1Սա է Աբդիուի տեսիլքը։ Այսպէս է ասում Տէրը Եդոմի մասին. լուր իմացայ Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին. «Ելէ՛ք, պատերազմի դուրս գանք նրա դէմ»։
2«Ահա ես քեզ փոքրաթիւ թողեցի ազգերի մէջ, եւ դու շատ ես անարգուած։
3Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կ՚իջեցնի»։
4Եթէ արծուի պէս էլ բարձրանաս, եւ եթէ աստղերի մէջ էլ դնես քո բոյնը, այնտեղից անգամ կ՚իջեցնեմ քեզ, - ասում է Տէրը։
5Եթէ գողերն ու գիշերային աւազակները մտնէին քեզ մօտ, որտեղ էլ որ թաքնուէիր, իրենց բաւարարելու չափ բան չէի՞ն գողանայ։ Եթէ քաղողները մտնէին քո մէջ, արդեօ՞ք վերջին ողկոյզն անգամ չէին քաղի։
6Ինչպէ՞ս քննութեան ենթարկուեց Եսաւը, եւ բացայայտուեցին նրա թաքցրածները։
7Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչեւ սահմանները ուղարկեցին. նրանք քո դէմ ելան, քեզ հետ խաղաղութիւն կնքող մարդիկ իշխեցին քեզ վրայ, խաբեցին քեզ՝ ասելով. «Նա խելք չունէր»։
8Տէրն ասաց այդ օրը. «Կը վերացնեմ իմաստութիւնը Եդոմի երկրից եւ հանճարը՝ Եսաւի լեռից։
9Եւ Թեմանում գտնուող քո պատերազմողները խուճապահար կը լինեն, քանի որ պիտի վերանայ մարդը Եսաւի լեռից»։
10«Քո եղբօր՝ Յակոբի սպանութեան եւ ամբարշտութեան պատճառով ամօթը պիտի ծածկի քեզ, եւ դու պիտի ջնջուես յաւիտեան
11այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղէմի համար, եւ դուք նրանցից մէկն էիք։
12Դու պէտք չէ տեսնէիր քո եղբօր անկումը օտարների կողմից, պէտք չէ ոտքով հարուածէիր Յուդայի երկրի որդիներին՝ նրանց կորստի պահինեւ պէտք չէ գոռոզանայիր նրա նեղութեան օրը։
13Պէտք չէ ներս մտնէիր ժողովրդի դռներից նրանց ցաւերի ժամանակ, պէտք չէ տեսնէիր նրանց հաւաքը նրանց սպանութեան օրը եւ պէտք չէ հարուած հասցնէիր նրանց զօրութեանը նրանց կորստի օրը։
14Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ»։
15«Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ։ Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քե՛զ կը պատահի, եւ քո հատուցումը կ՚իջնի քո գլխին.
16քանզի ինչպէս որ դու հարբեցիր իմ սուրբ լերան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կը խմեն, կը հարբեն, կը թուլանան եւ կը դառնան այնպէս, կարծես թէ չեն եղել»։
17«Բայց Սիոն լերան վրայ փրկութիւն կը լինի, եւ այդ վայրը սուրբ կը դառնայ։ Յակոբի տոհմը կը տիրանայ իր ժառանգութեանը։
18Յակոբի տունը կրակ կը դառնայ, Յովսէփի տունը՝ բոց, իսկ Եսաւի տունը՝ եղէգ. նրանք կը վառուեն նրա շուրջը եւ կ՚ուտեն այն, եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ, քանի որ Տէրը խօսեց։
19Նագեբացիները կը ժառանգեն Եսաւի լեռը, Սեփելացիները՝ օտարազգիներինը, նրանք կը ժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, ինչպէս նաեւ Բենիամինի ու Գաղաադի երկիրը։
20Իսրայէլի առաջին աքսորեալները կը ժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կը ժառանգեն Նագեբի քաղաքները։
21Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կը կանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կը հաստատուի Տիրոջ արքայութիւնը»։