1Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։
2Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։
3Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։
4Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։
5Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։
6Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»։ Եւ եղաւ այդպէս։
7Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից։
8Աստուած տարածութիւնը կոչեց երկինք։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ։
9Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»։ Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը։
10Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով։ Աստուած տեսաւ, որ լաւ է։
11Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»։ Եւ եղաւ այդպէս.
12հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց։ Աստուած տեսաւ, որ լաւ է։
13Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ։
14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները,
15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»։ Եւ եղաւ այդպէս։
16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։
17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար,
18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ Աստուած տեսաւ, որ լաւ է։
19Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ։
20Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»։ Եւ եղաւ այդպէս։
21Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների։ Աստուած տեսաւ, որ լաւ է։
22Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»։
23Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ։
24Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»։ Եւ եղաւ այդպէս։
25Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են։
26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։
27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։
28Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։
29Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,
30իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»։ Եւ եղաւ այդպէս։
31Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
1Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք։
2Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ։
3Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել։
4Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը։ Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը,
5երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը,
6բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը։
7Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ։
8Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։
9Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու եւ չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում։
10Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի։
11Մէկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ։
12Այդ երկրի ոսկին ազնիւ է։ Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը։
13Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է Եթովպացւոց երկիրը։
14Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դէպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։
15Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն։
16Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել,
17բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»։
18Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։
19Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց։ Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը։
20Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական։
21Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց։ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց։
22Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։
23Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»։
24Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին։
25Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում։
1Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»։
2Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։
3Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։
4Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ,
5որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»։
6Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։
7Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին։
8Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ։
9Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։
10Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»։
11Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»։
12Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»։
13Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»։
14Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես։
15Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
16Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»։
17Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին։
18Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես։
19Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»։
20Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը։
21Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց։
22Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»։
23Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր։
24Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները։
1Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»։
2Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին։ Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում։
3Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,
4իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից։ Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին,
5իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց։
6Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ։
7Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»։
8Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան։
9Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»։
10Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ։
11Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար։
12Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը։ Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»։
13Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար։
14Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»։
15Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ։ Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»։ Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի։
16Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։
17Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին։ Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ։
18Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ։ Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին։
19Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա։
20Ադդան ծնեց Յոբէլին։ Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է։
21Նրա եղբօր անունը Յոբաղ է։ Նա է յօրինել երգն ու քնարը։
22Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր։ Թոբէլի քոյրը Նոյեման էր։
23Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին։ Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր։
24Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»։
25Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»։
26Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս։ Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը։
1Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
2արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց։
3Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ։
4Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
5Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի։
6Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին։
7Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
8Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի։
9Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին։
10Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
11Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի։
12Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին։
13Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
14Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի։
15Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին։
16Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
17Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի։
18Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին։
19Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
20Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի։
21Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային։
22Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
23Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի։
24Ենոքը սիրելի եղաւ Աստծուն։ Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ։
25Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին։
26Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
27Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի։
28Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի։
29Նա նրա անունը դրեց Նոյ։ Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»։
30Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։
31Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի։
32Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին։
1Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան,
2Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։
3Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են։ Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»։
4Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին։
5Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում,
6զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում։
7Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»։
8Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն։
9Այս է Նոյի պատմութիւնը։ Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ։ Նոյը սիրելի եղաւ Աստծուն։
10Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին։
11Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ։
12Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը։
13Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով։ Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը։
14Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես։ Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես։
15Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը։
16Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը։
17Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ։
18Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք։
19Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ։ Թող դրանք արու եւ էգ լինեն։
20Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ։
21Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք։ Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։
22Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած։ Նա այդպէս էլ արեց։
1Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ։
2Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ,
3նաեւ երկնքի անպիղծ թռչուններից եօթը-եօթը՝ արու եւ էգ, իսկ պիղծ թռչուններից երկու-երկու՝ արու եւ էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ։
4Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»։
5Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց Տէր Աստուած։
6Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ։
7Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք։
8Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից
9երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած։
10Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ։
11Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները։
12Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր։
13Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք։
14Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն
15մտան տապան՝ Նոյի մօտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար։
16Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին։ Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը։
17Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ։ Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից։
18Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ։
19Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները։
20Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները։
21Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։
22Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ։
23Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին։
24Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը։
1Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց։
2Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը։
3Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց։
4Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ։
5Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում։ Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները։
6Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը։
7Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից։
8Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից։
9Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան։
10Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն։
11Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան։ Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար։ Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից։
12Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ։
13Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից։
14Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց։
15Տէր Աստուած Նոյին ասաց.
16«Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք,
17նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները։ Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ։ Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»։
18Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։
19Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից։
20Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ։
21Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը։ Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է։ Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի։
22Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
1Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան։
2Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ։
3Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել։
4Կենսատու արիւն պարունակող միս չուտէք,
5քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն։ Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին։
6Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն։
7Իսկ դուք աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը եւ բազմացէ՛ք դրա վրայ»։
8Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց.
9«Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ,
10ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ։
11Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլեւս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլեւս»։
12Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է.
13իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ։ Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը։
14Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ։
15Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ։ Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան։
16Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»։
17Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»։
18Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը։ Քամը Քանանի հայրն էր։
19Այս երեքն էին Նոյի որդիները, եւ ժողովուրդները սրանցից սերուելով տարածուեցին ողջ երկրի վրայ։
20Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց։
21Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ։
22Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
23Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը։ Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան։
24Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին,
25եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»։
26Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։
27Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։
28Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի։
29Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ։
1Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց։
2Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը։
3Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման։
4Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։
5Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի։
6Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը։
7Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը։
8Քուշը ծնեց Նեբրոթին։ Նա առաջին հսկան էր երկրի վրայ։
9Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ։ Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»։
10Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում։
11Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,
12ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը։ Սա մեծ քաղաք էր։
13Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,
14պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները։
15Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,
16յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
17խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,
18արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։ Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը։
19Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա։
20Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի։
21Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ։
22Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։
23Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը։
24Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին։
25Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր։
26Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,
27Յոդորամին, Եզէլին, Դեկլային,
28Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին,
29Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին։ Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են։
30Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը։
31Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի։
32Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել։
1Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում։
2Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ։
3Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»։ Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ։
4Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք։ Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»։
5Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։
6Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։
7Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»։
8Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։
9Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ։
10Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին։
11Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի։ Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
12Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին։
13Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։ Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային։ Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
14Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։
15Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
16Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին։
17Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
18Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին։
19Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
20Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։
21Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
22Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին։
23Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ։
24Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։
25Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ։
26Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին։
27Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
28Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում։
29Աբրամն ու Նաքորը ամուսնացան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա։ Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր։
30Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում։
31Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը։ Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ։
32Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ։
1Աստուած ասաց Աբրամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ։
2Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես։
3Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
4Եւ Աբրամը գնաց, ինչպէս ասել էր նրան Աստուած։ Նրա հետ գնաց նաեւ Ղովտը։ Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր, երբ հեռացաւ Խառանից։
5Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին։ Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը։ Նրանք եկան Քանանի երկիրը։
6Աբրամը կտրեց անցաւ երկիրն իր երկարութեամբ մինչեւ Սիւքէմ վայրը՝ Բարձր կաղնին։ Այդ ժամանակ, սակայն, քանանացիներն էին բնակւում այդ երկրում։
7Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»։ Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ։
8Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը։ Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը։
9Աբրամը հեռացաւ, գնաց ու բնակուեց անապատում։
10Երբ սով եղաւ երկրում, Աբրամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։
11Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։
12Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն,
13կ՚ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։
14Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։
15Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։
16Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։
17Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։
18Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։
19Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։
20Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն։
1Եգիպտոսից Աբրամն ելաւ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցուածքով, իր կինը եւ Ղովտն էլ նրա հետ։
2Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով։
3Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթէլ, որտեղ նախապէս նրա վրանն էր խփած, Բեթէլի եւ Անգէի միջեւ գտնուող վայրը,
4ուր սկզբնապէս նա զոհասեղան էր կառուցել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տէր Աստծու անունը։
5Աբրամի հետ գնացող Ղովտը նոյնպէս ունէր արջառներ, ոչխարներ, անասուններ,
6բայց երկիրը նրանց չէր բաւականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցուածքի տէր էին, ուստի հնարաւոր չէր համատեղ ապրել։
7Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ։ Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում։
8Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք։
9Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից։ Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»։
10Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ Յորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են։ Քանի դեռ Աստուած չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի սահմանը Աստծու դրախտի նման էր, Եգիպտացւոց երկրի նման։
11Ղովտն ընտրեց Յորդանանի ողջ շրջանը եւ գնաց դէպի արեւելք։ Այսպիսով եղբայրները բաժանուեցին միմեանցից։
12Աբրամը պանդխտեց Քանանացւոց երկրում, իսկ Ղովտը հաստատուեց այդ կողմերում գտնուող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում։
13Սոդոմացիները չար մարդիկ էին եւ Աստծու հանդէպ բազում մեղքեր էին գործում։
14Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով։
15Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին։
16Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան։
17Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու»։
18Աբրամը ճանապարհ ընկաւ, եկաւ բնակուեց Քեբրոնում գտնուող Մամբրէի կաղնու մօտ եւ այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց։
1Սենաարի արքայ Ամարփաղի թագաւորութեան ժամանակ Սելլասարի արքայ Արիոքը, Ելամի արքայ Քոդողագոմորը եւ ազգերի արքայ Թարգաղը
2պատերազմեցին սոդոմացիների արքայ Բաղակի, գոմորացիների արքայ Բարսայի, ադամաացիների արքայ Սենայի, սեբոյիմացիների արքայ Սիմոբորի, ինչպէս նաեւ Բաղակի՝ նոյն ինքը Սեգոր թագաւորի դէմ։
3Սրանք բոլորը հաւաքուեցին Աղի ձորում, որ Աղի ծովն է։
4Նրանք տասներկու տարի ենթարկուել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին։
5Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագաւորները եւ կոտորեցին Աստարոթ Կառնայիմում գտնուող հսկաներին ու նրանց հետ եղած հզօր ցեղերին, ինչպէս նաեւ սոմացիներին՝ նրանց Շաւէ քաղաքում,
6կոտորեցին նաեւ Սէիրի լեռներում բնակուող քոռացիներին եւ հասան մինչեւ անապատում գտնուող Բեւեկնի ձորը։
7Նրանք վերադարձան Դատաստանի աղբիւրը, այսինքն՝ Կադէս, եւ կոտորեցին Ամաղէկի բոլոր իշխաններին ու Ասասանթամարում բնակուող ամորհացիներին։
8Սոդոմացիների արքան, գոմորացիների արքան, ադամաացիների արքան, սեբոյիմացիների արքան ու Բաղակի՝ այսինքն Սեգորի արքան ելան եւ Աղի ձորում ճակատամարտ տուեցին
9Ելամի արքայ Քոդողագոմորի, ազգերի արքայ Թարգաղի, Սենաարի արքայ Ամարփաղի, Սելլասարի արքայ Արիոքի դէմ. չորս թագաւոր՝ հնգի դէմ։
10Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մէջ, իսկ մնացածները փախան լերան կողմը։
11Նրանք բռնագրաւեցին սոդոմացիների ու գոմորացիների ողջ աւարն ու բոլոր պաշարները եւ գնացին։
12Նրանք գերեցին նաեւ Սոդոմում բնակուող Ղովտին՝ Աբրամի եղբօրորդուն, բռնագրաւեցին նրա ունեցուածքը եւ գնացին։
13Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին։ Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ։
14Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին,
15ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում։
16Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին։
17Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան։
18Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր։
19Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
20Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից։
21Սոդոմացիների արքան, սակայն, ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ»։
22Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդւում եմ երկինքն ու երկիրը ստեղծած բարձրեալ Աստուծով,
23որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ «ես հարստացրի Աբրամին»,
24բացի ծառաների կերածից։ Իսկ ինձ հետ եկած մարդիկ՝ Օնանը, Եսքողն ու Մամբրէն, իրենք թող ստանան իրենց բաժինը»։
1Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
2Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»։
3Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»։
4Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»։
5Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»։ Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
6Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց։
7Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»։
8Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»։
9Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»։
10Աբրամն առաւ այդ ամէնը, կտրեց մէջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց։
11Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները։
12Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը։
13Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,
14բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց։ Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ։
15Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով։
16Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»։
17Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով։
18Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,
19նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները,
20քետացիները, փերեզացիները, ռափիմացիները,
21ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները»։
1Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում։ Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր։
2Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»։ Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին։
3Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ։
4Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ։ Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից։
5Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ։ Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»։
6Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»։ Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից։
7Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է։
8Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»։
9Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»։
10Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»։
11Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները։
12Նա վայրագ մարդ է լինելու։ Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ։ Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»։
13Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»։
14Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»։ Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ։
15Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ։
16Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին։
1Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ։
2Ուխտ եմ դնելու իմ եւ քո միջեւ. ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»։
3Աբրամը երկրպագեց, իսկ Աստուած, դիմելով նրան, ասաց.
4«Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս։
5Սրանից յետոյ քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետեւ բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ։
6Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից։
7Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջեւ, քեզնից յետոյ գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջեւ որպէս յաւիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը։
8Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը։ Ես լինելու եմ նրանց Աստուածը,
9իսկ դու եւ քեզնից յետոյ գալիք քո զաւակները, սերնդից սերունդ, պէտք է պահէք իմ ուխտը։
10Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ։
11Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը։
12Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն։ Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը։
13Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի։
14Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»։
15Աստուած ասաց Աբրահամին. «Քո կին Սարայի անունն այլեւս Սարա թող չլինի, այլ Սառա թող լինի նրա անունը։
16Ես կ՚օրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգեւեմ, ես կ՚օրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, նրանից ցեղերի թագաւորներ կը ծնուեն»։
17Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»։
18Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»։
19Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ։
20Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ։ Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները։ Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու,
21բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին կը ծնի Սառան քեզ համար միւս տարի այս ժամանակ»։
22Աստուած վերջացրեց իր խօսքը Աբրահամի հետ եւ հեռացաւ նրա մօտից։
23Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած։
24Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը,
25իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը։
26Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը։
27Նա թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց՝ ընդոծիններ լինեն նրանք թէ արծաթով գնուած օտարածին ստրուկներ։
1Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ։
2Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց։ Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց.
3«Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,
4թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ։
5Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»։
6Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»։
7Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի։
8Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ։
9Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»։ Նա պատասխանեց. «Վրանում է»։
10Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»։ Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած։
11Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը։
12Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ։ Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»։
13Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ «Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ»։
14Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»։
15Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»։ Նա վախեցել էր։ Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»։
16Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու։
17Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ։
18Աբրահամը, հաստատապէս, մեծ եւ բազմանդամ ազգի նախահայր է լինելու, եւ նրա միջոցով պիտի օրհնուեն երկրի բոլոր ազգերը.
19որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը։ Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»։
20Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են։
21Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ։ Այդ եմ ուզում գիտենալ»։
22Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ։ Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց։
23Աբրահամը մօտեցաւ Տիրոջն ու ասաց. «Մի՞թէ դու արդարին ամբարշտի հետ կ՚ոչնչացնես, եւ արդարը նոյն բանին կ՚ենթարկուի, ինչ որ ամբարիշտը։
24Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների։
25Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը։ Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
26Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»։
27Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր։
28Իսկ եթէ յիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հնգի պատճառով դարձեա՞լ կը կործանես ողջ քաղաքը»։ Տէրն ասաց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի քառասունհինգ արդար»։
29Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»։ Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»։
30Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւն»։ Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»։
31Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խօսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի քսա՞ն»։ Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն այդ քսանի»։
32Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»։ Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»։
33Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին։
1Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ։ Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց.
2«Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ։ Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»։
3Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը։ Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան։
4Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը,
5Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»։
6Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից։
7Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը։
8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել։ Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ»։
9Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց։ Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»։ Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը։
10Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին,
11դռան մօտ գտնուող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը կուրացրին, եւ սրանք յոգնեցին դուռը փնտռելուց։
12Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս։ Հանի՛ր նրանց այս վայրից,
13որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։
14Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»։ Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում։
15Երբ լոյսը բացուեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Ա՛ռ քո կնոջը, երկու դուստրերիդ եւ հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրէնութեան մէջ»։
16Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին։
17Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում։ Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»։
18Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր,
19թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ։
20Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել։ Չէ՞ որ այն փոքր է։ Քո շնորհիւ ես կը փրկուեմ»։
21Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։
22Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր։
23Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր։
24Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ,
25կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը։
26Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան։
27Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ,
28նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս։
29Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել։
30Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը։ Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում։
31Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է։
32Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»։
33Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։ Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։
34Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ։ Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»։
35Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ։ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։
36Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից։
37Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»։ Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր։
38Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»։ Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր։
1Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում։
2Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է։ Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային։
3Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»։
4Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց։
5Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
6Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ։ Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան։
7Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս։ Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»։
8Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները։ Ամէնքը խիստ վախեցան։
9Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին։ Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»։
10Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»։
11Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
12Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը։
13Երբ Աստուած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»։
14Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին։ Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային։
15Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»։
16Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը։ Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար։ Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»։
17Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին։ Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ։
18Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից։
1Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը։
2Սառան յղիացաւ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, ինչպէս Աստուած յայտնել էր Աբրահամին։
3Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ։
4Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած։
5Աբրահամը հարիւր տարեկան էր, երբ ունեցաւ իր որդի Իսահակին։
6Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»։
7Նա աւելացրեց. «Ո՞վ կ՚ասէր Աբրահամին, թէ Սառան երեխայ կը սնուցանի, քանի որ ծեր հասակում որդի ծնեցի»։
8Մանուկն աճեց, նրան կրծքից կտրեցին, եւ Աբրահամն իր որդի Իսահակի կրծքից կտրուելու առթիւ մեծ խնջոյք արեց։
9Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, ասաց Աբրահամին.
10«Հեռացրո՛ւ քո աղախնին եւ նրա որդուն, որպէսզի քո աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ հաւասար ժառանգութիւն չստանայ»։
11Իր որդու մասին ասուած այդ խօսքերը ցաւ պատճառեցին Աբրահամին։
12Աստուած ասաց Աբրահամին. «Մանկան եւ աղախնի մասին ասուած խօսքերը թող քեզ ցաւ չպատճառեն։ Ինչ որ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետեւ Իսահակի միջոցով ես դու սերունդդ շարունակելու,
13բայց քո աղախնի որդու սերունդն էլ ես նշանաւոր կը դարձնեմ, որովհետեւ նա էլ քո սերմից է»։
14Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց։ Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ։
15Տիկի ջուրն սպառուեց, մայրը մանկանը դրեց մի եղեւնու տակ
16եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Նա նստել էր նրա դիմաց։ Երեխան բարձրաձայն լալիս էր։
17Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից։ Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած լսեց քո որդու ձայնը այնտեղից, ուր նա գտնւում է։
18Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»։
19Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային։
20Եւ Աստուած երեխայի հետ էր. սա աճեց, դարձաւ աղեղնաւոր
21եւ բնակուեց Փառանի անապատում։ Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ։
22Այդ ժամանակներում Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը, խօսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստուած քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։
23Արդ, Աստծու անունով ինձ երդուի՛ր, որ ո՛չ իմ, ո՛չ իմ զաւակի, ո՛չ իմ անուան դէմ չես մեղանչի, այլ կը վարուես այնպէս արդար, ինչպէս ես վարուեցի քո նկատմամբ, նոյնպէս եւ իմ երկրի նկատմամբ, ուր դու բնակւում ես»։
24Աբրահամն ասաց. «Երդւում եմ»։
25Աբրահամն Աբիմելէքին յանդիմանեց այն ջրհորի համար, որ Աբիմելէքի ծառաները խլել էին։
26Աբիմելէքն ասաց նրան. «Ես չեմ իմացել, թէ ով է արել այդ բանը, իսկ դու էլ ինձ բան չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»։
27Աբրահամն առաւ արջառներ ու ոչխարներ, տուեց Աբիմելէքին, եւ երկուսն իրար հետ հաշտութիւն կնքեցին։
28Աբրահամը եօթը որոջ առանձնացրեց։
29Աբիմելէքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են նշանակում այս եօթը որոջները, որոնց առանձնացրիր»։
30Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»։ Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր,
31որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին։ Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը։
32Աբրահամը Երդման ջրհորի մօտ ծառ տնկեց, այնտեղ պաշտեց Տիրոջը, նրան կոչեց Աստուած յաւիտենական։
33Աբրահամը Փղշտացւոց երկրում պանդուխտ մնաց երկար ժամանակ։
1Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին։ Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատասխանեց. «Այստեղ եմ»։
2Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»։
3Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան։
4Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը։
5Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»։
6Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին։
7Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»։ Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»։
8Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»։ Նրանք երկուսով գնացին
9եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ։
10Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն։
11Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»։
12Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»։
13Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած։ Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն։
14Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»։
15Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին.
16«Անձովս եմ երդւում, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
17անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,
18քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։
19Աբրահամը վերադարձաւ իր ծառաների մօտ։ Նրանք միասին ելան գնացին դէպի Երդման ջրհորը, եւ Աբրահամը բնակուեց Երդման ջրհորի մօտ։
20Այս դէպքերից յետոյ Աբրահամին յայտնեցին, որ ահա Մեղքան եւս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝
21անդրանիկ որդի Ովքին, նրա եղբայր Բաւին, ասորիների նախահայր Կամուէլին,
22Քասադին, Ազաւին, Փալդասին, Յետդափին եւ Բաթուէլին։
23Եւ Բաթուէլը ծնել է Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար։
24Նրա հարճը, որի անունը Ռեէմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Դաամին, Տոքոսին եւ Մոքային։
1Սառան դարձաւ հարիւր քսանեօթը տարեկան։
2Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում։ Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է։ Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը։
3Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց.
4«Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ հանգուցեալին»։
5Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով.
6«Լսի՛ր մեզ, տէ՛ր։ Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես։ Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից մէկում, որովհետեւ մեզնից ոչ մէկը չի հրաժարուի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»։
7Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։
8Աբրահամը նրանց դիմելով՝ ասաց. «Եթէ դուք յօժար էք, որ իմ հանգուցեալին ես անձամբ թաղեմ, լսեցէ՛ք ինձ եւ իմ մասին բարեխօսեցէ՛ք Սահառի որդի Եփրոնին,
9որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն։ Թող այն ձեր ներկայութեամբ ինձ տայ որպէս շիրմավայր»։
10Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում։ Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով,
11ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ։ Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայութեամբ այն քեզ եմ յանձնում։ Թաղի՛ր քո հանգուցեալին»։
12Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ,
13Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը։ Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»։
14Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց.
15«Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ։ Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ։ Դու թաղի՛ր քո հանգուցեալին»։
16Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով։
17Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը,
18Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով։
19Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանացիների երկրում։
20Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց։
1Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եւ Տէրն օրհնեց Աբրահամին ըստ ամենայնի։
2Աբրահամն ասաց իր տան աւագագոյն ծառային՝ իր ամբողջ ունեցուածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ եւ
3քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես),
4այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես»։
5Ծառան նրան պատասխանեց. «Գուցէ կինը չցանկանայ ինձ հետ գալ այս երկիրը։ Այդ դէպքում ես տանե՞մ քո որդուն այն երկիրը, որտեղ ծնուել ես դու»։
6Աբրահամն ասաց. «Զգո՛յշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես։
7Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ հետ, երդուեց ինձ ու ասաց, թէ՝ «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը», նա իր հրեշտակին կ՚ուղարկի քո առաջ, եւ այնտեղից կին կ՚առնես իմ որդի Իսահակի համար։
8Իսկ եթէ կինը չուզենայ քեզ հետ գալ այս երկիրը, քո տուած երդումից անպարտ համարուես, միայն թէ իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։
9Աբրահամի ծառան ձեռքը դրեց իր տիրոջ ազդրի տակ եւ երդուեց նրան այդ բանի համար։
10Ծառան առաւ իր տիրոջ ուղտերից տասը ուղտ եւ գնաց՝ իր հետ ունենալով իր տիրոջ բոլոր բարիքներից։ Նա ելաւ գնաց Միջագետք, Նաքորի քաղաքը։
11Երեկոյեան ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս, ջրհորի մօտ այն պահին, երբ ջրուորը դուրս է գալիս ջրի։
12Նա ասաց. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, այսօր ինձ յաջողութիւն պարգեւի՛ր եւ ողորմի՛ր իմ տէր Աբրահամին։
13Ահա ես ջրի աղբիւրի մօտ եմ, եւ այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։
14Թող լինի մի կոյս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կը տամ, մինչեւ որ յագենան խմելուց»։ Թող նրան էլ նախատեսած լինես քո ծառայ Իսահակի համար, եւ դրանով էլ իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»։
15Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խօսքը, երբ եկաւ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդի Բաթուէլի դուստրն էր։ Նա ուսին սափոր ունէր։
16Կոյսը դէմքով շատ գեղեցիկ էր, մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մօտեցել։ Նա իջաւ աղբիւրի մօտ, լցրեց իր սափորն ու ելաւ։
17Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Այդ սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։
18Նա պատասխանեց. «Խմի՛ր, տէ՛ր»։ Նա իր սափորը փութով իջեցրեց իր թեւերի վրայ,
19ջուր տուեց նրան, մինչեւ որ դադարեց խմելուց։ Ապա աւելացրեց. «Քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ, այնքան, որ բոլորն էլ յագենան»։
20Նա սափորի ջուրն իսկոյն թափեց գուռի մէջ եւ նորից գնաց ջրհորը՝ ջուր հանելու։ Նա նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց։
21Մարդն ուշադիր հետեւում էր նրան ու լուռ մտածում, թէ Տէրը կը յաջողեցնի՞ իր գործը, թէ՞ ոչ։
22Երբ բոլոր ուղտերը յագեցան, մարդը նրան տուեց ոսկէ գինդեր՝ իւրաքանչիւրը մէկ դահեկանի քաշով, եւ տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
23Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»։
24Սա պատասխանեց նրան. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»։
25Ապա աւելացրեց. «Յարդ ու խոտ շատ ունենք, նաեւ իջեւանելու տեղ»։
26Մարդն ուրախացաւ, երկրպագեց Աստծուն եւ ասաց.
27«Օրհնեալ է իմ տէր Աբրահամի Տէր Աստուածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարութիւնից ու ճշմարտութիւնից։ Տէրն ինձ յաջողութիւն պարգեւեց իմ տիրոջ եղբօր տանը»։
28Գնաց աղջիկն ու կատարուածի մասին պատմեց իր մօր տանը։
29Ռեբեկան ունէր Լաբան անունով մի եղբայր։ Լաբանը գնաց դուրս՝ դէպի աղբիւրը, այդ մարդու մօտ։
30Երբ նա տեսաւ գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները, եւ իր քոյր Ռեբեկայից լսած լինելով, թէ՝ «Այսպէս խօսեց ինձ հետ այդ մարդը»,
31մօտեցաւ մարդուն, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին, աղբիւրի մօտ, եւ ասաց նրան. «Արի տուն մտի՛ր, Տիրոջով օրհնեալ, ինչո՞ւ ես մնացել դրսում։ Ես քեզ համար տուն եւ քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։
32Մարդը մտաւ տուն, իսկ Լաբանը ուղտերի վրայից հանեց թամբերը։ Ուղտերին յարդ ու խոտ տուեցին եւ ջուր՝ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լուալու համար։
33Նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչեւ չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խօսի՛ր»։
34Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։
35Տէրը մեծապէս օրհնեց իմ տիրոջը, եւ նա մեծ մարդ դարձաւ։ Աստուած նրան արջառ ու ոչխար, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր տուեց։
36Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերունական հասակում գտնուող իմ տիրոջը պարգեւեց մի որդի, որին իմ տէրը յանձնեց այն ամէնը, ինչ ունէր։
37Իմ տէրն ինձ երդուեցնելով ասաց. «Իմ որդի Իսահակի համար քանանացիների աղջիկներից կին չառնես, այն քանանացիների, որոնց երկրում ես պանդխտեցի,
38այլ կը գնաս իմ հօր տունը, իմ տոհմի մէջ եւ այնտեղից կին կը բերես իմ որդու համար»։
39Ես իմ տիրոջն ասացի. «Գուցէ կինն ինձ հետ չգայ»։
40Նա ասաց ինձ. «Իմ Տէր Աստուածը, որի հանդէպ վարուեցի այնպէս, ինչպէս հաճոյ էր նրան, քեզ հետ կ՚ուղարկի իր հրեշտակին, կը յաջողեցնի քո գործը, եւ դու իմ որդու համար կին կ՚առնես իմ ազգից ու իմ հօր տնից։
41Ա՛յն ժամանակ դու ազատուած կը լինես իմ նզովքից։ Իսկ եթէ գնաս իմ տոհմի մէջ, եւ կին չտան, ինձ տուած երդումից ազատ կը լինես»։
42Երբ այսօր աղբիւրի մօտ եկայ, ասացի. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, եթէ յաջողեցնելու ես իմ գործը, որի համար ես այժմ եկել եմ,
43ահա հասել եմ ջրի աղբիւրի մօտ, եւ քաղաքի մարդկանց դուստրերը գալիս են ջուր հանելու։ Եւ այն կոյսը, որին ասեմ, թէ՝ ՚ Քո սափորից մի քիչ ջուր տո՛ւր խմելու»,
44եւ նա ասի ինձ, թէ՝ ՚ Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ», նա էլ կը լինի այն կինը, որին նախատեսել է Տէրը իր ծառայ Իսահակի համար, որովհետեւ դրանից էլ կ՚իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»։
45Դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խօսքը, երբ իսկոյն երեւաց Ռեբեկան։ Նա իր ուսին սափոր ունէր։ Նա իջաւ աղբիւրը եւ ջուր հանեց։ Ես ասացի նրան. «Ինձ ջուր տո՛ւր խմելու»։
46Նա իր ուսից փութով իջեցրեց սափորն ու ասաց. «Դու խմի՛ր, յետոյ քո ուղտերին էլ ջուր կը տամ»։ Ես խմեցի, եւ նա իմ ուղտերին էլ ջուր տուեց։
47Ես նրան հարցրի ու ասացի. «Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ»։ Նա պատասխանեց. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին եւ ուրախացայ,
48երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի իմ տէր Աբրահամի Տէր Աստծուն, որ յաջողութիւն պարգեւեց իմ ազնիւ գործին՝ իմ տիրոջ եղբօր աղջկան կին առնելու նրա որդու համար։
49Արդ, եթէ իմ տիրոջ նկատմամբ շնորհ եւ արդար գործ էք անելու, ասացէ՛ք ինձ։
50Իսկ եթէ ոչ, ցո՛յց տուէք ինձ, ա՞ջ գնամ, թէ՞ ձախ»։ Պատասխան տուեցին Լաբանն ու Բաթուէլը եւ ասացին. «Տէրն է այսպէս կարգադրել, մենք չենք կարող դրական կամ բացասական պատասխան տալ։
51Ահա Ռեբեկան առաջդ կանգնած է, ա՛ռ եւ գնա՛։ Նա թող լինի քո տիրոջ որդու կինը, ինչպէս կարգադրել է Տէրը»։
52Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խօսքերը, երկրպագեց Տիրոջը։
53Ծառան հանեց ոսկէ ու արծաթէ զարդեր եւ զգեստներ, տուեց Ռեբեկային։ Նա նուէրներ տուեց նաեւ նրա եղբայրներին ու մօրը։
54Կերան ու խմեցին նա եւ այն մարդիկ, որոնք նրա հետ էին, եւ ապա քնեցին։ Առաւօտեան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհեցէ՛ք ինձ, որ գնամ տիրոջս մօտ»։
55Ռեբեկայի եղբայրներն ու մայրը ասացին. «Թող աղջիկը մեզ մօտ մնայ մի տասը օր, յետոյ թող գնայ»։
56Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահէք, որովհետեւ Տէրը յաջողութիւն է պարգեւել իմ գործին։ Թողէ՛ք որ գնամ տիրոջս մօտ»։
57Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան եւ նրան հարցնենք»։
58Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կը գնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց. «Կը գնամ»։
59Նրանք ճանապարհեցին իրենց քոյր Ռեբեկային իր ունեցուածքով, ինչպէս նաեւ Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին։
60Նրանք օրհնելով Ռեբեկային՝ ասացին նրան. «Քո՛յր մեր, հազար ու բիւր դառնաս։ Քո յետնորդները թող տիրանան քո թշնամիների քաղաքներին»։
61Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրայ եւ այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Ծառան Ռեբեկային առնելով գնաց։
62Իսահակը եկել էր անապատ՝ Տեսիլքի ջրհորի մօտ, որովհետեւ բնակւում էր երկրի հարաւային կողմում։
63Իսահակը երեկոյեան ելաւ դաշտ՝ զբօսնելու։ Նա իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ գալիս են տասը ուղտեր։
64Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին։ Նա անմիջապէս իջաւ ուղտից
65եւ հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տէրն է»։ Ռեբեկան առաւ քողն ու գցեց իր վրայ։
66Ծառան Իսահակին պատմեց այն ամէնը, ինչ արել էր ինքը։
67Իսահակը մտաւ իր մօր՝ Սառայի տունը, առաւ Ռեբեկային, եւ սա դարձաւ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան եւ մխիթարուեց իր մօր՝ Սառայի սգից։
1Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր։
2Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին։
3Յեկսանը ծնեց Սաբային, Թեմանին եւ Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուէլը, Նաբդեէլը, Ասուրիիմը, Լատուսիիմը եւ Լովովմիմը։
4Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան եւ Եդրագան։ Սրանք բոլորը Քետտուրայի որդիներն էին։
5Աբրահամն իր ողջ ունեցուածքը տուեց իր որդի Իսահակին,
6իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը։
7Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի։
8Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին։
9Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,
10որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց։ Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել։
11Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ։
12Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար։
13Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,
14Մասմա, Իդումա, Մասէ,
15Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա։
16Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի։
17Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի։ Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին։
18Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները։ Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման։
19Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։
20Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր։
21Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ։
22Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները։ Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»։ Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու։
23Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի։ Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»։
24Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային։
25Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ։ Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը։ Սրան էլ կոչեց Յակոբ։
26Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ Մանուկները մեծացան։
27Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց։
28Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին։
29Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած։
30Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին)։
31Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»։
32Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»։
33Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»։ Եւ նա երդուեց նրան։ Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին,
34իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր։ Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց։ Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը։
1Սով եղաւ երկրում. ոչ այն սովը, որ եղել էր Աբրահամի ժամանակ։
2Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա։ Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ.
3իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին։
4Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը
5ի հատուցումն այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմ հրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները»։
6Իսահակը բնակուեց գերարացիների հետ։
7Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»։ Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր։
8Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ։
9Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է։ Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանուեմ»։
10Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ։ Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»։ Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով.
11«Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կը դատապարտուեն»։
12Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ։ Տէրն օրհնեց նրան,
13եւ սա հարստացաւ։ Նա առաջադիմում էր, հարստանում այն աստիճան, որ մեծահարուստ դարձաւ։
14Նա ունեցաւ ոչխարի ու արջառի հօտեր, բազում կալուածքներ։
15Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները
16դրանք լցրին հողով։ Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»։
17Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում։ Նա բնակուեց այնտեղ։
18Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին։ Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը։
19Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր։
20Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը։ Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել։
21Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս։ Վէճ ծագեց սրա համար էլ։ Իսահակը այն կոչեց Թշնամութիւն։
22Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս։ Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»։
23Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ։ Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց.
24«Ես քո հօր Աստուածն եմ։ Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ, ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»։
25Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը։ Նա այդտեղ խփեց իր վրանը։ Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին։
26Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը։
27Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եկաք ինձ մօտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ եւ հալածեցիք ձեր մօտից»։
28Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ։ Մենք պայման թող դնենք քեզ հետ.
29մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»։
30Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին
31եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց։ Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին։
32Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»։
33Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն։ Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր։
34Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,
35որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային։
1Երբ Իսահակը ծերացաւ, եւ վատացաւ նրա աչքի տեսողութիւնը, կանչեց իր աւագ որդի Եսաւին ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ»։ Սա ասաց. «Այստեղ եմ»։
2Նա ասաց նրան. «Ահա ես ծերացել եմ եւ չգիտեմ, թէ երբ կը մեռնեմ։
3Արդ, ա՛ռ քո զէնքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ եւ ինձ համար ո՛րս արա,
4ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները եւ բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ»։
5Ռեբեկան լսեց այն, ինչ ասաց Իսահակն իր որդուն։ Եսաւը գնաց դաշտ, որ որս անի իր հօր համար,
6իսկ Ռեբեկան, դիմելով իր որդի Յակոբին, ասաց. «Ես քո հօրից լսեցի այն, ինչ նա ասում էր քո եղբօրը։ Նա նրան ասաց.
7«Ինձ ո՛րս բեր եւ ինձ համար խորտիկներ պատրաստի՛ր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ կենդանի եմ»։
8Արդ, որդեա՛կ իմ, լսի՛ր, թէ ինչ եմ ասում քեզ։
9Գնա՛ եւ հօտի միջից ինձ երկու մատղաշ ու ընտիր ուլ բե՛ր, որ դրանցով քո հօր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։
10Դու այն կը մատուցես քո հօրը, որ ուտի եւ քեզ օրհնի քո հայրը, քանի դեռ կենդանի է»։
11Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Իմ եղբայր Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ։
12Գուցէ շօշափի ինձ իմ հայրը, ես խայտառակ լինեմ նրա առաջ, եւ օրհնութեան փոխարէն անէծք թափուի գլխիս»։
13Մայրը նրան ասաց. «Թող ինձ վրայ լինի այդ անէծքը, որդեա՛կ, միայն թէ լսի՛ր իմ ասածը, գնա դրանք բե՛ր ինձ»։
14Նա գնաց եւ ուլերը բերեց իր մօր մօտ,
15իսկ սա նրա հօր սիրած խորտիկները պատրաստեց։ Ռեբեկան առաւ աւագ որդու ընտիր պատմուճանը, որ կար իր տանը, հագցրեց իր կրտսեր որդի Յակոբին,
16ուլի մորթին փաթաթեց նրա թեւերին ու մերկ պարանոցին։
17Նա իր պատրաստած խորտիկներն ու հացը տուեց իր որդի Յակոբի ձեռքը։
18Սա տարաւ դրանք իր հօրն ու ասաց. «Հա՛յր իմ»։ Նա ասաց. «Այստեղ եմ»։ Հայրը հարցրեց. «Դու ո՞վ ես, որդեա՛կ»։
19Յակոբը պատասխանեց հօրը. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին։ Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ։ Արի նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։
20Իսահակն ասաց որդուն. «Այդ ինչպէ՞ս է, որ այդքան շուտ որս գտար, որդեա՛կ»։ Նա պատասխանեց. «Ինչպէս Աստուած ինքը դրեց իմ առաջ»։
21Իսահակն ասաց Յակոբին. «Մօ՛տ արի, որ շօշափեմ քեզ, որդեա՛կ, որպէսզի իմանամ, թէ դո՞ւ ես իմ որդի Եսաւը, թէ՞ ոչ»։
22Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, սա շօշափեց նրան ու ասաց. «Ձայնդ Յակոբի ձայնն է, բայց ձեռքերդ Եսաւի ձեռքերն են»։
23Իսահակը չճանաչեց նրան, որովհետեւ նրա ձեռքերը իր եղբայր Եսաւի ձեռքերի նման մազոտ էին։ Նա օրհնեց նրան ու ասաց.
24«Դո՞ւ ես իմ որդի Եսաւը»։ Նա պատասխանեց. «Ես եմ»։
25Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդեա՛կ, որպէսզի օրհնեմ քեզ»։ Յակոբը մատուցեց նրան, եւ նա կերաւ։ Նրան գինի բերեց, եւ նա խմեց։
26Նրա հայր Իսահակը ասաց նրան. «Մօ՛տ արի եւ համբուրի՛ր ինձ, որդեա՛կ»։
27Յակոբը մօտեցաւ, համբուրեց նրան։ Իսահակն առաւ նրա հագուստի հոտը եւ օրհնելով նրան՝ ասաց. «Իմ որդին Տիրոջ օրհնած բերրի արտի հոտն ունի։
28Թող Աստուած քեզ մաս հանի երկնքի ցօղից, երկրի պարարտութիւնից եւ ցորենի ու գինու առատութիւն պարգեւի։
29Թող քեզ ծառայեն ժողովուրդները, եւ իշխանները թող քեզ երկրպագեն։ Քո եղբօր տէրը լինես, թող քեզ երկրպագեն քո հօր որդիները։ Ով անիծի քեզ, ինքն անիծեալ թող լինի, իսկ ով օրհնի քեզ, ինքն օրհնեալ թող լինի»։
30Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց, եւ Յակոբը գնաց իր հայր Իսահակի մօտից, որսից եկաւ նրա եղբայր Եսաւը։
31Սա եւս խորտիկներ պատրաստեց եւ մատուցելով իր հօրը՝ ասաց. «Թող վեր կենայ իմ հայրը, ուտի իր որդու որսից, որպէսզի օրհնի ինձ»։
32Եսաւի հայր Իսահակը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»։ Սա պատասխանեց. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին»։
33Իսահակը մեծապէս զարմացաւ ու ասաց. «Իսկ այն ո՞վ էր, որ ինձ համար որս որսաց, բերեց մատուցեց, ես կերայ ամենից, երբ դեռ դու չէիր եկել, օրհնեցի նրան, եւ նա թող օրհնեալ լինի»։
34Երբ Եսաւը լսեց իր հայր Իսահակի խօսքերը, անչափ դառնացաւ, մեծ աղմուկ բարձրացրեց ու ասաց իր հօրը. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։
35Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկաւ նենգութեամբ եւ առաւ քեզ համար սահմանուած օրհնութիւնը»։
36Եսաւն ասաց. «Իրաւամբ նրա անունը Յակոբ է դրուել, որովհետեւ այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանկութիւնը, իսկ այժմ խլեց ինձ համար սահմանուած օրհնութիւնը»։ Եսաւն ասաց իր հօրը. «Եւ ոչ մի օրհնութիւն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։
37Պատասխան տուեց Իսահակն ու ասաց նրան. «Քանի որ նրան դարձրի քո տէրը եւ նրա բոլոր եղբայրներին դարձրի նրա ծառաները եւ նրան ապահովեցի ցորենով ու գինով, քե՛զ համար ինչ անեմ, որդեա՛կ»։
38Եսաւը հարցրեց հօրը. «Միթէ մէ՞կ օրհնութիւն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Երբ Իսահակի սիրտը կսկծաց, Եսաւը բարձրաձայն լաց եղաւ։
39Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան ու ասաց. «Երկրի պարարտութիւնից եւ վերեւից՝ երկնքի ցօղից պիտի լինի քո ապրուստը։
40Քո սրով պիտի ապրես եւ քո եղբօրը պիտի ծառայես։ Բայց պիտի գայ ժամանակ, որ դու պիտի քանդես եւ շպրտես նրա լուծը քո պարանոցից»։
41Եսաւը պահում էր Յակոբի նկատմամբ ունեցած ոխը այն օրհնութեան պատճառով, որ իր հայրը տուել էր նրան։ Եսաւն ասաց իր մտքում. «Թող մօտենան իմ հօր մահուան սգի օրերը, որ սպանեմ Յակոբին՝ իմ եղբօրը»։
42Ռեբեկային տեղեկացրին իր աւագ որդի Եսաւի խօսքերը, եւ նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդի Յակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսաւը սպառնում է սպանել քեզ։
43Արդ, լսի՛ր իմ խօսքը, որդեա՛կ. ելիր գնա՛ Միջագետք, իմ եղբայր Լաբանի մօտ, Խառան։
44Նրա մօտ կ՚ապրես երկար ժամանակ, մինչեւ որ անցնի եղբօրդ զայրոյթն ու ցասումը քո դէմ,
45եւ նա մոռանայ այն, ինչ արել ես դու նրան։ Յետոյ մարդ կ՚ուղարկեմ, կը կանչեմ քեզ այնտեղից. չլինի թէ ձեր երկուսից էլ զրկուեմ նոյն օրը»։
46Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»։ Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի դուստրերից, էլ ինչո՞ւ եմ ապրում ես»։
1Իսահակը կանչեց Յակոբին, օրհնեց նրան ու պատուիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես։
2Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը եւ այնտեղից, քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ։
3Իմ Աստուածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, բազում ժողովուրդների նախահայր լինես։ Նա քեզ եւ քեզնից յետոյ գալիք քո սերունդներին թող տայ իմ հայր Աբրահամի օրհնութիւնը,
4որպէսզի ժառանգես քո պանդխտութեան երկիրը, որ Աստուած տուել էր Աբրահամին»։
5Իսահակը ճանապարհ դրեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր։
6Երբ Եսաւը տեսաւ, թէ Իսահակն օրհնեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, որ այնտեղից կին առնի, ինչպէս հայրը Յակոբին օրհնելիս պատուիրել էր ու ասել, թէ՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,
7Յակոբն էլ անսալով իր հօր ու մօր խօսքերին՝ գնացել էր Ասորիների Միջագետք,
8համոզուեց, որ քանանացիների դուստրերը իր հայր Իսահակի աչքին հաճոյ չեն,
9ուստի գնաց Իսմայէլի մօտ եւ ի յաւելումն իր ունեցած կանանց, կին առաւ նաեւ Աբրահամի որդի Իսմայէլի դուստր Մայելէթին՝ Նաբէութի քրոջը։
10Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ գնաց Խառան։
11Հասնելով մի տեղ՝ նա քնեց այնտեղ, որովհետեւ արեւն արդէն մայր էր մտել։ Նա առաւ այնտեղի քարերից մէկը, դրեց գլխի տակ ու քնեց այնտեղ։
12Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում իջնում էին։
13Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ։ Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը։ Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին։
14Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ։ Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը։
15Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես։ Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»։
16Զարթնեց Յակոբն իր քնից ու ասաց. «Տէրն այստեղ է, իսկ ես չգիտէի»։
17Նա վախեցաւ եւ ասաց. «Սարսռազդեցիկ է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։
18Առաւօտեան Յակոբը վեր կացաւ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող։ Նա իւղով օծեց քարի գագաթը։
19Յակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն. նախկինում այդ քաղաքի անունը Ուլմաւուս էր։
20Յակոբն ուխտ անելով՝ ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ հետ լինի եւ ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց տայ եւ հագնելու հագուստ,
21ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հօր տունը, ուրեմն թող նա լինի ինձ Տէր Աստուած,
22իսկ այն քարը, որ իբրեւ կոթող կանգնեցրի, թող ինձ համար լինի Աստծու տուն։ Այն ամենից, Տէ՛ր, ինչ կը տաս ինձ, քեզ տասանորդ կը հանեմ»։
1Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր։
2Նա դաշտում մի ջրհոր տեսաւ։ Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. այդ ջրհորից ջուր էին տալիս ոչխարներին։
3Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում։ Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս ոչխարներին եւ ապա քարը դարձեալ դնելով իր տեղը՝ փակում էին ջրհորի բերանը։
4Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»։
5Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։ Նա հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ էք Նաքորի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։
6Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»։ Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր ոչխարների հետ։
7Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի արածեցնելու»։
8Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»։
9Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր ոչխարները։
10Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից գլորեց քարը եւ ջրեց իր մօրեղբայր Լաբանի ոչխարները։
11Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ։
12Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա հօրեղբայրն է՝ Ռեբեկայի որդին։ Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր։
13Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը։ Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները։
14Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»։ Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս։
15Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
16Լաբանն ունէր երկու դուստր։ Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ։
17Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ։
18Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»։
19Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու։ Ապրի՛ր դու ինձ մօտ»։
20Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան։
21Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»։
22Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։
23Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ։
24Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային։ Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է։
25Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
26Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։
27Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»։
28Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան։
29Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին։
30Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային։ Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի։
31Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնաւոր դարձրեց, իսկ Ռաքէլը ամուլ մնաց։
32Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի։ Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները։ Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»։
33Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»։ Եւ նրա անունը դրեց Շմաւոն։
34Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի։
35Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»։ Եւ նրա անունը դրեց Յուդա։ Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց։
1Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»։
2Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»։
3Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան։ Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»։
4Եւ նա իր աղախին Բալլային տուեց նրան կնութեան։ Յակոբը մտաւ նրա ծոցը։
5Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար։
6Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»։ Դրա համար էլ նրա անունը դրեց Դան։
7Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։
8Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»։ Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ։
9Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան։
10Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։
11Նա ասաց. «Ես երջանիկ եմ»։ Եւ նրա անունը դրեց Գադ։
12Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար։
13Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»։ Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն։
14Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային։ Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»։
15Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»։ Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ։ Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»։
16Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»։ Եւ նա գիշերը պառկեց նրա հետ։ Աստուած անսաց Լիային։
17Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի։
18Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»։ Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ։
19Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի։
20Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի։ Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն։
21Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա։
22Աստուած յիշեց Ռաքէլին, անսաց նրան եւ բեղմնաւոր դարձրեց նրա արգանդը։
23Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։ Ռաքէլն ասաց. «Աստուած ինձնից վերացրեց իմ ամլութեան նախատինքը»։
24Եւ նրա անունը դրեց Յովսէփ։ Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»։
25Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։
26Տո՛ւր կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ որդիներին, որպէսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թէ ինչ ծառայութիւն մատուցեցի քեզ»։
27Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»։
28Լաբանն աւելացրեց. «Ասա՛ ինձ քո վարձը, եւ ես կը տամ»։
29Յակոբն ասաց նրան. «Դու գիտես, թէ որքան ծառայեցի քեզ, եւ թէ որքան ոչխար էիր յանձնել ինձ։ Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիւ էին,
30իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տէր Աստուած քեզ օրհնեց քո տուն իմ ոտք դնելու առթիւ։ Արդ, ե՞րբ եմ ես տուն-տեղ ունենալու»։
31Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Յակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց միայն հետեւեալն արա՛. ես դարձեալ արածեցնեմ ու պահպանեմ քո ոչխարները։
32Այսօր թող քո առաջով անցնի քո ամբողջ հօտը, եւ դու ջոկի՛ր իրարից բոլոր խատուտիկ ու գորշ ոչխարները եւ արածող բոլոր թուխ ոչխարները։ Բոլոր խատուտիկ ոչխարներն ու պտաւոր այծերը թող լինեն իմ վարձը։
33Իմ արդար լինելը կ՚երեւայ վաղը, որ ես վարձ ունեմ քեզնից ստանալիք։ Այն բոլոր այծերը, որոնք բծաւոր ու պտաւոր չեն, եւ ոչխարները, որոնք խայտաճամուկ չեն, թող ինձ գողօն համարուեն»։
34Լաբանն ասաց նրան. «Թող քո ասածը լինի»։
35Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները,
36տուեց իր որդիներին եւ նրանց ուղարկեց Յակոբից հեռու երեք օրուայ ճանապարհ։ Յակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը։
37Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը։ Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում։
38Քերծած գաւազանները նա դրեց ջրի գուռերի մէջ, որ երբ հօտերը գան ջուր խմելու, այդ գաւազանների մօտ բեղմնաւորուեն։
39Մաքիները գաւազանների մօտ բեղմնաւորւում էին եւ ծնում խայտաճամուկ, պտաւոր ու խատուտիկ գառներ։
40Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները։ Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին։
41Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ,
42իսկ երբ մաքիները ծնում էին, այլեւս չէր դնում։ Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականութիւնը, իսկ նշան ունեցողները՝ Յակոբի։
43Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
1Յակոբի ականջին հասան Լաբանի որդիների ասածները, թէ՝ «Յակոբը տէր դարձաւ մեր հօր ողջ ունեցուածքին, մեր հօր ունեցուածքի շնորհիւ նա դիզեց մեծ հարստութիւն»։
2Յակոբը նայելով Լաբանի դէմքին՝ հասկացաւ, որ նա իր հետ այնպէս բարեացակամ չէ, ինչպէս առաջներում էր։
3Տէր Աստուած ասաց Յակոբին. «Վերադարձի՛ր քո հօր երկիրը, քո ցեղի մօտ, եւ ես կը լինեմ քեզ հետ»։
4Յակոբը մարդ ուղարկեց եւ Ռաքէլին ու Լիային կանչեց այն դաշտը, ուր հօտերն էին գտնւում։
5Նա նրանց ասաց. «Նայելով ձեր հօր դէմքին՝ զգում եմ, որ նա ինձ հետ այնպէս բարեացակամ չէ, ինչպէս առաջներում էր։ Սակայն իմ հօր Աստուածը ինձ հետ է։
6Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ ամբողջ ուժով ես ծառայեցի ձեր հօրը,
7բայց ձեր հայրը խաբեց ինձ, իմ վարձից տասը գառներ խլեց, սակայն Աստուած թոյլ չտուեց, որ նա ինձ վատութիւն անի։
8Եթէ նա ասի, թէ՝ «Երանգաւոր մաքիները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները երանգաւոր գառներ կը ծնեն, իսկ եթէ ասի, թէ՝ «Սպիտակները թող լինեն քո վարձը», ապա բոլոր մաքիները սպիտակ գառներ կը ծնեն։
9Աստուած ձեր հօր բոլոր մաքիները առաւ ու ինձ տուեց։
10Երբ մաքիները բեղմնաւորւում էին, ես երազում, իմ աչքերով տեսնում էի, թէ ինչպէս նոխազներն ու խոյերը ելնում էին պտաւոր, խատուտիկ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրայ։
11Երազի մէջ Աստծու հրեշտակն ինձ ասաց. «Յակո՛բ»։ Ես պատասխանեցի. «Ի՞նչ է»։
12Նա ասաց. «Քո աչքով նայի՛ր ու տե՛ս, որ մաքիների ու էգ այծերի վրայ ելնող խոյերն ու արու այծերը ինչպէ՜ս պտաւոր են, խայտաճամուկ ու խատուտիկ։ Չէ՞ որ ես տեսայ, թէ ինչքան անարդար վարուեց քեզ հետ Լաբանը։
13Ես այն Աստուածն եմ, որ երեւացի քեզ Աստծու տուն կոչուող վայրում, ուր ինձ համար կոթողը իւղով օծեցիր եւ ուխտ արեցիր։ Արդ, դո՛ւրս արի այս երկրից, գնա՛ քո ծննդավայրը, եւ ես կը լինեմ քեզ հետ»։
14Պատասխան տուեցին Ռաքէլն ու Լիան եւ ասացին նրան. «Մի՞թէ սրանից յետոյ մենք մեր հօր ունեցուածքից բաժին եւ ժառանգութիւն կ՚ունենանք.
15չէ՞ որ նա մեզ օտար համարեց, քանի որ վաճառեց մեզ եւ մեր փողը կերաւ։
16Այն հարստութիւնն ու փառքը, որ Աստուած առաւ մեր հօր ձեռքից, թող մերը լինի ու մեր որդիներինը։ Արդ, ինչ որ ասել է քեզ Աստուած, արա՛»։
17Յակոբը վեր կացաւ, առաւ իր կանանց ու երեխաներին եւ նրանց նստեցրեց ուղտերի վրայ։
18Նա իր հետ վերցրեց իր ողջ ունեցուածքն ու հարստութիւնը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպէսզի գնայ Քանանացիների երկիրը՝ իր հայր Իսահակի մօտ։
19Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու։ Ռաքէլը գողացաւ իր հօր կուռքերը,
20իսկ Յակոբը շեղեց իր աներոջ Լաբանի ուշադրութիւնը, որովհետեւ չէր ուզում յայտնել նրան, որ պիտի գնայ։
21Եւ նա գնաց իր ամբողջ ունեցուածքով։ Նա անցաւ գետը եւ ուղղուեց դէպի Գաղաադ լեռը։
22Երրորդ օրը ասորի Լաբանին յայտնեցին, որ Յակոբը գնացել է։
23Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին, հետապնդեց նրան՝ անցնելով եօթը օրուայ ճանապարհ եւ նրան հասաւ Գաղաադ լերան մօտ։
24Գիշերը երազում Աստուած երեւաց ասորի Լաբանին ու ասաց նրան. «Զգո՛յշ եղիր, չլինի թէ Յակոբի հետ չարութեամբ խօսես»։ Լաբանը հասաւ Յակոբին։
25Յակոբն իր վրանը խփել էր լերան վրայ, իսկ Լաբանն իր եղբայրներին դադար տուեց Գաղաադ լերան վրայ։
26Լաբանն ասաց Յակոբին. «Ինչո՞ւ արեցիր դու այդ բանը, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար, կողոպտեցիր ինձ, իսկ իմ դուստրերին իբրեւ ռազմագերի տարար։
27Եթէ տեղեակ պահէիր ինձ, քեզ ճանապարհ կը դնէի ուրախութեամբ, թմբուկների ու քնարների նուագակցութեամբ։
28Մի՞թէ ես արժանի չէի, որ համբուրէի իմ որդիներին ու դուստրերին։ Արդ, անմիտ բան ես արել։
29Ես հիմա կարող էի քեզ վատութիւն անել, բայց քո հօր Աստուածը երէկ ասաց ինձ. «Զգո՛յշ եղիր, չլինի թէ Յակոբի հետ չարութեամբ խօսես»։
30Արդ, գնում ես, որովհետեւ շատ ես ցանկանում գնալ քո հօր տունը։ Բայց ինչո՞ւ գողացար իմ աստուածները»։
31Պատասխան տուեց Յակոբն ու ասաց Լաբանին. «Որովհետեւ վախեցայ։ Մտածեցի, թէ գուցէ դու քո դուստրերին, նաեւ իմ ողջ ունեցուածքը կը խլես ինձնից»։
32Յակոբն աւելացրեց. «Ում մօտ որ գտնես քո աստուածները, թող նա մեր եղբայրների ներկայութեամբ սպանուի։ Արդ, քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մօտ, վերցրո՛ւ»։ Նա ոչինչ չգտաւ նրա մօտ։ Յակոբը, սակայն, չգիտէր, որ Ռաքէլն էր գողացել դրանք։
33Լաբանը, մտնելով, խուզարկեց Յակոբի կացարանը, Լիայի կացարանն ու երկու հարճերի կացարանը, բայց ոչինչ չգտաւ։ Դուրս գալով Լիայի կացարանից՝ Լաբանը մտաւ Ռաքէլի կացարանը։
34Ռաքէլն առնելով կուռքերը՝ դրանք դրել էր ուղտի թամբի տակ եւ նստել դրանց վրայ։ Լաբանը խուզարկեց ողջ վրանը, բայց ոչինչ չգտաւ։
35Նա ասաց իր հօրը. «Մի՛ բարկացիր, տէ՛ր, որ քո ներկայութեամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետեւ կանանց յատուկ վիճակի մէջ եմ»։ Լաբանը խուզարկեց ողջ կացարանը, բայց կուռքերը չգտաւ։
36Յակոբը զայրացած վիճում էր Լաբանի հետ։ Յակոբը, պատասխան տալով Լաբանին, ասաց. «Ի՞նչ վնաս եմ տուել ես, կամ ո՞րն է իմ յանցանքը, որ հետապնդեցիր ինձ
37եւ խուզարկեցիր իմ ողջ ունեցուածքը։ Իմ տանը քո ունեցուածքից որեւէ բան գտա՞ր. դի՛ր այն իմ եղբայրների ու քո եղբայրների առաջ, եւ նրանք թող դատ անեն մեր երկուսի միջեւ։
38Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո մաքիներն ու այծերը չստերջացան, եւ քո մաքիների խոյերը ես չկերայ։
39Գազաններից յօշոտուած կենդանիները ես չբերեցի քեզ մօտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացուածի ու գիշերը գողացուածի վնասը։
40Ցերեկը տանջւում էի շոգից, իսկ գիշերը՝ ցրտից։ Քունը փախել էր աչքերիցս։
41Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քո դուստրերի համար աշխատեցի եւ վեց տարի՝ քո հօտերի համար, բայց դու խաբեցիր ինձ եւ իմ բաժնից տասը ոչխար խլեցիր։
42Եթէ ինձ հետ չլինէին իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածն ու Իսահակի երկիւղը, այժմ գուցէ ինձ ձեռնունայն յետ ուղարկէիր։ Աստուած, սակայն, տեսաւ իմ չարչարանքն ու իմ ձեռքի գործը եւ երէկ քեզ յանդիմանեց»։
43Պատասխան տուեց Լաբանն ու ասաց Յակոբին. «Դուստրերդ իմ դուստրերն են, որդիներդ իմ որդիներն են, հօտերդ իմ հօտերն են։ Այն ամէնը, ինչ տեսնում ես դու, իմն են ու իմ դուստրերինը։ Արդ, հիմա ես ինչպէ՞ս կարող եմ վատութիւն անել իմ դուստրերին ու նրանց որդիներին։
44Արի պայման դնենք ես ու դու։ Դա թող վկայութիւն լինի իմ ու քո միջեւ»։ Նա իր խօսքը շարունակելով՝ ասաց նրան. «Ահա մեր միջեւ որպէս վկայ Աստծուց բացի ոչ ոք չկայ»։
45Եւ Յակոբը վերցրեց մի քար եւ կանգնեցրեց որպէս կոթող։
46Դիմելով իր եղբայրներին՝ նա ասաց. «Քարեր հաւաքեցէ՛ք»։ Նրանք քարեր կուտակեցին, քարակոյտ սարքեցին եւ այդ քարակոյտի վրայ կերան ու խմեցին։
47Լաբանն այն կոչեց Վկայութեան կարկառ, իսկ Յակոբը կոչեց Վկայ կարկառ։
48Լաբանն ասաց նրան. «Այս քարակոյտն այսօր վկայ է իմ ու քո միջեւ»։ Ահա թէ ինչու Լաբանն այն կոչեց Վկայութեան քարակոյտ, իսկ Յակոբն այն կոչեց Վկայ քարակոյտ։ Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջեւ. վկայ է այս քարակոյտը, վկայ է այս կոթողը»։ Դրա համար էլ քարակոյտը կոչուեց Վկայութիւն
49եւ Դիտանոց, որի մասին ասաց, թէ՝ «Աստծու աչքը թող ինձ ու քեզ վրայ լինի, որովհետեւ մենք, ահա, բաժանւում ենք միմեանցից։
50Եթէ վշտացնես իմ դուստրերին, եթէ իմ դուստրերի կենդանութեան օրօք կանայք առնես, զգո՛յշ եղիր, քանի որ մարդ չկայ, որ այդ բանը տեսնի, բայց Աստուա՛ծ վկայ կը լինի իմ ու քո միջեւ»։
51Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրինք իմ ու քո միջեւ.
52վկայ թող լինի այս քարակոյտը, վկայ թող լինի այս կոթողը, որ ես չեմ անցնի քարակոյտից այն կողմ, իսկ դու էլ չես անցնի քարակոյտից ու կոթողից այս կողմ չար դիտաւորութեամբ։
53Մեր դատաւորը Աբրահամի Աստուածը, Նաքորի Աստուածը, նրանց հայրերի Աստուածը թող լինի»։
54Եւ Յակոբը երդուեց իր հայր Իսահակի երկիւղով։ Յակոբը զոհ մատուցեց լերան վրայ եւ կանչեց իր եղբայրներին, որ հաց ուտեն։ Նրանք կերան, խմեցին ու գիշերեցին լերան վրայ։
55Լաբանն առաւօտեան վեր կացաւ, համբուրեց իր որդիներին ու դուստրերին, օրհնեց նրանց եւ վերադառնալով՝ գնաց իր բնակատեղին։
1Յակոբն էլ գնաց իր ճանապարհով։ Նա տեսաւ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։
2Յակոբը տեսնելով նրանց՝ ասաց. «Սա Աստծու բանակն է». եւ այդ վայրի անունը դրեց Բանակատեղի։
3Յակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկելով իր եղբայր Եսաւի մօտ, Սէիր գաւառը, Եդոմի երկիրը՝ պատուէր տուեց նրանց ու ասաց.
4«Այսպէս կ՚ասէք իմ տէր Եսաւին, թէ այսպէս է ասում քո ծառայ Յակոբը. «Լաբանի մօտ ապրեցի եւ մինչեւ հիմա այնտեղ մնացի։
5Ունեցայ արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմ տէր Եսաւին՝ խնդրելու, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։
6Բանագնացները Յակոբի մօտ վերադառնալով՝ ասացին. «Գնացինք քո եղբայր Եսաւի մօտ. նա, նրա հետ նաեւ չորս հարիւր տղամարդիկ, քեզ ընդառաջ են գալիս»։
7Վախեցաւ Յակոբն ու կասկածանքի մէջ ընկաւ։ Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները եւ ուղտերը բաժանեց երկու խմբի։
8Յակոբը մտածեց. «Եթէ Եսաւը յարձակուի առաջին խմբի վրայ եւ ջարդի այն, ապա կը փրկուի երկրորդ խումբը»։
9Եւ Յակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստուա՛ծ, իմ հայր Իսահակի Աստուա՛ծ, Տէ՛ր, ինձ ասացիր, թէ՝ «Գնա՛ քո ծննդավայրը եւ բարիք կ՚անեմ քեզ»։
10Ես արժանի չեմ բոլոր այն արդարութիւններին ու ճշմարտութիւններին, որ արեցիր քո ծառային, որովհետեւ ցուպը ձեռքիս անցայ Յորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանուել եմ երկու մասի։
11Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքից, որովհետեւ ես նրանից վախենում եմ. գուցէ նա գայ եւ հարուածի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ։
12Դու ասացիր, թէ՝ «Բարիք կ՚անեմ քեզ եւ քո սերունդները աւազի պէս կը բազմացնեմ, այնքան, որ անթիւ ու անհամար կը լինեն նրանք»։
13Եւ նա այդ գիշեր քնեց այդտեղ։ Նա բերածներից իր ձեռքով, իբրեւ ընծայ, իր եղբայր Եսաւին ուղարկեց
14երկու հարիւր այծ, քսան նոխազ, երկու հարիւր մաքի, քսան խոյ,
15երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էշ եւ տասը քուռակ։
16Նա իր ծառաներին յանձնեց հօտերն առանձին-առանձին եւ ասաց նրանց. «Դուք գնացէ՛ք ինձնից առաջ, հօտերն առանձին-առանձին՝ իրարից հեռու կը տանէք»։
17Նա առաջինին պատուիրեց՝ ասելով. «Եթէ քեզ հանդիպի իմ եղբայր Եսաւը եւ հարցնի, թէ՝ «Ո՞վ ես եւ ո՞ւր ես գնում, ո՞ւմ է պատկանում այն, ինչ քո առջեւից է գնում»,
18կ՚ասես. «Քո ծառայ Յակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տէր Եսաւին, իսկ ինքը գալիս է մեր ետեւից»։
19Նա պատուիրեց առաջինին, երկրորդին, երրորդին եւ բոլոր նրանց, ովքեր հօտերի հետ գնում էին առջեւից, եւ ասաց. «Երբ կը հանդիպէք Եսաւին, կ՚ասէք նրան այն, ինչ ասացի ես ձեզ։
20Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»։ Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, եւ ապա անձամբ կը հանդիպեմ նրան, թերեւս բարեացակամ լինի իմ նկատմամբ»։
21Ընծաներն ուղարկուեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝ Բանակատեղիում։
22Նոյն գիշերը վեր կենալով՝ նա առաւ իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմէկ որդիներին, անցկացրեց Յոբոկ գետի ծանծաղուտով։
23Նա նրանց ու իրեն պատկանող ամէն ինչ վերցրած՝ անցկացրեց գետով։
24Յակոբը մնաց միայնակ։ Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչեւ առաւօտ։
25Երբ մարդը տեսաւ, որ չի կարողանում յաղթել նրան, կռուի ընթացքում բռնեց Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրեց դրանք։
26Մարդն ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսացաւ»։ Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»։
27Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց նրան՝ Յակոբ։
28Մարդն ասաց նրան. «Այսուհետեւ քեզ Յակոբ թող չկոչեն, այլ Իսրայէլ թող լինի քո անունը, որովհետեւ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»։
29Յակոբը հարց տուեց. «Ասա՛ ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եւ նա տեղնուտեղը օրհնեց նրան։
30Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս»։
31Երբ անյայտացաւ Աստծու տեսիլքը, նրա վրայ արեւ ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում։
32Դրա համար էլ իսրայէլացիները մինչեւ օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստուած բռնել էր Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրել դրանք։
1Յակոբն աչքերը բարձրացրեց ու տեսաւ իր եղբայր Եսաւին, որ գալիս էր չորս հարիւր հոգով։ Յակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքէլի եւ երկու աղախինների միջեւ։
2Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջեւից, Լիային ու նրա որդիներին՝ նրանցից յետոյ, իսկ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենավերջում։
3Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը։
4Եսաւն ընդառաջ գնաց նրան, գրկեց եւ համբուրեց, փաթաթուեց վզին եւ համբուրեց նրան։ Նրանք երկուսով լաց եղան։
5Եսաւը վեր նայելով տեսաւ կանանց ու երեխաներին եւ հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստուած ողորմեց ինձ՝ քո ծառային»։
6Աղախիններն ու նրանց որդիները մօտեցան ու խոնարհուեցին նրա առաջ։
7Մօտեցան նաեւ Լիան ու իր որդիները եւ խոնարհուեցին նրա առաջ։ Յետոյ մօտեցան Յովսէփն ու Ռաքէլը եւ խոնարհուեցին նրա առաջ։
8Եսաւը հարց տուեց. «Ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»։ Նա պատասխանեց. «Որպէսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։
9Եսաւն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնայ»։
10Յակոբն ասաց. «Այդպէս չի լինի։ Եթէ շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունի՛ր ինձնից ընծաները. որովհետեւ քո դէմքը տեսայ այնպէս, ինչպէս մարդ Աստծու դէմքը տեսնի։ Ուրախացի՛ր ինձ հետ
11եւ ընդունի՛ր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետեւ ողորմեց ինձ Աստուած, եւ ես ամէն ինչ ունեմ»։ Յակոբն ստիպեց նրան, եւ սա ընդունեց։
12Եսաւն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»։
13Յակոբն ասաց նրան. «Իմ տէրն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխարն ու արջառը արդէն ծնել են։ Եթէ դրանց ստիպեմ մի օրուայ ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կը սատկեն։
14Ուրեմն իմ տէրն իր ծառայի առջեւից թող գնայ, իսկ ես ըստ իմ կարողութեան ու անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ, մինչեւ որ Սէիրում հասնեմ իմ տիրոջը»։
15Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»։ Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ։ Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»։
16Այդ օրը Եսաւը իր ճանապարհով վերադարձաւ Սէիր,
17իսկ Յակոբը գնաց դէպի վրանը, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հօտերի համար փարախ շինեց։ Դրա համար էլ այդ վայրը կոչեց Վրան։
18Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Յակոբն եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, որը գտնւում էր Քանանացիների երկրում, եւ բնակուեց քաղաքի դիմաց։
19Նա Սիւքեմի հայր Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը։
20Նա այնտեղ զոհասեղան կառուցեց եւ երկրպագեց Իսրայէլի Աստծուն։
1Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու։
2Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան։
3Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ։
4Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»։
5Յակոբն իմացաւ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դինային։ Այդ ժամանակ իր որդիները դաշտում՝ անասունների մօտ էին։ Յակոբը լուռ մնաց մինչեւ նրանց գալը։
6Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու։
7Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները։ Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան։ Նրանք շատ տխրեցին, որովհետեւ Սիւքեմը, Յակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայէլին։ Դա չպէտք է լինէր։
8Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.
9ձեր դուստրերին տուէ՛ք մեզ եւ մեր դուստրերին առէ՛ք ձեր որդիներին։
10Բնակուեցէ՛ք մեզ հետ։ Մեր ընդարձակ երկիրը փռուած է ձեր առաջ, բնակուեցէ՛ք այնտեղ, վաստակեցէ՛ք եւ կալուածքներ ձեռք բերէք դրա մէջ»։
11Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ։ Ինչ էլ պահանջէք, կը տանք։
12Ինչքան ուզէք, աւելացրէ՛ք պարգեւագինը եւ օժիտը, որքան էլ ասէք, կը տամ, միայն թէ այդ աղջկան տուէ՛ք ինձ կնութեան»։
13Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային։
14Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի։
15Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները։
16Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կ՚առնենք։
17Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ։ Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՚առնենք ու կը հեռանանք»։
18Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը։
19Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը։ Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում։
20Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց.
21«Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ։ Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց։
22Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած։
23Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի։ Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»։
24Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով։
25Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին։
26Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին։
27Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային։
28Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,
29գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը։ նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ։
30Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք։ Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ։ Մենք սակաւաթիւ ենք։ Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»։
31Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»։
1Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»։
2Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները,
3որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»։
4Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը։ Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր։
5Իսրայէլը չուեց Սիկիմից։ Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին։
6Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում։
7Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից։
8Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ։ Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի։
9Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր։ Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝
10ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»։ Եւ նա կոչուեց Իսրայէլ։
11Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը։ Աճի՛ր եւ բազմացի՛ր։ Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից։
12Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի։ Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։
13Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ,
14իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը
15եւ այն տեղը, որտեղ Աստուած խօսել էր իր հետ, կոչեց Բեթէլ։
16Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց։
17Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»։
18Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին։
19Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ։
20Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց։ Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող։
21Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ։
22Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան։ Յակոբն ունէր տասներկու որդի։
23Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը։
24Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը։ Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը։
25Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը։
26Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում։
27Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը։
28Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի։
29Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը։
1Այս է Եսաւի, այսինքն՝ Եդոմի ծննդաբանութիւնը։
2Եսաւը կին առաւ քանանացիների դուստրերից Ադդային՝ քետացի Ելոնի դստերը, Ոլիբամային՝ խեւացի Սեբեգոնի որդի Անայի դստերը,
3եւ Բասեմաթին՝ Իսմայէլի դստերը, որը Նաբէութի քոյրն էր։
4Ադդան Եսաւի համար ծնեց Ելիփազին, իսկ Բասեմաթը ծնեց Ռագուէլին
5Ոլիբաման ծնեց Յէուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք Եսաւի այն որդիներն են, որ նա ունեցաւ Քանանացիների երկրում։
6Եսաւն առաւ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցուածքն ու անասունները, այն ամէնը, ինչ ստացել, ձեռք էր բերել Քանանացիների երկրում, եւ հեռացաւ իր եղբայր Յակոբի մօտից՝ Քանանացիների երկրից,
7որովհետեւ նրանց անասուններն այնքան շատ էին, որ պանդխտութեան երկիրը ի վիճակի չէր նրանց բաւարարելու։
8Ուստի Եսաւը՝ նոյն ինքը Եդոմը, հաստատուեց Սէիր լերան վրայ։
9Այս է Եսաւի՝ եդոմայեցիների նախահօր սերունդը Սէիր լերան վրայ։
10Սրանք են Եսաւի որդիների անունները. Ելիփազ՝ Եսաւի կին Ադդայի որդին, Ռագուէլ՝ Եսաւի կին Բասեմաթի որդին։
11Ելիփազի որդիներն են՝ Թեմանը, Ոմարը, Սոփարը, Գոթոմն ու Կենէզը։
12Թամարը Ելիփազի՝ Եսաւի որդու հարճն էր եւ Ելիփազի համար ծնեց Ամաղէկին։ Սրանք Ադդայի՝ Եսաւի կնոջ որդիներն են։
13Ռագուէլի որդիներն են՝ Նաքոթը, Զարեհը, Ամման եւ Մեզան։ Սրանք Բասեմաթի՝ Եսաւի կնոջ որդիներն են։
14Ոլիբամայի՝ Սեբեգոնի որդի Անայի դստեր եւ Եսաւի կնոջ որդիներն են Յէուսը, Եգղոմն ու Կորխը։
15Եսաւի ցեղապետ յետնորդներն են. Եսաւի անդրանիկ որդու՝ Ելիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը, ցեղապետ Ոմարը, ցեղապետ Սոփարը, ցեղապետ Կենէզը,
16ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթոմը, ցեղապետ Ամաղէկը։ Սրանք Ադդայից ծնուած Ելիփազի ցեղապետերն են Եդոմացիների երկրում։
17Եսաւի որդի Ռագուէլի որդիներն են՝ ցեղապետ Նաքոթը, ցեղապետ Զարեհը, ցեղապետ Ամման, ցեղապետ Մոզէն։ Սրանք Եսաւի կին Բասեմաթից ծնուած Ռագուէլի ցեղապետերն են Եդոմի երկրում։
18Եսաւի կին Ոլիբամայի որդիներն են՝ ցեղապետ Յէուսը, ցեղապետ Եգղոմը, ցեղապետ Կորխը։ Սրանք Եսաւի կին՝ Անայի դուստր Ոլիբամայից ծնուած ցեղապետերն են։
19Սրանք են Եսաւի որդիները, եւ սրանք են նրանց ցեղապետերը՝ Եդոմի որդիները։
20Սէիրում բնակուող քոռեցի Սէիրի որդիներն են՝ Ղոտանը, Սեբաղը, Սեբեգոնը, Անան,
21Դեսոնը, Ասերը եւ Ռիսոնը։ Սրանք քոռեցու՝ Սէիրի որդու ցեղապետերն են Եդոմի երկրում։
22Ղոտանի որդիներն են Քոռին, Եմման, իսկ Ղոտանի քոյրը Թամնան էր։
23Սոբաղի որդիներն են՝ Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սոփարը եւ Ոնանը։
24Սեբեգոնի որդիներն են՝ Այիէն եւ Ոնանը։ Սա այն Ոնանն է, որ անապատում աղբիւր գտաւ, երբ արածեցնում էր իր հայր Սեբեգոնի էշերը։
25Անայի որդիներն են՝ Դեսոնը եւ Ոլիբաման՝ Անայի դուստրը։
26Դեսոնի որդիներն են՝ Ամադանը, Եսբանը, Յեթրանը եւ Քառանը։
27Ասերի որդիներն են՝ Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը եւ Ուկամը։
28Ռիսոնի որդիներն են՝ Ոսը եւ Առանը։
29Քոռի ցեղապետերն են՝ ցեղապետ Ղոտանը, ցեղապետ Սոբաղը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան,
30ցեղապետ Դեսոնը, ցեղապետ Ասերը, ցեղապետ Ռիսոնը։ Սրանք Քոռի ցեղապետերն են իրենց գաւառներում, Եդոմի երկրում։
31Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմայեցիների երկրում, երբ դեռ որեւէ թագաւոր չէր թագաւորում Իսրայէլում։
32Եդոմում թագաւորեց Սեպփորի որդի Բաղակը. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։
33Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Զարեհի որդի Յոբաբը, որ Բոսորայից էր։
34Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ասոմը, որը Թեմանացիների երկրից էր։
35Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը։ Սա էր, որ Մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին։ Նրա քաղաքի անունը Գեթէմ էր։
36Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց Սամաղան՝ Մասեկկայից։
37Մեռաւ Սամաղան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը՝ Ռոբոթից, որը գտնւում է գետի եզերքին։
38Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ոքոբորի որդի Բալլայենոնը։
39Մեռաւ Ոքոբորի որդի Բալլայենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբէէլ։ Սա Մազոբի որդի Մատրէթի դուստրն էր։
40Սրանք են Եսաւի սերունդների, Եսաւի ցեղապետերի անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց վայրերի՝ իրենց աշխարհում, եւ ըստ իրենց տոհմերի, համաձայն նրանց անունների. ցեղապետ Թամանա, ցեղապետ Ղոտան, ցեղապետ Յեթաթ,
41ցեղապետ Ոլիբամասա, ցեղապետ Հեղա, ցեղապետ Փենոն,
42ցեղապետ Կենէզ, ցեղապետ Թեման, ցեղապետ Մազար,
43ցեղապետ Մագեդիէլ, ցեղապետ Զաբոյին։ Սրանք եդոմայեցիների ցեղապետերն են ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի, եւ այս Եսաւն է, որ դարձաւ Եդոմի նախահայրը։
1Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը։
2Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում։ Իր հօր կանանց՝ Բալլայի որդիներից եւ Զելփայի որդիներից փոքր էր նա։ Որդիներն իրենց հայր Իսրայէլի մօտ վատաբանում էին Յովսէփին,
3բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած որդին էր։ Նա նրա համար կարել էր տուել ծաղկազարդ մի պատմուճան։
4Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ խօսել չէին կարողանում։
5Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին։ Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան։
6Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ տեսած երազը։
7Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»։
8Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»։ Եւ նրանք առաւել եւս ատեցին նրան այդ երազների ու խօսքերի համար։
9Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին։ Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ։ Իբրեւ թէ արեգակն ու լուսինը եւ տասնմէկ աստղեր երկրպագում էին ինձ»։
10Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»։
11Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը։
12Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու։
13Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում։ Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»։
14Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։ Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ ինձ լուր բեր»։ Եւ Յակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից։
15Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած։ Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»։
16Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»։
17Մարդն ասաց նրան. «Նրանք այստեղից քոչեցին գնացին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»։ Յովսէփը գնաց իր եղբայրների ետեւից եւ նրանց գտաւ Դոթայիմում։
18Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց։ Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան։
19Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր։
20«Ահա երազատեսը գալիս է։ Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»։ Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»։
21Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»։
22Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ։ Ձեռք մի՛ տուէք նրան»։ Դա ասում էր, որպէսզի նրան փրկի նրանց ձեռքից եւ հասցնի իր հօրը։
23Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը
24եւ նրան նետեցին հորի մէջ։ Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար։
25Նրանք նստեցին հաց ուտելու։ Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս։
26Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը։
27Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս ու արիւնից»։ Եւ իր եղբայրները լսեցին նրան։
28Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ։ Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին։
29Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս։ Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ։
30Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»։
31Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,
32ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»։
33Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»։
34Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար։
35Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել։ Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»։ Եւ հայրը ողբաց նրան։
36Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին։
1Այդ ժամանակ Յուդան հեռացաւ իր եղբայրներից եւ եկաւ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մօտ։
2Յուդան այնտեղ տեսաւ քանանացի մի մարդու դստերը, որի անունը Շաւա էր։ Նա ամուսնացաւ նրա հետ եւ մտաւ նրա ծոցը։
3Սա յղիացաւ, ունեցաւ որդի եւ անունը դրեց Էր։
4Շաւան նորից յղիացաւ, ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Օնան։
5Նա մի որդի էլ ունեցաւ եւ նրա անունը դրեց Սելոմ։ Շաւան Քասբիում էր, երբ ծնեց նրան։
6Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առաւ, որի անունը Թամար էր։
7Յուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթուաց Տիրոջը, եւ Աստուած առաւ նրա հոգին։
8Յուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբօր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զաւա՛կ պարգեւիր քո եղբօրը»։
9Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղբօրը։
10Օնանի արածը Աստծուն դուր չեկաւ, ուստի նրա հոգին էլ առաւ։
11Յուդան ասաց իր հարս Թամարին. «Այրի՛ մնա քո հօր տանը, մինչեւ որ մեծանայ իմ որդի Սելոմը»։ Յուդան վախենում էր, որ նա էլ կը մեռնի իր եղբայրների պէս։
12Թամարը գնաց ու ապրեց իր հօր տանը։ Շատ օրեր անցան, եւ մեռաւ Յուդայի կին Շաւան։ Յուդան սգից դուրս գալուց յետոյ իր ոդողոմացի հովիւ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։
13Այդ մասին իմացաւ նրա հարս Թամարը, որովհետեւ նրան յայտնել էին, թէ՝ «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։
14Թամարն իր վրայից հանեց այրիութեան զգեստները, քող նետեց երեսին, զարդարուեց ու նստեց Ենանի դարպասի մօտ, Թամնա տանող ճանապարհի վրայ, որովհետեւ տեսաւ, որ Սելոմը մեծացել է, բայց Յուդան իրեն կնութեան չի տալիս նրան։
15Երբ Յուդան տեսաւ նրան, կարծեց, թէ բոզ է, որովհետեւ նա երեսը ծածկել էր, ուստի ինքը նրան չճանաչեց։
16Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»։ Նա չգիտէր, որ դա իր հարսն է։ Սա ասաց. «Ի՞նչ կը տաս ինձ, եթէ մտնես ծոցս»։
17Նա պատասխանեց. «Քեզ իմ հօտից այծի ուլ բերել կը տամ»։ Սա ասաց. «Իսկ մինչեւ բերել տալդ գրաւ կը տա՞ս»։ Նա ասաց. «Ի՞նչ գրաւ տամ քեզ»։
18Սա ասաց. «Տո՛ւր մատանիդ, մանեակդ եւ այն գաւազանը, որ քո ձեռքին է»։ Եւ նա մտաւ նրա ծոցը։ Թամարը յղիացաւ նրանից
19եւ վեր կացաւ գնաց։ Նա իր վրայից հանեց քողը եւ հագաւ այրիութեան իր զգեստները։
20Յուդան իր ոդողոմացի հովուի միջոցով այծի ուլ ուղարկեց, որպէսզի այդ կնոջից յետ ստանայ գրաւը, բայց հովիւը չգտաւ նրան։
21Դիմելով տեղի մարդկանց՝ նա հարցրեց նրանց. «Ու՞ր է այն բոզը, որ Ենանում էր, ճանապարհի վրայ»։
22Նրանք պատասխանեցին. «Այստեղ ոչ մի բոզ չի եղել»։ Վերադառնալով Յուդայի մօտ՝ նա ասաց. «Նրան չգտայ։ Տեղի մարդիկ էլ ասացին. «Այստեղ բոզ չկայ»։
23Յուդան ասաց. «Գրաւը նրան թող մնայ, միայն թէ ծաղրի առարկայ չդառնանք։ Ես ուլը տուել եմ, որ տանես, դու էլ այդ կնոջը չես գտել»։
24Երեք ամիս յետոյ Յուդային յայտնեցին, թէ՝ «Պոռնկացել է քո հարս Թամարը եւ ահա պոռնկանալու պատճառով յղիացել է»։ Յուդան ասաց. «Դո՛ւրս հանեցէք նրան, թող ողջ-ողջ այրուի»։
25Իրեն տանելու ճանապարհին Թամարը գրաւներն ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես յղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրաւները»։ Եւ աւելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, մանեակը եւ գաւազանը»։
26Յուդան ճանաչեց դրանք ու ասաց. «Նա աւելի արդար է, քան ես, որովհետեւ նրան իմ որդի Սելոմին կնութեան չտուեցի»։ Եւ այլեւս չմտաւ նրա ծոցը։
27Երբ Թամարը ծննդաբերելու վրայ էր, նրա որովայնում երկու զաւակներ կային։
28Ծննդաբերութեան պահին զաւակներից մէկն աւելի շուտ հանեց իր ձեռքը։ Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Անդրանիկը սա թող լինի»։
29Երբ սա ձեռքը յետ տարաւ, անմիջապէս դուրս ելաւ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ ճեղքեցիր պատնէշը»։ Եւ նա նրա անունը դրեց Փարէս։
30Ապա դուրս ելաւ նրա եղբայրը, որի ձեռքին կարմիր թել էր կապուած, եւ նրա անունը դրեց Զարա։
1Յովսէփին տարան Եգիպտոս։ Ոմն եգիպտացի՝ փարաւոնի ներքինի դահճապետ Պետափրէսը, նրան գնեց նրան Եգիպտոս տարած իսմայէլացիներից։
2Տէրը Յովսէփի հետ էր, նրա գործերը բարեյաջող էին, եւ նա մնաց իր տիրոջ տանը՝ Եգիպտոսում։
3Երբ իր տէրը տեսաւ, որ Տէրը նրա հետ է, եւ ինչ էլ որ ինքն անում է, Տէրը յաջողութիւն է տալիս նրան, Յովսէփը շնորհ գտաւ տիրոջ առաջ, քանի որ հաճելի էր եղել նրան։
4Դրա համար էլ նա նրան իր տան վերակացու կարգեց եւ իր ողջ ունեցուածքը վստահեց Յովսէփին։ Երբ տէրը նրան իր տան եւ իր ունեցած ամէն ինչին վերակացու կարգեց,
5Աստուած Յովսէփի համար օրհնեց եգիպտացու տունը, եւ այդ օրհնութիւնը տարածուեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցուածքի վրայ։ Այն ամէնն, ինչ տէրն ունէր, թողեց Յովսէփի տնօրինութեանը։
6Պետափրէսը չգիտէր, թէ ինչ կայ իր տանը, բացի իր կերած հացից։ Յովսէփը դէմքով շատ գեղեցիկ էր ու վայելչակազմ։
7Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»։
8Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ,
9եւ այս տանը ինձնից աւելի մեծ մարդ չկայ, ու ինձ ոչինչ չի արգելուած, քեզնից բացի, որովհետեւ նրա կինն ես, ապա ես ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստծու առաջ»։
10Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան։
11Այնպէս պատահեց, որ մի օր Յովսէփը իր ինչ-որ գործով տուն մտաւ։ Ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը։
12Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Յովսէփը թողնելով իր շորերը նրա ձեռքում՝ դուրս փախաւ։
13Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց.
14«Տեսէ՛ք, ամուսինս եբրայեցի ծառայ բերեց տուն, որ մեզ խայտառակ անի։ Նա, մտնելով իմ սենեակը, ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Ես բարձրաձայն աղաղակեցի,
15իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»։
16Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ՝
17«Սենեակս մտաւ քո բերած եբրայեցի ծառան, որպէսզի խայտառակի ինձ։ Նա ասաց՝ «Պառկի՛ր ինձ հետ»։
18Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»։
19Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ։
20Յովսէփի տէրը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, ուր արքունի կալանաւորներ էին բանտարկուած։
21Բայց Աստուած Յովսէփի հետ էր. նա ողորմութիւն պարգեւեց նրան, եւ այնպէս արեց, որ նա բանտապետի բարեհաճութեանն արժանանայ։
22Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանաւորներին վստահեց Յովսէփին։ Եւ ինչ էլ որ լինում էր այնտեղ, նա էր անողը։
23Բանտապետը նրա շնորհիւ բանտի գործերին չէր խառնւում, որովհետեւ ամէն ինչ յանձնուած էր Յովսէփի ձեռքը։ Աստուած նրա հետ էր, եւ ինչ էլ որ ինքն անում էր, Տէրը յաջողութիւն էր տալիս նրան։
1Այս դէպքերից յետոյ Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդէպ։
2Բարկացաւ փարաւոնն իր երկու ներքինիների՝ տակառապետի եւ մատակարարի վրայ,
3նրանց բանտ նետեց դահճապետի մօտ, այն բանտը, ուր Յովսէփն էր արգելափակուած։
4Դահճապետը նրանց յանձնարարեց Յովսէփին. սա սպասարկում էր նրանց։ Նրանք որոշ ժամանակ մնացին բանտում։
5Միեւնոյն գիշերը բանտում երազ տեսան եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը՝ ամէն մէկն իր երազը։
6Առաւօտեան Յովսէփը մտաւ նրանց մօտ եւ տեսաւ, որ նրանք յուզուած են։
7Նա հարց տուեց փարաւոնի ներքինիներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Ինչո՞ւ ձեր դէմքերն այսօր մռայլ են»։
8Նրանք պատասխանեցին. «Երազ ենք տեսել, եւ չկայ մէկը, որ կարողանայ մեկնել այն»։ Յովսէփն ասաց նրանց. «Չէ՞ որ Աստծու օգնութեամբ հնարաւոր է դրանց մեկնութիւնը։ Պատմեցէ՛ք ինձ»։
9Տակառապետը Յովսէփին պատմեց իր երազը եւ ասաց. «Երազում իմ առաջ երեւաց մի որթատունկ։
10Որթատունկն ունէր երեք շատ կանաչ ճիւղեր եւ հասունացած խաղողի երեք ողկոյզներ։
11Փարաւոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարաւոնի բաժակի մէջ եւ բաժակը տալիս էի փարաւոնի ձեռքը»։
12Յովսէփն ասաց նրան. «Դրա մեկնութիւնը հետեւեալն է. երեք ճիւղերը երեք օրեր են։
13Կ՚անցնի երեք օր, փարաւոնը կը յիշի քո նախկին իշխանութիւնը եւ քեզ նոյն տակառապետի պաշտօնին կը նշանակի։ Դու փարաւոնի բաժակը կը տաս նրա ձեռքը՝ ըստ քո նախկին իշխանութեան, ինչպէս անում էիր տակառապետ եղած ժամանակ։
14Իսկ երբ գործդ յաջող ընթանայ, դու յիշի՛ր ինձ, ողորմած եղի՛ր իմ հանդէպ, յիշի՛ր ինձ փարաւոնի առաջ
15եւ ինձ ազատի՛ր այս բանտից, որովհետեւ առեւանգելով՝ ինձ բերեցին Եբրայեցիների երկրից. եւ այստեղ ոչինչ չարեցի, բայց ինձ նետեցին այս բանտախուցը»։
16Երբ մատակարարը տեսաւ, որ նա երազին ուղիղ մեկնութիւն տուեց, ասաց Յովսէփին. «Ես էլ եմ երազ տեսել։ Երազիս մէջ գլխիս վրայ ընտիր ալիւրով լի երեք զամբիւղ կար։
17Վերեւի զամբիւղի մէջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարաւոն արքան։ Թռչուններն ուտում էին իմ գլխի վրայ գտնուող զամբիւղից»։
18Յովսէփը, դիմելով նրան, ասաց. «Այս է դրա մեկնութիւնը. երեք զամբիւղները երեք օրեր են։
19Երեք օր յետոյ փարաւոնը կը կտրի քո գլուխը, իսկ մարմինդ կը կախի ծառից, եւ երկնքի թռչունները կը յօշոտեն քո մարմինը»։
20Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր։ Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար։ Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին։
21Նա տակառապետին վերականգնեց իր պաշտօնում, եւ սա բաժակը տուեց փարաւոնի ձեռքը,
22իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպէս մեկնել էր Յովսէփը։
23Տակառապետը, սակայն, չյիշեց Յովսէփին. նա մոռացաւ նրան։
1Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ։ Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին,
2իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում։
3Դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը այլ երինջներ եւ միւս երինջների հետ արածում գետի եզերքին։
4Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին։ Զարթնեց փարաւոնը։ Նորից քուն մտաւ։
5Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր։
6Ապա բուսան չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
7եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը։
8Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր։ Առաւօտեան խռովուեց նրա հոգին։ Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները։
9Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը։
10Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը։
11Մենք երկուսս էլ երազ տեսանք միեւնոյն գիշերը. իւրաքանչիւրս տեսաւ ի՛ր երազը։
12Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի։ Պատմեցինք նրան,
13եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը։ Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»։
14Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին։ Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին։
15Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին։ Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»։
16Պատասխան տալով՝ Յովսէփն ասաց փարաւոնին. «Առանց Աստծու օգնութեան փարաւոնի համար փրկարար ոչ մի պատասխան չի լինի»։
17Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին,
18եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում։
19Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում։
20Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին։
21Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր։ Զարթնեցի ու նորից քնեցի։
22Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր։
23Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
24եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը։ Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»։
25Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է։
26Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում։ Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն։
27Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու։
28Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է։
29Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ։
30Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը։
31Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու։
32Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց։
33Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ։
34Փարաւոնը երկրի վրայ նաեւ գործակալներ թող նշանակի, որ Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն։
35Նրանք թող հաւաքեն առաջին եօթը տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրուի փարաւոնի տրամադրութեան տակ, եւ պարէնը թող պահուի քաղաքներում։
36Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»։
37Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին։
38Փարաւոնն ասաց իր բոլոր պաշտօնեաներին. «Մի՞թէ կը գտնենք այսպիսի մի մարդ, որ իր անձի մէջ կրի Աստծու ոգին»։
39Եւ փարաւոնն ասաց Յովսէփին. «Քանի որ Աստուած քեզ յայտնեց այդ ամէնը, ուրեմն քեզնից աւելի իմաստուն ու խելացի մարդ չկայ։
40Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը։ Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»։
41Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրայ»։
42Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին,
43նրան նստեցրեց իր երկրորդ կառքը։ Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ։
44Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ։ Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»։
45Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան։ Եւ Յովսէփը գնաց փարաւոնի մօտից։
46Յովսէփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացաւ եգիպտացիների փարաւոն արքային։ Յովսէփը, գնալով փարաւոնի մօտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
47Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց։
48Յովսէփը հաւաքեց Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ողջ բերքը՝ ամէն մի քաղաքի շուրջը գտնուող դաշտերի բերքը ամբարելով այդ քաղաքում։
49Յովսէփը ծովի աւազի չափ շատ ցորեն հաւաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարաւոր չէր հաշուել, քանի որ անթիւ-անհամար էր։
50Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար։
51Յովսէփն անդրանիկ որդու անունը դրեց Մանասէ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ մոռացնել տուեց իմ ու իմ հօր բոլոր վշտերը»։
52Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»։
53Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները,
54եւ վրայ հասան սովի եօթը տարիները, ինչպէս ասել էր Յովսէփը։ Սով եղաւ ամբողջ երկրում, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրում հաց չէր գտնւում։
55Սովի մատնուեց համայն Եգիպտացիների երկիրը, եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց փարաւոնի առաջ։ Փարաւոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացէ՛ք Յովսէփի մօտ, եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցէ՛ք»։
56Սով էր ամբողջ երկրում։ Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին։ Սովը սաստկացաւ Եգիպտացիների երկրում։
57Եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Յովսէփից հաց գնելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում։
1Յակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կայ Եգիպտացիների երկրում, ասում է իր որդիներին. «Ինչո՞ւ էք յապաղում։
2Իմացել եմ, որ Եգիպտոսում ցորեն կայ։ Գնացէ՛ք այնտեղ եւ մեզ համար մի քիչ պարէն գնեցէ՛ք, որ ապրենք, սովամահ չլինենք»։
3Յովսէփի տասը եղբայրները իջան Եգիպտոսից ցորեն գնելու։
4Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին չթողեց, որ գնայ իր եղբայրների հետ, որովհետեւ ասում էր, թէ՝ «Գուցէ նա կը հիւանդանայ»։
5Իսրայէլի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ Քանանացիների երկրում սով էր։
6Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին։ Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին։
7Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց. «Որտեղի՞ց էք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարէն գնելու»։
8Յովսէփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։
9Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»։
10Նրանք ասացին. «Ո՛չ, տէ՛ր։ Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու։
11Մենք ամէնքս մի մարդու զաւակներ ենք։ Խաղաղասէր մարդիկ ենք մենք, քո ծառաները լրտեսներ չեն»։
12Յովսէփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել էք երկիրը հետախուզելու»։
13Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ էինք, Քանանացիների երկրում մի մարդու որդիներ։ Այս պահին մեր կրտսեր եղբայրն իր հօր մօտ է, իսկ միւսն այլեւս չկայ»։
14Յովսէփն ասաց նրանց. «Ահա թէ ինչպիսի փորձի պիտի ենթարկուէք. հէնց դրա համար ասացի ձեզ՝ դուք լրտեսներ էք։
15Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել։
16Արդ, ձեզնից մէկին ուղարկեցէ՛ք, որ այստեղ բերի ձեր եղբօրը, իսկ դուք կը մնաք արգելարանում, մինչեւ որ պարզուի, թէ ճի՞շտ էք ասում, թէ՞ ոչ։ Հակառակ դէպքում, երդւում եմ փարաւոնի արեւով, որ դուք լրտեսներ էք»։
17Եւ երեք օր նրանց բանտարկեց։
18Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ։
19Եթէ խաղաղասէր մարդիկ էք, ձեր եղբայրներից մէկն այստեղ՝ բանտում կը մնայ, իսկ մնացածներդ կը տանէք ձեր գնած ցորենը։
20Ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ կը բերէք, որ հաւատամ ձեր ասածներին, ապա թէ ոչ՝ մահուան կը դատապարտուէք»։
21Նրանք այդպէս էլ արեցին։ Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»։
22Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք։ Հիմա նրա արեան գինն է պահանջւում»։
23Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր։ Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ։
24Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ։ Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան։
25Յովսէփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, իւրաքանչիւրի արծաթը դնեն իր պարկի մէջ եւ ճանապարհի պաշար տան։ Այդպէս էլ արեցին։
26Նրանք բարձելով իրենց էշերը՝ գնացին այնտեղից։
27Նրանցից մէկը, իջեւանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսաւ, որ իր արծաթի քսակը դրուած է իր պարկի բերանին։
28Այն ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձրել են ինձ, ահա իմ պարկի մէջ է»։ Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստուած»։
29Նրանք եկան իրենց հայր Յակոբի մօտ, Քանանի երկիրը, պատմեցին նրան այն ամէնը, ինչ պատահել էր իրենց հետ, եւ ասացին.
30«Մարդը, որ երկրի տէրն էր, մեզ հետ շատ խիստ խօսեց եւ մեզ, իբրեւ այդ երկրի լրտեսներ, բանտ նետեց։
31Մենք նրան ասացինք. «Մենք խաղաղասէր մարդիկ ենք, լրտեսներ չենք։
32Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հօր որդիները։ Մէկը չկայ, իսկ կրտսերն այս պահին մեր հօր մօտ է՝ Քանանացիների երկրում»։
33Երկրի տէրը մեզ ասաց. «Ձեր խաղաղասէր լինելը սրանով կ՚իմանամ, եթէ ձեր մի եղբօրն այստեղ՝ ինձ մօտ թողնէք, ձեր գնած ցորենը վերցնէք տանէք ձեր տուն
34եւ ձեր կրտսեր եղբօրը բերէք ինձ մօտ։ Այն ժամանակ ես կ՚իմանամ, որ դուք լրտեսներ չէք, այլ խաղաղասէր մարդիկ էք, եւ ձեր այս եղբօրն էլ կը վերադարձնեմ ձեզ, եւ դուք այս երկրում առեւտուր կ՚անէք»։
35Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր։ Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի քսակները, իրենք եւ իրենց հայրը խիստ վախեցան։
36Նրանց հայրը՝ Յակոբը, ասաց նրանց. «Ինձ անզաւակ էք թողնում։ Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, հիմա էլ Բենիամինի՞ն էք վերցնելու։ Այս բոլորը իմ գլխին են թափւում»։
37Ռուբէնը, դիմելով հօրը, ասաց. «Դու իմ երկու որդիներին կը սպանես, եթէ նրան չվերադարձնեմ քեզ։ Դու Բենիամինին վստահիր ինձ, եւ ես նրան կը վերադարձնեմ քեզ»։
38Նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետեւ սրա եղբայրը մեռաւ, եւ միայն սա է մնացել։ Եթէ սա հիւանդանայ ձեր գնացած ճանապարհին, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»։
1Սովը աւելի ու աւելի էր սաստկանում երկրում։
2Երբ կերան-սպառեցին Եգիպտացիների երկրից բերած ցորենը, հայրն ասաց նրանց. «Դարձեալ գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»։
3Յուդան, դիմելով նրան, ասաց. «Մարդը մեզ կտրուկ ու յստակ ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»։
4Արդ, եթէ թողնես, որ մեր եղբայրը գայ մեզ հետ, կը գնանք եւ պարէն կը գնենք,
5իսկ եթէ մեր եղբօրը մեզ հետ չթողնես, չենք գնայ, որովհետեւ այդ մարդը մեզ հետ խօսեց ու ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»։
6Իսրայէլն ասաց. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիք իմ գլխին, ինչո՞ւ յայտնեցիք այդ մարդուն, թէ եղբայր ունէք»։
7Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր եւ մեր ընտանիքի մասին, թէ՝ «Տակաւին կենդանի՞ է ձեր հայրը», թէ՝ «Եղբայր ունէ՞ք»։ Եւ մենք յայտնեցինք նրան ըստ նրա հարցերի։ Ի՞նչ իմանայինք, թէ ասելու է մեզ. «Բերէ՛ք ձեր եղբօրը»։
8Յուդան ասաց իր հայր Իսրայէլին. «Թո՛յլ տուր, որ պատանին գայ ինձ հետ, վեր կենանք գնանք, որպէսզի ե՛ւ մենք, ե՛ւ դու, ե՛ւ մեր ընտանիքի անդամները ապրենք, սովամահ չլինենք։
9Ես նրա համար պատասխանատու եմ. ինձնի՛ց կը պահանջես նրան։ Եթէ նրան յետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղաւոր լինեմ իմ ամբողջ կեանքում։
10Որովհետեւ եթէ չդանդաղէինք, ապա երկու անգամ գնացած-եկած կը լինէինք»։
11Իրենց հայր Իսրայէլն ասաց նրանց. «Ճիշտ էք ասում։ Այդպէս էլ արէք։ Մեր երկրի բարիքներով լցրէ՛ք ձեր ամանները, այդ մարդուն իբրեւ նուէր տարէ՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խէժ, բեւեկն եւ ընկոյզ։
12Կրկնակի արծաթ վերցրէ՛ք ձեզ հետ, ինչպէս նաեւ այն արծաթը, որ ձեր պարկերի մէջ յետ բերեցիք, տարէ՛ք ձեզ հետ, գուցէ դա սխալմունք էր։
13Վերցրէ՛ք նաեւ ձեր եղբօրն ու գնացէ՛ք այդ մարդու մօտ։ Իմ Աստուածը թող այնպէս անի, որ շնորհ գտնէք այդ մարդու մօտ, եւ նա կ՚արձակի ձեզ հետ ձեր միւս եղբօրն ու Բենիամինին։
14Բայց ես ինչպէս անզաւակացայ, այնպէս էլ անզաւակ մնացի»։
15Եւ մարդիկ, առնելով նուէրներ ու կրկնակի արծաթ, Բենիամինի հետ գնացին իջան Եգիպտոս եւ ներկայացան Յովսէփին։
16Երբ Յովսէփը տեսաւ նրանց եւ իր եղբայր Բենիամինին՝ ասաց պալատի կառավարիչին. «Այս մարդկանց տուն տա՛ր, անասուն մորթի՛ր եւ ճաշ պատրաստի՛ր, որովհետեւ այս մարդիկ կէսօրին ինձ հետ են ճաշելու»։
17Մարդն արեց այնպէս, ինչպէս ասել էր Յովսէփը, եւ մարդկանց տարաւ Յովսէփի տունը։
18Այս մարդիկ տեսնելով, որ իրենց տարան Յովսէփի տունը, ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձուած արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպէսզի մեզ խուզարկեն։ Նրանք մեզ վրայ կը յարձակուեն, մեզ կը ստրկացնեն եւ կը տիրանան մեր էշերին»։
19Մօտենալով Յովսէփի պալատի կառավարիչին՝ նրանք դռան մօտ ասացին նրան.
20«Աղաչում ենք քեզ, տէ՛ր, լսի՛ր մեզ։ Երբ առաջին անգամ եկանք պարէն գնելու
21եւ վերադառնալիս իջեւան հասանք, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ իւրաքանչիւրիս արծաթը իր պարկի մէջ է։ Արդ, արծաթը նոյն կշռով յետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է։
22Ուրիշ արծաթ էլ ենք բերել մեզ հետ, որ պարէն գնենք։ Մենք չգիտենք, թէ ով է արծաթը դրել մեր պարկերի մէջ»։
23Նա ասաց նրանց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, մի՛ վախեցէք։ Ձեր եւ ձեր հայրերի Աստուածն է դրել գանձերը ձեր պարկերի մէջ, իսկ ես արդէն ստացել եմ ձեր արծաթը եւ գոհացել եմ»։ Եւ նա բանտից հանեց ու նրանց մօտ բերեց Շմաւոնին։
24Մարդը նրանց տարաւ ներս՝ Յովսէփի տունը։ Ջուր բերեցին, որ նրանք լուանան իրենց ոտքերը, եւ նա նրանց գրաստներին կեր տուեց։
25Նրանք պատրաստեցին ընծաները, երբ Յովսէփը դեռ չէր եկել կէսօրին, որովհետեւ լսել էին, որ այնտեղ է ճաշելու։
26Յովսէփը տուն մտաւ, եւ նրանք այդ տանը նրան մատուցեցին իրենց ձեռքերում բռնած ընծաները եւ գլուխ խոնարհեցին նրան մինչեւ գետին։
27Յովսէփը, դիմելով նրանց, հարցրեց. «Ինչպէ՞ս էք, ողջ-առո՞ղջ է ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թէ տակաւին կենդանի է»։
28Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է քեզ ծառայ մեր հայրը, տակաւին կենդանի է»։ Նա ասաց. «Այդ մարդն օրհնեալ է Աստծուց»։ Եւ նրանք խոնարհուելով գլուխ տուեցին նրան։
29Յովսէփը բարձրացրեց իր աչքերը եւ, տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին, հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ասել էիք, թէ կը բերէք ինձ մօտ»։ Եւ ասաց. «Աստուած թող ողորմի քեզ, որդեա՛կ»։
30Յուզուեց Յովսէփը, իր եղբօր համար ճմլուեց սիրտը եւ ուզում էր լաց լինել։ Եւ, մտնելով իր սենեակը, նա լաց եղաւ։
31Յետոյ նա լուաց երեսը, դուրս եկաւ եւ, զսպելով իրեն, ասաց. «Ճա՛շ մատուցէք»։
32Քանի որ եգիպտացիները զզւում էին եբրայեցիներից եւ նրանց հետ սեղան չէին նստում, ուստի նրան եւ նրանցից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ նրա հետ ճաշող եգիպտացիներից իւրաքանչիւրին ճաշ մատուցեցին առանձին-առանձին։
33Նրա դիմաց նստեց անդրանիկը՝ ըստ իր աւագութեան, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերութեան։ Եւ մարդիկ զարմացել էին իւրաքանչիւրն իր եղբօր համար։
34Նրանք Յովսէփից ստացան իրենց ճաշի բաժինը, եւ Բենիամինի բաժինը բոլորի բաժնի հնգապատիկը դարձաւ։ Նրանք նրա հետ խմեցին ու գինովցան։
1Յովսէփն իր պալատի կառավարչին հրաման տուեց եւ ասաց. «Այդ մարդկանց պարկերը լցրէ՛ք պարէնով այնքան, որքան կարող են տանել, եւ իւրաքանչիւրի արծաթը դրէ՛ք իր պարկի բերանին։
2Իմ արծաթէ սկիհը դրէ՛ք կրտսեր եղբօր պարկի մէջ։ Այնտեղ դրէ՛ք նաեւ նրա ցորենի գինը»։ Եւ արուեց ըստ Յովսէփի ասածի։
3Առաւօտեան թոյլ տուեցին, որ նրանք գնան իրենց էշերով։
4Երբ նրանք քաղաքից դուրս ելան, բայց դեռ հեռու չէին գնացել, Յովսէփն ասաց իր պալատի կառավարիչին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ էք լաւութեան դիմաց վատութիւն անում։
5Ինչո՞ւ գողացաք արծաթէ սկիհը։ Չէ՞ որ դրանով էր խմում իմ տէրը եւ դրանով էր գուշակութիւն անում։ Արդ, ձեր արածը չար գործ է»։
6Երբ նա հասաւ նրանց, այդպէս էլ ասաց։
7Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տէրը այդպիսի բաներ ասում։ Քա՛ւ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն։
8Եթէ մեր պարկերում գտնուած արծաթը Քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք։
9Արդ, քո ծառաներից ում մօտ որ գտնուի սկիհը, թող մահուան դատապարտուի, իսկ մենք՝ մնացածներս, լինենք մեր տիրոջ ստրուկները»։
10Նա ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիք. ում մօտ որ գտնուի սկիհը, թող նա դառնայ իմ ստրուկը, իսկ մնացածներդ համարուէք անպարտ»։
11Եւ նրանցից իւրաքանչիւրն շտապ իջեցնելով իր բեռը՝ բացեց իր պարկը։
12Կառավարիչը, աւագից սկսած մինչեւ կրտսերը, խուզարկեց եւ սկիհը գտաւ Բենիամինի պարկի մէջ։
13Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, եւ իւրաքանչիւրն իր բեռը բարձելով իր էշի վրայ՝ վերադարձաւ քաղաք։
14Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին։
15Յովսէփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թէ չգիտէք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողութիւն ունի»։
16Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք։ Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը։ Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»։
17Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք ողջ ու անվնաս գնացէ՛ք ձեր հօր մօտ»։
18Յուդան, մօտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տէ՛ր, թո՛յլ տուր, որ քո ծառան մի բան ասի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրայ, որովհետեւ փարաւոնից յետոյ դո՛ւ ես։
19Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»։
20Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում։ Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»։
21Դու քո ծառաներին ասացիր. «Նրան բերէ՛ք ինձ մօտ, եւ ես կը հոգամ նրա մասին«։
22Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող բաժանուել իր հօրից, որովհետեւ եթէ բաժանուի իր հօրից, հայրը կը մեռնի»։
23Դու ասացիր քո ծառաներին. «Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակուէք երեւալ իմ աչքին»։
24Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հօր մօտ եւ յայտնեցինք նրան մեր տիրոջ խօսքերը,
25մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»։
26Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ իջնել, եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի։ Մենք միայն այդ պայմանով կ՚իջնենք։ Եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»։
27Քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ կին Ռաքէլն ինձ համար երկու որդի ծնեց։
28Մէկը տնից հեռացաւ, եւ դուք ասացիք, թէ նա գազանի բաժին դարձաւ։ Նրան այլեւս չեմ տեսել մինչեւ հիմա։
29Արդ, եթէ սրան էլ տանէք իմ մօտից, եւ ճանապարհին նա հիւանդանայ, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»։
30Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից։
31Այնպէս որ, եթէ նա այդ երեխային մեզ հետ չտեսնի, կը մեռնի, եւ մենք՝ քո ծառաները, քո ծառային՝ մեր հօրը, ծեր հասակում խոցուած սրտով գերեզման կ՚իջեցնենք։
32Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ։ Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»։
33Արդ, այս մանկան փոխարէն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնայ իր եղբայրների հետ։
34Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»։
1Յովսէփը չկարողացաւ իրեն զսպել իր շուրջը գտնուող բոլոր եգիպտացիների ներկայութեամբ եւ ասաց. «Բոլորին դո՛ւրս հանէք»։ Երբ նրանցից ոչ ոք չմնաց նրա մօտ, նա եղբայրներին յայտնեց իր ով լինելը։
2Նա բարձրաձայն լաց եղաւ այնպէս, որ դա լսեցին եգիպտացիները, եւ եղելութիւնը յայտնի դարձաւ փարաւոնի արքունիքում։
3Յովսէփն ասաց իր եղբայրներին. «Ես Յովսէփն եմ։ Իրօք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետեւ տակնուվրայ եղան նրա ներկայութիւնից։
4Յովսէփն ասաց եղբայրներին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Նրանք մօտ գնացին։ Յովսէփն ասաց. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն։
5Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ։
6Հիմա երկրի վրայ եղած սովի երկրորդ տարին է, եւ հինգ տարի եւս կայ, որ ո՛չ վար է լինելու, ո՛չ հունձ։
7Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին։
8Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած։ Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը։
9Արդ, շտապ գնացէ՛ք իմ հօր մօտ եւ ասացէ՛ք նրան. «Այսպէս է ասում քո որդի Յովսէփը. Աստուած ինձ ողջ Եգիպտացիների երկրի տէր է դարձրել։ Արի իջի՛ր ինձ մօտ եւ մի՛ դանդաղիր։
10Դու կը բնակուես Գեսեմ երկրում՝ Արաբիայում եւ մօտ կը լինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցուածքով։ Ես քեզ կը կերակրեմ այստեղ,
11որովհետեւ դեռ հինգ տարի եւս սով է լինելու, որպէսզի չկոտորուէք դու, քո որդիները, եւ չոչնչանայ քո ամբողջ ունեցուածքը։
12Ահա դուք եւ Բենիամինը ձեր սեփական աչքերով տեսնում էք, որ անձամբ ես եմ խօսում ձեզ հետ»։
13Իմ հօրը պատմեցէ՛ք այն փառքի մասին, որին ես հասել եմ Եգիպտոսում, նաեւ այն մասին, ինչ տեսել էք։ Իմ հօրը շտապ բերէ՛ք այստեղ»։
14Եւ նա փաթաթուեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղաւ. Բենիամինն էլ լաց եղաւ նրա պարանոցին փաթաթուած։
15Յովսէփը համբուրեց նաեւ իր բոլոր եղբայրներին եւ գրկախառնուած լաց եղաւ։ Դրանից յետոյ միայն իր եղբայրները խօսեցին նրա հետ։
16Լուրը հասաւ փարաւոնի պալատ. ասացին. «Յովսէփի եղբայրներն են եկել»։ Ուրախացան փարաւոնն ու նրա պաշտօնեաները։
17Փարաւոնն ասաց Յովսէփին. «Քո եղբայրներին ասա՛՝ «Այսպէ՛ս արէք. լցրէ՛ք ձեր պարկերը, գնացէ՛ք Քանանացիների երկիրը
18եւ, վերցնելով ձեր հօրն ու ձեր ունեցուածքը, եկէ՛ք ինձ մօտ։ Ես ձեզ կը տամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, եւ դուք կը վայելէք երկրի սերուցքը»։
19Դու այսպիսի կարգադրութիւն կ՚անես. «Եգիպտացիների երկրից առէ՛ք սայլեր ձեր մանուկների ու կանանց համար եւ ձեր հօրը վերցնելով՝ բերէ՛ք այստեղ։
20Ձեր աչքերը թող ագահութեամբ չնայեն ձեր ունեցուածքի վրայ, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու»։
21Այդպէս էլ արեցին Իսրայէլի որդիները։ Յովսէփը փարաւոն արքայի կարգադրութեան համաձայն՝ նրանց տուեց սայլեր ու ճանապարհի պաշար։
22Նա բոլորին երկուական պատմուճան տուեց, իսկ Բենիամինին տուեց երեք հարիւր դահեկան եւ հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։
23Նոյնպէս եւ, հօրը տանելու համար, նա տուեց տասը էշի վրայ բեռնուած Եգիպտոսի բոլոր բարիքներից, պարէնով բեռնաւորուած տասը ջորի, նաեւ՝ հօր համար ճանապարհի պաշար։
24Նա ճանապարհեց իր եղբայրներին, եւ սրանք գնացին։ Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճէք»։
25Նրանք Եգիպտոսից ելան-գնացին Քանանացիների երկիրը, իրենց հօր՝ Յակոբի մօտ։
26Պատմեցին նրան եւ ասացին. «Քո որդի Յովսէփը կենդանի է, նա ողջ Եգիպտացիների երկրի իշխանն է»։ Յակոբը զարմացաւ, որովհետեւ չէր հաւատում նրանց։
27Նրանք իրենց հօրը հաղորդեցին այն ամէնը, ինչ ասել էր Յովսէփը։ Նրանց հայր Յակոբը, տեսնելով այն սայլերը, որ Յովսէփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, վերակենդանացաւ։
28Իսրայէլն ասաց. «Բաւ է ինձ, որ իրօք տակաւին կենդանի է իմ որդի Յովսէփը։ Քանի ողջ եմ, գնամ տեսնեմ նրան»։
1Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ։ Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն։
2Գիշերը Աստուած տեսիլքի մէջ Իսրայէլին ասաց. «Յակո՛բ, Յակո՛բ»։ Սա հարցրեց. «Դու ո՞վ ես»։
3Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու։
4Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից։ Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»։
5Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ, եւ Իսրայէլի որդիներն իրենց հայր Յակոբին, կահկարասին ու կանանց տեղաւորեցին այն սայլերի վրայ, որ Յովսէփն էր ուղարկել՝ նրան բերելու համար։ Վերցնելով իրենց ունեցուածքն
6ու Քանանացիների երկրում ձեռք բերած ամէն ինչ, Եգիպտոս մտան Յակոբն ու նրա ողջ սերունդը՝
7իր որդիներն ու որդիների որդիները, իր դուստրերն ու դուստրերի դուստրերը։ Նա իր ողջ սերունդը բերեց Եգիպտոս։
8Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները։ Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը։
9Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին։
10Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը։
11Ղեւիի որդիներն են՝ Գերսոնը, Կահաթն ու Մերարին։
12Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում։ Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը։
13Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը։
14Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը։
15Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։
16Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը։
17Ասերի որդիներն են՝ Յեմնան, Յեսուան, Յէուլը, Բարիան եւ նրանց քոյր Սարան։ Բարիայի որդիներն են՝ Քոբորը եւ Մելքիէլը։
18Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տուել էր իր դուստր Լիային։ Սա Յակոբի համար ունեցաւ այս տասնվեց որդիներին։
19Ռաքէլի՝ Յակոբի կնոջ որդիներն են՝ Յովսէփն ու Բենիամինը։
20Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին։ Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։
21Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն։ Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին։ Գէերան ծնեց Արադին։
22Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի։
23Դանի որդիներից մէկն է Ասոմը։
24Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը։
25Սրանք որդիներն են Բալայի, որին Լաբանը տուեց իր դուստր Ռաքէլին. Բալլան ծնեց սրանց Յակոբի համար. բոլորը՝ եօթը հոգի։
26Յակոբի կողից ծնուած եւ նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիւը, չհաշուած Յակոբի որդիների կանանց, վաթսունվեց է։
27Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի։ Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է։
28Յակոբը իրենից առաջ Յուդային ուղարկեց Յովսէփի մօտ, որպէսզի սա ընդառաջ գայ նրան Քաջաց քաղաքի մօտ՝ Ռամէսի երկրում, իսկ ինքն եկաւ Գեսեմ երկիրը։
29Յովսէփը լծեց իր կառքը եւ Քաջաց քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայէլին։ Երբ Յովսէփը հանդիպեց նրան, փաթաթուեց նրա վզին եւ հեկեկալով լաց եղաւ։
30Իսրայէլն ասաց Յովսէփին. «Այսուհետեւ կարող եմ մեռնել, որովհետեւ տեսայ քո երեսը, եւ դու տակաւին կենդանի ես»։
31Յովսէփն ասաց իր եղբայրներին ու իր հօր ընտանիքին. «Գնամ յայտնեմ փարաւոնին, որ Քանանացիների երկրում բնակուող իմ եղբայրներն ու հօրս ընտանիքը եկել են ինձ մօտ։
32Նրանք խաշնարածներ են եւ իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցուածքը բերել են այստեղ։
33Արդ, եթէ փարաւոնը կանչի ձեզ ու հարցնի, թէ՝ «Ի՞նչ է ձեր գործը»,
34կ՚ասէք, որ «Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչեւ այժմ խաշնարածներ ենք, մենք եւ մեր հայրը», որպէսզի նա թոյլ տայ ձեզ բնակուել Գեսեմ երկրում, որովհետեւ եգիպտացիները խորշում են ոչխարների հովիւներից»։
1Յովսէփն եկաւ եւ այդ մասին պատմեց փարաւոնին։ Նա ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցուածքով եկել են Քանանացիների երկրից եւ ահա Գեսեմում են»։
2Նա իր եղբայրներից հինգին հետն առնելով՝ ներկայացրեց փարաւոնին։
3Փարաւոնը հարցրեց Յովսէփի եղբայրներին. «Ի՞նչ գործ էք անում»։ Նրանք պատասխանեցին փարաւոնին. «Թէ՛ մենք, թէ՛ մեր հայրերը՝ քո ծառաները, ոչխարների հովիւներ ենք»։
4Նրանք ասացին փարաւոնին. «Պանդխտութեան ենք եկել այս երկիրը, որովհետեւ քո ծառաների ոչխարները կեր չունեն, քանի որ Քանանացիների երկրում սաստկացել է սովը։ Արդ, թո՛յլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակուենք Գեսեմ երկրում»։
5Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մօտ։
6Ահա Եգիպտացիների երկիրը քո առջեւ է. արգաւանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հօրն ու եղբայրներին։ Նրանք թող բնակուեն Գեսեմ երկրում։ Իսկ եթէ գիտես, որ նրանց մէջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հօտերի վրայ վերակացու կարգի՛ր»։
7Յովսէփն իր հայր Յակոբին բերեց ու ներկայացրեց փարաւոնին։ Եւ Յակոբն օրհնեց փարաւոնին։
8Փարաւոնը հարցրեց Յակոբին. «Քանի՞ տարեկան ես»։
9Յակոբը պատասխանեց փարաւոնին. «Պանդխտութեան մէջ անցկացրած տարիներիս թիւը հարիւր երեսուն է։ Քիչ ու դժուարին են եղել իմ ապրած տարիները եւ չեն հասել իմ նախնիների պանդխտութեան մէջ անցկացրած տարիներին»։
10Յակոբն օրհնեց փարաւոնին եւ հեռացաւ նրա մօտից։
11Յովսէփը իր հօրն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամէսի երկրում, ինչպէս հրամայել էր փարաւոնը։
12Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի։
13Պարէնն սպառուել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հիւծուեցին Եգիպտացիների երկիրն ու Քանանացիների երկիրը։
14Յովսէփը ցորեն վաճառելով հաւաքեց Եգիպտացիների երկրի ու Քանանացիների երկրի ողջ արծաթը, որի դիմաց այդ երկրների մարդկանց պարէն էր տալիս։ Յովսէփը ամբողջ արծաթը տարաւ փարաւոնի արքունիքը։
15Արծաթն սպառուեց Եգիպտացիների երկրից ու Քանանացիների երկրից։ Բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ արծաթը վերջացաւ»։
16Յովսէփն ասաց նրանց. «Եթէ արծաթն սպառուել է, բերէ՛ք ձեր անասունները, եւ ես ձեր անասունների փոխարէն հաց կը տամ ձեզ»։
17Նրանք անասունները բերեցին Յովսէփի մօտ, իսկ Յովսէփը ձիու, ոչխարի, արջառի եւ էշի փոխարէն նրանց հաց էր տալիս։ Նա այդ տարի նրանց բոլոր անասունների փոխարէն նրանց կերակրեց հացով։
18Այդ տարին անցաւ. նրանք երկրորդ տարին եկան Յովսէփի մօտ եւ ասացին. «Արդեօ՞ք կորստի կը մատնուենք մեր տիրոջ կողմից։ Տէ՛ր, եթէ արծաթ կար, վերջացաւ, եթէ ոչխարներ եւ անասուններ՝ քեզ մօտ են։ Մենք այլեւս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողից։
19Արդ, որպէսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, եւ երկիրն էլ չկործանուի, ստացի՛ր մեզ եւ մեր հողը հացի փոխարէն. մենք ու մեր հողը թող լինենք փարաւոնի սեփականութիւն։ Սերմացու տո՛ւր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, եւ երկիրն էլ չկործանուի»։
20Եւ Յովսէփը գնեց ողջ Եգիպտացիների երկիրը փարաւոնի համար, որովհետեւ եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարաւոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց կեանքին։ Այսպիսով երկիրը դարձաւ փարաւոնի սեփականութիւն,
21եւ սա Եգիպտոսի մի ծայրից մինչեւ միւս ծայրը բնակուող ժողովրդին դարձրեց իր ստրուկը,
22բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ նրանք սնւում էին այն պարգեւներով, որ նրանց էր տալիս փարաւոնը։ Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալուածքները։
23Յովսէփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ եւ ձեր հողը ես գնեցի փարաւոնի համար։ Առէ՛ք ձեր սերմացուն եւ ցանեցէ՛ք ձեր հողերում։
24Երբ բերքը կը ստանաք, փարաւոնին կը տաք դրա մէկ հինգերորդ մասը, իսկ չորս հինգերորդը թող ձեզ լինի իբրեւ հողի սերմացու եւ սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։
25Նրանք ասացին. Մեզ փրկեցիր, մենք արժանացանք մեր տիրոջ գթութեանը, ուստի թող լինենք փարաւոնի ստրուկները»։
26Յովսէփը նրանց համար օրէնք սահմանեց, որ մինչեւ այսօր էլ գործում է Եգիպտացիների երկրում. բերքի մէկ հինգերորդ մասը տուրք տալ փարաւոնին, բացի քրմական հողերից, որոնք փարաւոնին չէին պատկանում։
27Իսրայէլը բնակուեց Եգիպտացիների երկրում՝ Գեսեմում։ Նրանք այնտեղ կալուածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան։
28Յակոբը Եգիպտացիների երկրում ապրեց տասնեօթը տարի, եւ նա դարձաւ հարիւր քառասունեօթը տարեկան։
29Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի.
30երբ միանամ իմ նախնիներին, ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Յովսէփն ասաց. «Կ՚անեմ ինչպէս ասացիր»։
31Յակոբն ասաց. «Երդուի՛ր ինձ»։ Եւ նա երդուեց նրան, մինչ Իսրայէլը խոնարհուեց նրա գաւազանի գլխի վրայ։
1Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»։ Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ։ Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.
2«Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»։ Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում։
3Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ
4ու ասաց. «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ։ Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»։
5Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են։ Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,
6իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն։ Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ։
7Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը։ Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»։
8Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»։
9Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»։ Յակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»։
10Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում։ Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ։
11Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»։
12Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ։ Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝
13Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան։
14Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը։
15Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,
16Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»։
17Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան։ Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին։
18Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։
19Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ։ Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի։ Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»։
20Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի։ Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»։ Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին։
21Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ։ Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը։
22Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»։
1Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում։
2Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին։
3Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ։
4Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա։
5Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին։
6Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր։
7Անիծեալ լինի ցասումը նրանց,քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը,քանզի սաստիկ էր։Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ,կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ։
8Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո.ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ։Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ։
9Յուդա՛, կորի՛ւն առիւծի,իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ,Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ,որպէս կորիւն առիւծի։Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան։
10Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից,մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները։ Նրա՛ն են սպասում ժողովուրդները։
11Իր աւանակին կը կապի որթից,իսկ որթի ոստից՝ էշի քուռակին։Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ։
12Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի։
13Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն։
14Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում։
15Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ։
16Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.
17Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա։
18Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան։
19Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնիեւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին։
20Ասերի հացը առատ կը լինի,իշխաններին էլ նա պարէն կը տայ։
21Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է,որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում։
22Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի,դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ։
23Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ։
24Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց,ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,
25նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր։Եւ քեզ օգնեց Աստուածն իմ,նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային,ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ։
26Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւննառաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների,քան օրհնանքը յաւիտենական բլուրների,իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների,որոնց առաջնորդեց նա։
27Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ,առաւօտեան իր որսն ուտող,երեկոյեան պատառ բաշխող»։
28Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են։ Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ։ Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ։
29Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը։ Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,
30Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում։ Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր։
31Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային։ Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային։ Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից։
32Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը։
1Յովսէփն ընկնելով իր հօր երեսին՝ լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան։
2Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին։
3Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը։ Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան։
4Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք,
5որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. «Ահա ես մեռնում եմ։ Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում»։ Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»։
6Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»։
7Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը։ Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները,
8Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները։ Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում։
9Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ։
10Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ։ Նա հօր համար եօթը օր սուգ արեց։
11Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»։ Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է։
12Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց.
13վերցրին նրան ու թաղեցին այնտեղ։ Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց, զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր։
14Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
15Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։
16Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր
17ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»։ Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»։ Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ։
18Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։
19Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ։
20Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»։
21Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք։ Ես կը կերակրեմ ձեզ եւ ձեր ընտանիքները»։ Յովսէփը մխիթարեց եւ հանգստացրեց նրանց։
22Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը։ Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի։
23Յովսէփը տեսաւ Եփրեմի որդիների մինչեւ երրորդ սերունդը։ Մանասէի որդի Մաքիրի որդիները ծնուեցին Յովսէփի ծնկներին։
24Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»։
25Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կ՚այցելի, այստեղից կը հանէք նաեւ իմ ոսկորները եւ կը տանէք ձեզ հետ»։
26Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում։ Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում։