1Իսրայէլի գերութիւնից եւ Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում եւ այս ողբերն ասում Երուսաղէմի վրայ. Ինչպէ՜ս զատուեց ու նստեց մենաւորիկ՝ քաղաքը բազմամարդ, տրտմութեամբ լցուած որբեւայրի մի կին դարձաւ հեթանոսների մէջ. երկրի իշխանը հարկատու դարձաւ։
2Նա գիշերը դառնօրէն լաց եղաւ. արցունքներ կան նրա ծնօտներին։ Այդ օրը նրա սիրելիների մէջ չգտնուեց մէկը, որ մխիթարիչ լինէր նրան. բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու դարձան թշնամիներ։
3Յուդայի երկիրը մատնուեց գերութեան, բազում տառապանքների, նեղութեան, ստրկութեան ու ծառայութեան. նա նստեց հեթանոսների մէջ եւ հանգիստ չգտաւ. թշնամական պաշարման մէջ՝ բոլոր հալածիչները նրա վրայ հասան։
4Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետեւ նրա տարեկան տօներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կոյսերը գերեվարուեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։
5Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր ամբարշտութեան համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշուեցին։
6Սիոնի դուստրերի ամբողջ վայելչութիւնը վերացաւ. նրանց իշխանները նմանուեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տուեցին կերակուրների համար, որպէսզի յագեցնեն իրենց մարմինները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշուած։
7Երուսաղէմը յիշեց իր տառապանքի օրը եւ օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկաւ, ոչ ոք չկար, որ օգնէր նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրի առան նրա գերութիւնը։
8Մեղք գործեց Երուսաղէմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, եւ նա ինքն էլ, շրջուելով, հոգոց էր հանում։
9Նրա պղծութիւնն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատօրէն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարէր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տէր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դէմ։
10Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսայ հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։
11Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտռում ու հառաչում. ամէն բան, ինչ թանկ էր նրան, ծախսեց հացի համար, որպէսզի պահի ինքն իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տէր, եւ տե՛ս, որ ես դարձայ անարգուած ու արհամարհուած։
12Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, յե՛տ դարձէք, նայեցէ՛ք, տեսէ՛ք՝ ինձ հասած ցաւերի նման ցաւեր եղե՞լ են արդեօք. Տէրը ձայնը բարձրացրեց ինձ վրայ եւ իր բարկութեան ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։
13Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին եւ ինձ յետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրեայ տառապանքի ու տրտմութեան մէջ։
14Տէրը կանխաւ ասաց ինձ իմ ամբարշտութեան մասին, իր ձեռքը գցեց եւ իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զօրութիւնը տկարացաւ։ Տէրն ինձ մատնեց իմ ցաւերին, ու ես չեմ կարողանում հանդարտուել։
15Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զօրաւորներին, իմ ընտրեալների կոտորածի ժամն ազդարարեց.Տէրը, ինչպէս հնձանում, ճզմեց կոյսին՝ Յուդայի երկրի դստերը։
16Ահա թէ ինչու ես ինձ տուել եմ լացի։ Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին եւ իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռու են ինձնից։ Իմ որդիները մատնուեցին կործանման, որովհետեւ թշնամիներս զօրացան։
17Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստուած, բայց չկար ոչ ոք, որ մխիթարէր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մէջ Երուսաղէմը դարձաւ մի նողկալի կին։
18Արդար է Տէր Աստուած, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսեցէ՛ք այս եւ տեսէ՛ք իմ ցաւերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշուեցին գերութեան։
19Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երէցներն այստեղ, քաղաքի մէջ, մեռան. կերակուր փնտռեցին, կենդանի մնալու համար, սակայն չգտնուեց։
20Նայի՛ր, Տէ՛ր, ես նեղութեան մէջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մէջս տրորուեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպէս մահը՝ ներսից։
21Լսեցէ՛ք, լսեցէ՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, եւ ոչ ոք չկայ, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրայ եկած չարիքների մասին եւ ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գայ ինձ վրայ։
22Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, եւ դու ճռաքա՛ղ արա նրանց այնպէս, ինչպէս ճռաքաղ արիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիւ են իմ հառաչանքները, եւ սիրտն իմ լի է տրտմութեամբ։
1Ինչպէ՜ս խաւարեցրեց Տէրը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկութեամբ, Իսրայէլի փառքը երկնքից երկիր նետեց եւ չյիշեց իր ոտների պատուանդանը։
