առաջ մեղքերի քաւութեան խոյ պիտի մատուցի Տիրոջը։
22Քահանան յանցանքների քաւութեան խոյը պիտի զոհաբերի Տիրոջ առաջ՝ որպէս քաւութիւն նրա կատարած մեղքերի, եւ թողութիւն պիտի տայ նրա կատարած մեղքերին։
23Երբ մտնէք այն երկիրը, որ Տէր Աստուած տալու է ձեզ, ամէն տեսակի պտղատու ծառեր տնկեցէ՛ք եւ նրա անմաքրութիւնը մաքրեցէ՛ք։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար, եւ այն չուտէք։
24Չորրորդ տարում նրա բոլոր պտուղները պիտի սրբագործուեն Տիրոջ օրհնութեան համար։
25Հինգերորդ տարում կ՚ուտէք դրա պտուղը։ Այդ տարուց սկսած կարող էք դրա բերքը ուտել եւ պահեստաւորել։
26Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Լեռների վրայ մի կերէ՛ք։ Կախարդութեամբ մի՛ զբաղուէք։ Գուշակութիւններ մի՛ արէք թռչունների թռիչքները դիտելով։
27Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք։
28Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք։ Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք։
29Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկացնելով, որպէսզի երկիրը պոռնկութեան մէջ չընկնի ու անօրէնութեամբ չլցուի։
30Իմ շաբաթ օրերը կը պահէք եւ իմ սրբարանին երկիւղածութեամբ կը մօտենաք, քանզի ես եմ Տէրը։
31Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք։
32Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին։ Պիտի երկնչես քո Աստծուց։ Ես եմ քո Տէր Աստուածը։
33Եթէ ձեր երկրում օտարական հաստատուի, նրան չնեղէք։
34Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, եւ եկուորը թող բնակուի ձեզ մօտ։ Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետեւ դուք էլ պանդուխտ եղաք Եգիպտացիների երկրում։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
35Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք։ Անիրաւութիւն մի՛ արէք նաեւ չափելու, կշռաքարերի ու կշռելու մէջ։
36Կշեռքները ճիշտ պէտք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից։
37Կը պահպանէք իմ բոլոր օրէնքները, իմ բոլոր հրամանները. դրանք կը կատարէք, քանզի ես եմ Տէր Աստուածը»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։
3Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։
4Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան,
5ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
6Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։
7Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։
8Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները։ Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ։
9Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
10Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը։
11Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
12Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
13Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
14Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի։
15Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել։
16Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք։ Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ են։
17Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա ամօթոյքը, ապա դա նախատինք է. նրանք պէտք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետեւ նա իր խորթ քրոջ ամօթոյքն է բացած լինում։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
18Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ նրան ցոյց է տուել իր արեան աղբիւրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
19Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
20Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
21Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն նրանք անժառանգ թող մեռնեն։
22Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք։ Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակուելու համար։
23Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, եւ ես նողկանք զգացի նրանց հանդէպ։
24Ես ձեզ ասացի. «Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։
25Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամէն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար իբրեւ անմաքուրների։
26Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը լինէք։
27Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. «Թող նրանք անմաքուր չհամարուեն իրենց ազգականի, բարեկամի կամ իրենց հարեւանի դիակներին դիպչելով՝
2բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ դիակներին։ Եթէ սրանց դիպչեն, անմաքուր կը համարուեն։
3Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով։
4Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն։
5Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են մատուցում իրենց Տէր Աստծուն։ Նրանք սուրբ պէտք է լինեն։
6Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն։ Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան սուրբ պէտք է լինի իր Տէր Աստծու համար եւ պիտի մաքրի իրեն։
7Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը։ Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։
8Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի։
9Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,
10վախճանուած մարդուն չդիպչի, - եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, - եւ իրեն չպղծի։
11Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր վրայ կրում է Աստծու օծութեան սուրբ իւղը։ Այո՛, ես եմ Տէրը։
12Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի։
13Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին։
14Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան»։
15Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց.
16«Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. «Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի։
17Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ,
18ձեռքը կամ ոտքը կոտրած,
19կուզ կամ շիլ, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող,
20մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են։
21Այդ սրբութիւններից նա կարող է ուտել,
22բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Իր Աստծու սրբարանը նա չպէտք է պղծի, քանզի ես եմ Տէրը, որ սրբագործում եմ քահանաներին»։
23Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի իրենց մատուցած զոհերով չարատաւորեն իմ սուրբ անունը, քանզի ես եմ Տէրը։
3Նրանց կ՚ասես. «Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ անմաքուր վիճակում մօտենայ վկայութեան խորանին, որպէսզի զոհ մատուցի այն, ինչ իսրայէլացիներն են մատուցում Տիրոջը, ապա ես նրան կ՚ոչնչացնեմ, քանզի ես եմ Տէրը։
4Եթէ Ահարոն քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, իրաւունք չունի զոհաբերութիւնների մսից ուտելու, մինչեւ որ չմաքրուի։ Ով որ դիպչի մեռելից պղծուած որեւէ բանի, ով որ առնական սերմի կորուստ ունենայ,
5ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով,
6ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր մարմինը չլուայ ջրով։
7Արեւը մայր մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից, որովհետեւ դա է նրա ուտելիքը։
8Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ։ Ես եմ Տէրը։
9Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի մեղք գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով մահապատժի չենթարկուեն։ Ես եմ քահանաներին սրբագործող Տէրը։
10Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի։ Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտեն։
11Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից։ Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են ուտել նրա ուտելիքից։
12Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սրբութիւններից։
13Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, ինչպէս իր մանկութեան օրերին, կարող է ուտել իր հօր ուտելիքներից։ Քահանայական ընտանիքին չպատկանող մարդը իրաւունք չունի դրանից ուտելու։
14Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ վերադարձնի քահանային։
15Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։
16Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ։ Ես եմ դրանք սրբագործող Տէրը»։
17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
18«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ Իսրայէլի որդիներից կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած եկուորներից մէկը ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան բերի իր նուէրը, որ պիտի մատուցուի Տիրոջը որպէս ողջակէզ,
19ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ։
20Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի։
21Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր զոհաբերութիւն եւ կամ տօնի առթիւ արուած զոհաբերութիւն, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերուած կենդանին ընդունելի կը լինի, եթէ այն արատաւոր չէ։ Այն ոչ մի արատ չպէտք է ունենայ։
22Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը. դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակէզ չբերէք։
23Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի չէ։
24Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք։
25Այլազգի մարդուց նման կենդանիներ չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ ունեն։ Ձեր կողմից արուած այդ զոհերը ընդունելի չեն լինի ինձ համար»։
26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
27«Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ։ Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է ընդունելի լինել՝ Տիրոջը զոհաբերուելու համար։
28Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք։
29Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի։
30Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք։ Ես եմ Տէրը։
31Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը։
32Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը։ Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տէրը,
33որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի։ Ես եմ Տէրը»։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են.
3Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած։ Այդ օրը ոչ մի աշխատանք չէք կատարի, որովհետեւ այն Տիրոջը նուիրուած շաբաթ օրն է, երբ հանգստանում են բոլոր տներում։
4Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են.
5Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։
6Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք։
7Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։
8Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք»։
9Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
10«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը, առաջին խուրձը՝ ձեր հնձի բերքը, կը բերէք քահանային։
11Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր։ Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին յաջորդող առաջին օրուայ առաւօտեան։
12Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար։
13Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր պիտի մատուցէք։ Դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է՝ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ Իբրեւ նուէր՝ նաեւ մէկ քառորդ դորակ գինի։
14Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
15Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ,
16մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր։ Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք։
17Ձեր տներից կ՚ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ։ Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու տասներորդական գրիւ ընտիր ալիւրով։ Թթխմորով պիտի եփուեն դրանք, Տիրոջը տրուող առաջին բերքից։
18Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ։ Դրանք ողջակէզ պիտի լինեն Տիրոջը։ Անարիւն զոհաբերութիւններն ու գինին Տիրոջը մատուցուած անուշահոտ բուրմունք են։
19Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան երկու գառ՝ իբրեւ փրկութեան զոհաբերութիւն։
20Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ։ Դրանք երկու գառների հետ պէտք է ընծայաբերուեն Տիրոջը եւ պատկանեն մատուցող քահանային։
21Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
22Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդխտին կը թողնէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։
23Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
24«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը նուիրաբերուած մի սուրբ տօն, որ շեփորներով է ազդարարւում։
25Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք»։
26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
27«Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է։ Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից սկսած ձեր անձը զրկեցէ՛ք եւ Տիրոջը ողջակէզներ մատուցեցէ՛ք։
28Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու առաջ։
29Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից։
30Ով այդ օրը գործ կ՚անի, կը վերանայ իր ժողովրդի միջից։
31Ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
32Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր մարմինը եւ հանգստացէ՛ք»։
33Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
34«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք Տաղաւարահարաց տօնը։
35Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։
36Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ողջակէզ կը մատուցէք Տիրոջը, որովհետեւ դա տօնի վերջին օրն է։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէ՛ք։
37Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը ընծայ մատուցէք ձեր ողջակէզները, անարիւն զոհաբերութիւններն ու գինին։
38Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ ձեր միւս կամաւոր զոհաբերութիւններից, որոնք մատուցւում են Տիրոջը։
39Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք։ Առաջին եւ ութերորդ օրը պիտի հանգստանաք։
40Առաջին օրը կ՚առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների ճիւղեր, որպէսզի Տիրոջ առաջ եօթը օր ուրախանաք։
41Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ։ Եօթներորդ ամսին կը կատարէք այդ տօնը։
42Եօթը օր վրանների մէջ կ՚ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն,
43որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։
44Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ,
3որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ այն տեւապէս թող վառ պահեն Տիրոջ առաջ։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ համար ձեր սերունդների մէջ։
4Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները։
5Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք։ Ամէն մի կարկանդակի քաշը երկու տասներորդական հիմէն թող լինի։
6Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ։
7Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ։ Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի տասներկու ցեղերի։
8Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք։
9Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերուող նուէրների մէջ ամենասուրբն է։ Դա յաւիտենական օրէնք է»։
10Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր։ Բանակատեղիում կռիւ արեցին իսրայէլացի կնոջից ծնուած այս մարդն ու մի ուրիշ իսրայէլացի։
11Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց։ Նրան բերեցին Մովսէսի մօտ։ Նրա մօր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։
12Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան։
13Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
14«Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
15Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. «Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։
16Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի։
17Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։
18Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի։
19Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն։
20Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի։
21Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։
22Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։
23Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր։ Ամբողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
1Տէրը Սինա լերան վրայ խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2«Իսրայէլի որդիներին ասա՛. «Եթէ մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանայ նաեւ այդ հողը, քանի որ Տիրոջ շաբաթն է։
3Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին եւ կը հաւաքես դրանց բերքը։
4Եօթներորդ տարին հանգստեան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում։ Քո արտը չես մշակի, քո այգին չես էտի։
5Քո արտում ինքն իրեն աճած բոյսը չես հնձի, Տիրոջը նուիրաբերուելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստեան տարին է։
6Հանգստեան տարուայ ինքնաբոյս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մօտ բնակութիւն հաստատած օտարականի,
7քո անասունի եւ քո երկրի գազանների համար։ Նրա տուած ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար։
8Հանգստեան տարուց սկսած՝ կը հաշուես եօթն անգամ եօթը տարի, եւ եօթն անգամ եօթը տարին կը լինի քառասունինը տարի։
9Յիսուներորդ տարուայ եօթներորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով կ՚ազդարարէք ձեր ամբողջ երկրին։ Քաւութեան օրը ձեր ամբողջ երկրում շեփոր կը հնչեցնէք։
10Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք։ Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի։ Իւրաքանչիւր ոք պէտք է վերադառնայ իր կալուածքը, իւրաքանչիւր ոք պէտք է գնայ իր ազգատոհմին,
11որովհետեւ դա ազատագրման ազդարարն է։ Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի։ Չպէտք է ցանէք, չպէտք է հնձէք ինքն իրեն աճած բոյսը, Տիրոջն ընծայուած խաղողը չպէտք է քաղէք,
12քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտում ինքն իրեն բուսած եւ աճած բերքը կերէ՛ք։
13Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը։
14Եթէ որեւէ մէկը իր մերձաւորին որեւէ բան է վաճառում կամ իր մերձաւորից որեւէ բան է գնում, թող նրան չխաբի։
15Յոբելեանական տարուց յետոյ եղած տարիների հաշուով պիտի գնես քո մերձաւորից, եւ նա էլ հնձի տարիների հաշուով պիտի վաճառի քեզ։
16Ինչքան շատ են լինում մինչեւ ազատագրման տարին ընկած տարիները, այդքան թանկ պիտի գնես, եւ ինչքան քիչ լինեն տարիները՝ այդքան էժան, որովհետեւ արդիւնքի քանակով է, որ նա վաճառելու է քեզ։
17Եւ ոչ ոք իր մերձաւորին չպէտք է խաբի։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց. ես եմ ձեր Տէր Աստուածը։
18Կը կատարէք իմ բոլոր պատգամներն ու վճիռները։ Կը պահպանէք ու կը կատարէք դրանք եւ երկրում կ՚ապրէք ապահով.
19հողը կը տայ իր բերքը, դուք կուշտ կ՚ուտէք եւ երկրում կ՚ապրէք ապահով։
20Իսկ եթէ ասէք, թէ՝ ի՞նչ պիտի ուտենք այդ եօթներորդ տարում, եթէ չցանենք եւ մեր բերքը չհաւաքենք,
21ապա իմացէ՛ք, որ վեցերորդ տարում ես ձեզ կ՚ուղարկեմ իմ օրհնութիւնը, եւ հողը երեք տարուայ չափ բերք կը տայ։
22Ութերորդ տարում կը ցանէք, իսկ հին բերքը կ՚ուտէք մինչեւ իններորդ տարին։ Մինչեւ իններորդ տարուայ բերքը հասնելը կ՚ուտէք հին բերքը։
23Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք։
24Ձեր կալուածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։
25Եթէ աղքատանայ քեզ մօտ ապրող եղբայրդ եւ վաճառի իր կալուածքի մի մասը, ապա իր մօտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով փրկել իր եղբօր վաճառած արտը։
26Իսկ եթէ արտ վաճառողը ունեւոր ազգական չունենայ, ու ինքը յետոյ ի վիճակի լինելու գնելու, ապա կարող է իր արտը յետ գնելով փրկել։
27Նա պէտք է հաշուի եւ հանի վաճառքից յետոյ անցած տարիները եւ մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, որից յետոյ արտը նորից կը պատկանի իրեն։
28Իսկ եթէ նա այդքան կարողութիւն չունենայ, որ կարողանայ հողի տիրոջը հատուցել փոխարժէքը, ապա վաճառուածը մինչեւ ազատագրման տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր։ Ազատագրման տարում արտը պէտք է վերադարձուի նախկին տիրոջը։
29Եթէ որեւէ մէկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնուող մի բնակելի տուն, ապա նա կարող է այն յետ գնել վաճառքի օրուանից յետոյ մէկ տարուայ ընթացքում։ Մէկ տարուայ ընթացքում պէտք է լինի յետգնումը։
30Իսկ եթէ վաճառողը մէկ տարուայ ընթացքում ի վիճակի չլինի այն յետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մէջ եղած տունը թող առյաւէտ պատկանի գնողին՝ իբրեւ իր ու իր սերունդների սեփականութիւն։ Դա յետ գնելու ենթակայ չէ անգամ ազատագրման տարում։
31Պարիսպ չունեցող աւաններում գտնուող տները թող ագարակներ համարուեն։ Դրանք միշտ ենթակայ են յետգնման, եւ այնտեղ բնակուողները ազատագրման տարում պէտք է դուրս գան։
32Ղեւտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են միշտ յետ գնուել ղեւտացիների կողմից։
33Եթէ որեւէ մէկը ղեւտացու տուն է գնում, ապա ազատագրման տարում նա նրանց քաղաքներում գտնուող կալուածքների տներից դուրս պէտք է գայ, որովհետեւ ղեւտացիների քաղաքներում գտնուող կալուածքների տները նրանց ժառանգական սեփականութիւնն են Իսրայէլի որդիների մէջ։
34Ղեւտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնւում, վաճառքի ենթակայ չեն, որովհետեւ դրանք նրանց յաւիտենական կալուածքներն են։
35Եթէ եղբայրդ աղքատանայ եւ ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրեւ եկուորի ու պանդխտի։ Նա քեզ մօտ պիտի մնայ ու ապրի։
36Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ Տէրը։ Քո եղբայրը թող քեզ մօտ ապրի։
37Նրան տոկոսով դրամ չպիտի տաս եւ աւելին ստանալու ակնկալութեամբ չէ, որ նրան պիտի կերակրես։
38Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ տայ Քանանացիների երկիրը եւ լինի ձեր Աստուածը։
39Եթէ քեզ մօտ ապրող եղբայրդ աղքատանայ եւ քեզ վաճառուի որպէս ծառայ, ապա թող քեզ ստրուկի ծառայութեամբ չծառայի։
40Նա իբրեւ վարձկան, իբրեւ պանդուխտ թող լինի քեզ մօտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին։
41Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակուի եւ վերադառնայ իր ցեղի մօտ, թող գնայ իր հայրենի կալուածքը։
42Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից։ Դրա համար էլ նրանք իբրեւ ստրուկ չեն վաճառուելու։
43Չարչարանքով չպիտի տանջես նրան։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց։
44Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես,
45ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից։ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը։
46Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն։ Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի։
47Եթէ հարստանայ քեզ մօտ հաստատուած եկուորը կամ պանդուխտը, եւ քո աղքատացած եղբայրը վաճառուի քեզ մօտ հաստատուած այդ եկուորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնուածին,
48ապա վաճառուելուց յետոյ նա պէտք է յետ գնուի. նրա եղբայրներից մէկնումէկը փրկավճարով թող գնի նրան։
49Նրան փրկավճարով պէտք է գնի նրա հօրեղբայրը, հօրեղբօր որդին կամ իր ցեղի արիւնակից ազգականներից մէկը։ Իսկ եթէ ինքը հարստանայ, թող փրկավճարով գնի ինքն իրեն։
50Նա, սկսած իր վաճառուելու տարուանից մինչեւ ազատագրման տարին, թող հաշուի այն պարտքը, որ ինքն ունի իրեն գնած մարդուն։ Պարտքի գումարը թող հաշուուի վարձու աշխատողի վարձի չափով, նրա մօտ աշխատած տարիների քանակով։
51Եթէ դեռ շատ ժամանակ կայ մինչեւ ազատագրման տարին, որպէս փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնի մէկ մասը։
52Իսկ եթէ մինչեւ ազատագրման տարին քիչ ժամանակ է մնացել, թող հաշուի եւ ըստ մնացած տարիների տայ իր փրկագինը։
53Նա վարձկան պիտի համարուի այնքան ժամանակ, որքան տարի որ եղել է նրա մօտ։ Չարչարանքով չպիտի տանջես նրան։
54Իսկ եթէ այս ձեւերից որեւէ մէկով չի փրկագնուած, ապա ազատագրման տարում թող ազատ արձակուեն ինքն ու իր զաւակները,
55քանզի իսրայէլացիներն իմ ստրուկներն են, իմ ծառաները, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից»։
1Ես եմ ձեր Տէր Աստուածը։«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ ձեր երկրում քարակոթող մի՛ դնէք դրան երկրպագելու համար։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
2Իմ շաբաթ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը։
3Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ՚ուղարկեմ ձեզ իր ժամանակին։
4Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները։
5Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կ՚ուտէք եւ ձեր երկրում անհոգ կ՚ապրէք։
6Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի։ Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին։
7Դուք հալածական կ՚անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՚ընկնեն ձեր առաջ։
8Ձեր հինգ հոգին հալածական կ՚անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ՚ընկնեն ձեր առաջ։
9Ես բարի աչքով կը նայեմ ձեզ, կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը։
10Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանէք նոր բերքով լցնելու համար։
11Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու։
12Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը։
13Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ ձեզ համարձակ այստեղ բերեց»։
14«Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները,
15արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը,
16ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն։
17Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ։
18Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ։
19Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր։
20Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան։
21Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
22Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան։
23Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ,
24ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
25Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը։
26Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով։ Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք։
27Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ,
28ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։
29Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։
30Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրայ, եւ իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
31Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի հոտոտեմ։
32Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ։
33Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
34Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը,
35իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, պիտի հանգստանայ այն շաբաթ օրերի փոխարէն, որ չհանգստացաւ ձեր այնտեղ բնակուելու ժամանակ։
36Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպէս փախչում են ռազմի դաշտից, եւ պիտի ընկնեն առանց որեւէ մէկից հալածուած լինելու։
37Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։
38Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ։
39Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն։
40Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել եւ արհամարհել են ինձ.
41նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը։
42Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը,
43որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժուեն իրենց կատարած անօրէնութիւնների համար, այն բանի փոխարէն, որ արհամարհեցին իմ պատուիրանները, եւ իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։
44Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը։
45Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան բնակավայրից, որպէսզի լինեմ նրանց Աստուածը, քանզի ես եմ Տէրը»։ Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրէնքները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաստատեց իր եւ Իսրայէլի որդիների միջեւ։
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները հետեւեալը թող լինեն. տղամարդու դէպքում՝
3քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ։
4Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան։
5Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը երկդրամեան։
6Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք երկդրամեան արծաթ։
7Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը երկդրամեան։
8Եթէ որեւէ մէկը աղքատ լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար գին պիտի նշանակի։ Ինչ կարողութիւն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։
9Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից զոհ մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի է։
10Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի։ Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա ուխտած կենդանու նման թող սուրբ համարուի նաեւ դրա փոխարէն բերուածը։
11Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող կանգնեցուի քահանայի առաջ,
12քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին։
13Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ հինգերորդ մասը։
14Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ քահանայի սահմանած արժէքի թող գնահատուի այդ տունը։
15Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը կը լինի իրենը։
16Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած սերմի։ Եթէ սերմը մէկ քոռ է, ուրեմն թող վճարի յիսուն երկդրամեան արծաթ։
17Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի։
18Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած տարիների համար վճարելիք դրամը եւ դրա համեմատ այն հանի ագարակի արժէքից։
19Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից յետոյ ագարակը կը լինի իրենը։
20Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու իրաւունք չունի,
21բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը։ Դա քահանային պատկանող սեփականութիւն է։
22Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ,
23քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի որոշուած արժէքը։
24Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ։
25Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան դանգ թող լինի։
26Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ թէ ոչխար, պատկանում է Տիրոջը։
27Եթէ անմաքուր չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել իրեն։ Իսկ եթէ յետ չգնի, ապա թող վաճառի իր արժէքով։
28Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու։ Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար։
29Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի։
30Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում։ Դրանք Տիրոջն են նուիրաբերւում։
31Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ տասանորդը կը լինի իրենը։
32Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։
33Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես։ Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ փոխարինուողը պէտք է նուիրաբերես եւ իրաւունք չպիտի ունենաս դրանք յետ գնելու»։
34Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին։