1Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։
2Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։
3Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։
4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։
5Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։
6Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։
7Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։
8Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում, չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից։
9Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը։
10Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան, եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ։
11Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կը սպանի հոգին։
12Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։
13Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել, եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար։
14Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են։ Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ,
15որովհետեւ արդարութիւնը անմահ է։
16Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։
1Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից։
2Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից։
3Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ։
4Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում,եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը։ Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից։
5Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել։
6Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է։
7Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով։
8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։
9Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել։
10Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից։
11Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի։
12Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։
13Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում։
14Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա։
15Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները։
16Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում։
17Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը։
18Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից։
19Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը։
20Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»։
21Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։
22Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձըեւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։
23Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։
24Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով.
25եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
1Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։
2Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում,
3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։
4Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն,
5ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն։
6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։
7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։
8Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։
9Նրանք, որ իրենց յոյսը դրել են Աստծու վրայ, պիտի իմանան ճշմարտութիւնը, եւ նրանք, որ հաւատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները եւ ողորմութիւնը, եւ իր ընտրեալների համար է նրա այցելութիւնը։
10Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարութիւնն ու ապստամբեցին Տիրոջ դէմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։
11Արդարեւ ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը։
12Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները։
13Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կ՚ընդունի դատաստանի օրը։
14Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։
15Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը։
16Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։
17Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։
18Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու, եւ ոչ էլ դատաստանի օրը՝ մխիթարութիւն։
19Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին՝ չարաչար վախճան։
1Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի, որովհետեւ առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է, որ ճանաչւում է թէ՛ Աստծու կողմից եւ թէ՛ մարդկանց։
2Առաքինութեանը հպուելիս՝ մարդիկ նմանւում են նրան, հեռանալուց յետոյ՝ անձկագին փափագում։ Յաւիտենութեան մէջ նրանք, պսակաւորուած, պիտի ճեմեն եւ տօնեն իրենց յաղթանակը՝ անթառամ նահատակութեան պատերազմում յաղթած լինելու համար։
3Ամբարիշտների բազմածին զաւակները պիտանի չեն լինի, փտած շիւերը խոր արմատներ չեն տայ, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը։
4Ու թէեւ միառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատուած՝ պիտի տարուբերուեն հողմից եւ հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։
5Արմատի շուրջն աճած թոյլ շիւերը պիտի կոտրատուեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը՝ ուտելու համար եւ ոչ մի բանի պիտանի չի լինելու։
6Ապօրինի անկողնուց ծնուած որդիները դատաքննութեան ժամանակ իրենց ծնողների անբարոյականութեան վկաներն են լինելու,
7իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։
8Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով,
9այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։
10Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։
11Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։
12Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։
13Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։
14Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,ոչ էլ նոյնիսկ մտածեցին,
15թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։
16Հանգուցեալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, եւ վաղ հասունութեան հասած երիտասարդութիւնը դատապարտում է բազմամեայ անիրաւ ծերութիւնը։
17Իմաստունի վախճանը տեսնում եւ չեն հասկանում, թէ ինչ է խորհել Տէրը նրա մասին եւ ինչից է զգուշացրել նրան։
18Մարդիկ կը տեսնեն եւ կ՚արհամարեն նրան, մինչդեռ Տէրը պիտի ծիծաղի նրանց վրայ։
19Եւ դրանից յետոյ նրանք պիտի լինեն անարգ կործանման եւ ամօթանքի մէջ՝ յաւիտենական մեռելների հետ, որովհետեւ Տէրը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչեւ որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջուեն ցաւերի մէջ. եւ պիտի կորչի նրանց յիշատակը։
20Իրենց կուտակած մեղքերից տագնապած՝ նրանք պիտի հասնեն դատաստանի օրուան, եւ նրանց գործած անիրաւութիւնները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։
1Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը,
2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։
3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։
4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։
5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։
6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։
7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։
8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։
9Այդ ամէնն անցաւ ինչպէս ստուեր եւ թռաւ ինչպէս մարդու վաղանցուկ համբաւ,
10ինչպէս ուռած ջրերը ճեղքող նաւ, որի անցնելուց յետոյ անհնարին է գտնել նրա հետքերը եւ թողած շաւիղները ալիքների մէջ.
11կամ՝ ինչպէս օդում ճախրող թռչունը,որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան. մագիլներով բախուելով եւ ճեղքելով թեթեւ հողմը, նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ եւ, թեւերը թափահարելով, սլանում դէպի առաջ. դրանից յետոյ նրա սլացքից չի մնում եւ ոչ մի նշան.
12կամ՝ ինչպէս դէպի նպատակակէտն արձակուած նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, եւ չգիտես, թէ նետը որտեղից անցաւ, -
13այդպէս էլ մենք. ծնուեցինք ու դադարեցինք գոյութիւն ունենալուց
14եւ չկարողացանք առաքինութեան ոչ մի նշան ցոյց տալ, այլ մաշուեցինք մեր իսկ չարիքների մէջ։
15Արդարեւ, ամբարշտի յոյսը կորչում է ինչպէս քամուց բարձրացուած փոշի, իբրեւ մրրիկից հալածուած մանրիկ եղեամ, իբրեւ հողմից ցրուած ծուխ կամ ինչպէս մէկ օրուայ հիւրի յիշատակ։
16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից։
17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։
18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար.
19իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին,
20որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը
21եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։ Եւ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ։
22Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան եւ թռչեն դէպի նպատակակէտը,
23եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն,
24բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին եւ, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրէնութիւնը պիտի աւերի ողջ երկիրը, եւ խարդախութիւնը պիտի կործանի բռնակալների գահերը։
1Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք.
2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։
3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ.
4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։
5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ,
6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։
7Հզօրներն աւելի խիստ են դատուելու,
8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։
9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։
10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։
11Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։
12Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։
13Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։
14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։
15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։
16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։
17Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։
18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է.
19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։
20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն,
21եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։
22Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։
23Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատմեմ.
24ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կը բացայայտեմ նրա իմացութիւնը։
25Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կը հետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։
26Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։
27Այսուհետեւ որպէս խրա՛տ առէք իմ խօսքերը եւ օգտուեցէ՛ք դրանցից։
1Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման եւ նախաստեղծ հողածնի ծնունդ։
2Ես եւս մարմին եմ առել մօր որովայնում տասնամսեայ ժամանակի մէջ՝ մածուելով արեամբ տղամարդու սերմից եւ համատեղ քնի ցանկալի հաճոյքից։
3Ես էլ ծնուելով՝ շնչեցի նոյն ընդհանուր օդըեւ համանման վշտերի նոյն երկիրն ընկայ։
4Առաջին բարբառս բոլորի նման նոյն լացը եղաւ, եւ ես էլ սնուեցի խանձարուրի եւ հոգսերի մէջ։
5Թագաւորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել.
6աշխարհը մէկ մուտք ունի բոլորի համար եւ մէկ ընդհանուր ելք։
7Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, եւ ինձ իմաստութիւն տրուեց, կանչեցի առ Աստուած, եւ իմաստութեան հոգի եկաւ իմ մէջ։
8Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանութիւնն ու գահը, եւ հարստութիւնը ոչինչ համարեցի նրա համեմատութեամբ։
9Ես այն չնմանեցրի թանկարժէք քարերի, որովհետեւ ոսկին մի բուռ աւազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատութեամբ՝ մի բուռ կաւ։
10Առողջութիւնից եւ գեղեցկութիւնից առաւել՝ ես սիրեցի այն, եւ նախընտրեցի լոյսից առաւել, որովհետեւ անմարելի է նրանից բխող լոյսը։
11Ես նրա շնորհիւ շռայլ բարիքներ ստացայ, եւ նրա օգնութեամբ հասայ անթիւ հարստութեան։
12Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։
13Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար։
14Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ։
15Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբեւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ,որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը,
16որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերըեւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ։
17Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը,
18ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը,
19տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը,
20անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։
21Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։
22Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար,
23մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։
24Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։
25Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան։
26Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելինեւ նրա վեհութեան պատկերը։
27Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ։
28Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։
29Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից,
30որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։
1Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։
2Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից,խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար,եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը։
3Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն։
4Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։
5Եթէ կեանքում հարստութիւնն է ցանկալի ունեցուածքը, ապա ո՞ր հարստութիւնն է աւելի մեծ, քան իմաստութիւնը, որ կարող է ամէն ինչ անել։
6Եթէ իմացականութեամբ է, որ գործւում է այս կամ այն բանը, ապա ո՞վ կարող է առաւել լաւ ճարտարապետ լինել եղած բաների մէջ, քան իմաստութիւնը։
7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում.
8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։
9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից,գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։
10Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջեւ պատիւ՝ ծերերի առջեւ։
11Դեռ պատանի՝ միտքս սուր կը լինի դատ ու դատաստանի ժամանակ, եւ ես փառաւոր կ՚երեւամ հզօրների աչքին։
12Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խօսել, ուշադիր պիտի հետեւեն ինձ, եւ երբ խօսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։
13Իմաստութեան շնորհիւ ես անմահութիւն պիտի գտնեմ եւ յաւերժ յիշատակ թողնեմ իմ յետնորդների մէջ։
14Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, եւ ազգերը պիտի հնազանդուեն ինձ։
15Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմութեան մէջ ես շնորհաշատ պիտի երեւամեւ պատերազմի մէջ՝ առաքինի։
16Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստութեան հետ, քանզի նրա ընկերակցութեան մէջ դառնութիւն չկայ, եւ նրա կեանքի հետ հաղորդակցուելն էլ վիշտ ու ցաւ չունի, այլ՝ ուրախութիւն եւ խնդութիւն։
17Իմ մէջ խորհելով այսպէս՝ ես վճռեցի իմ սրտում, որ անմահութիւնը ազգակից է իմաստութեանը,
18որ բարիքների վայելչութիւնը բխում է նրա բարեկամութիւնից, անսպառ հարստութիւնը՝ նրա ձեռքի վաստակներից, իմաստութիւնը՝ նրա խօսքերի կրթութիւնից, փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելուց, ուստի ես շրջում եւ փնտռում էի այն, որ վերցնէի ինձ մօտ։
19Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի.
20մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ։
21Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում։ Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան։
1Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին.
2եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին,
3սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհըեւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
4Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնիցեւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։
5Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր,ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։
6Եւ եթէ նոյնիսկ որեւէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ, բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի։
7Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագաւոր եւ քո տղաների եւ աղջիկների դատաւոր։
8Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրայեւ զոհասեղան՝ քո բնակութեան քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանութեամբ, որ սկզբից եւեթ, նախապէս, ինքդ պատրաստեցիր։
9Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքինու որն է քո պատուիրաններին համապատասխան։
10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ,
11քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ,
12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդինեւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։
13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը.
14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։
15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։
16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։
17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։
18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։
1Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։
2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։
3Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։
4Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ, որի նաւապետն էր արդարը։
5Իմաստութիւնն էր նոյնպէս, որ միաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի միջից ճանաչեց արդարին,նրան անարատ պահեց Աստծու առջեւեւ հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։
6Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից,
7ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռեւս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, եւ ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։
8Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլեւ աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին, որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չմնան։
9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։
10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջեւ բազմացրեց նրա վաստակը։
11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան,
12աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներիցեւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։
13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան,
14նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան։
15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝իրեն նեղող ազգի ձեռքից։
16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին.
17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։
18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։
19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։
20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։
21Իմաստութիւնը բացեց համրերի բերանը եւ յստակախօս դարձրեց մանուկների լեզուն։
1Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։
2Նրանք շրջեցին անբնակ անապատում եւ վրաններ խփեցին անկոխ վայրերում,
3կանգնեցին պատերազմողների դէմ եւ վանեցին թշնամիներին,
4ծարաւեցին եւ աղերսեցին քեզ, նրանց ջուր տրուեց ապառաժ քարից, եւ նրանց պապակը յագեցաւ կարծր քարից։
5Արդարեւ, ինչ բանով որ պատժուեցին իրենց թշնամիները,
6նոյն այդ բանից նրանք, երբ կարիքի մէջ էին, բարերարութիւն գտան։
7Արիւնով կարմրած եւ ալեխռով մշտնջենական գետի փոխարէն,
8որպէս կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տուիր անյոյսներին՝
9ցոյց տալով, թէ ծարաւի ժամին ինչպէս ես տանջել հակառակորդներին.
10երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածութեամբ խրատուած՝ հասկացան, թէ ինչպէս են տանջւում քո բարկութեամբ դատապարտուած ամբարիշտները։
11Սրանց, իբրեւ խրատող հայր, փորձութեան ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրեւ խիստ թագաւոր, կշտամբեցիր դատապարտելով։
12Նոյն վտանգին ենթարկուեցին թէ՛ հեռու եւ թէ՛ մօտիկ գտնուողները,
13եւ նրանց կրկին համակեց անցեալի յիշողութիւնների տրտմութիւնն ու հեծութիւնը,
14որովհետեւ, երբ նրանք լսում էին, թէ իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տէ՛ր։
15Դեռ երէկ եւ վաղուց ի վեր ում նրանք ուրացել եւ ծաղրում էին, դէպքերի վերջին ելքից դրդուած՝ զարմացան, թէ իրենք արդարների նման չէին եւ պիտի ծարաւէին։
16Իրենց անիրաւ ու անմիտ մտածումների փոխարէն, որոնցով մոլորուած՝ նրանք անխօս սողուններ եւ վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրայ արձակեցիր անբան անասունների մի բազմութիւն՝ վրէժխնդիր լինելու համար,
17որպէսզի գիտենան, թէ ինչով որ մեղանչում է մարդ, նոյն բանով էլ պիտի պատժուի։
18Ամենազօր քո ձեռքի համար, որ անկերպարան նիւթից հաստատեց այս աշխարհը, դժուար չէր արձակել նրանց վրայ արջերի մի բազմութիւն կամ վայրագ առիւծներ
19կամ նորաստեղծ, անծանօթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարաւալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։
20Նրանց խորտակելու համար բաւական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլեւ դրանց տեսքից զգացուած սարսափը կը սպանէր նրանց։
21Բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել՝ մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանցքո հոգու զօրութեամբ եւ արդարադատութեամբ։
22Բայց դու ամէն ինչ կարգեցիր չափով, թուով ու կշռով, որովհետեւ իւրաքանչիւր ժամ քեզ հետ է քո ամենազօր ուժը, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո բազկի զօրութեանը,
23որովհետեւ ամբողջ աշխարհը քո առջեւ է իբրեւ կշեռքի նժար եւ կամ ինչպէս ցօղի մի կաթիլ, որ իջնում է երկիր։
24Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետեւ կարող ես անել ամէն բանեւ թողնում ես, որ ապաշխարութեամբ քաւուեն մարդկային մեղքերը։
25Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամէն ինչ,այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կայեւ գարշանք չես զգում քո արարածներից եւ ոչ մէկից։
26Ինչպէ՞ս կարող էր որեւէ բան լինել, եթէ դու չկամենայիր, եւ ինչպէ՞ս կարող էր գոյատեւել մի բան, եթէ դու գոյութեան կանչած չլինէիր այն։
27Խնայի՛ր բոլորին, ո՛վ հոգեսէր Տէր, քանզի քոնն է ամէն բան։
1Ամէն բանի մէջ է քո անեղծ հոգին։
2Դրա համար էլ մեղապարտներին յանդիմանում ես սակաւ առ սակաւեւ յիշեցնելով, թէ ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հաւատան քեզ, Տէ՛ր։
3Դու ատեցիր նաեւ քո սուրբ երկրի հին բնակիչներին
4իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդութիւնների, անսուրբ զոհաբերութիւնների, մանուկների անողորմ կոտորածների
5եւ աստուածութեանդ նուիրուած խորհրդաւոր ծէսերի ժամանակ՝մարդկային մարմնի փորոտիք եւ արիւն ուտելու համար։
6Եւ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով,
7որպէսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մէջ ընդունէր Աստծուն արժանաւոր ծառաներ։
8Բայց նրանց եւս, որպէս մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զօրքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ սակաւ առ սակաւ սպանեն նրանց,
9թէեւ դու անզօր չէիր ամբարիշտների դէմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով, կամ հէնց մի խօսքով միանգամից կործանելու նրանց.
10բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարութեան տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարութիւնը, եւ յաւիտեան չեն փոխուելու նրանց մտածումները,
11քանզի սկզբից եւեթ անիծուած էր նրանց ծնունդը։ Դու երկիւղ չէիր կրում որեւէ մէկից, երբ ներում էիր շնորհում մեղաւորներին։
12Արդարեւ, ո՞վ կարող է ասել քեզ, թէ ինչ ես անում, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, եւ կամ ո՞վ կարող է քեզ հակառակուել՝ անիրաւ մարդկանցից վրէժխնդիր լինելու համար։
13Ո՛չ, քեզնից բացի չկայ այլ Աստուած, որ հոգար բոլորի համար, որին յայտնի դարձնէիր, թէ անարդար չես դատել։
14Եւ ոչ մի թագաւոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայեացքը վեր բարձրացնել քո դէմ նրանց համար, ում պատժել ես դու.
15որովհետեւ արդար ես եւ արդարութեամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, եւ քո ուժին օտար է անարդար պատիժը։
16Քո զօրութիւնը արդարութեան իշխան է, եւ բոլորի վրայ քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։
17Դու թերահաւատին ցոյց ես տալիս քո ուժը կատարեալ զօրութեամբ եւ յանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զօրութիւնը։
18Դու զօրութեամբ ես տիրում, բայց դատում ես հեզութեամբ եւ մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զօրութիւնը քեզ հետ է միշտ, եւ դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։
19Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թէ արդարը պարտաւոր է մարդասէր լինել, եւ բարի յոյս ներշնչեցիր քո որդիներին, թէ նրանց մեղքերին ապաշխարութիւն կը տաս։
20Եթէ քո ծառաների թշնամիներին եւ մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր եւ փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատուել չարիքներից,
21ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում եւ դաշինք ես կնքել՝ բարի աւետիք տալու համար։
22Արդ, մեզ խրատելու համար դու բիւրապատիկ պատժում ես թշնամիներին, որպէսզի մենք, քո բարերարութեան չափն առնելով, հոգատար լինենք եւ երբ դատուած լինենք, յուսանք ողորմութեան։
23Ուստի եւ նրանց, որ անմիտ եւ տարապարտ կեանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով,
24քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորութեան ճանապարհներով եւ անմիտ երեխաների նման խաբուելով՝ աստուածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։
25Դրա համար էլ նրանց, ինչպէս անխօս մանուկների, դատաստանի փոխարէն ծաղր ու ծանակ արիր։
26Եւ որովհետեւ նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատուեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկուեն։
27Նրանք պատիժ են կրելու հէնց այն անասուններից,որոնց չարչարելիս զայրանում էինեւ որոնց աստուածներ էին համարում։ Եւ տեսնելով Նրան, ում առաջ ուրանում էին, ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստուած է, եւ այդ պատճառով էլ դատապարտութեան նշանը եկաւ իրենց վրայ։
1Իսկապէս բնութեամբ յիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստուածգիտութիւն չունէին եւ անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թէ որն է Գոյը, եւ ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
2Այլ նրա փոխարէն աստուածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ յորդ ջրերըեւ կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանեակները։
3Եւ եթէ դրանց գեղեցկութեամբ հրճուելով՝ նրանց աստուածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թէ որքա՜ն առաւել եւս լաւ է դրանց Տէրը, որովհետեւ նա, որ գեղեցկութեան արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։
4Իսկ եթէ զարմանում են դրանց ուժի եւ ազդեցութեան վրայ, ապա թող իմանան, թէ որքա՜ն առաւել եւս զօրաւոր է նա, որ ստեղծել է դրանք.
5քանզի արարուածների մեծութիւնից եւ գեղեցկութիւնից՝ նոյն համեմատութեամբ էլ երեւում է դրանք արարչագործողը։
6Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակաւին քիչ բան կայ, քանի որ, թէեւ մոլորուած, բայց նրանք Աստուած են որոնել եւ ուզել են գտնել նրան։
7Անդրադառնալով նրա գործերին՝ քննում եւ տեսողութեամբ հաւանելով տեսանելիները՝ համոզւում են, թէ դրանք գեղեցիկ են։
8Բայց նրանք եւս արժանի չեն ներման,
9որովհետեւ եթէ կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անմիջապէս չկարողացան յայտնաբերել նրա Տիրոջը։
10Թշուառական են նաեւ այն մարդիկ,եւ մեռեալ իրերի վրայ է նրանց յոյսը, ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին եւ արծաթը, արուեստի ճարտար կերտուածքները, կենդանիների նմանութիւնները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։
11Եւ եթէ որեւէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետօրէն քերել է նրա ողջ կեղեւը եւ կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ եւ պիտանի մի անօթ,
12իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար եւ յագեցել,
13կամ անպէտք, խոտելի եւ ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ եւ իմաստուն խելամտութեամբ ձեւաւորել՝ նմանեցրել մարդու կերպարանքին
14կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն, կրով ծեփել եւ կարմիր սնգոյրով ներկել այն, կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը,
15եւ նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝ դրել պատի մօտ եւ ամրացրել երկաթով,
16զգուշանալով, որ չկործանուի, որովհետեւ գիտէր, թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է եւ կարօտ օգնութեան։
17Այնուամենայնիւ ամուսնութեան, որդիների եւ ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին, աղաչում է եւ չի ամաչում,
18իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին, իր կեանքի համար աղերսում է այդ մեռեալին, աղօթում է այդ անկարին, որ թեւ ու թիկունք լինի իրեն.
19եւ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդութեան, հարստութեան եւ գործերի յաջողութեան համար է խնդրում, եւ նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով եւ արգասաւորութիւն։
1Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը,
2քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել,
3սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝
4ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։
5Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ։
6Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի.
7քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում,
8եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։
9Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը եւ թէ՛ նրա ամբարշտութիւնը,
10որովհետեւ գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։
11Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ։
12Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից, իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։
13Ի սկզբանէ դրանք չեն եղել եւ յաւիտեան էլ չեն մնալու,
14դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետեւանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։
15Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող մի հայր շինել տուեց նրա արձանը եւ արդէն մահացած այդ մարդուն մեծարեց որպէս աստուած եւ իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր եւ ընծաներ մատուցել։
16Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը մնաց երկար ժամանակ եւ պահպանուեց որպէս օրէնք, եւ բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։
17Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել, նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը եւ կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար, որպէսզի հեռաւորին, իբրեւ մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։
18Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը, եւ նա շատ արձաններ կերտեց.
19քանզի նա, թերեւս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրեւ գեղեցկութիւն։
20Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպէս մարդու, այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց.
21եւ դա էլ դարձաւ կեանքի որոգայթ եւ գայթակղութիւն, որովհետեւ ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած, այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։
22Բաւական չէ, որ նրանք մոլորուել էին Աստծու գիտութիւնից, այլեւ, լինելով անգիտութեան պայքարի մէջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղութիւն էին կոչում՝
23մանկասպան զոհաբերութիւններ կամ գաղտնի ծէսեր կատարելով եւ կամ ուրիշ կրօններից մոլեգին անառակութիւններ վերցնելով։
24Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կեանքը եւ ո՛չ էլ ամուսնութիւնը. ընկերը կասկածամտութեամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբէութեամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։
25Եւ խառնիխուռն է ամէն ինչ՝ արիւնը եւ սպանութիւնը, գողութիւնը եւ նենգութիւնը, ապականութիւնը, ուխտադրժութիւնը, խռովութիւնը, երդմնազանցութիւնը, գրգռութիւնը,
26բարի երախտիքների մոռացութիւնը, հոգեպղծութիւնը, այլասերուածութիւնը, ամուսնական անառակութիւնը, շնութիւնն ու գիջութիւնը։
27Արդարեւ, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հէնց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։
28Դրանք պաշտողները եթէ ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթէ մարգարէանում են, ապա սուտ են, եթէ ապրում են, ապա՝ անիրաւութեամբ, եթէ երդւում են, ապա դրժում են իսկոյն։
29Եւ սուտ են երդւում, քանի որ յոյսը դրել են անշունչ կուռքերի վրայ, որոնցից պատժի ակնկալութիւն չունեն։
30Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի յիրաւի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, եւ սուտ երդուեցին կուռքերին՝ արհամարհելով սրբութիւնը։
31Արդարեւ, ոչ թէ նրանց զօրութիւնն է, ում երդուեցին, այլ մեղաւորներին սահմանուած արդար դատաստանն է, որ պատժելու է ամբարիշտներին յանցանքների համար։
1Բայց դու, Աստուա՛ծդ մեր, քաղցր ես եւ ճշմարիտ, համբերատար ես եւ ողորմածութեամբ ղեկավարում ես բոլորին։
2Եթէ մեղք էլ ենք գործում, քոնն ենք, որովհետեւ գիտենք քո զօրութիւնը, բայց չենք մեղանչի, որովհետեւ գիտենք, որ քեզ ենք պատկանում։
3Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարութիւն է, եւ քո զօրութիւնը գիտենալը՝ արմատ անմահութեան։
4Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարուեստ հնարագիտութիւնը, եւ ոչ էլ կարծեցեալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պէս-պէս գոյներով ծեփուած այն պատկերները,
5որոնց տեսքը ցանկալի է անմիտներին, եւ որոնք փափագում են մեռեալ արձանի այդ անշունչ կերպարանքը։
6Չարիքի արուեստագէտներ են բոլոր նրանք, ովքեր փայփայում են այդ յոյսը. նաեւ՝ թէ՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թէ՛ նրանք, որ փափագում են, եւ թէ՛ նրանք, որ պաշտում են դրանք։
7Բրուտը շաղելով փափուկ կաւը՝ դնում է պտտուող գործիքի վրայ եւ անօթ է շինում մեր բոլորի կարիքների համար. սակայն միեւնոյն կաւից միանման շինուած այդ անօթներից թէ ո՛րն է ծառայելու սրբութիւններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թէ ո՛րն ինչի հարկաւոր կը լինի, - դրա համար նոյն կաւագործն է դատաւորը եւ հոգածուն։
8Եւ իզուր է, որ նա նոյն կաւից աստուած է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծուել է հողից եւ քիչ ժամանակ յետոյ, երբ իր հոգու պարտքը պահանջուի, նոյն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։
9Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պէտք է տքնի,եւ ոչ էլ այն, որ կարճատեւ է կեանքը, այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների եւ արծաթագործների հետ, նմանւում է պղնձագործներին ու փառք է համարում, որ գարշելի բաներ է շինում։
10Նրա սիրտը մոխիր է, յոյսը՝ արհամարհելի հող, իսկ նրա կեանքը առաւել անարգ է, քան կաւը,
11որովհետեւ նա չճանաչեց իր ստեղծողինեւ ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մէջ ու իր մէջ փչեց կենդանի հոգի։
12Աւելին, նա մեր գոյութիւնը խաղ համարեց, իսկ մեր կեանքը՝ շահութաբեր տօնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թէկուզ հէնց չարիքից, հարկաւոր է բան շահել։
13Եւ նա բոլորից էլ լաւ գիտի, որ ինքը մեղք է գործում՝ հողեղէն նիւթից դիւրաբեկ անօթներ եւ կուռքեր շինելով։
14Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ եւ խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան,
15որովհետեւ աստուածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շօշափելու համար.ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։
16Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը,
17քանի որ մահկանացու է եւ անօրէն ձեռքով մեռեալ գործ է կերտում։Կերտողն ինքն աւելի լաւ է իր պաշտած կուռքերից, որովհետեւ ինքը կեանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։
18Նաեւ գարշելի կենդանիներ են պաշտում, ինչն արդէն ծայրայեղ անմտութիւն է։
19Եթէ այդ կենդանիները համեմատուեն ուրիշների հետ, ապա աւելի վատթար պիտի համարուեն, որովհետեւ անասունը չունի այն գեղեցկութիւնը, որ կարելի է ցանկանալ։
1Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողութիւնից եւ նրա օրհնութիւնից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանութեան, արժանի պատիժ կրեցին՝ խոշտանգուելով ճիճուների բազմութիւնից։
2Այդ տանջանքների փոխարէն, սակայն, դու դիւրացրիր քո ժողովրդի դրութիւնը, նրա սաստիկ ցանկութեան համաձայն՝ նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։
3Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրայ ուղարկուած զզուելի անասունների պատճառով հրաժարուեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկութիւնից, մինչդեռ քո ժողովուրդը,սակաւ ինչ կարիքի մէջ մնալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ,
4քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնութեան համար պէտք է անհրաժեշտ կարիքի մէջ ընկնէին, մինչդեռ քո ժողովրդին հարկաւոր էր ցոյց տալ միայն, թէ ինչպէս տանջուեցին իր թշնամիները։
5Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկութիւնը հասաւ նաեւ քո ժողովրդի վրայ, եւ մարդիկ մեռնում էին գալարապտոյտ օձերի հարուածներից,
6քո բարկութիւնը չտեւեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, այլ որ մի կարճ ժամանակ խռովուեն, որպէսզի խրատուեն եւ փրկութեան նշան ունենան՝ յիշելու համար քո Օրէնքի պատուիրանները։
7Եւ ով շրջւում էր նայելու՝ փրկւում էր ոչ թէ իր տեսածի, այլ քո՛ շնորհիւ, որ փրկիչդ ես բոլորի։
8Դրանով իսկ համոզում էիր մեր թշնամիներին, թէ դու ես, որ փրկում ես ամէն չարիքից,
9որովհետեւ ոմանց մորեխի եւ մկների պատուհասները կոտորեցին, եւ նրանց համար բուժում չգտնուեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջուելու.
10իսկ քո որդիներին թունաւոր օձերի ժանիքներն իսկ չյաղթեցին, որովհետեւ քո ողորմածութիւնը անջրպետեց որդիներիդ եւ բուժեց նրանց։
11Քո խօսքերը յիշելով՝ նրանք վերստին պատուաստւում եւ փրկւում էին շուտափոյթ, որպէսզի խոր մոռացման մէջ չընկնեն եւ անպաշտպան չմնան քո բարերարութիւնից։
12Արդարեւ, նրանց ո՛չ դեղերը բժշկեցին եւ ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խօսքն է, Տէ՛ր, որ բուժում է ամէն ինչ.
13քանզի դու ունես կեանքի եւ մահուան իշխանութիւն, եւ դու ես դժոխք իջեցնում եւ հանում։
14Մարդը, սակայն, իր չարութիւնից է սպանութիւն գործում, եւ մարմնից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս,
15քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։
16Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջուեցին քո բազկի զօրութեամբ։ Կարկտի նոր անձրեւներով եւ անդիմադրելի փոթորիկներով հալածուեցին ու ոչնչացան հրով։
17Բայց նորայայտ հրաշքն այն էր, որ ամէն ինչ հանգցնող ջրի մէջ կրակն աւելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։
18Երբեմն բոցը մեղմանում էր, որպէսզի ամբարիշտների վրայ արձակուած գազանները չայրուէին, այլ նրանք տեսնէին, որ խուճապի են մատնուել Աստծու դատաստանից։
19Երբեմն էլ ջրի մէջ աւելի ուժեղ էր բորբոքւում կրակի զօրութիւնը, որպէսզի ոչնչացնէր մեղանչական երկրի արդիւնքները։
20Դրա փոխարէն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով եւ նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տուեցիր, որ բաւարարէր բոլորի պահանջն ու հաճելի լինէր իւրաքանչիւրի ճաշակին։
21Քո գոյացրած սնունդը ցոյց տուեց քո որդիներին քո տածած քաղցրութիւնը նրանց նկատմամբ, եւ նրա համը մատակարարուելով ճաշակողներից իւրաքանչիւրին, փոխւում էր ամէն մէկի ցանկութեան համապատասխան։
22Ձիւնը եւ սառոյցը կրակի դէմ մնում եւ չէին հալւում, որպէսզի իմանայինք, թէ այն կրակը, որ այրւում էր կարկտի մէջ եւ փայլատակում անձրեւի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը.
23եւ, ընդհակառակը, որպէսզի արդարները կերակրուէին, կրակը կորցնում էր իր զօրութիւնը։
24Քո արարածները, քեզ ծառայելով իբրեւ Արարչի, հզօրանում են անիրաւներին պատժելու ժամանակեւ բարերարութեան դիմաց օրհնւում քեզ վրայ յոյս դնողներից։
25Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամէն ինչով փոխուած, դառնում էր քո ամենափրկիչ պարգեւի սպասաւորը՝ քո կարօտեալների ցանկութեան համաձայն,
26որպէսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տէ՛ր, սովորեն, թէ ոչ թէ արմտիքների արդիւնքներն են մարդուն կերակրում, այլ քո խօսքն է հաւատացեալներին պահում քեզ համար։
27Այն, ինչը չէր քայքայւում կրակից, յանկարծակի հալւում էր արեւի դոյզն ճառագայթներից ջերմանալով,
28որպէսզի յայտնի դառնայ, թէ պէտք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհութիւն տալու, եւ աղօթքի կանգնել լոյսը բացուելուց առաջ.
29քանզի անշնորհապարտ մարդու յոյսը պիտի հալուի ինչպէս ձմռան սառոյց եւ հոսի՝ իբրեւ անօգուտ ջուր։
1Մեծ եւ անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորուեցին։
2Անօրէնները կարծում էին, թէ կարող են բռնադատել սուրբ ազգը, մինչդեռ նրանք կապուած էին խաւարին եւ երկարատեւ գիշերով կաշկանդուած, իրենց յարկի տակ արգելափակուած փախստականներ էին նրանք՝ լքուած յաւիտենական նախախնամութիւնից։
3Մտածելով, թէ իրենց մեղքերը գաղտնի են պահուած,նրանք յիմարութեան անճաճանչ առագաստի ներքոյ ցրուեցին ծայր աստիճան յիմարացած եւ խուճապի ու խռովքների մատնուած։
4Արդարեւ, այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկիւղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբիւնները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադէմ ցնորքներ էին երեւում։
5Կրակի եւ ոչ մի ուժ չկարողացաւ լուսաւորել մութը, եւ խարոյկից ծնուած ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղաւ փարատելու տխուր գիշերը։
6Նրանց միայն ինքնակէզ երկիւղալի խարոյկ էր երեւում, եւ դրա աներեւոյթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առաւել եւս մեծ չարիք։
7Նրանք ընկնում էին հմայական արուեստի խաբկանքների յաւակնոտ մտածումների մէջ եւ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի.
8որովհետեւ, ովքեր խոստանում էին հիւանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնւում ծաղրելի երկիւղի այդ ախտով։
9Թէպէտեւ նրանց ինչ-որ նորանշան բան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց եւ սողունների շչիւնից խուճապահար՝ դողալով մեռնում էին, վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։
10Արդարեւ, երկչոտն ինչ-որ առանձնայատուկ չարութիւն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն եւ, խղճմտանքից նեղուելով, միշտ անհնարինն է կանխազգում,
11քանի որ երկիւղն այլ բան չէ, քան մտքի օգնականութիւնից զրկուած լինելը։
12Եւ քանի դեռ մէկի ներսը վախ կայ, փոքր է նրա ակնկալութիւնը, եւ շատ են չգիտակցուած այն պատճառները, որոնք տանջանքներ են յարուցում։
13Նրանք դժոխքի անմատչելի խաւարից վրայ հասած այդ սոսկալի գիշերը եւս քնեցին սովորական քնով,
14բայց մերթ սահմռկում էին ուրուատեսիլ ցնորքներից, մերթ լքուած հոգով վհատութեան էին մատնւում, քանի որ յանկարծահաս եւ անակնկալ ահը մերուել էր նրանց.
15եւ ով որտեղ էլ գտնւում էր, այնտեղ էլ ցած ընկաւ եւ վախից փակուեց չերկաթապատուած բանտի մէջ։
16Հողագործ լինէր թէ հովիւ, կամ թէ դաշտային ծանր աշխատանքներով զբաղուող գործաւոր,ահով բռնուած՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մէջ,
17քանզի բոլորն էլ կապուել էին խաւարի անքակտելի մի շղթայով։ Եթէ հողմ էր փչում, կամ եթէ թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, կամ բուռն թափով հոսող յորդ ջրերն էին յորձանք տալիս,
18կամ գլորուող քարերի սպառնալից դղրդիւն էր լսւում, կամ կայտառ կենդանիների աներեւոյթ վազքի ոտնաձայն, կամ ահռելի գազանների գոչիւն, կամ լեռների քարանձաւներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ, - այս ամէնը զարհուրեցրեց եւ յուսալքեց նրանց։
19Իսկ ողջ աշխարհը լուսաւորւում էր պայծառ լոյսով,եւ ամէն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած,
20մինչդեռ միայն նրանց վրայ էր տարածւում ծանր գիշերը, խաւարի այն պատկերը, որ ի վերջոյ պատելու էր նրանց. բայց իրենք իրենց վրայ աւելի ծանր էին, քան խաւարը։
1Բայց մեծ էր լոյսը քո սրբերի համար. իսկ նրանք, որ ձայներ էին լսում, սակայն կերպարանքները չէին տեսնում, հէնց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։
2Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թէ անարգում, այլ գոհութիւն էին մատուցում Աստծուն եւ թողութիւն հայցում անցեալում տեղի ունեցածի համար։
3Խաւարի փոխարէն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սիւնը անծանօթ ճանապարհին, որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։
4Իսկ անօրէններն արժանի էին լոյսից զրկուելու եւ խաւարի մէջ արգելափակուելու, որովհետեւ արգելքի տակ էին պահում քո որդիներին, որոնց միջոցով անեղծ օրէնքի կենաց լոյսը պիտի պարգեւուէր աշխարհին։
5Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին, ու թէեւ նրանցից մի ընկեցիկ մանուկ փրկեցին, բայց դու, որպէս պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիւ որդիներին եւ բոլորին էլ կործանեցիր յորդահոս ջրերում։
6Այդ գիշերը նախագուշակ եղաւ մեր հայրերի համար, որպէսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը, որին հաւատում էին, սրտանց հրճուէին։
7Եւ քո ժողովուրդն ակնկալեց ինչպէս արդարների փրկութիւնը, այնպէս էլ թշնամիների կորուստը։
8Արդարեւ, ինչով որ պատժեցիր հակառակորդներին, նոյն միջոցով էլ քեզ մօտ կանչելով՝ փառաւորեցիր մեզ։
9Ազնիւների որդիները գաղտնօրէն զոհաբերութիւններ էին կատարում եւ միաբան ուխտում սրբութեան օրէնքը, որը պահանջում էր, որ սրբերը հաւասարապէս հաղորդակից լինէին թէ՛ բարիքներին եւ թէ՛ զրկանքներին։
10Ուստի այնտեղ, ո՛վ Հայր, քաղցր օրհնութիւններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը, եւ բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։
11Նոյն ձեւով ծառաները տէրերի հետ տանջուեցին, եւ ռամիկը թագաւորի հետ նոյն չարչարանքը կրեց։
12Առհասարակ բոլորն էլ նոյն մահով մահացած անթիւ-անհամար մեռեալներ ունէին, այնպէս որ կենդանի մնացածները նոյնիսկ բաւական չէին թաղելու մեռածներին, որովհետեւ մի վայրկեանի մէջ կործանուել էր նրանց պատուական սերունդը։
13Ու թէեւ կախարդութիւնների պատճառով ոչ մի բանի չէին հաւատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը, խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։
14Եւ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամէն ինչ, եւ գիշերն արագօրէն իր ընթացքը կիսել,
15երկնային արքայական գահերից ամենազօր քո խօսքը ահեղ ռազմիկի նման հասաւ՝ կործանելու այս երկիրը։
16Քո անաչառ հրամանը պողպատէ սուսեր բերելով եւ միջամուխ լինելով՝ բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։
17Այն ժամանակ յանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց,
18եւ մէկն այստեղ, միւսն էլ այլ տեղ կիսամահ ընկած՝ յայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։
19Նրանց խռովեցնող այդ երազները նոյնն էին նախագուշակում, որպէսզի նրանք չկործանուէին առանց իմանալու, թէ ինչու էին չարաչար տանջւում։
20Թէեւ երբեմն-երբեմն արդարներն էլ մատնուեցին մահուան փորձութեան, եւ շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկութիւնը երկար չտեւեց,
21որովհետեւ անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զէնքով՝ աղօթքով եւ խնկով յղելով իր ուղերձը քաւութեան համար՝ կանգնելու քո բարկութեան դիմաց եւ վերջ դնելու հարուածներին, դրանով իսկ ցոյց տալով, որ ինքը քո ծառան է։
22Եւ նա յաղթեց խուռներամ բազմութեանը ոչ թէ մարմնի ուժով կամ զէնքի զօրութեամբ, այլ սոսկ խօսքով հնազանդեցրեց պատժողին՝ յիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը։
23Միմեանց վրայ շեղջ-շեղջ կուտակուած դիակների մէջ կանգնած՝ նա դադարեցրեց բարկութիւնը եւ ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։
24Նրա ծոպաւոր պարեգօտի վրայ ողջ աշխարհն էր դրուագուած, քառաշար թանկագին քարերի վրայ քանդակուած էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրայ՝ քո մեծութիւնը։
25Դրանցից էլ խորշեց կործանիչը եւ հէնց դրանցից էլ զարհուրեց, քանզի բաւական էր միայն քո բարկութեան այդ փորձը։
1Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ տարածուեց մինչեւ վերջ, քանզի Տէրը գիտէր նրանց եւ նրանց կատարելիք գործերը.
2թէեւ նրանք արձակեցին քո ժողովրդին եւ շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ յետոյ զղջալով՝ սկսեցին հալածել,
3որովհետեւ քանի դեռ նրանք իրենց սգի մէջ էին եւ կոծում էին մահացածների գերեզմանների վրայ, ուրիշ մի անմիտ խորհուրդ էլ յղացան. նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպէս փախստականների։
4Այդ տագնապը նրանց մղում էր դէպի այն վախճանը, որին արժանի էին իրենք, եւ այլեւս չէին մտաբերում անցեալի դէպքերը, որպէսզի մնացած տանջանքների պատիժները եւս իրենց լրումին հասնէին,
5քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով, եւ իր որդիները փառաւոր մահ գտնէին,
6որովհետեւ արարածներից իւրաքանչիւրը վերստին պիտի նորոգուէր ըստ իր բնութեան՝ հնազանդուելով քո հրամաններին։
7Եւ որպէսզի քո որդիներն անվնաս մնային, ամպը պիտի ծածկէր բանակը, ջուրը պիտի ցամաքէր, նրա տակից հողի յատակը երեւար, Կարմիր ծովի մէջ պիտի բացուէր անխափան մի ճանապարհ, իսկ յորդ ջրերի յորձապտոյտներից՝ ծաղկաւէտ մի դաշտ։
8Քո ձեռքի հովանու ներքոյ նրանք միահամուռ անցան այդտեղից՝ տեսնելով քո սքանչելի գործերը։
9Նրանք կերակրուեցին ձիերի նման եւ խայտացին գառների պէս՝ օրհնելով քեզ, Տէ՛ր, որ փրկեցիր իրենց։
10Նրանք տակաւին յիշում էին այն դէպքերը, որ տեղի ունեցան իրենց պանդխտութեան ժամանակ. թէ ինչպէս անասունների ծնունդների փոխարէն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարէն՝ գորտերի բազմութիւն։
11Յետոյ նաեւ թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրուելու ցանկութեամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։
12Նրանց համար, որպէս մխիթարութիւն, ծովից լորամարգիներ ելան, իսկ մեղաւորներին, ոչ առանց կանխերեւ հրաշքների, պատիժներ հասան բուռն բարկութեան կայծակների տեսքով. եւ նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարութեան համապատասխան, որովհետեւ խիստ օտարատեաց էին։
13Ոմանք եկուոր անծանօթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հիւրերին ստիպում էին ծառայել իրենց։
14Եւ ոչ միայն այսքանը, այլեւ դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելութեամբ էին ընդունում օտարներին։
15Չէ՞ որ նրանք տօնական խնդութեամբ օտարականներին ընդունելուց յետոյ անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, մինչդեռ սկզբի օրերին հաւասարներ էին միմեանց։
16Դրա համար էլ կուրութիւնը հարուածեց նրանց, ինչպէս մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը. նրանց պատեց անշող ու անփարատ խաւարը, եւ նրանցից ամէն մէկն իր դռան ելքն էր փնտռում։
17Այսպէս ամէն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնութիւնը, ինչպէս նուագարանի իւրաքանչիւր եղանակն է փոխում իր բնոյթը, սակայն միշտ նուագի նոյն հնչիւններն են մնում՝ ստեղծուած նոյն ձայնեղանակի համար։ Այս բանը ճշմարտօրէն կարելի է նկատել գոյերի փոփոխութիւնից։
18Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխւում էին ջրերի մէջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։
19Կրակն իր զօրութեամբ յաղթում էր ջրին, իսկ ջուրը մոռանում էր իր մարիչ բնութիւնը։
20Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դիւրավառ մարմինները եւ ոչ էլ հալում էին սառցանման եւ դիւրահալ անուշ կերակրի տեսակը։
21Արդարեւ, ամէն ինչում դու բարձրացրիր եւ փառաւորեցիր քո ժողովրդին, Տէ՛ր, եւ ամէն ժամ ու ամենուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանութեամբ։