1Այս է գիրքը պատմութեան Տոբիթի, որ Նեփթաղիմի ազգից էր, Սասիէլի սերնդից։ Տոբիթը որդին էր Տոբէլի, սա՝ Անանիէլի, սա՝ Անաւելի, եւ սա՝ Գաբայէլի։
2Ասորեստանի Ենեմեսար թագաւորի օրօք նա գերուեց Թեզբուից, որ Նեփթաղիմի երկրի աջ կողմում է՝ Գալիլիայում, Ասէի վերեւում։
3Ես՝ Տոբիթս, իմ կեանքի բոլոր օրերին ընթացայ ճշմարտութեան եւ արդարութեան ճանապարհներով, բազում ողորմութիւններ արեցի իմ եղբայրներին եւ իմ ազգակիցներին, որ Ասորեստանի երկրում՝ Նինուէում ինձ հետ էին։
4Երբ դեռեւս Իսրայէլի երկրում էի, իմ հայրենի գաւառում, եւ քանի դեռ երիտասարդ էի, իմ հայր Նեփթաղիմի ողջ ազգն արտաքսուեց ու հեռացուեց Երուսաղէմի տաճարից, որն ընտրուած էր Իսրայէլի բոլոր ազգերի կողմից, որպէսզի բոլորն այնտեղ զոհ մատուցեն, եւ ուր Բարձրեալի բնակութեան տաճարը սրբագործուել էր եւ կառուցուել բոլոր ժամանակների համար։
5Երուսաղէմից ապստամբ եւ Բահաղի երինջին զոհ մատուցող բոլոր ազգերի նման էր նաեւ իմ հայր Նեփթաղիմի տունը։
6Միայն ես էի, որ տարեկան տօներին բազմիցս գնում էի Երուսաղէմ, ինչպէս սահմանուած է ամբողջ Իսրայէլի համար յաւիտենական հրամանով։ Ստացուած բերքի պտուղներն ու տասանորդները եւ բոլոր արդիւնքներից իրենց ստանալիք ընծաները զոհասեղանի առջեւ տալիս էի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Տասանորդները տալիս էի Ղեւիի որդիներին, որոնք Երուսաղէմում Աստծու տաճարի սպասաւորներն էին։
7Երկրորդ տասանորդը հաւաքում եւ վաճառում էի, ամէն տարի գնում Երուսաղէմ ու ամբողջովին ծախսում այն։
8Երրորդը տալիս էի նրանց, ում պատշաճ էր, ինչպէս պատուիրել էր իմ հօր մայր Դերուրան. որովհետեւ հօրիցս որբ էի մնացել։
9Երբ տղամարդ դարձայ, իմ հայրենի ցեղից կնութեան առայ Աննային եւ նրանից ունեցայ Տուբիին։
10Իսկ երբ գերեվարուեցի Նինուէ, իմ բոլոր եղբայրներն ու ազգակիցներն ուտում էին հեթանոսների հացից, իսկ ես ինձ զսպեցի, որպէսզի չուտեմ,
11քանզի ողջ հոգովս յիշում էի Աստծուն։
12Բարձրեալն ինձ Ենեմեսարի կողմից շնորհներ եւ բարեհաճութիւն տուեց. ես նրա վաճառականն էի, գնում էի Մարաստան։
13Մարաց երկրի Ռագիւս քաղաքում, Գուրիի եղբայր Գաբայէլին պահելու տուեցի տասը քանքար արծաթ։
14Իսկ երբ Ենեմեսարը մեռաւ, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Սենեքերիմը, այդ տարիներին խռովութիւններ սկսուեցին, եւ ես չկարողացայ գնալ Մարաստան։
15Ենեմեսարի օրօք իմ եղբայրներին բազում բարեգործութիւններ էի անում.
16իմ հացը տալիս էի քաղցածներին, հագուստս՝ մերկերին. իսկ երբ տեսնում էի, որ իմ ազգից որեւէ մէկը մեռել է, եւ նրան դուրս են գցել պարսպից, ես թաղում էի։ Կամ էլ երբ Հրէաստանից փախստական վերադառնալուց յետոյ
17Սենեքերիմ արքան որեւէ մէկին սպանում էր, ես գաղտնի թաղում էի նրան. որովհետեւ նա իր զայրոյթով շատերին կոտորեց, իսկ յետոյ դիակները փնտռեց ու չգտաւ։
18Նինուէացիներից ինչ-որ մէկը մտել էր թագաւորի մօտ ու նրան տեղեկացրել իմ մասին, որ դիակները թաղում եմ։ Ես թաքնուեցի, որովհետեւ իմացայ, որ ուզում են ինձ սպանել. եւ ահաբեկուած փախայ գնացի Նինուէից։
19Իմ ամբողջ ունեցուածքը յափշտակուեց. որեւէ բան չմնաց, մնացին միայն կինս ու Տուբի որդիս։
20Ապա, յիսուն օր չանցած, իր երկու որդիներն սպանեցին նրան եւ փախան Հայոց լեռները։ Դրանից յետոյ թագաւորեց իր որդի Ասորդանը։ Սա իմ եղբօրորդի Աքիաքարոս Անայէլին կարգեց իր թագաւորութեան բոլոր իշխանների եւ ամբողջ արքունի տան գլխաւոր։
21Աքիաքարոսը թագաւորին բարեխօսեց ինձ համար։ Եկան ինձ վերադարձնելու, եւ ես եկայ Նինուէ։ Աքիաքարոսը տակառապետն էր, թագաւորի տան ամբողջ ելեւմտի գիրքը նրա ձեռքին էր։ Ասորդանը նրան նշանակեց իր թագաւորութեան երկրորդ մարդը. իսկ նա իմ եղբօրորդին էր։ Երբ ես եկայ իմ տուն, ինձ տուեցին իմ Աննա կնոջը եւ իմ Տուբի որդուն։
1Պենտեկոստէի մեծ տօնին, որ եօթներորդ շաբաթուայ սուրբ տօնն է, ինձ համար ճոխ ճաշ պատրաստեցին, եւ ես նստեցի ուտելու եւ խմելու։
2Իմ առջեւ բազմաթիւ խորտիկներ տեսայ եւ որդուս ասացի. «Գնա՛ եւ մեր աղքատ եղբայրներից ում գտնես՝ բե՛ր, իսկ ես կը սպասեմ քեզ»։
3Նա եկաւ եւ ասաց. «Հա՛յր, մեր ազգից մէկը, որի ոտքերը քայքայուած ու կոճերն ընկած են, այնտեղ՝ հրապարակում ընկած մեռած է»։
4Ես, քանի դեռ չէի ճաշել, գնացի, վերցրի նրան եւ արեգակի մայր մտնելուց առաջ բերի իմ տուն։
5Իսկ երեկոյեան լուացուեցի եւ տրտմութեամբ ուտում էի իմ հացը։
6Յիշեցի Ամոսի մարգարէութիւնը, թէ ինչպէս նա ասել էր. «Ձեր տօները սուգ կը դառնան, եւ ձեր բոլոր ուրախութիւնները՝ տրտմութիւն»։ Եւ ես դառնօրէն արտասուեցի։
7Երբ արեգակը մայր մտաւ, գերեզման փորեցի եւ թաղեցի նրան։
8Իսկ իմ մերձաւորները ծաղրում էին ինձ եւ ասում. «Այժմ էլ չի՞ վախենում այս գործերի պատճառով մեռնելուց, որովհետեւ դրա համար հալածուեց, եւ կրկին եկել՝ դիակներն է թաղում»։
9Նոյն գիշերը, դիակը թաղելուց յետոյ, վերադարձայ եւ, պղծուած լինելով, պառկեցի գաւթի պատի մօտ.
10երեսս էլ չծածկեցի։
11Չգիտէի, որ առաստաղին ճնճղուկներ էին նստած, ու բաց աչքերով վերեւ էի նայում, իսկ նրանց ձագերը տաք-տաք ծրտում էին աչքերիս մէջ. դրանից աչքերիս մէջ հատեր գոյացան։ Գնացի բժիշկների մօտ, բայց նրանք ինձ չօգնեցին։ Մինչեւ Ելիմադիա գնալս Աքիաքարոսն ինձ կերակրում էր իր ծախսով։
12Իսկ իմ կինն իր ձեռքով մանում ու գործում էր եւ տալիս գործատէրերին,
13սրանք էլ տալիս էին նրա վարձը։ Մի անգամ էլ վարձից բացի նրան տուեցին նաեւ մի ուլ։
14Երբ նա եկաւ ինձ մօտ, սկսեց ինձ հետ վիճել. ես նրան ասացի. «Դու որտեղի՞ց բերեցիր այդ ուլը, մի՞թէ գողացուած է. տա՛ր, տո՛ւր իր տէրերին, որովհետեւ ինձ համար գողացուածը ուտելն օրէնք չէ»։
15Իսկ կինս ասաց. «Պատիւ արեցին ինձ՝ վարձիս հետ տուին»։ Բայց ես չհաւատացի նրան, այլ ստիպում էի ուլը տալ իր տէրերին։ Ես նրա կողմից ամօթանքի արժանացայ. նա ինձ ասաց. «Հիմա ո՞ւր են քո ողորմութիւններն ու արդարութիւնները, ահա թէ ինչպէ՜ս յայտնի եղան քեզ»։
1Ես տխրեցի ու լաց եղայ. վեր կացայ եւ զայրացած սրտով սկսեցի աղօթել ու ասել.
2«Տէ՛ր, արդար ես դու, եւ քո բոլոր գործերն ու ճանապարհները ողորմութիւն են. դատաստաններդ ճշմարիտ են, եւ միշտ արդար ես դատում.
3նայի՛ր եւ յիշի՛ր ինձ, մի՛ հատուցիր ինձ ըստ իմ մեղքերի եւ ըստ իմ չարիքների, նաեւ իմ հայրերի գործած չարիքների համար, որոնք մեղանչեցին քո առաջ։
4Նրանք անտեսեցին քո պատուիրանները, դու մեզ յափշտակութեան, գերութեան եւ մահուան մատնեցիր, նախատինքի նշաւակ դարձրիր բոլոր ժողովուրդների առաջ, որոնց մէջ եւ ցրուած ենք։ Արդ, Տէ՛ր, այժմ բազում են քո արդար դատաստանները, որ արեցիր իմ եւ մեր հայրերի հետ,
5որովհետեւ մենք քո պատուիրանները չկատարեցինք եւ արդարութեամբ չընթացանք քո առջեւ։
6Այժմ ինձ հետ վարուի՛ր ըստ քո կամքի հաճութեան եւ իմ հոգին առնելու հրաման տուր, որպէսզի ազատուեմ հոգուցս եւ հող դառնամ, որովհետեւ ինձ համար մեռնելն աւելի լաւ է, քան իմ այս կեանքը, քանի որ անտեղի նախատինքներ լսեցի, եւ տրտմութիւնն իմ մէջ շատ է. ազատի՛ր ինձ իմ վշտերից, ուղարկի՛ր յաւիտենական հանգըրուան եւ քո երեսը մի՛ շրջիր ինձանից»։
7Նոյն օրն իսկ Աստուած իմացել էր այն, ինչ կատարուել էր Ռագուէլի դուստր Սառայի հետ, որ Մարաստան երկրի Եկբատան քաղաքում էր.
8իր հօր աղախինները նախատում էին աղջկան, որն ամուսնութեան էր տրուել եօթը մարդու, իսկ Ազմոդեւս չար դեւը սպանում էր նրանց՝ աղջկան մերձենալուց առաջ, համաձայն այր ու կնոջ մերձեցման կարգի։ Աղախինները նրան նախատում էին ու ասում. «Չգիտե՞ս, որ խեղդում ես քո ամուսիններին, որովհետեւ արդէն եօթը մարդ առար եւ ոչ մէկին չվայելեցիր.
9ուրեմն մեզ ինչո՞ւ ես տանջում, ինչո՞ւ դու էլ նրանց հետ չմեռար, որպէսզի մենք երբեք չտեսնենք քո զաւակին»։
10Երբ աղջիկն այս լսեց, շատ տխրեց ու ցանկանում էր խեղդել իրեն։ Նա ասում էր. «Ես իմ հօր միամօր զաւակն եմ, ուրեմն եթէ անեմ այս, նրան անարգանք կը բերեմ ու ծերունուն ցաւերով դժոխք կ՚իջեցնեմ»։
11Եւ նա սկսեց աղօթել այն պատուհանի մօտ, որ նայում էր դէպի Երուսաղէմ։ Նա ասում էր.
12«Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած իմ, եւ յաւիտեան օրհնուած է քո սուրբ եւ պատուական անունը։
13Այժմ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով աղաչում եմ քեզ
14եւ խնդրում, որ հոգիս մարմնիցս ազատես, որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ.
15քանզի, Տէ՛ր, դու գիտես, որ իմ կուսութեամբ մաքուր եմ բոլոր մեղքերից,
16չեմ աղտոտել իմ անունն ու իմ հօր անունը, իմ հօր միամօր զաւակն եմ, նա ուրիշ որդի չունի, որ ժառանգ լինի իրեն։ Նա ո՛չ մերձաւոր եղբայր, ո՛չ էլ եղբօրորդի ունի, որպէսզի նրան կնութեան գնալու համար պահպանեմ անձս, որովհետեւ ահա արդէն եօթը ամուսիններս մահացան, այլեւս ինչի՞ համար ապրեմ հիմա։ Իսկ եթէ մահս չես ցանկանում, Տէ՛ր, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր, որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ»։
17Եւ երկուսի աղօթքներն էլ լսելի եղան մեծ Ռափայէլին։
18Նա ուղարկուեց բժշկելու երկուսին էլ՝ Տոբիթի աչքերից հատերը վերացնելու եւ Ռագուէլի դուստր Սառայից Ազմոդեւս դեւին հանելու, նրան կնութեան տալու Տոբիթի որդի Տուբիին, որովհետեւ հէնց Տուբիին էր վիճակուած ժառանգել նրան։ Այդ նոյն պահին Տոբիթը շրջուեց ու մտաւ իր տուն, իսկ Ռագուէլի դուստր Սառան իջաւ իր վերնասենեակից։
1Նոյն օրը Տոբիթը յիշեց արծաթը, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահ էր տուել Գաբայէլին։ Նա իր մտքում ասաց. «Ես ինձ համար մահ խնդրեցի. քանի դեռ չեմ մեռել, ինչո՞ւ չկանչեմ իմ որդի Տուբիին եւ ամէն ինչ չյայտնեմ նրան»։
2Եւ նա կանչեց ու ասաց նրան.
3«Որդեա՛կ իմ, երբ մեռնեմ, կը թաղես ինձ. չանարգե՛ս կամ չանտեսե՛ս քո մօրը, այլ նրան կը պատուես կեանքիդ բոլոր օրերին, նրա համար կ՚անես այն ամէնը, ինչ հաճելի է իրեն, չտխրեցնես նրան։
4Կը յիշես, որ, երբ դու նրա որովայնում էիր, նա քեզ համար շատ նեղութիւններ է կրել.
5երբ նա մեռնի, կը թաղես ինձ մօտ, նոյն գերեզմանում։
6Յիշի՛ր քո Տէր Աստծուն կեանքիդ բոլոր օրերին, մեղք չգործե՛ս կամ նրա պատուիրանները զանց չառնես, քո ամբողջ կեանքում արդարութիւն կը գործես, անիրաւութեան ճանապարհներով չգնաս, քանի որ, երբ արդար գործ անես, քո բոլոր գործերը կը յաջողուեն, ինչպէս յաջողւում է բոլորին, ովքեր արդարութիւն են գործում։
7Քո ունեցուածքից ողորմութիւններ կ՚անես. ողորմութիւն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, եւ Տէր Աստուածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։
8Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատութեան կ՚անես քո ողորմութիւնները, եթէ քիչ ունենաս՝ ըստ քչի։
9Չյապաղես ողորմութիւններ անել,
10քանի որ դրանով բարիքներ կը գանձես քո կեանքի օրերին։
11Արդարեւ, ողորմութիւնները փրկում են մահուանից եւ թոյլ չեն տալիս մտնել խաւարի մէջ.
12ողորմութիւնները բարի պարգեւ են բոլորին, ովքեր այն անում են Աստծու առջեւ։
13Անձիդ համար զգոյշ կը լինես պոռնկութիւնից, կին կ՚առնես քո հայրերի սերնդից. օտար ազգից կին չառնես, որովհետեւ մարգարէների՝ մենք մեր առաջին հայրերի՝ Նոյի, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի որդիներն ենք։ Դու, որդեա՛կ, յիշի՛ր՝ սրանք բոլորն էլ իրենց եղբայրներից կին առան եւ օրհնուեցին իրենց որդիներով. եւ նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Դու, որդեա՛կ, պիտի սիրես քո եղբայրներին, երեսդ չշրջես, սիրտդ չշրջես քո եղբայրներից, քո ժողովրդի որդիներից ու դուստրերից. նրանցի՛ց կին կ՚առնես քեզ համար։
14Ամբարտաւանութիւնից առաջ են գալիս կորուստ եւ մեծ խռովութիւն, պղծութիւնից՝ պակասութիւն եւ մեծ աղքատութիւն, քանի որ պղծութիւնը սովի մայրն է։
15Վարձկանիդ վարձը թող մի օր էլ չմնայ քեզ մօտ, այլ կը վճարես անմիջապէս. եւ եթէ դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կը հատուցի։ Որդեա՛կ, քո բոլոր գործերում զգոյշ կը լինես, խելամի՛տ եղիր քո ողջ կեանքում.
16ինչը դու ատում ես, ուրիշին չանես։ Հարբելու աստիճան գինի չխմե՛ս, հարբած ճանապարհ չգնա՛ս.
17քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ՚աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ՚անես։
18Քո հացը չխնայես տալ արդարների գերեզմանների վրայ, բայց մեղաւորների համար չտա՛ս։
19Ամէն մարդուց խորհուրդ կը խնդրես, չարհամարհես ոչ մի պիտանի խորհուրդ։
20Ամէն ժամ կ՚օրհնես քո Տէր Աստծուն եւ կը խնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրութիւններն ու գործերը յաջողուեն, որովհետեւ մարդու բոլոր մտադրութիւնները ոչինչ են։ Տէրն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպէս հաճելի է իրեն։ Ահա, որդեա՛կ իմ, դու կը յիշես իմ բոլոր պատուիրանները, որ տալիս եմ քեզ, եւ թող նրանք չջնջուեն քո սրտից։
21Հիմա ես յայտնում եմ քեզ տասը քանքար արծաթի մասին, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահելու տուեցի Գաբրիի որդի Գաբայէլին։
22Չվախենաս, որդեա՛կ, որ շատ աղքատացանք, որովհետեւ եթէ Աստծուց վախենաս, բոլոր մեղքերից հեռու լինես եւ անես նրան հաճելին, քեզ շատ ունեցուածք եւ հարստութիւն կը գայ»։
1Տուբին պատասխանեց եւ ասաց նրան. «Հա՛յր, կ՚անեմ ամէն ինչ, որ պատուիրեցիր ինձ,
2բայց ես ինչպէ՞ս կարող եմ գտնել արծաթը, քանի որ չեմ ճանաչում այդ մարդուն։
3Հայրը նրան տուեց ստացագիրն այն մարդու, որի մօտ գանձն աւանդ էր դրուած,
4եւ ասաց նրան. «Դու քեզ համար փնտռի՛ր մի մարդ, որ հետդ գայ. ես կը տամ նրա վարձը, քանի դեռ կենդանի եմ, եւ դու կը գնաս կը վերցնես արծաթը»։
5Տուբին գնաց վարձով մի մարդ փնտռելու, որ գնար իր հետ։ Եւ նա գտաւ Ռափայէլ Հրեշտակին,
6բայց չգիտէր, թէ ով է նա։ Տուբին ասաց նրան.
7«Դու կարո՞ղ ես ինձ հետ գալ Ռագիւս՝ Մարաց երկիր, կամ լաւ ծանօ՞թ ես այդ տեղերին»։
8Հրեշտակն ասաց նրան. «Ես կը գամ քեզ հետ. ե՛ւ ճանապարհին եմ տեղեակ, ե՛ւ մեր եղբայր Գաբայէլին եմ ճանաչում»։
9Տուբին ասաց նրան. «Դու մի վայրկեան սպասի՛ր այստեղ, մինչեւ ես մտնեմ ու հարցնեմ իմ հօրը»։ Եւ ասաց նրան. «Գնա՛ եւ չուշանա՛ս»։
10Տուբին ներս մտաւ ու ասաց հօրը. «Ահա գտայ ընկեր, որ գալիս է հետս»։ Հայրն ասաց նրան. «Դու նրան կանչի՛ր ինձ մօտ, որպէսզի իմանամ, թէ որ ազգից է նա եւ կամ հետդ գալու համար վստահելի՞ է»։
11Տուբին ներս կանչեց նրան, եւ նրանք ողջոյն տուեցին միմեանց։
12Տոբիթն ասաց նրան. «Եղբա՛յր, դու մեր ո՞ր ցեղից ես, ասա՛ ինձ»։
13Եւ նա ասաց նրան. «Իմ ազգատո՞հմն ես փնտռում, թէ՞ ինձ վարձել ես, որ քո որդու հետ գնամ»։ Տոբիթն ասաց նրան. «Ուզում եմ, եղբա՛յր, իմանալ քո ազգն ու անունը»։
14Նա ասաց. «Իմ անունն Ազարիա է, քո եղբայրներից մէկի՝ մեծն Անանիայի որդին եմ»։
15Տոբիթն ասաց նրան. «Բարի եկար, եղբա՛յր, մի՛ զայրացիր ինձ վրայ, որ ցանկացայ իմանալ քո ազգատոհմը, որովհետեւ դու հէնց իմ եղբայրն ես՝ բարի ու ազնուական ցեղից, քանի որ ես ճանաչում եմ Անանիային եւ Յաթանին՝ մեծն Սեմի որդիներին, երբ մենք միասին գնում էինք Երուսաղէմում երկրպագելու եւ անասունների առաջին ծնունդներն ու բերքի տասանորդները մատուցելու։ Նրանք չմոլորուեցին մեր եղբայրների մոլորութիւնով. Դու մեծերի ազգից ու արմատից ես, եղբա՛յր։
16Այժմ դու ասա՛ ինձ. ի՞նչ վարձ տամ քեզ. կը տամ օրական մի դրամ եւ ուտելիքը, ինչպէս իմ որդուն։
17Երբ ողջ վերադառնաք այս ուղեւորութիւնից, վարձդ կ՚աւելացնեմ»։ Եւ նրանք համաձայնեցին այդպէս անել։
18Տոբիթն ասաց նրան. «Տուբի՛, որդեա՛կ, պատրաստուի՛ր ճանապարհ ընկնելու, եւ թո՛ղ Աստուած յաջողութիւն տայ ձեզ»։ Պատանին պատրաստեց ճանապարհի ուտելիքը, իսկ հայրն ասաց նրան. «Որդեա՛կ, դու գնա՛ այդ մարդու հետ, իսկ Աստուած, որ բնակւում է երկնքում, թող յաջողութիւն տայ ձեր ճանապարհին, եւ նրա հրեշտակն ուղեկից լինի ձեզ»։
19Եւ նրանք երկուսով միասին ելան գնացին, նրանց հետ՝ նաեւ պատանու շունը։ Պատանու մայրը լալով ասաց. «Տոբի՛թ, մեր որդուն ինչո՞ւ հեռացրիր մեզանից, չէ՞ որ նա է մեր ծերութեան ցուպը, նա է մեր առջեւ ելումուտ անում.
20թող արծաթի վրայ արծաթ չգայ, միայն թէ մեր որդու կեանքին բան չլինի,
21քանզի ինչ Աստուած տուել է մեզ, բաւական է մեզ համար»։
22Տոբիթն ասաց նրան. «Քո՛յր, մի՛ տրտմիր, նա ողջ կը վերադառնայ, եւ քո աչքերը կը տեսնեն նրան,
23քանի որ իր բարի Հրեշտակը կ՚առաջնորդի նրան, յաջողութիւն կը տայ նրա ճանապարհին, եւ նա ողջ ու առողջ կը վերադառնայ այնտեղից»։
24Եւ մայրը դադարեց լալուց։
1Նրանք ճանապարհ ընկան, եկան Դկլաթ գետի մօտ եւ իջեւանեցին այնտեղ, գետափին։ Պատանին իջաւ գետեզր՝ լուացուելու։
2Գետից դուրս ելաւ մի ձուկ եւ ուզում էր կուլ տալ պատանուն։
3Հրեշտակն ասաց պատանուն. «Ձեռքդ մեկնի՛ր, բռնի՛ր այդ ձուկը»։ Պատանին բռնեց ձուկը եւ հանեց ցամաք։ Հրեշտակն ասաց նրան.
4«Բա՛ց արա այդ ձկան փորը, հանի՛ր դրա սիրտը, լեարդն ու լեղին եւ պահի՛ր զգուշութեամբ»։
5Եւ պատանին արեց այնպէս, ինչպէս հրեշտակն ասաց իրեն։ Ձուկը խորովեցին ու կերան եւ ապա երկուսով միասին գնացին։ Եւ երբ մօտեցել էին Եկբատանին,
6պատանին ասաց հրեշտակին. «Ազարիա՛ եղբայր, ինչի՞ համար վերցրինք ձկան սիրտը, լեարդն ու լեղին»։
7Հրեշտակն ասաց նրան. «Եթէ դեւը կամ պիղծ սատանան բռնել է մէկին, այդ սիրտը եւ լեարդը պէտք է ծխել տղամարդու կամ կնոջ առջեւ, եւ նա այլեւս չի դիւահարուի։
8Իսկ եթէ մէկն աչքերին հատ ունի, լեղին քսում են աչքին, եւ նա բուժւում է»։
9Երբ նրանք մօտեցան Ռագիւսին,
10Հրեշտակն ասաց պատանուն. «Եղբա՛յր, այսօր մենք պէտք է գիշերենք Ռագուէլի մօտ, նա քո ազգականն է եւ ունի մի դուստր, որի անունը Սառա է. ես նրա համար կը խօսեմ, որպէսզի նրան կնութեան տան քեզ։
11Աղջկայ ժառանգութիւնը քեզ է վիճակուած, եւ միայն դու ես նրա ազգից, իսկ աղջիկն իսկապէս գեղեցիկ է, պարկեշտ եւ խելացի։
12Այժմ լսի՛ր ինձ, ես կը խօսեմ աղջկայ հօր հետ, իսկ երբ մենք վերադառնանք ռագիւսացիների քաղաքից, կ՚անենք քո հարսանիքը։ Ես ճանաչում եմ Ռագուէլին. Մովսէսի օրէնքների համաձայն նա աղջկան չի տայ օտար մարդու, որը արենակից մերձաւոր չէ, քանի որ բոլոր մարդկանցից աւելի դու ես ժառանգութիւնն ստանալու արժանի»։
13Այն ժամանակ պատանին ասաց Հրեշտակին. «Եղբա՛յր Ազարիա, ես աղջկայ մասին այսպիսի բան եմ լսել. նրան տուել են եօթը մարդու, եւ նրանք բոլորը մեռել են առագաստի սենեակում։
14Իսկ ես իմ հօր միամօր զաւակն եմ, վախենում եմ՝ միգուցէ մտնեմ եւ նախորդների նման ես էլ մեռնեմ, որովհետեւ աղջիկը դեւ ունի, եւ դեւը նրան սիրում է ու որեւէ մէկին չի դիպչում վնասելու համար, այլ՝ միայն նրանց, ովքեր մերձենում են նրան, որպէսզի կնութեան առնեն։ Արդ, եթէ անեմ այս բանը, վախենում եմ, որ իմ հօրն ու իմ մօրը իմ պատճառած վշտերով կ՚իջեցնեմ իրենց գերեզմանը։ Նրանք ուրիշ որդի էլ չունեն, որ թաղի նրանց»։
15Հրեշտակն ասաց նրան. «Դու չե՞ս յիշում քո ազգից քեզ կին առնելու մասին հօրդ ասած պատուիրանը։ Այժմ դու լսի՛ր ինձ, որովհետեւ նա պէտք է քո կինը լինի.
16դեւի մասին էլ մի՛ մտահոգուիր, քանի որ այս գիշեր իսկ դու աղջկան կնութեան կ՚առնես։
17Երբ մտնես առագաստի սենեակ, կը վերցնես մոխրախառն կրակ, որի մէջ խունկ ծխուած լինի, եւ ձկան սիրտն ու լեարդը կը դնես դրա վրայ ու կը ծխես.
18դեւը կը հոտոտի ու կը փախչի եւ այլեւս յաւիտեան չի վերադառնայ։
19Եւ երբ դու եւ աղջիկը մտնէք առագաստի սենեակ, երկուսով կը կանգնէք եւ բարձրաձայն լալով կը կանչէք ողորմած Աստծուն, եւ նա ձեզ կը փրկի ու կ՚ողորմի,
20որովհետեւ իր ծննդից ի վեր այդ աղջիկը վիճակուած է քեզ. դու կը փրկես նրան, եւ նա քեզ հետ կը գայ քո տուն. եւ ես գիտեմ, որ դու նրանից որդիներ կ՚ունենաս»։
21Տուբին երբ լսեց այս բանը, աղջկայ նկատմամբ գութ ընկաւ նրա սիրտը, եւ հոգին սիրով կապուեց նրան։
1Նրանք եկան Եկբատան եւ մտան Ռագուէլի տուն։ Սառան ընդառաջ ելաւ, եւ ողջունեցին նրանց, նրանք էլ՝ նրան, եւ Սառան նրանց տարաւ տուն։
2Ռագուէլն իր կին Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ այս պատանեակը նման է իմ եղբօրորդի Տոբիթին»։
3Ռագուէլը հարցրեց նրանց եւ ասաց. «Որտեղի՞ց էք, եղբայրնե՛ր»։ Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի ենք տարուած Նինուէ»։
4Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ էք մեր եղբայր Տոբիթին»։ Ասացին. «Ճանաչում ենք»։
5Ռագուէլը նրանց ասաց. «Ո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ եւ կենդանի է»։
6Իսկ Տուբին ասաց. «Նա իմ հայրն է»։ Ռագուէլն անմիջապէս վեր կացաւ, համբուրեց նրան, շատ լաց եղաւ,
7օրհնեց նրան եւ ասաց. «Բարի ես դու եւ բարերար մարդու որդի»։ Իսկ երբ լսեց, որ Տոբիթի աչքերը կուրացել են,
8լաց եղաւ եւ տրտմեց. տրտմեցին նաեւ իր կին Հեդնան եւ նրանց դուստր Սառան։ Նրանք մեծ ուրախութեամբ ընդունեցին ու պահեցին նրանց։
9Ապա նրանք հօտից մի խոյ մորթեցին, բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջեւ։ Տուբին ասաց Ռափայէլին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա այն, ինչի մասին խօսում էիր ճանապարհին, որպէսզի քո ասածը լինի»։ Ռափայէլն այդ խօսքերը հաղորդեց Ռագուէլին. եւ Ռագուէլը Տուբիին ասաց. «Կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ քեզ է վիճակուած առնել իմ աղջկան։ Բայց քեզ ճշմարիտն ասեմ. ես իմ աղջկան տուել եմ եօթը մարդու, եւ երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նոյն գիշերը մեռնում էին։ Իսկ այժմ, որդեա՛կ իմ, դու ուրախ եղիր»։
10Տուբին ասաց. «Ես այստեղ ոչ մի բան չեմ ուտի, մինչեւ չվերջացնէք այս գործը»։
11Ռագուէլն ասաց. «Ըստ օրէնքի, նրան վերցրո՛ւ քեզ, որովհետեւ դու աղջկան եղբայր ես գալիս, եւ թող նա քոնը լինի.
12թող ողորմածն Աստուած ձեզ բարին յաջողեցնի»։
13Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, տուեց Տուբիին կնութեան եւ ասաց. «Ահա՛, ըստ Մովսէսի օրէնքի, դու վերցրո՛ւ նրան եւ տա՛ր քո հօր մօտ»։ Եւ նա օրհնեց նրանց։
14Ապա կանչեց իր կին Հեդնային եւ տան ամբողջ ունեցուածքը վերցրեց, տուեց աղջկան, մուրհակներով հաստատեց դրանք եւ կնքեց։
15Նրանք սկսեցին ուտել, խմել եւ ուրախանալ։
16Ռագուէլը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛յր, դու պատրաստի՛ր միւս սենեակը եւ աղջկան տար այնտեղ»։
17Կինը արեց այնպէս, ինչպէս հրամայել էր իրեն, եւ նրան տարաւ այնտեղ։ Աղջիկը լալիս էր, մայրը սրբում էր աղջկայ արտասուքները եւ ասում նրան.
18«Քաջալերուի՛ր, դո՛ւստրս, երկնքի եւ երկրի Տէրն այս տրտմութեան փոխարէն քեզ ուրախութիւն ու ցնծութիւն կը տայ, քաջալերուի՛ր, աղջի՛կս, քաջալերուի՛ր»։
1Երբ նրանք ընթրելն աւարտեցին, Տուբիին տարան աղջկայ մօտ։
2Երբ նա ներս մտաւ, յիշեց Ռափայէլի խօսքերը, վերցրեց խնկի մոխրախառն կրակը, նրա վրայ դրեց ձկան սիրտն ու լեարդը եւ ծխեց. իսկ երբ դեւն առաւ այդ հոտը, փախաւ Եգիպտոսի սահմանների վերին կողմը,
3եւ Հրեշտակը կապեց նրան։ Երբ երկուսով անկողին մտան, Տուբին ելաւ մահճից եւ ասաց.
4«Քո՛յր, դո՛ւ էլ արի, աղօթենք, որպէսզի Աստուած մեզ ողորմի»։ Տուբին սկսեց աղօթել ու ասաց.
5«Օրհնուած ես դու, մեր հայրերի Տէ՛ր Աստուած, օրհնուած է քո սուրբ անունը եւ փառաւորուած յաւիտեան, թո՛ղ քեզ փառաբանեն երկինքը եւ քո բոլոր արարածները։
6Դո՛ւ ստեղծեցիր Ադամին եւ նրան օգնական տուիր Եւային, նրա կնոջը որպէս զօրավիգ տուիր նրան.նրանցից եղան մարդկանց բոլոր զաւակները. դո՛ւ ասացիր, թէ՝ «Լաւ չէ, որ մարդ լինի մենակ, նրա համար իրեն նման օգնական ստեղծենք»։
7Այժմ, Տէ՛ր, այս քրոջս առնում եմ ոչ թէ պոռնկութեան համար, այլ՝ արդարութեամբ, որպէս կին։
8Նայի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ, որպէսզի մենք միասին ծերանանք»։ Եւ աղջիկն աղօթում էր նրա հետ։ Այն գիշեր նրանք քնեցին երկուսով՝ միասին։
9Իսկ Ռագուէլը գնաց եւ նրա համար գերեզման փորեց,
10քանզի վախենում էր, թէ գուցէ նա էլ մեռնի։
11Ռագուէլը եկաւ տուն եւ ասաց իր կին Հեդնային.
12«Աղախիններից մէկին ուղարկի՛ր, որպէսզի տեսնի, թէ կենդանի՞ է արդեօք, իսկ եթէ ոչ, կը թաղենք նրան, եւ ոչ ոք չի իմանայ»։
13Աղախինը ներս մտաւ ու տեսաւ, որ երկուսով քնած են։
14Նա դուրս ելաւ ու ասաց, որ կենդանի են։
15Ռագուէլը օրհնեց Աստծուն ու ասաց. «Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած, քո բոլոր օրհնութիւնների ու փառքերի մէջ.թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը, քո բոլոր ստեղծածները, քո ընտրեալները թող քեզ օրհնեն յաւիտեան։
16Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած, որովհետեւ ուրախացրիր ինձ, եւ ինձ հետ չպատահեց այն, ինչ թւում էր ինձ, այլ մեզ հետ վարուեցիր ըստ քո մեծ ողորմութեան։
17Օրհնուած ես դու, Տէ՛ր, որովհետեւ ողորմեցիր այս երկու միամօրիկ զաւակներին, Տէ՛ր, սրանց համար արա՛ քո ողորմութիւնները, թո՛ղ սրանց կեանքն աւարտուի առողջութեամբ եւ ուրախութեամբ»։
18Եւ նա իր ծառաներին հրամայեց լցնել գերեզմանը։
19Ապա տասնչորս օր արեց նրանց հարսանիքը։
20Ռագուէլն ասաց Տուբիին. «Երդուեցնում եմ քեզ. դու այստեղից չես գնայ, մինչեւ չաւարտուի հարսանիքի տասնչորս օրը.
21իսկ յետոյ կը վերցնես իմ ունեցուածքի կէսը, դու եւ աղջիկը խաղաղութեամբ կը գնաք քո հօր մօտ, իսկ երբ ես եւ իմ կինը մեռնենք, դուք կը վերցնէք մնացած մեր ամբողջ ունեցուածքը»։
1Տուբին կանչեց Ռափայէլին եւ ասաց նրան.
2«Եղբա՛յր Ազարիա, դու հետդ վերցրո՛ւ մի պատանի եւ երկու ուղտ ու գնա՛ Մարաց Ռագիւս քաղաքը՝ Գաբայէլի մօտ, եւ պահելու տրուած արծաթը բե՛ր ինձ. հետդ առնելով հարսանիք կը բերես նաեւ իրեն՝ Գաբայէլին,
3որովհետեւ Ռագուէլը երդուեց, թէ՝ «Քեզ չեմ արձակի»։
4Այժմ իմ հայրն օրերն է հաշւում։ Եթէ ուշանանք, շատ կը վշտանայ ու կը տրտմի»։
5Ռափայէլը գնաց եւ իջեւանեց Գաբայէլի մօտ, նրան տուեց մուրհակը։ Գաբայէլը բերեց արծաթի կնքուած պարկերը ու տուեց նրան։
6Եւ առաւօտեան կանուխ նրանք գնացին հարսանիք։ Տուբին ուրախացաւ իր կնոջ հետ։
1Նրա հայր Տոբիթն ամբողջ ժամանակ մտքում խորհում էր։ Երբ լրացան վերադառնալու օրերը, եւ նրանք չեկան,
2նա ասաց. «Գուցէ Գաբայէլը մեռե՞լ է. երեւի ոչ ոք նրան չի տուել արծաթը, ինքն էլ ամօթից չի ցանկանում գալ»։ Եւ նա խիստ տրտում էր։
3Կինն ասաց նրան. «Որ այսչափ ուշացաւ, վայ թէ կորաւ տղան»։
4Նա սկսեց լալ ու սգալ որդուն եւ ասաց.
5«Ոչինչ պէտք չէ ինձ, որդեա՛կ իմ, էլ ինչո՞ւ թողեցի քեզ, իմ աչքերի՛ լոյս»։
6Տոբիթն ասաց նրան. «Լռի՛ր եւ մի՛ անհանգստացիր, նա ողջ է»։
7Իսկ կինն ասաց նրան. «Դո՛ւ լռիր եւ մի՛ խաբիր ինձ, որովհետեւ իմ երեխան կորաւ»։ Եւ ամէն օր մայրը դուրս էր ելնում ու գալիս այն ճանապարհը, որով նրանք գնացել էին. ցերեկը հաց չէր ուտում, իսկ գիշերը չէր դադարում իր որդի Տուբիին սգալուց։Երբ լրացաւ հարսանիքի տասնչորս օրը, որ նրանց այնտեղ լինելու համար երդուել էր Ռագուէլը,
8Տուբին ասաց Ռագուէլին. «Արձակի՛ր ինձ, որովհետեւ իմ հայրն ու մայրն այլեւս ինձ ողջ տեսնելու յոյս չունեն»։
9Եւ աներն ասաց նրան. «Դու մնա՛ այստեղ՝ ինձ մօտ, իսկ ես մարդիկ կ՚ուղարկեմ քո հօր մօտ, նրանք քո մասին կը պատմեն նրան»։
10Տուբին ասաց. «Այդպէս չի լինի, այլ պէտք է ինձ արձակես, որ գնամ իմ հօր մօտ»։ Եւ Ռագուէլը վեր կացաւ ու նրան տուեց իր կին Սառային, իր ունեցուածքի կէսը, ծառաներ ու աղախիններ, անասուններ ու արծաթ,
11օրհնեց նրանց, արձակեց ու ասաց. «Որդեա՛կ իմ, թող երկնքի Տէր Աստուածը յաջողութիւն տայ ձեզ, քանի դեռ ես չեմ մեռել»։
12Իսկ իր դստերն ասաց. «Որդեա՛կս, պատուի՛ր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրն ու մայրը. եւ հեռո՛ւ մնա ատելութեան խօսքերից»։
13Եւ նա համբուրեց նրան։ Իսկ Հեդնան ասաց Տուբիին. «Սիրելի՛ եղբայր, թող Տէրը քեզ ողջութեամբ տանի քո տուն եւ ինձ՝ իմ դուստր Սառայից զաւակ տեսնել տայ, որպէսզի ես ուրախանամ Տիրոջ առջեւ. այժմ նրան յանձնում եմ քեզ, թո՛ղ այսուհետեւ քոնը լինի, չտրտմեցնե՛ս նրան»։
1Տուբին գնում էր ու օրհնում Աստծուն, որ յաջողութիւն տուեց իր ճանապարհին, օրհնում էր Ռագուէլին ու նրա կնոջը։ Եւ նա նրանց հետ գնաց, մինչեւ մօտեցան Նինուէին։
2Ռափայէլը Տուբիին ասաց. «Եղբա՛յր, չգիտե՞ս ինչպիսի վիճակում թողեցիր քո հօրը.
3արի՛ կնոջիցդ առաջ անցնենք եւ նախապատրաստենք տունը,
4իսկ դու վերցրո՛ւ ձկան լեղին»։ Նրանք գնացին, շունն էլ եկաւ նրանց յետեւից։
5Իսկ Աննան, ըստ սովորութեան, նստել սպասում էր իր որդու ճանապարհին։
6Նա տեսաւ, որ որդին գալիս է, եւ ասաց. «Ահա գալիս է քո որդին, նաեւ այն մարդը, որ ընկերացել էր նրան։
7Ռափայէլն ասաց Տուբիին. «Ես գիտեմ, որ քո հօր աչքերը կը բացուեն.
8այժմ այդ լեղին քսի՛ր նրա աչքերի շուրջը, այն կը կսկծացնի ու նրա աչքերից կը հանի հատերը, եւ նա կը տեսնի»։
9Աննան ընդառաջ գնաց, ընկաւ իր որդու պարանոցով ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ, ես քեզ տեսայ, հիմա ես, սրանից յետոյ, անհոգ կը մեռնեմ»։ Եւ երկուսով լաց եղան։
10Տոբիթը դուրս ելաւ դռների մօտ. նա խարխափում էր ու գլորւում. որդին շտապեց նրա մօտ, վերցրեց ու կանգնեցրեց հօրը։
11Նա լեղին քսեց հօր աչքերին ու ասաց. «Հայրի՛կ, տոկա՛ եւ համբերի՛ր»։
12Եւ մի պահ անց՝ հատերն անմիջապէս կեղեւահան եղան ու ընկան նրա աչքերից,
13եւ նա տեսաւ իր որդուն ու ընկաւ նրա պարանոցով.
14լալիս էր ու ասում. «Օրհնուած ես, Տէ՛ր Աստուած, եւ քո անունն օրհնուած է յաւիտեան, օրհնուած են քո բոլոր սուրբ հրեշտակները,
15որովհետեւ դու պատժեցիր եւ ողորմեցիր ինձ, քանի որ ահա տեսնում եմ իմ որդի Տուբիին»։ Նրա որդին ուրախութեամբ մտաւ ներս ու հօրը պատմեց այն մեծ գործերի մասին, որ իր հետ կատարուեցին Մարաստանում։
16Տոբիթը խնդութեամբ ընդառաջ ելաւ իր հարսին. Նինուէի դռների մօտ օրհնում էր Աստծուն։ Ովքեր տեսնում էին նրան, զարմանում էին, որ նա տեսնելով է քայլում։
17Տոբիթը նրանց առջեւ գոհութիւն էր մատուցում Աստծուն, թէ նա ինչպէս ողորմեց իրեն։ Տոբիթը մօտեցաւ իր հարսին, օրհնեց նրան ու ասաց. «Բարի եկար, դո՛ւստրս, թող օրհնուած լինի Աստուած, որ քեզ բերեց մեզ մօտ, եւ թող օրհնուեն քո հայրն ու մայրը»։ Եւ նրա բոլոր եղբայրները, որ Նինուէում էին, ուրախացան։
18Այնտեղ եօթը օր հարսանիք արեցին։
1Տոբիթը կանչեց իր որդի Տուբիին ու ասաց նրան. «Որդեա՛կ, այժմ տես, թէ ի՛նչ վարձ ես ուզում տալ հետդ եկած մարդուն. արժէ, որ աւելին տաս»։
2Տուբին նրան ասաց. «Հա՛յր, ինձ ոչինչ չի պակասի, եթէ նրան տամ բերուած ունեցուածքիս կէսը,
3որովհետեւ ինձ ողջ առողջ բերեց քեզ մօտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը եւ քեզ նոյնպէս առողջացրեց»։
4Ծերունին ասաց. «Իրաւացի է նրան տալը»։
5Եւ նա կանչեց Հրեշտակին ու ասաց նրան. «Վերցրո՛ւ դու կէսն այն ամէնի, որ բերեցիր»։
6Այն ժամանակ Հրեշտակը կանչեց նրանց երկուսին եւ ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցէք, նրա՛ն խոստովանեցէք, փա՛ռք տուէք նրան եւ բոլոր ապրողներին պատմեցէ՛ք այն մասին, ինչ նա արեց ձեզ հետ, որովհետեւ բարի է Աստծուն օրհնելը, նրա անունը բարձրացնելը եւ Աստծու գործերի պատգամները պատուով մեծացնելը. մի՛ յապաղէք նրան բարեբանելու։
7Լաւ է թագաւորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։ Բարի՛ն գործեցէք, եւ չարը ձեզ չի հանդիպի։
8Բարի են աղօթքները՝ պահեցողութիւններով, ողորմութիւններով եւ արդարութիւններով. բարի է քիչ ունեցուածքը արդարութեամբ, քան շատը՝ անիրաւութեամբ. լաւ է ողորմութիւններ անել, քան ոսկու գանձ կուտակել.
9ողորմութիւնը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից. ովքեր ողորմութիւններ եւ արդարութիւններ են անում, լցւում են կեանքով,
10իսկ ովքեր մեղք են գործում, նրանք իրենց կեանքի դէմ պատերազմողներ են։
11Այժմ ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնի, որովհետեւ արդէն ասացի, որ լաւ է արքայի գաղտնիքները թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։
12Երբ աղօթելու կանգնեցիր դու, նաեւ քո հարս Սառան, ես ձեր աղօթքների յիշատակը մատուցեցի սուրբ Աստծուն. իսկ երբ դու թաղում էիր մեռելներին, ես քեզ հետ էի.
13երբ դու չյապաղեցիր վեր կենալ, թողեցիր քո ճաշը, որպէսզի գնաս եւ թաղես մեռելը, ես չմոռացայ քեզ. երբ բարիքներ էիր գործում, ես կրկի՛ն քեզ հետ էի։
14Աստուած ինձ ուղարկեց բժշկելու քեզ եւ քո հարս Սառային։
15Ես Ռափայէլն եմ՝ մէկն այն եօթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղօթքները, մտնում սուրբ եւ փառաւոր Աստծու մօտ եւ մատուցում նրան»։
16Նրանք երկուսն էլ շփոթուեցին ու երեսնիվայր ընկան գետնին, որովհետեւ շատ էին վախեցել։
17Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, թո՛ղ խաղաղութիւն լինի ձեզ, օրհնեցէք Աստծո՛ւն,
18որովհետեւ ես ոչ թէ իմ շնորհով եկայ, այլ ձեր Աստծու կամքով.
19նրան օրհնեցէ՛ք յաւիտեան, որովհետեւ այն բոլոր օրերին, որ ես երեւում էի ձեզ, ո՛չ կերայ եւ ո՛չ խմեցի, այլ դուք ինձ տեսնում էիք որպէս երազ։
20Այժմ խոստովանեցէ՛ք ձեր Աստծուն, որովհետեւ ես բարձրանում եմ նրա մօտ, ով ուղարկեց ինձ. եւ դուք գրեցէ՛ք այս ամենի մասին, որ եղաւ ու կատարուեց»։
21Եւ այս ամէնը գրուեց իմ Գրքի մէջ։ Իսկ նրան այլեւս չտեսան։
22Նրանք գոհութիւն էին մատուցում Աստծուն նրա մեծագործութիւնների համար եւ նրա համար, թէ ինչպէս իրենց յայտնուեց Տիրոջ Հրեշտակը։
1Տոբիթը ցնծութեան մէջ գրեց այս աղօթքը, եւ ասաց. «Օրհնուած է Աստուած, որ կենդանի է յաւիտեան, օրհնուած է նրա արքայութիւնը,
2որովհետեւ նա է հարուածում եւ ողորմում, նա է իջեցնում դժոխք եւ հանում այնտեղից, եւ ոչ ոք չի փախչում նրա ձեռքից։
3Իսրայէլի՛ որդիներ, պաշտեցէ՛ք նրան հեթանոս ազգերի առջեւ, որովհետեւ նա մեզ ցրեց նրանց մէջ.
4պատմեցէ՛ք նրա մեծութեան մասին, բարձրացրէ՛ք նրան բոլոր կենդանի մարդկանց առջեւ, քանի որ յաւիտեան նա է մեր Տէր Աստուածը, մեր Հայր Աստուածը։
5Մեր բոլոր անիրաւութիւնների համար նա կը տանջի եւ կրկին կ՚ողորմի մեզ, մեզ կը հաւաքի բոլոր հեթանոս ազգերի միջից, ուր ցրուել ենք մենք։
6Եթէ դուք ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով վերադառնաք նրան եւ նրա առջեւ արդարութիւն գործէք, այն ժամանակ նա էլ կը դառնայ դէպի ձեզ եւ իր երեսը չի ծածկի ձեզանից։
7Դուք կը տեսնէք, թէ նա ինչ կ՚անի ձեզ հետ, եւ դուք նրան կը փառաբանէք լիաբերան։ Օրհնեցէ՛ք Տիրոջը, որ արդար է, բարձրացրէ՛ք յաւիտենութեան Թագաւորին։
8Ես իմ գերութեան երկրում կը փառաբանեմ նրան եւ նրա զօրութիւնն ու մեծութիւնը ցոյց կը տամ մեղաւոր ազգերին։ Այժմ, մեղաւորնե՛ր, դարձէ՛ք եւ արդարութի՛ւն գործեցէք նրա առջեւ, քանի որ, ո՜վ գիտէ, գուցէ նա բարեհաճ լինի եւ ողորմի ձեզ։
9Իսկ ես կ՚օրհնեմ իմ Աստծուն. իմ անձը կ՚օրհնի երկնքի Թագաւորին, ես կը ցնծամ նրա մեծութեան համար։
10Թող բոլոր ազգերն ասեն այս եւ փառաբանեն նրան Երուսաղէմ սուրբ քաղաքում։
11Երուսաղէ՛մ, նա կը պատժի քո ժողովրդի որդիներին, բայց նորից կը դառնայ ու կ՚ողորմի արդարների որդիներին։
12Դու գոհութիւն կը մատուցես բարերար Տիրոջը եւ կ՚օրհնես յաւիտենութեան Թագաւորին, քանի որ նա իր տաճարը դարձեալ ուրախութեամբ կը կառուցի քո մէջ,
13քո մէջ կը ցնծան նրանք, ովքեր գերուած են, քեզ կը սիրեն նրանք, ովքեր բոլոր ազգերի մէջ յաւիտեան թշուառացած են։
14Բազմաթիւ ազգեր կը գան հեռուից, Տէր Աստծու անունով իրենց ձեռքերին առած կը բերեն իրենց նուէրները՝ մատուցելու երկնաւոր Թագաւորին եւ քեզ ուրախութիւն կը տան սերնդից սերունդ։
15Քո բոլոր ատելիներն անիծեալ կը լինեն, քո բոլոր սիրելիներն օրհնեալ կը լինեն։
16Ցնծա՛ եւ ուրա՛խ եղիր արդարների որդիների համար, որովհետեւ նրանք կը հաւաքուեն միասինեւ միասին կը փառաբանեն արդարութիւնների Տիրոջը։
17Քեզ սիրողները երջանիկ կը լինեն, եւ նրանք կը ցնծան քո խաղաղութեան համար. երանի՜ նրանց, ովքեր տրտմեցին քո կործանման համար, որովհետեւ երբ նրանք տեսնեն քո փառքը, կրկին քեզանով կը ցնծան եւ յաւիտեան ուրախ կը լինեն։
18Հոգիս կ՚օրհնի Աստծուն՝ մեծ Թագաւորին,
19որովհետեւ Երուսաղէմը կը կառուցուի թանկարժէք քարերով՝ շափիւղայով, սուտակով եւ այլ թանկագին քարերով. քո պարիսպները, աշտարակներն ու ամրութիւնները կը կառուցուեն ազնիւ ոսկով.
20Երուսաղէմի բոլոր հրապարակները կը պատրաստուեն բիւրեղ, դահանակ եւ սարդիոն քարերով։
21Երուսաղէմի բոլոր փողոցներում կ՚ասեն՝ Ալէլուիա. կ՚օրհնեն եւ կ՚ասեն. «Օրհնուած է Աստուած, որ յաւիտեան բարձրացրեց ամբողջ աշխարհը»։
1Տոբիթը վերջացրեց այս օրհներգը։
2Երբ նրա աչքերը կուրացան, նա յիսունութ տարեկան էր. ութ տարի անց աչքերը կրկին բացուեցին.
3նա ողորմութիւններ էր անում. էլ աւելի էր երկնչում Աստծուց ու փառաբանում նրան։
4Նա շատ ծերացաւ.
5կանչեց իր որդուն, իր որդու որդիներին եւ իր որդուն ասաց. «Որդեա՛կ, դու վերցրո՛ւ քո որդիներին, որովհետեւ ես ահա ծերացել եմ եւ մօտ եմ մեռնելու. այժմ դու գնա՛ Մարաց երկիր, որդեա՛կ իմ,
6որովհետեւ ես հաւատում եմ, որ, ինչպէս Յովնան մարգարէն է ասել, Նինուէն պիտի կործանուի, իսկ Մարաց երկրում միառժամանակ խաղաղութիւն պիտի լինի։ Մեր եղբայրները կը ցրուեն այս բարի երկրից, Երուսաղէմն աւերակ ու անապատ կը դառնայ, նրա մէջ Աստծու Տունը կը հրկիզուի եւ մի որոշ ժամանակ աւերուած կը լինի։
7Բայց Աստուած կրկին կ՚ողորմի նրանց ու կը վերադարձնի հայրենի երկիր, եւ նրանք կը շինեն Աստծու Տունը, բայց ոչ առաջինի նման, մինչեւ որ լրանան յաւիտենութեան ժամանակները։ Դրանից յետոյ կը վերադառնան այս գերութիւնից եւ փառքով ու մեծ պատուով կը կառուցեն Երուսաղէմը։ Աստծու տաճարը նրա մէջ յաւիտեան բոլոր ազգերի կողմից կը կառուցուի փառաւոր շինուածքներով, ինչպէս նրա մասին ասել են մարգարէները։
8Բոլոր հեթանոսները դարձի կը գան՝ ճշմարտութեամբ երկնչելու Տէր Աստծուց, եւ կը կործանեն ու կը մերժեն իրենց կուռքերը։
9Բոլոր ժողովուրդները կ՚օրհնեն Տիրոջը, եւ ամէն ժողովուրդ կը խոստովանի իր Աստծուն։ Տէրը կը բարձրացնի իր ժողովրդին. եւ բոլոր նրանք, ովքեր ճշմարտութեամբ ու արդարութեամբ սիրում են Տէր Աստծուն, կը ցնծան. դուք էլ ձեր հայրերի նման ողորմութիւն կ՚անէք։
10Արդ, որդեա՛կ իմ, դու գնա՛ այստեղից, որովհետեւ Յովնան մարգարէի ասածն անպատճառ կը լինի։
11Բայց դու կը կատարես օրէնքներն ու բոլոր հրամանները. եղի՛ր ողորմած ու արդար, որպէսզի քեզ համար բարի լինի.
12կը թաղես ինձ եւ քո մօրը՝ ինձ հետ. այլեւս չմնաս Նինուէում։ Որդեա՛կ իմ, դու տես, թէ ինչ արեց Ադամն Աքիաքարին, որը սնել էր նրան. թէ ինչպէս լոյսից նրան տարաւ խաւար եւ թէ որքան չարիք գործեց նրա նկատմամբ. բայց Աքիաքարը փրկուեց, իսկ նա ստացաւ հատուցումը՝ նրա փոխարէն ինքն իջաւ խաւարի մէջ. Մանասէն ողորմութիւններ արեց եւ իր դէմ նիւթուած մահուան օրը փրկուեց, իսկ Ադամն ընկաւ որոգայթ եւ կործանուեց։
13Եւ ահա, որդեա՛կ իմ, դու տե՛ս, թէ ի՜նչ է անում ողորմութիւնը, կամ ինչպէ՜ս է փրկում արդարութիւնը»։ Երբ ասաց այս, հոգին աւանդեց իր մահճում, քանի որ նա հարիւր յիսուն տարեկան էր։ Նրա որդին մեծ փառքով ու պատուով թաղեց նրան։
14Իսկ երբ մեռաւ Աննան, նա իր հօր մօտ թաղեց նաեւ նրան։ Տուբին իր կնոջ ու որդիների հետ գնաց Մարաց Եկբատան քաղաքը՝ իր աներ Ռագուէլի մօտ։
15Տուբին մեծ պատուով ծերացաւ. նա փառքով ու պատուով թաղեց իր աներոջն ու զոքանչին եւ ժառանգեց նրանց տունն ու իր հայր Տոբիթի տունը։
16Նա հարիւր քսանեօթը տարեկան հասակում մեռաւ Մարաց Եկբատան քաղաքում։
17Քանի դեռ նա չէր մեռել, լսեց Նինուէի կործանման մասին, ուր իրենց գերութեան էր տարել Նաբուքոդոնոսոր Ասուերոսը։ Տուբին, որ դեռ չէր մեռել, ուրախացաւ Նինուէի կործանման համար։ Նա գոհութիւն մատուցելով փառք տուեց Աստծուն, որին փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։