2Իր ցասման ու բարկութեան օրը Տէրն անխնայ խորտակեց Յակոբի տան գեղեցկութիւնը, քանդեց ու չխնայեց, կործանեց Յուդայի երկրի դստեր ամրոցները երկրի վրայ, անարգեց նրանց իշխաններին ու թագաւորներին։
3Տէրն իր ցասման ու բարկութեան օրը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրները եւ նրան յետ շպրտեց իր թշնամիների առաջ։ Կրակը պատեց Յակոբի երկիրը, լափեց ու ոչնչացրեց ամէն բան, ինչ կար նրա շուրջը։
4Նրա գիրկը մտաւ իբրեւ թշնամի, իր աջը հաստատեց նրա վրայ եւ սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկութիւնը կրակի պէս թափեց նրա վրայ։
5Տէրը, իբրեւ թշնամի, կործանեց Իսրայէլը, կործանեց նրա թագաւորներին, կործանեց նրա բոլոր ամրոցները եւ Յուդայի երկրի դստեր տառապանքների վրայ տառապանքներ աւելացրեց։
6Այգու պէս հատեց նրա խորանները, վերացրեց նրա տարեկան տօները. Տէրը մոռացութեան տուեց այն տարեկան տօներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկութեան պահին մռնչալիս՝ տագնապի մատնեց թագաւորներին, իշխաններին ու քահանաներին։
7Տէրը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբարանները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մէջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպէս նրա տարեկան տօների օրերին։
8Սիոնի դստեր պարիսպն ընկաւ ու կործանուեց. լարը քաշեցին եւ բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, եւ բոլոր պարիսպները ցնցուեցին ու կործանուեցին։
9Նրա դռները գետին տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագաւորներն ու իշխանները հեթանոսների մէջ էին. օրէնք ու մարգարէներ չկային, չկային եւ նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։
10Ամէն ինչ իջաւ ու գետնին հաւասարուեց։ Սիոնի դստեր ծերերը պապանձուեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղէմի իշխաններին գետին տապալեցին։
11Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լոյսը խաւարեց, որովայնս տակնուվրայ եղաւ, փառքս լուծուեց հողի մէջ, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։
12Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մէջ ընկած ու ցրուած՝ մեռնում, իրենց հոգիներն էին աւանդում։
13Քո մասին ի՞նչ վկայութիւն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղէմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛յս աղջիկ. ծանրացաւ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանայ բժշկել քեզ։
14Մարգարէները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար եւ քեզ չյայտնեցին քո անիրաւութիւնները, որ կարողանայիր վերադառնալ քո գերութիւնից, այլ քեզ տուեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
15Բոլոր անցորդները ծափ զարկին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրայ. «Ա՞յս է այն քաղաքը, - ասում էին, - որ ամբողջ երկրի փառքի պսակն էր եւ ուրախութիւնը»։
16Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրայ, սուլում էին [ կրճտում եւ իրենց ատամները՝ ասելով. «Եկէք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահաւասիկ տեսանք, գտանք ու հասանք մենք նրան»։
17Տէրն ինչ խօսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատուիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրայ ծիծաղել տուեց եւ բարձրացրեց քեզ նեղողների եղջիւրը։
18Նրանց սրտերը պիտի աղաղակեն դէպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պէս արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի։
19Վե՛ր կաց խոստովանութեան,գիշերը, քո պահեցողութեան սկզբին, քո սիրտը, ինչպէս ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթեւեկութեան բոլոր ճանապարհներին։
20Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար, տուիր խոհարարներին, որ ներսում, Տիրոջ սրբարանի մէջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարէին։
21Ծերն ու տղան միասին վախճանուեցին ճանապարհների գլխին, կոյսն ու երիտասարդը քշուեցին գերութեան. քո բարկութեան օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։
22Պանդխտութեանս օրը, ինչպէս տարեկան տօներին, հրաւիրեցիր, որ նրանք իմ շուրջը հաւաքուեն, բայց ոչ ոք չգտնուեց, որ Տիրոջ ցասման ու բարկութեան ժամին փրկուած կամ կենդանի մնացած լինէր, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։
1Ո՛վ զօրաւոր Աստուած, նայի՛ր իմ թշուառութեանը։ Իր ցասման գաւազանով նա տիրեց ինձ
2ու ինձ վրայ խաւար բերեց եւ ոչ թէ լոյս,
3նաեւ իր ձեռքն հանապազ իմ դէմ դարձրեց։
4Նա մաշեց իմ մորթն ու մարմինը, իմ բոլոր ոսկորները փշրեց,
5կուտակեց վրաս եւ պատեց իմ գլխի շուրջը,
6առանց յապաղելու ինձ խաւարի մէջ նստեցրեց, ինչպէս յաւիտենական մի մեռելի։
7Կուտակեց դրանք ինձ վրայ, եւ ես այլեւս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրայ,
8ու թէեւ ասացի, թէ պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղօթքներս իրեն չհասնեն։
9Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժուելու շաւիղները, ինձ խրտնեցրեց.
10ինձ համար դարանակալ արջ եւ թաքնուած առիւծ դարձաւ.
11հետապնդեց ինձ, հասաւ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ։
12Մտաւ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.
13երիկամներս մէջտեղից կիսեց, նետահարեց ինձ,
14ծաղր դարձրեց իմ ժողովրդի համարեւ խաղք ու խայտառակ յաւիտենապէս։
15Ինձ լեղի տուեց ուտելու եւ հարբեցրեց դառնութեամբ,
16իմ ատամները քարերով փշրեց եւ մոխիր տուեց ինձ ուտելու.
17զրկեց իմ անձը հանգստութիւնից. ես մոռացայ բարութիւնը.
18կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր։
19Յիշեցի իմ թշուառութեան ու հալածանքի մասին.
20միտքս եկան միայն դառնութիւնն ու բարկութիւնը, հոգիս մէջս թուլացաւ.
21այդ եմ մտաբերում եւ դրա համար էլ համբերում եմ։
22Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։
23Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։
24Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։
25Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ,
26քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։
27Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։
28Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։
29Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ.
30իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ,
31բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։
32Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան.
33Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։
34Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,
35երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները,
36երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։
37Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝
38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։
39Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։
40Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը,
41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։
42Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։
43Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.
44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն.
45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։
46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։
47Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։
48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։
49Իմ աչքերը լցուեցին արցունքով,
50բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։
51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։
52Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,
53իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ,
54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։
55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր,
56եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։
57Դու մօտեցար, որպէսզի ինձ օգնես, եւ ասացիր, թէ՝ «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»։
58Դա՛տ արա, ո՛վ Տէր, իմ հոգու դա՛տն արա։ Փրկեցիր իմ կեանքը,
59տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արիր, Տէ՛ր։
60Տեսար իմ ողջ արդարութիւնը, իմացար իմ բոլոր խորհուրդները։
61Տէ՛ր, լսեցիր նախատինքներն ու իմ նկատմամբ ունեցած բոլոր դիտաւորութիւններն այն մարդկանց,
62ովքեր իրենց շուրթերը հանապազ իմ դէմ են շարժում։
63Իրենց խորհուրդներից ես հասկացայ, թէ ինչու են նրանք նստում ու վեր կենում։
64Նայի՛ր նրանց ամբարտաւան աչքերին, ո՛վ Տէր, եւ նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,
65հատուցի՛ր նրանց ըստ իրենց սրտերի կարծրութեան,
66քո ցասմամբ հալածի՛ր նրանց, քո բարկութեամբ ոչնչացրո՛ւ նրանց երկնքի ներքոյ։
1Ինչպէ՜ս խամրեց ոսկին, գունաթափուեց, սպիտակ արծաթը, նրանց թանկագին քարերը հալուեցին ու ցրիւ եկան իրենց ճանապարհների խաչմերուկներում։
2Սիոնի պատուական որդիները, աւելի պատուական, քան թանկագին քարերը, ինչպէ՜ս համարուեցին խեցեղէն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք։
3Ինչպէս վիշապներ, նրանք մերկացրին իրենց ստինքները եւ կաթ տուեցին իրենց կորիւններին. իմ ժողովրդի որդիները տանջահար եղան, եւ չկայ բժշկութիւն նրանց համար. անապատի ջայլամների պէս տառապեցին նրանք։
4Ծարաւից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղաւ։
5Ովքեր կերակրով էին սնուել, ճանապարհների վրայ սովամահ եղան, ովքեր գրկերի մէջ գուրգուրանք ու գգուանք էին վայելել, աղբանոցները գրկած՝ թաթաւեցին ու թաւալուեցին։
6Իմ ժողովրդի դստեր մեղքերն աւելի շատացան, քան կործանուած Սոդոմի անօրէնութիւնները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երեւում։
7Նրանց ազնուական իշխանները,որոնք մաքուր էին, ձեան պէս սպիտակ, կաթի պէս անարատ, փայլուն ինչպէս շափիւղայ, ակնեղէն.
8այժմ նրանց տեսքն ածուխի նման սեւացաւ, ու ոչ ոք չէր ճանաչում նրանց. նրանց դրել էին ճանապարհների խաչմերուկներում։ նրանց կաշին ոսկորներին էր կպել. նրանք կոշտացել ու չորացած փայտ էին դարձել։
9Սրից հասած վէրքերից դիտապաստ ընկածներն աւելի բախտաւոր էին, քան սովից մեռածները։ Խումբ-խումբ շարժւում էին վիրաւոր մարդիկ։
10Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։
11Տէրն ի կատար ածեց իր ցասումն ու բարկութիւնը, թափեց իր ցասումն ու բարկութիւնը եւ կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը։
12Աշխարհում գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորները չհաւատացին, թէ թշնամին կարող է ներս մտնել Երուսաղէմի դարպասներից։
13Բայց դա տեղի ունեցաւ նրանց մարգարէների մեղքով, նրանց քահանաների մեղքով, քանզի նրանք այնտեղ թափում էին արդար մարդկանց արիւնը։
14Ճանապարհների գլխին ցնցուեց ու սասանուեց նրանց զօրութիւնը, մեռածների արեամբ պղծուեցին ու թաթախուեցին այնպէս, որ նրանց հագուստները հնարաւոր չէր մաքուր վիճակում նրանց վրայից հանել։
15«Հեռո՛ւ կացէք, պի՛ղծ անուանեցէք նրանց, հեռո՛ւ մնացէք, հեռո՛ւ մնացէք, մի՛ մօտեցէք»։ Եւ նրանք շարժուեցին ու բարկացած հեռացան։ «Ասացէ՛ք հեթանոսներին, որ նրանք այլեւս չշարունակեն ապրել նրանց մէջ»։
16Մեր կենդանութեան ժամանակ իսկ նուաղեցին մեր աչքերը իզուր օգնութիւն սպասելուց, որովհետեւ զուր տեղը մենք նրանց հսկիչ էինք կարգել սնոտի բաների վրայ։
17Տէրն իր երեսը շրջել է նրանցիցեւ այլեւս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։
18Որսացին մեզ. մի փոքր ժամանակ եւս, եւ մեզ սպանած-բնաջնջած կը լինեն մեր քաղաքներից։ Հասել է ժամը, հասել է ժամանակը, լրացան մեր օրերը, լրացան ժամանակները։
19Լեռների վրայ մեզ հալածողները թեթեւաշարժ են.նրանք, ինչպէս երկնային արծիւներ, ճախրեցին բարձր լեռների վրայ եւ, անապատում դարան մտած, պաշարեցին մեզ։
20Տէր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականութեամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թէ կը նստենք նրա հովանու տակ եւ կ՚ապրենք հեթանոսների մէջ։
21Ցնծա՛ եւ ուրախացի՛ր, ո՛վ եդոմայեցիների դուստր, որ բնակւում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կը հասնի այս բաժակը. կը կանգնես ու կը խմես, կը խմես ու նորից կը վերադարձնես։
22Քո անօրէնութիւնները պիտի վերջ գտնեն, Սիո՛ն, եւ այլեւս դու չպիտի պատժուես. բայց քեզ, ո՛վ Եդոմի դուստր, քո մեղքերի համար Տէրը պատժելու եկաւ՝ յայտնի դարձնելով քո բոլոր ամբարշտութիւնները։
1Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները։
2Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։
3Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան։
4Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած։
5Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք։
6Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։
7Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում։
8Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ։
9Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք։
10Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել։
11Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում։
12Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաեւ պառաւներին։
13Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան։
14Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց։
15Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի։
16Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։
17Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ,
18որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում։
19Տէ՛ր, դու կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ։
20Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ։
21Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տէր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում։
22Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ։