1Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց.
2«Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին։
3Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կը կոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին.
4անապատը եւ Լեռնալիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կը լինեն։
5Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում։ Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի։
6Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին։
7Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց։ Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես։
8Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կը լինես, ուղիղ ճանապարհով կ՚ընթանաս եւ խելամտօրէն կը գործես։
9Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»։
10Յեսուն պատուիրեց ժողովրդի վերակացուներին եւ ասաց. «Մտէ՛ք ժողովրդի բազմութեան մէջ եւ հրաման տալով ժողովրդին՝ ասացէ՛ք.
11«Ձեզ համար պաշար պատրաստեցէ՛ք, որովհետեւ երեք օրից յետոյ դուք պիտի անցնէք Յորդանան գետով, որպէսզի մտնէք ու գրաւէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն»»։
12Յեսուն խօսեց նաեւ Ռուբէնի, Գադի եւ Մանասէի կէս ցեղի հետ եւ ասաց.
13«Յիշեցէ՛ք Տիրոջ խօսքը, որ պատուիրեց ձեզ նրա ծառայ Մովսէսը՝ ասելով. «Ձեր Տէր Աստուածը տեղաւորեց ձեզ եւ տուեց ձեզ այս երկիրը։
14Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց ձեզ։ Բայց դուք զինուած՝ ձեր եղբայրների առա՛ջն անցէք եւ ամբողջ զօրութեամբ նրանց մարտակի՛ց եղէք,
15մինչեւ որ ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս տեղաւորի, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց։ Ապա իւրաքանչիւրդ ե՛տ դարձէք ձեր ժառանգութեան երկիրը եւ ժառանգեցէ՛ք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուեց ձեզ Յորդանան գետի արեւելեան կողմում»»։
16Նրանք պատասխան տալով՝ Յեսուին ասացին. «Ամէն ինչ, որ պատուիրում ես մեզ, կ՚անենք եւ
17կը գնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկում ես մեզ, ամէն բանում ինչպէս լսում էինք Մովսէսին, այդպէս կը լսենք եւ քեզ, միայն թէ մեր Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր։
18Այն մարդը, որ անհնազանդ կը լինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կը սպանուի. միայն թէ դու զօրացի՛ր եւ արիացի՛ր»։
1Նաւէի որդի Յեսուն Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար եւ ասաց. «Գնացէք լրտեսեցէ՛ք այն երկիրը եւ Երիքովը»։ Գնացին երկու երիտասարդները եւ եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը, այնտեղ օթեւանեցին։
2Երիքովի թագաւորին լուր տուեցին եւ ասացին. «Այս գիշեր այստեղ իսրայէացիներից մարդիկ են մտել երկիրը լրտեսելու»։
3Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։
4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են։
5Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ՝ այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ո՛ւր գնացին։ Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»։
6Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խուրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ։
7Մարդիկ Յորդանան գետի հունով մինչեւ գետանցը նրանց ետեւից ընկան, եւ դարպասը փակուեց, երբ հետապնդողներն ընկան նրանց ետեւից։
8Նրանք դեռ չէին քնել, որ կինը նրանց մօտ՝ կտուրը ելաւ եւ ասաց.
9«Գիտեմ, որ Տէրն այս երկիրը ձեզ է տուել, որովհետեւ ձեր ահն ընկել է մեզ վրայ, եւ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,
10քանի որ մենք լսել ենք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, եւ թէ ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագաւորներին՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող Սեհոնին եւ Օգին, որոնց սպանեցիք։
11Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, եւ մեզնից ոչ մէկի մէջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տէր Աստուածն Աստուած է երկնքում՝ վերեւում, եւ երկրի վրայ՝ ներքեւում։
12Հիմա երդուեցէ՛ք ինձ Տէր Աստուծով, որ ինչպէս ես եմ ձեզ ողորմութիւն անում, այդպէս էլ դուք ողորմութիւն կ՚անէք իմ հօր տան նկատմամբ։
13Ինձ մի ճշմարիտ նշան տուէ՛ք, որ ողջ կը թողնէք իմ հօր ընտանիքը՝ իմ մօրը, իմ եղբայրներին եւ քոյրերին ու այն ամէնը, ինչ ունեն նրանք, եւ կ՚ազատէք ինձ մահից»։
14Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ձեր փոխարէն թող մեռնենք, միայն թէ մեր մասին այս բաները չպատմէք»։ Եւ կինն ասաց. «Երբ Տէրն այս քաղաքը ձեր ձեռքը յանձնի, ինձ ողորմութիւն արէ՛ք եւ ինձ հետ արդա՛ր վարուեցէք»։
15Եւ պարանով կախեց-իջեցրեց նրանց պատուհանից, որովհետեւ նրա տունը պարսպի մէջ էր, եւ ինքն էլ բնակւում էր պարսպի մէջ։
16Նա ասաց նրանց. «Լեռների վրայով գնացէ՛ք, որպէսզի խուսափէք ձեզ փնտռողներից։ Երեք օր թաքնուեցէ՛ք այնտեղ, մինչեւ որ ձեզ փնտռողները ետ դառնան, եւ յետոյ գնացէ՛ք ձեր ճանապարհով»։
17Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ազատ կը լինենք այդ երդումից, որով մեզ երդուեցրիր.
18երբ մենք մտնենք քաղաքը, դու այս կարմիր պարանը որպէս նշան կը դնես եւ կը կապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, եւ քո հօրը, մօրը, եղբայրներին եւ քո հօր ամբողջ ընտանիքը կը հաւաքես քեզ մօտ, այս տանը։
19Ով որ քո տնից դուրս գայ, ինքը թող իր համար պատասխանատու լինի, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից։ Ով քեզ հետ քո տանը լինի, մենք պատասխանատու կը լինենք, եթէ մէկի ձեռքը դիպչի նրան։
20Իսկ եթէ մէկը վնասի մեզ, կամ յայտնես մեր այս գործը, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից»։
21Եւ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պէս, թող այդպէս լինի»։ Արձակեց նրանց, եւ նրանք գնացին։ Եւ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։
22Նրանք գնացին եւ եկան լեռնակողմը եւ այնտեղ մնացին երեք օր, մինչեւ որ փնտռողները ետ դարձան։ Փնտռողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։
23Երկու երիտասարդները ետ դարձան, իջան սարից, անցնելով այն կողմ՝ հասան Նաւէի որդի Յեսուի մօտ եւ պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դէպքերը։
24Նրանք ասացին Յեսուին, թէ՝ «Տէր Աստուածը այդ ամբողջ երկիրը մատնել է մեր ձեռքը, եւ այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
1Յեսուն առաւօտեան վաղ վեր կացաւ, եւ ինքն ու բոլոր իսրայէլացիները մեկնեցին Սատիմից, եկան մինչեւ Յորդանան գետը եւ գետանցումից առաջ բանակատեղի դրեցին այնտեղ։
2Երեք օր յետոյ վերակացուներն անցան բանակատեղիի միջով
3եւ պատուէր տուեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնէք ձեր Տէր Աստծու ուխտի տապանակը, այն տանող ղեւտացիներին ու մեր քահանաներին, դուք էլ ելէ՛ք ձեր տեղերից եւ գնացէ՛ք տապանակի յետեւից։
4Բայց ձեր եւ նրանց միջեւ երկու հազար կանգունի չափ հեռաւորութիւն պիտի լինի։ Կանգնեցէ՛ք եւ մի՛ մօտեցէք նրան, որպէսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետեւ երէեկուայ եւ նախորդ օրուայ ճանապարհով չէք գնալու»։
5Եւ Յեսուն ասաց ժողովրդին. «Մաքրուեցէ՛ք առաւօտեան, որովհետեւ Տէրը վաղը ձեր մէջ զարմանահրաշ գործեր է անելու»։
6Յեսուն խօսեց քահանաների հետ ու ասաց. «Առէ՛ք Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացէ՛ք ժողովրդի առջեւից»։ Քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջեւից։
7Տէրն ասաց Յեսուին. «Այսօր կը սկսեմ քեզ մեծարել բոլոր իսրայէլացիների առաջ, որպէսզի իմանան, թէ, ինչպէս որ Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ եւ քեզ հետ։
8Հիմա պատուիրի՛ր ուխտի տապանակը տանող քահանաներին եւ ասա՛. «Երբ որ մտնէք Յորդանան գետի եզերքի ջրի մէջ, կանգնեցէ՛ք այնտեղ»։
9Եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Մօտեցէ՛ք այստեղ եւ լսեցէ՛ք մեր Տէր Աստծու պատգամները»։
10Յեսուն ասաց. «Դրանով դուք կ՚իմանաք, որ կենդանի Տէրը ձեր մէջ է, եւ որ նա իսպառ ոչնչացնելու է ձեր առաջից քանանացիներին, քետացիներին, խեւացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին եւ յեբուսացիներին։
11Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջեւից պիտի անցնի Յորդանան գետով։
12Հիմա դուք իսրայէլացիներից ընտրեցէ՛ք տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ,
13եւ երբ ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Յորդանան գետի ջրի մէջ, վերեւից իջնող ջուրը կը կտրուի, կը կանգնի ինչպէս քարակոյտ»։
14Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից։
15Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ, «մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին, «
16վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց։
17Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ, ցամաքի վրայ։ Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը։
1Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.
2«Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ, ամէն ցեղից մի մարդ,
3հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. «Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր»։
4Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց, իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ,
5եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման, Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին,
6որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ «Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար»,
7դուք ձեր որդիներին կը պատմէք եւ կ՚ասէք, թէ՝ «Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց։ Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէացիների մէջ»։
8Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին։ Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրին այնտեղ։
9Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են։
10Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին։ Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը։
11Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ։
12Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, սպառազինուած, անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը։
13Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ։
14Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին։
15Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց.
16«Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»։
17Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»։
18Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը։
19Ժողովուրդը Յորդանան գետից դուրս եկաւ առաջին ամսի տասներորդ օրը, եւ իսրայէլացիները իջեւանեցին Գաղգաղայում, Երիքովի արեւելեան կողմում։
20Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Յորդանան գետից, Յեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։
21Նա ասաց իսրայէլացիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն եւ ասեն՝ «Այս ի՞նչ քարեր են»,
22ասացէ՛ք ձեր որդիներին, որ Իսրայէլը ցամաքով անցաւ Յորդանան գետով,
23երբ մեր Տէր Աստուածը ցամաքեցրեց Յորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչեւ որ անցան։
24Այսպէս արեց մեր Տէր Աստուածը Կարմիր ծովում. մեր Տէր Աստուածն այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչեւ որ անցանք,
25որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ դուք միշտ պաշտէք մեր Տէր Աստծուն»։
1Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին, ծովեզերքին, եւ փիւնիկեցիների թագաւորները, որոնք ծովեզերքին էին, երբ լսեցին, թէ Տէր Աստուածը նրանց գետանցման ժամանակ իսրայէլացիների առաջ ցամաքեցրել է Յորդանան գետը, նրանք սրտամաշ եղան, զարհուրեցին, եւ նրանց մէջ խոհականութիւն չմնաց իսրայէլացիների պատճառով։
2Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինի՛ր եւ նստի՛ր կրկին թլփատիր իսրայէլացիներին»։
3Եւ Յեսուն գալախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր։
4Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն։ Ահա ա՛յս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։
5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր։ Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը
6(քանի որ իսրայէլացիները քառասուներկու տարի շրջել էին Աբդարի անապատում), այդ բազմութիւնից շատերը՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկներ, որոնք չէին հնազանդուել Աստծու պատուիրաններին, անթլփատ էին։ Նրանց համար Տէրը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդուել էր նրանց հայրերին, թէ կը տայ նրանց, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում։
7Եւ նրանց փոխարէն տարաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն։ Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել։
8Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին։
9Եւ Տէրն ասաց Յեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եւ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպէս է կոչւում մինչեւ այսօր։
10Այնտեղ իջեւանեցին իսրայէլացիները։Իսրայէլացիները Երիքովի արեւելեան կողմում գտնուող դաշտում, ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադէմին, զատիկ արեցին։
11Եւ առաւօտեան այդ երկրի ցորենից բաղարջ եւ աղանձ կերան։
12Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան։ Եւ այդ տարի նրանք հաւաքեցին փիւնիկեցիների երկրի պտուղը։
13Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Յեսուն մօտեցաւ եւ ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թէ մեր թշնամիներից»։
14Նա ասաց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ հիմա եկայ»։
15Յեսուն երեսնիվայր գետին ընկաւ, երկրպագեց եւ ասաց նրան. «Տէ՛ր, ի՞նչ հրաման կը տաս քո ծառային»։
16Տիրոջ զօրավարն ասաց Յեսուին. «Հանի՛ր կօշիկները քո ոտքերից, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է»։ Եւ Յեսուն այդպէս արեց։
1Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում։
2Տէրը Յեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին։
3Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը։ Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ։ Այսպէս արէ՛ք վեց օր։
4Եօթը քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից։ Եօթներորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթն անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,
5եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կը կործանուեն, ամբողջ ժողովուրդը կը մտնի քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։
6Նաւէի որդի Յեսուն գնաց քահանաների մօտ եւ ասաց նրանց. «Առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանաներ եօթը տօնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջեւից»։
7Նա նրանց ասաց. «Կարգադրեցէ՛ք ժողովրդին, որ գնան, պտոյտ տան քաղաքի շուրջը։ Մարտիկները զինուած գնան Տիրոջ տապանակի առջեւից,
8եօթը նուիրական շեփորներ կրող քահանաները նոյնպէս թող անցնեն Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ուժգին հնչեցնեն փողերը։ Տիրոջ ուխտի տապանակը թող գնայ նրանց ետեւից,
9մարտիկները թող ընթանան առջեւից, իսկ քահանաները եւ եղջերափողերը հնչեցնողները, որպէս վերջապահներ, թող գնան Տիրոջ տապանակի ետեւից՝ հնչեցնելով եղջերափողերը»։
10Իսկ ժողովրդին Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Մի՛ աղաղակէք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, եւ ոչ մի խօսք դուրս չգայ ձեր բերանից մինչեւ այն օրը, երբ ես ինքս ազդարարեմ ձեզ աղաղակել, եւ ապա կ՚աղաղակէք»։
11Տիրոջ ուխտի տապանակը, պտտելով քաղաքի շուրջը, գնաց նորից բանակատեղի եւ իջեւանեց այնտեղ։
12Երկրորդ օրն առաւօտեան Յեսուն վեր կացաւ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը,
13եօթը քահանաներն առան եօթը նուիրական փողերը եւ ընթացան Տիրոջ ուխտի տապանակի առջեւից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացեալ ամբողջ բազմութեան հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ ուխտի տապանակի ետեւից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում եւ հնչեցնում էին եղջերափողերը։
14Երկրորդ օրն էլ մէկ անգամ մօտիկից պտտուեցին քաղաքի շուրջը եւ դարձեալ եկան բանակատեղի։ Այդպէս արեցին վեց օր։
15Իսկ եօթներորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթն անգամ։
16Եօթներորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց։
17Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի զօրութիւնների Տիրոջից։ Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։
18Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ՚ենթարկէք եւ կը կործանէք մեզ։
19Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։
20Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Քաղաքը գրաւեցին եւ նզովեցին այն։
21Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ կին, երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորը սրի քաշեցին։
22Երկիրը լրտեսող երկու երիտասարդներին Յեսուն ասաց. «Մտէ՛ք այն պոռնիկ կնոջ տունը եւ, ինչպէս որ երդուել էք, հանէք այնտեղից նրան ու այն ամէնը, ինչ որ նա ունի»։
23Եւ երկու երիտասարդները, որոնք լրտեսել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպէս նաեւ նրա հօրը, մօրը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցուածքն ու նրա ամբողջ ազգատոհմին եւ կանգնեցրին նրանց Իսրայէլի բանակատեղիից դուրս։
24Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ այրուեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից եւ երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։
25Պոռնիկ Ռահաբին, նրա հօրենական տունը եւ նրա ամբողջ ունեցուածքը փրկեց Յեսուն։ Ռահաբը բնակւում է Իսրայէլի մէջ մինչեւ այսօր, որովհետեւ թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը լրտեսելու։
26Յեսուն այդ օրը նզովեց Երիքովը եւ ասաց. «Տիրոջ առաջ անիծեալ լինի այն մարդը, որ կը վերականգնի եւ կը շինի Երիքով քաղաքը, իր անդրանիկ որդու վրայ նրա հիմքերը կը դնի ի գին իր անդրանիկ որդու եւ նրա պարսպի դարպասները կը կանգնեցնի ի գին իր կրտսեր որդու։ Այդպէս էլ արեց Ազան Բեթէլացին. իր անդրանկի՝ Աբիրոնի վրայ դրեց նրա հիմքերը եւ Ազատուածի՝ կրտսերի վրայ կանգնեցրեց նրա դարպասները։
27Տէրը Յեսուի հետ էր, եւ նրա անունը տարածուեց ամբողջ երկրում։
1Բայց իսրայէլացիները յանցանք գործեցին եւ գողացան նզովուած բաներից։ Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի, առաւ նզովուած բաներից, եւ Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ։
2Յեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթէլի դիմացն է, եւ ասաց նրանց. «Լրտեսեցէ՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, լրտեսեցին Գային,
3ետ դարձան Յեսուի մօտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնայ, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան եւ պաշարեն քաղաքը։ Մի՛ տար այնտեղ ամբողջ ժողովրդին, որովհետեւ նրանք քիչ են»։
4Եւ ժողովրդից մօտ երեք հազար մարդ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջեւից։
5Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրաւորեցին զառիվայրի վրայ, մինչեւ որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, եւ նրանք ասես ջուր դարձան։
6Յեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրայ ընկաւ գետին Տիրոջ տապանակի առաջ, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը այդպէս մնացին մինչեւ երեկոյ եւ իրենց գլխի վրայ հող ցանեցին։
7Յեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Յորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին եւ կործանես մեզ։ Երանի թէ այնտեղ, Յորդանան գետի եզերքին մնացած ու բնակուած լինէինք։
8Օ՜հ, Տէ՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայէլն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ։
9Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչներն այդ լսելով՝ կը պաշարեն եւ կը ջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անուան համար»։
10Եւ Տէրը Յեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրայ։
11Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան առան նզովուած բաներից, ստեցին եւ դրին իրենց ամանների մէջ։
12Իսրայէլացիներն այլեւս չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ, այլ թիկունք կը դարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետեւ նզովք դարձան։ Այլեւս ձեզ հետ չեմ լինի, քանի այդ նզովուածը չէք վերացնի ձեր միջից։
13Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին. սրբագործել կը տաս առաւօտեան։ Այսպէս է ասում Տէր Աստուածն իսրայէլացիներին. «Իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք։
14Առաւօտեան հաւաքուեցէ՛ք ամէնքդ ձեր ցեղերով. այն ցեղը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տներով, եւ այն տունը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք իր մարդկանցով,
15եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ»։
16Եւ Յեսուն առաւօտը կանուխ վեր կացաւ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, եւ մեղադրուեց Յուդայի ցեղը։
17Յուդայի ցեղը ներկայացաւ տոհմերով, եւ մեղադրուեց Զարայի տոհմը։ Զարայի տոհմը ներկայացաւ տներով, եւ մեղադրուեց Զամբրիի տունը։
18Նրա տունը ներկայացաւ իր մարդկանցով, եւ մեղադրուեց Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քամրիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի։
19Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»։
20Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի.
21աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը յիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք։ Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»։
22Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ, նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր։
23Նրանք հանեցին դրանք վրանից, բերին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրին Տիրոջ առաջ։
24Յեսուն, նրա հետ եւ բոլոր իսրայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրանները, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը։
25Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»։ Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր։ Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։
1Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր եւ մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց գնա՛ դէպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագաւորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը։
2Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ անասունները։ Քաղաքի ետեւի կողմից դարանակալներ կարգի՛ր»։
3Յեսուն եւ ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրայ։ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց եւ նրանց ուղարկեց գիշերով։
4Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տեսէ՛ք, դուք դարանամուտ պիտի լինէք քաղաքի ետեւի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացէք, եւ ամէնքդ պատրա՛ստ եղէք։
5Ես եւ ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կը մօտենանք քաղաքին, եւ երբ Գայիի բնակիչները մեր դէմ դուրս գան, ինչպէս առաջին անգամ, կը փախչենք նրանց առաջից։
6Երբ ելնեն մեր ետեւից, կը հեռացնենք նրանց այդ քաղաքից, եւ նրանք կ՚ասեն՝ «Փախան մեր առջեւից ինչպէս առաջին անգամ»։
7Երբ փախչենք նրանց առջեւից, դուք ելէ՛ք դարանից, մտէ՛ք քաղաք եւ հարուածեցէ՛ք քաղաքին, եւ Իսրայէլի Տէր Աստուածը նրանց մեր ձեռքը կը յանձնի։
8Երբ առնէք քաղաքը, այրեցէ՛ք այն կրակով։ Կ՚անէք այնպէս, ինչպէս ձեզ պատուիրեցի»։
9Յեսուն նրանց ուղարկեց, նրանք գնացին դէպի դարանը, մտան թաքնուեցին Բեթէլի եւ Դանի միջեւ, Գայիի ծովահայեաց կողմից։ Այն գիշեր Յեսուն ժողովրդի մէջ մնաց։
10Առաւօտը վաղ վեր կենալով՝ Յեսուն աչքի անցկացրեց ժողովրդին, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դէմ։
11Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին, եւ բանակ դրին Գայիի հիւսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջեւ մի ձոր կար։
12Եւ Յեսուն առնելով հինգ հազար մարդ՝ նրանց դարան մտցրեց Բեթաւի եւ Գայիի ծովի միջեւ,
13իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղաւորեց քաղաքի հիւսիսային կողմում։ Նրանց վերջապահ զօրքը քաղաքի ծովահայեաց կողմում էր։ Յեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։
14Երբ Գայիի թագաւորն այս տեսաւ, առաւօտեան շտապ վեր կացաւ եւ ելաւ նրանց դէմ։ Քաղաքի մարդիկ, ինքը եւ ամբողջ ժողովուրդն այն ժամանակ պատերազմի գնացին Արաբի դիմաց գտնուող ձորը Իսրայէլի դէմ։ Բայց Գայի թագաւորը չգիտէր, որ իր համար քաղաքի ետեւի կողմում դարան են պատրաստել։
15Երբ Յեսուն տեսաւ, կրկին ետ դարձաւ, եւ բոլոր իսրայէլացիները նրանց առաջից փախան անապատի ճանապարհով։
16Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք, հետապնդելով, գնացին իսրայէլացիների ետեւից ու հեռացան քաղաքից։
17Գայիում ու Բեթէլում մարդ չմնաց, որ իսրայէլացիներին հետապնդելու գնացած չլինէր. քաղաքը թողեցին բաց եւ յարձակուեցին իսրայէլացիների վրայ։
18Տէրը Յեսուին ասաց. «Մեկնի՛ր ձեռքիդ նիզակը դէպի քաղաքը, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել այն, եւ դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Յեսուն մեկնեց իր ձեռքում եղած նիզակը դէպի քաղաքը։
19Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն անմիջապէս այրեցին հրով։
20Գայիի բնակիչները ետ նայելով՝ տեսան, որ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է ելնում։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնուած էր անապատում, յարձակուեց հետապնդողների վրայ։
21Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, նորից կրնկի վրայ ետ դարձան եւ հարուածեցին Գայիի մարդկանց։
22Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը։ Իսրայէլացիների մի մասը այն կողմից, միւսները այս կողմից, այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց։
23Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ։
24Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յեսուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին։
25Այդ օրն ընկածները, տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները։
26Յեսուն նիզակ մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչեւ որ բնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին,
27բացի անասուններից եւ քաղաքի աւարից, որ կողոպտեցին իսրայէլացիները՝ Յեսուին տուած Տիրոջ հրամանի համաձայն։
28Յեսուն քաղաքը կրակով այրեց եւ այն դարձրեց հողաբլուր, որ յաւիտեան անշէն մնաց մինչեւ այսօր։
29Իսկ Գայիի թագաւորին կախեց երկճիւղ ծառից, եւ նա մնաց ծառից կախուած մինչեւ երեկոյ։ Եւ արեւը մայր մտնելու ժամանակ Յեսուն հրամայեց, նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մէջ, քաղաքի դարպասի մօտ եւ նրա վրայ քարերի կոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այսօր։
30Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լերան վրայ,
31ինչպէս պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը իսրայէլացիներին, որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, - զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, եւ այնտեղ Տիրոջ համար ողջակէզ եւ փրկութեան զոհ մատուցեց։
32Իսրայէլացիների առաջ այդ քարերի վրայ Յեսուն գրեց Մովսէսի Երկրորդ օրէնքը։
33Բոլոր իսրայէլացիները, նրանց ծերերը, դատաւորները եւ օրէնսգէտները գնում էին տապանակի դիմացից՝ այս ու այն կողմից, թէ՛ օտարականը եւ թէ՛ բնիկը։ Ղեւտացի քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը։ Ուղեկցողների կէսը Գարիզին լերան մօտ էր, կէսը՝ Գեբաղ լերան մօտ, ինչպէս առաջ պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, որ ժողովրդին օրհնեն։
34Ապա Յեսուն կարդաց այս օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւններն ու անէծքները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում։
35Այն բոլորից, որ Մովսէսը պատուիրել էր Յեսուին, չկար մի խօսք, որ Յեսուն չկարդար Իսրայէլի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների եւ Իսրայէլի մէջ եղած օտարականների առաջ։
1Երբ Յորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագաւորները՝ լեռնայինները, դաշտայինները, ե՛ւ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, ե՛ւ նրանք, որ Լեռնալիբանանի մօտ էին, նաեւ քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները լսեցին,
2ամէնքը միասին եկան պատերազմ մղելու Յեսուի եւ իսրայէլացիների դէմ։
3Բայց Գաբաւոնի բնակիչները լսելով, թէ ինչ է արել Յեսուն Երիքովին եւ Գայիին,
4իրենք էլ խորամանկութիւն արեցին. եկան պաշարով եւ պատրաստութեամբ, իրենց ուսերի վրայ հնացած քուրձեր, մաշուած, պատառոտուն եւ կարկատած գինու տիկեր դրած։
5Նրանց կօշիկների կարերը քանդուած էին, նրանց ոտքերի հողաթափները հնացած եւ կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, եւ նրանց հացի պաշարը չորացած եւ բորբոսնած էր։
6Նրանք եկան Յեսուի մօտ, իսրայէլացիների բանակատեղին, Գաղգաղա եւ Յեսուին ու բոլոր իսրայէլացիներին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեցէք»։
7Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. «Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք»։
8Նրանք ասացին Յեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Յեսուն նրանց ասաց. «Ո՞վ էք եւ որտեղի՞ց էք եկել»։
9Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները յանուն քո Տէր Աստծու, որովհետեւ լսեցինք նրա անունը եւ այն, ինչ նա արել է Եգիպտոսում,
10եւ այն, ինչ նա արել է Յորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Բասանի Օգ թագաւորին, որ բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում։
11Մեր ծերերը եւ մեր երկրի բոլոր բնակիչները խօսեցին մեզ հետ եւ ասացին. «Ձեզ համար ճանապարհի պաշար առէ՛ք, գնացէ՛ք նրանց ընդառաջ եւ ասացէ՛ք նրանց. ՛՛Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշինք կնքեցէք՛՛»։
12Այն օրը, որ մենք ելանք մեր տներից եւ եկանք ձեզ մօտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել եւ բորբոսնել է,
13այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից»։
14Իսրայէլի իշխաններն առան նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։
15Յեսուն նրանց հետ խաղաղութիւն հաստատեց եւ ուխտեց, որ ողջ կը պահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդուեցին նրանց։
16Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք դրացիներ են եւ իրենց մօտ են բնակւում։
17Իսրայէլացիները ճանապարհ ընկան եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին՝ Գաբաւոնը, Կեփիրոնը, Բերոթը եւ Յարիմի քաղաքները։
18Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստուծով երդուել էին նրանց. եւ ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դէմ։
19Իշխաններն ասացին ժողովրդին. «Մենք Իսրայէլի Տէր Աստուծով երդուել ենք եւ չենք կարող խաբել նրանց։
20Հիմա այսպէս անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրայ բարկութիւն չգայ այն երդման համար, որ տուեցինք նրանց»։
21Իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն եւ ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ եւ ջրկիրներ»։ Եւ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպէս որ իշխաններն ասացին նրանց։
22Յեսուն նրանց բոլորին կանչեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ եւ ասացիք՝ «Ձեզնից շատ հեռու ենք», մինչդեռ դուք մեր գաւառի բնակիչներ էք։
23Հիմա դուք անիծուած էք, եւ ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ եւ ջրկիր ծառայ»։
24Նրանք պատասխան տուին եւ ասացին Յեսուին. «Մեզ լուր հասաւ եւ յայտնի եղաւ, որ քո Տէր Աստուածը իր ծառայ Մովսէսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տայ եւ մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից եւ այդ բանն արեցինք։
25Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարուեցէ՛ք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ եւ ինչպէս կամենում էք»։
26Եւ նրանց հետ վարուեցին այսպէս. այն օրը Յեսուն նրանց ազատեց իսրայէլացիների ձեռքից, եւ չկոտորեցին նրանց։
27Այն օրը նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար, եւ մինչեւ այսօր նրանք ծառայում են այդպէս այն տեղում, որ Տէրը կ՚ընտրի։
1Երբ Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը լսեց, որ Յեսուն գրաւել է Գային ու կործանել այն, եւ ինչպէս Երիքովի ու նրա թագաւորի հետ էր վարուել, այդպէս էլ վարուել է Գայիի ու նրա թագաւորի հետ, եւ թէ Գաբաւոնի բնակիչներն անձնատուր են եղել Յեսուին ու իսրայէլացիներին եւ նրանց մէջ մնացել,
2խիստ զարհուրեցին ինքն ու իր ժողովուրդը, որովհետեւ գիտէին, որ Գաբաւոնը մեծ քաղաք է, ինչպէս որեւէ թագաւորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, եւ նրա բոլոր մարդիկ զօրաւոր էին։
3Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագաւոր Ելամի, Յերիմութի թագաւոր Քերամի, Լաքիսի թագաւոր Յեփիէի եւ Օդողոմի թագաւոր Դաբիրի մօտ ու ասաց.
4«Բարձրացէք եկէ՛ք ինձ մօտ եւ օգնեցէ՛ք ինձ, որ պատերազմենք Գաբաւոնի դէմ, որովհետեւ անձնատուր են եղել Յեսուին եւ իսրայէլացիներին։
5Եւ յեբուսացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Օդողոմի թագաւորն իրենց ամբողջ ժողովրդով հաւաքուեցին եկան, բանակ դրին Գաբաւոնի շուրջը եւ պաշարեցին այն։
6Գաբաւոնի բնակիչները մարդ ուղարկեցին Յեսուի մօտ Իսրայէլի բանակատեղի, Գաղգաղա եւ ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մօտ ե՛կ, մեզ ազատի՛ր եւ մեզ օգնի՛ր, որովհետեւ ամորհացիների բոլոր թագաւորները, որ բնակւում են լեռնակողմում, կուտակուել են մեր դէմ»։
7Յեսուն իր ամբողջ պատերազմող զօրքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զօրաւոր էին, ելաւ Գաղգաղայից։
8Տէրը Յեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետեւ նրանց քո ձեռքն եմ մատնելու, եւ նրանցից ոչ մէկը չի դիմանայ ձեր առաջ»։
9Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Յեսուն յանկարծակի յարձակուեց նրանց վրայ։
10Տէրը իսրայէլացիների ահը գցեց նրանց մէջ եւ Գաբաւոնում մեծ ջարդ տուեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին եւ կոտորեցին նրանց մինչեւ Ազեկա եւ Մակեդա։
11Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին իսրայէլացիների առաջից, Տէրը նրանց վրայ երկնքից կարկտի քարեր թափեց մինչեւ Ազեկա։ Կարկտի քարերից մեռածներն աւելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայէլացիները պատերազմում սրով կոտորեցին։
12Այն օրը, երբ Տէր Աստուածը ամորհացիներին մատնեց իսրայէլացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբաւոնում, եւ նրանք ջախջախուեցին Իսրայէլի առաջ, Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»։
13Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է «Ուղիղի» գրքում։ Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օր։
14Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը, որովհետեւ Տէրն Իսրայէլի հետ միասին պատերազմեց։
15Ապա Յեսուն եւ նրա հետ բոլոր իսրայէլացիները ետ դարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
16Այն հինգ թագաւորները փախան Մակեդա եւ թաքնուեցին քարայրի մէջ։
17Իմաց տուին Յեսուին եւ ասացին. «Հինգ թագաւորները գտնուեցին Մակեդայում, քարայրի մէջ թաքնուած»։
18Յեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարեր գլորեցէ՛ք եւ նրանց վրայ մարդիկ կարգեցէ՛ք, որ հսկեն նրանց։
19Բայց դուք մի՛ դադարէք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասէ՛ք նրանց վերջնապահներին եւ մի՛ թոյլ տուէք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետեւ Տէր Աստուածը նրանց մատնեց մեր ձեռքը»։
20Երբ Յեսուն եւ բոլոր իսրայէլացիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, եւ նրանցից ազատուածները մտան ամրացուած քաղաքները,
21ամբողջ ժողովուրդը ողջ առողջ վերադարձաւ բանակատեղի՝ Յեսուի մօտ, Մակեդա։ Եւ ոչ ոք չյանդգնեց խօսել իսրայէլացիների դէմ։
22Եւ Յեսուն ասաց. «Բացէ՛ք քարայրը եւ այնտեղից հանէ՛ք, բերէ՛ք ինձ մօտ այն հինգ թագաւորներին»։
23Այդպէս էլ արեցին. հինգ թագաւորներին՝ Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Օդողոմի թագաւորին քարայրից հանեցին ու տարան նրա մօտ։
24Երբ նրանց տարան Յեսուի մօտ, Յեսուն կանչեց բոլոր իսրայէլացիներին, իր հետ գնացած առաջամարտիկներին եւ ասաց նրանց. «Մօտեցէ՛ք եւ ձեր ոտքերը դրէ՛ք նրանց պարանոցների վրայ»։ Նրանք մօտեցան եւ իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրայ։
25Յեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք նրանցից եւ մի՛ զարհուրէք, արիացէ՛ք եւ զօրացէ՛ք, որովհետեւ Տէրն այսպէս պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչէք»։
26Ապա Յեսուն նրանց սպանեց եւ նրանց հինգին էլ կախեց ծառերից, եւ նրանք կախուած մնացին ծառերից մինչեւ երեկոյ։
27Արեւամուտին Յեսուն հրամայեց, եւ նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մէջ, որտեղ թաքնուել էին. եւ քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչեւ այսօր։
28Այդ օրը գրաւեցին նաեւ Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագաւորին, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց, ոչ մի ազատուած կամ փախստական չմնաց նրանցից։ Յեսուն Մակեդայի թագաւորի հետ էլ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
29Յեսուն, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, Մակեդայից գնացին Լեբնա եւ պաշարեցին Լեբնան։
30Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր մարդկանց, նրա մէջ ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։ Նրա թագաւորի հետ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
31Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։
32Տէրը Լաքիսն Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը Յեսուն գրաւեց այն, սրի քաշեց եւ բնաջնջեց այն, ինչպէս որ Լեբնայի հետ էր վարուել։
33Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ նրանցից ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։
34Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լաքիսից մեկնեց Օդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ Տէրը մատնեց Օդողոմն Իսրայէլի ձեռքը,
35եւ Յեսուն այն օրը գրաւեց ու սրի քաշեց այն։ Նրա մէջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպէս որ վարուել էին Լաքիսի հետ։
36Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Օդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։
37Գրաւեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագաւորին եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. նրա մէջ ապրող ոչ մէկը չազատուեց։ Նրա հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարուել էին Օդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մէջ եղած ամէն ինչ ոչնչացրին։
38Ապա Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը շրջուեցին դէպի Դաբիր եւ շրջապատելով՝
39գրաւեցին այն, գերեվարեցին նրա թագաւորին եւ նրա ամբողջ զօրքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. ոչ մէկին ողջ չթողեցին։ Ինչպէս վարուել էին Քեբրոնի հետ եւ ինչպէս վարուել էին Լեբնայի ու նրա թագաւորի հետ, այդպէս էլ վարուեցին Դաբիրի եւ նրա թագաւորի հետ։
40Յեսուն հարուածեց ամբողջ լեռնային երկրին, Նագեբին եւ դաշտային երկրներին, Ասեդոթին եւ նրա բոլոր թագաւորներին։ Նրանցից ոչ մէկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպէս Իսրայէլի Տէր Աստուածն էր պատուիրել։
41Յեսուն կոտորեց նրանց Կադէսբառնեայից մինչեւ Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչեւ Գաբաւոն։
42Նրանց բոլոր թագաւորներին եւ նրանց երկիրը Յեսուն նուաճեց միաժամանակ, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը կռւում էր իսրայէլացիների հետ միասին։
43Եւ Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ ետ դարձաւ բանակատեղի՝ Գաղգաղա։
1Երբ Ասորի Յաբին թագաւորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մառոնի թագաւոր Յոբաբի, Սեմերոնի թագաւորի, Աքիփայի թագաւորի
2եւ այն թագաւորների մօտ, որոնք մեծ Սիդոնի լեռներում եւ Քեներեթի դիմաց Ռաբաթում էին՝ դաշտերում եւ Նաբեթդորում,
3արեւելեան կողմից ծովեզրեայ քանանացիների, ծովեզրեայ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ յեբուսացիների եւ Ահերմոնի տակ Մասեփայում ապրող խեւացիների մօտ։
4Նրանք իրենց թագաւորների ու ծովափի աւազի չափ բազմաքանակ զօրքերի հետ ճամփայ ելան։ Նրանք չափազանց շատ ձիեր ու կառքեր ունէին։ Հաւաքուեցին այս բոլոր թագաւորները, եկան միասին եւ մէկտեղ բանակ դրին Մառոնի ջրի մօտ, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։
5Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ իսրայէլացիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կ՚անես, նրանց կառքերը հրով կ՚այրես»։
6Յեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զօրքը Մառոնի ջրի մօտ յանկարծակի նրանց դէմ գնացին եւ լեռնակողմում ընկան նրանց վրայ։
7Տէրը նրանց Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ կոտորելով նրանց՝ հալածեցին մինչեւ մեծ Սիդոն, մինչեւ Մասրեփոթմայիմ եւ մինչեւ Մասեփայի դաշտն արեւելքում։ Կոտորեցին նրանց, մինչեւ որ նրանցից ոչ մի ազատուած մարդ չմնաց։
8Յեսուն նրանց հետ այնպէս վարուեց, ինչպէս որ Տէրը պատուիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց եւ նրանց կառքերը հրով այրեց։
9Այն ժամանակ Յեսուն ետ դարձաւ եւ գրաւեց Ասորը եւ նրա թագաւորին, սպանեց նրան, որովհետեւ Ասորն առաջ այն բոլոր թագաւորութիւնների գլուխն էր։
10Նրա մէջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին, նրա մէջ ոչ մի շնչաւոր էակ չմնաց։ Ասորն էլ կրակով այրեցին։
11Այդ թագաւորութիւնների բոլոր քաղաքներն ու նրանց թագաւորներին գերեց Յեսուն, նրանց սրի քաշեց եւ բնաջինջ արեց, ինչպէս որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառայ Մովսէսը։
12Բայց հողաբլուրների վրայ եղած բոլոր քաղաքները չայրեցին իսրայէլացիները, այլ միայն Ասորը, որ Յեսո՛ւն այրեց։
13Նրա ամբողջ աւարն ու անասունները իսրայէլացիները կողոպտեցին, բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչեւ որ բնաջնջեցին նրանց եւ ոչ մի շնչաւոր էակ չթողեցին։
14Ինչպէս Տէրը հրամայել էր իր ծառայ Մովսէսին, եւ ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին, այդպէս արեց Յեսուն եւ ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ նրան պատուիրել էր Մովսէսը։
15Յեսուն նուաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը եւ ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային եւ արեւմտեան կողմը, Իսրայէլի լեռն ու նրա հովիտը, որ լերան մօտ է,
16Աքել սարից մինչեւ Սուրի ելքը, մինչեւ Բաալգադ եւ Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագաւորներին նա բռնեց եւ կոտորեց։
17Այդ բոլոր թագաւորների դէմ Յեսուն շատ օրեր պատերազմ մղեց,
18եւ չկար մի քաղաք, որ Տէրը իսրայէլացիների ձեռքը մատնած չլինէր, բացի Գաբաւոնում բնակուող խեւացիներից. Յեսուն բոլորին նուաճեց պատերազմով։
19Արդարեւ, Տէրն էր, որ կարծրացրեց նրանց սրտերը, եւ նրանք պատերազմով դիմաւորեցին Իսրայէլին, որպէսզի չմեռնեն, Տէրը չողորմի նրանց, այլ բնաջնջուեն, ինչպէս որ Տէրն ասել էր Մովսէսին։
20Այն ժամանակ Յեսուն եկաւ եւ Քեբրոնի ու Դաբիրի լեռնակողմում, Անոբի եւ Իսրայէլի բոլոր լեռներում եւ Յուդայի երկրի բոլոր լեռներում կոտորեց ենակիմներին, ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ Այո՛, Յեսուն կոտորեց նրանց,
21եւ իսրայէլացիների երկրում ենակիմներից ոչ ոք չմնաց. մնացին միայն Գազայում, Գեթում եւ Ասեդոթում։
22Յեսուն նուաճեց ամբողջ երկիրը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին, եւ որպէս ժառանգութիւն տուեց Իսրայէլին բաժիններով ըստ նրանց ցեղերի։ Եւ երկիրը դադարեց պատերազմելուց։
1Սրանք են այն թագաւորները, որոնց կոտորեցին Մովսէսն ու իսրայէլացիները եւ որոնց երկիրը ժառանգեցին Յորդանան գետից այն կողմ՝ դէպի արեւմուտք, Առնոնի ձորից մինչեւ Ահերմոն լեռը եւ ամբողջ Արաբան՝ արեւելեան կողմից.
2ամորհացիների թագաւոր Սեհոնը, որը բնակւում էր Եսեբոնում եւ տիրում էր Արոյերից մինչեւ Առնոնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կէսին, մինչեւ Յաբոկի հեղեղատը, որ ամոնացիների սահմաններում է,
3եւ Արաբային՝ մինչեւ Քեներեթի ծովը արեւելեան կողմից, մինչեւ Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը, արեւելքից՝ Ասեմոթի ճանապարհով դէպի Թեման, եւ հարաւից՝ այն տեղերին, որ Ասեդոթ Փասգայի ստորոտում են։
4Բասանի Օգ թագաւորը, որը հսկաների ցեղից էր մնացել եւ որը բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում, տիրում էր
5Ահերմոն լերանը, Սելքային եւ ամբողջ Բասանին մինչեւ Գեսուրի սահմանները, Մաքաթիին եւ Գաղաադի կէսին մինչեւ Եսեբոնի Սեհոն թագաւորի սահմանները։
6Տիրոջ ծառայ Մովսէսը եւ իսրայէլացիները ջարդեցին սրանց, եւ Տիրոջ ծառայ Մովսէսը որպէս ժառանգութիւն այն տուեց Ռուբէնի եւ Գադի ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին։
7Սրանք են ամորհացիների թագաւորները, որոնց կոտորեցին Յեսուն եւ իսրայէլացիները Յորդանան գետի այն կողմում՝ Գաղաադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչեւ Ալոկ լեռը, որ բարձրանում է դէպի Սէիր, (Յեսուն Իսրայէլի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպէս ժառանգութիւն տուեց դրանք՝
8լերան վրայ, դաշտում, Արաբայում, Ասեդոթում, անապատում, Նագեբում բնակուող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խեւացիների, գերգեսացիների, յեբուսացիների երկրները).
9Երիքովի թագաւորը, Բեթէլի մօտ գտնուող Գայիի թագաւորը,
10Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը,
11Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը,
12Եգլոնի թագաւորը, Գազերի թագաւորը,
13Դաբիրի թագաւորը, Գեսեմի թագաւորը,
14Հերմէի թագաւորը, Աբերի թագաւորը,
15Լոբնայի թագաւորը, Օդողոմի թագաւորը,
16Մակեդայի թագաւորը,
17Թափուայի թագաւորը, Օփերի թագաւորը,
18Նափէկի թագաւորը,
19Ասորի թագաւորը,
20Սամրոնի թագաւորը, Մառոնի թագաւորը, Ասքափի թագաւորը,
21Թանաքի թագաւորը, Մակեդդովի թագաւորը,
22Կեդէսի թագաւորը, Յեկնոմի Քերմել թագաւորը,
23Դորի Նափեդոր թագաւորը, Գելիմի Գելգել թագաւորը եւ
24Թերսայի թագաւորը։ Այս բոլոր թագաւորների թիւը քսանինն է։
1Յեսուն ծերացել էր եւ տարիքն առել։ Տէրը ասաց Յեսուին. «Դու ծերացել ես եւ օրերդ անց ես կացրել, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։
2Մնացած երկրները սրանք են. փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը եւ Քանանը.
3Եգիպտոսի դիմացի անշէն վայրից մինչեւ Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագաւորութիւնները՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը եւ խեւացիներինը.
4Թեմանից՝ քանանացիների ամբողջ երկիրը, Գազան, Սիդոնը, մինչեւ Յափեկա, մինչեւ ամորհացիների սահմանները,
5եւ փղշտացիներից՝ ամբողջ Արաբա երկիրը եւ ամբողջ Լիբանանը արեւելքից, Ահերմոն լերան ստորոտի Գաղգաղայից մինչեւ Եմաթի մուտքը։
6Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչեւ Մասերեփոթմայիմ, եւ բոլոր սիդոնացիներին ես կը կոտորեմ իսրայէլացիների առաջ։ Բայց դու դրանք բաժանի՛ր իսրայէլացիներին որպէս ժառանգութիւն, ինչպէս որ քեզ պատուիրեցի»։
7Հիմա այս երկիրը որպէս ժառանգութիւն բաժանի՛ր ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին. Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք կը տաս նրանց, եւ Մեծ ծովը սահման կը դառնայ։
8Իսկ երկու ցեղերը՝ Ռուբէնի եւ Գադի ցեղերը, Մանասէի կէս ցեղի հետ ստացան իրենց ժառանգութիւնը, որ տուել էր Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելքում. Տիրոջ ծառայ Մովսէսը նրանց մէջ բաժանեց
9Առնոն հեղեղատի եզերքին գտնուող Արոյերից եւ ձորի մէջ գտնուող քաղաքից մինչեւ Դեբոն, նաեւ ամբողջ Միսորը, Մեդաբան,
10Եսեբոնում թագաւորող ամորհացիների արքայ Սեհոնի բոլոր քաղաքները, մինչեւ ամոնացիների սահմանները,
11Գաղաադը եւ Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանաստանը, մինչեւ Սելքա,
12Բասանի մէջ ամբողջ թագաւորութիւնն Օգի, որ թագաւորում էր Աստարոթում եւ Եդրայինում։ Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, եւ Մովսէսը հարուածեց ու սպանեց նրան։
13Բայց իսրայէլացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին եւ քանանացիներին. եւ գեսուրացիներն ու մաքաթացիները բնակւում են Իսրայէլի մէջ մինչեւ այսօր։
14Բայց Ղեւիի ցեղին բաժին եւ ժառանգութիւն չտրուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս նրանց ասել էր Տէրը։ Սրանք այն բաժիններն են, որ Մովսէսը բաժանեց իսրայէլացիներին Ռաբոթ Մովաբում, Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։
15Մովսէսը Ռուբէնի ցեղին ժառանգութիւն տուեց ըստ նրա տոհմերի,
16եւ նրանց սահմանները եղան Առնոն ձորի դիմացը գտնուող Արոյերը, Առնոն ձորում գտնուող քաղաքը, ամբողջ Միսորը
17եւ Մեդաբան մինչեւ Եսեբոնը. նրանց բոլոր քաղաքները, որ Միսորում են, Դեբոնը, Բամոթբահաղը, Բաելմոթի տունը,
18Յասան, Կեդմոթը, Մեփայաթը,
19Կարիաթեմը, Սեբաման, Սարեթը եւ Սիորը Ենակ լերան վրայ,
20Բեթփագորը, Ասեդոթփասգան, Բեթսիմոթը եւ Միսորի բոլոր քաղաքները,
21ամբողջ թագաւորութիւնն ամորհացիների Սեհոն թագաւորի, որ թագաւորում էր Եսեբոնում։ Սրան, ինչպէս նաեւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռոբէին եւ այդ երկրում բնակուող Սեհոնի մերձակայքի իշխաններին, ջարդեց Մովսէսը։
22Նաեւ Բէորեան Բաղաամ վհուկին մի վայրկեանում սրով սպանեցին իսրայէլացիները։
23Ռուբէնի սահմանը եղաւ Յորդանան գետը։ Այս է Ռուբէնի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու աւանները։
24Մովսէսը բաժին տուեց նաեւ Գադի որդիներին ըստ իրենց տոհմերի։
25Նրանց սահմանները եղան Յազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, ամոնացիների երկրի կէսը մինչեւ Արոյեր, որը Արաբայի դիմացն է,
26Եսեբոնից մինչեւ Մասփայի մօտի Հռամոթը, Բոտանիմը, Մանայիմը մինչեւ Դաբիրի սահմանները
27եւ Եմակում Բեթարամը, Բեթնամրան, Սոքովն ու Սափոնը եւ Եսեբոնի արքայ Սեհոնի մնացած թագաւորութիւնը։ Սահմանը Յորդանան գետն է մինչեւ Քեներեթի ծովեզերքը, Յորդանան գետի այն կողմը, դէպի արեւելք։
28Այս է Գադի որդիների ժառանգութիւնը ըստ իրենց տոհմերի, նրանց քաղաքները եւ ագարակները։
29Մովսէսը բաժին տուեց նաեւ Մանասէի կէս ցեղին, որը եղաւ Մանասէի որդիների կէս ցեղի կալուածքը ըստ իրենց տոհմերի։
30Նրանց սահմանները եղան. Մանայէմից սկսած ամբողջ Բասանը, Բասանի արքայ Օգի ամբողջ թագաւորութիւնը, Յայիրի բոլոր աւանները, որոնք Բասանաստանում են, ընդամէնը վաթսուն քաղաք։
31Իսկ Գաղաադի կէսը, Աստարոթը, Եդրայինը, Բասանաստանում Օգի թագաւորութեան քաղաքները տրուեցին Մանասէի որդի Մաքիրի որդիներին եւ Մանասէի կէս ցեղի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
32Սրանք են այն տեղերը, որ Մովսէսը ժառանգութիւն տուեց Յորդանան գետի այն կողմում, Մովաբի Ռաբոթ բնակավայրում, Երիքովի դիմաց՝ արեւելքում։
33Ղեւիի ցեղին Մովսէսը ժառանգութիւն չտուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն ինքն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս ասել էր նրանց։
1Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում իսրայէլացիներին ժառանգութիւն տուին Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ իսրայէլացիների ցեղերի նահապետութեան իշխանները։
2Վիճակով տուին ժառանգութիւնը այն ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին, ինչպէս որ պատուիրել էր Տէրը Յեսուի միջոցով,
3որովհետեւ Մովսէսը երկու ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին ժառանգութիւն տուել էր Յորդանան գետի այն կողմում։ Ղեւտացիներին ժառանգութիւն չէր տուել նրանց մէջ։
4Քանի որ երկու ցեղ էին Յովսէփի որդիները՝ Մանասէն եւ Եփրեմը, ղեւտացիներին երկրի մէջ բաժին չտուին, այլ միայն քաղաքներ՝ բնակուելու համար եւ դրանց արուարձանները նրանց ոչխարների համար։
5Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին, այդպէս արեցին իսրայէլացիները եւ բաժանեցին երկիրը։
6Յուդայի որդիները Գաղգաղայում մօտեցան Յեսուին, եւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբն ասաց նրան. «Դու ինքդ գիտես, թէ ինչ խօսեց Տէրը Կադէսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսէսի հետ իմ եւ քո մասին։
7Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառայ Մովսէսն ինձ Կադէսբառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու, եւ նրան մենք լուր բերինք նրա ուզածի պէս։
8Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին. իսկ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն»։ Այն օրը Մովսէսը երդուեց եւ ասաց.
9«Այն երկիրը, ուր դու հասար, յաւիտեան քոնը եւ քո որդիներինը թող լինի որպէս ժառանգութիւն, քանի որ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն։
10Եւ արդ, սնուցել է ինձ Տէրը, ինչպէս որ ասել էր. սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տէրն ասել է այս խօսքը Մովսէսին, երբ իսրայէլացիները թափառում էին անապատում։ Այժմ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ
11եւ ուժեղ եմ այսօր, ինչպէս այն ժամանակ, երբ Մովսէսն ինձ ուղարկեց։ Այժմ նոյնպէս կարող եմ պատերազմի մէջ մտնել եւ դուրս գալ։
12Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպէս որ Տէրն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ ենակիմներն են, եւ նրանց քաղաքներն ամրացուած են եւ մեծ։ Հիմա եթէ Տէրն ինձ հետ լինի, կը բնաջնջեմ նրանց, ինչպէս Տէրն ինձ ասաց»։
13Եւ Յեսուն օրհնեց նրան եւ Քեբրոնը որպէս ժառանգութիւն տուեց կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբին։
14Դրա համար Քեբրոնը եղաւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբի ժառանգութիւնը, որովհետեւ նա հետեւեց Իսրայէլի Տէր Աստծու պատուիրանին։
15Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա ենակիմների մայրաքաղաքն էր։ Եւ երկիրը հանգստացաւ պատերազմից։
1Յուդայի որդիների ցեղի սահմանները, ըստ իրենց տոհմերի, եղան՝ եդոմայեցիների սահմաններից, Սին անապատից մինչեւ Կադէս, հարաւային կողմում։
2Հարաւային կողմից նրանց սահմանները գնում են մինչեւ Աղի ծովի եզրը՝ նրա հարաւակողմն իջնող բարձրաւանդակից,
3անցնում են մինչեւ Ակրաբիմի զառիվերը, անցնում են Սինաքը, բարձրանում են հարաւից դէպի Կադէսբառնեայ, ելնում են Հռոն, ձգւում Ադդարի մօտով եւ պտտւում Կադէսի արեւմտեան կողմը, գնում հասնում են մինչեւ Ասեմոնա եւ դուրս գալիս մինչեւ Եգիպտոսի ձորը։
4Այս սահմանը վերջանում է ծովի կողմում։ Սրանք նրանց սահմաններն են հարաւից։
5Արեւելքից սահմանն ամբողջ Աղի ծովն է, մինչեւ Յորդանան գետի եզերքը։ Նրանց հիւսիսային սահմանը ծովածոցից, Յորդանան գետի եզերքից
6հասնում է Բեթագղա, անցնում հիւսիսով մինչեւ Բեթարաբա, բարձրանում է մինչեւ Ռուբէնի որդիների Բէոն քարը։
7Ապա սահմանը բարձրանում է Աքորի ձորի չորրորդ մասով, հարաւային կողմից իջնում է Գաղգաղ, որը Եդոմիմի զառիվերի դիմացն է, հարաւային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբիւրի ջրին եւ վերջանում է Ռոգեղի աղբիւրի մօտ։
8Ապա սահմանը բարձրանում է ենոմացիների ձորը Յեբուսի ետեւից, հարաւային կողմից, ուր գտնւում է Երուսաղէմը։ Ապա հասնում է այն լերան գլուխը, որը ծովակողմից Ենոմի ձորի դիմացն է եւ որը հիւսիսից Ռափայինների երկրի ծայրին է։
9Այս սահմանը լերան գլխից հասնում է մինչեւ Նափթովի ջրի աղբիւրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Յարիմ քաղաքը.
10ապա Բաաղից շրջւում է Ասարէսի ծովակողմը, դէպի Սէիր լեռը, հիւսիսից անցնում է Յարիմ քաղաքի ետեւով, ուր գտնւում է Քասղոնը, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարաւ։
11Ապա սահմանը Ակկարոնի ետեւից կտրում անցնում է դէպի հիւսիս, հասնում է Սարքայոն, անցնում Բաաղ երկրի լերան մօտով եւ հասնում մինչեւ Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։
12Արեւմուտքից նրանց սահմանը Մեծ ծովն է բաժանում։ Սրանք Յուդայի որդիների սահմաններն են շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
13Յեսուն Յեփոնէի որդի Քաղէբին բաժին տուեց Յուդայի որդիների երկրի մէջ Աստծու հրամանով։ Յեսուն նրան տուեց Արբոկ քաղաքը, որը Ենակի մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։
14Յեփոնէի որդի Քաղէբն այնտեղ բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսին, Թոմայիին եւ Աքիմանին՝ Ենակի զաւակներին։
15Քաղէբն այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դէմ. Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։
16Քաղէբն ասաց. «Ով որ գրաւի Նամակաց քաղաքը եւ տիրի նրան, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ»։
17Եւ այն գրաւեց Քաղէբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։
18Երբ կինը գնում էր, խորհուրդ արեց Գոդոնիէլի հետ եւ ասաց. «Իմ հօրից ագարակ ուզեմ». եւ ձայն տուեց էշի վրայից։ Քաղէբն ասաց նրան. «Ի՞նչ եղաւ քեզ»։
19Աղջիկն ասաց. «Ինձ օրհնութի՛ւն տուր։ Քանի որ ինձ տուիր Նագեբ երկիրը, տո՛ւր ինձ նաեւ Գոլաթմայիմը»։ Եւ Քաղէբը նրան տուեց Վերին Գոլաթն ու Ներքին Գոլաթը։
20Այս էր Յուդայի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։
21Եդոմի սահմանների մօտ, անապատում, Յուդայի որդիների ցեղի առաջին քաղաքները սրանք են՝ Կասբեէղը, Եդրայինը, Յագուրը,
22Կինան, Դեմոնան, Ադադան,
23Կադէսը, Իթնանզիփը,
24Տէղէմը, Բաաղոթը,
25Ասեբոն քաղաքը, այսինքն՝ Ասորը,
26Ամամը, Սաման, Մոլադան,
27Ասերգադդան, Բեթփաղէթը,
28Ասարսուղան, Բերսաբէէն եւ նրանց աւաններն ու ագարակները,
29Բաաղան, Աւիմը, Ասեմը,
30Եղթոլադը, Քուղը, Երման,
31Սիկելէկը, Մադեբենան, Սանսաննան,
32Ղամոթը, Սէղէմին, Ռեմոնը՝ քսանինը քաղաքներ եւ նրանց աւանները։
33Դաշտավայրերում՝ Եսթաւուլը, Սարաան, Ասնան, Ռամոնը,
34Զանովը, Ադիաթեմը, Ենայիմը,
35Յերիմութը, Ոդողամը, Ներման, Սոքովը, Ազեկան,
36Սագարիմը, Գադերան եւ նրանց ագարակները. տասնչորս քաղաքներ եւ նրանց աւանները.
37Սենանը, Ադասան, Մակդաղդադը,
38Դաղաանը, Մասփան, Յեքթայէղը,
39Ղաքիսը, Բազկաթը, Ագղոմը,
40Քաբբան, Լամասը, Քասղոմը,
41Գադերոթը, Բեթղագոնը, Մակեդդան, տասնվեց քաղաքներ եւ նրանց աւանները.
42Ղեբնան, Աթերը,
43Յեփթան, Ասեննան, Նեսիբը,
44Կէիլան, Աքեզիբը, Մարեսան, Ելեմոմը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
45Ակկարոնը, նրա աւաններն ու ագարակները.
46Ակկարոնից մինչեւ Էմէն, Ազդարոդի բոլոր արուարձանները, նրանց աւաններն ու ագարակները.
47Գազան, նրա աւաններն ու ագարակները մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը, որը սահմանն է։
48Լեռնավայրերի վրայ՝ Սափիրը, Յեթերը, Սոքովը,
49Դեննան, Ահերմոն լեռը, Նամակաց քաղաքը՝ այսինքն՝ Դաբիրը,
50Անոբը, Եսթեմովը, Անիմը,
51Գոսոմը, Քիղվոնը, Գեղոնը, տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները.
52Երեբը, Եսանը, Երուման,
53Յանումը, Բեթթափուէն, Ափական,
54Քամմատան, Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, Սիորը. ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
55Մաւոնը, Քերմէլը, Զիփը, Յետտան,
56Յեզրայէլը, Յեկտամը, Զանովան, Եկիմը,
57Գաբաան, Թամնան, ինը քաղաքներ եւ նրանց աւանները.
58Ալուլը, Բեթսուրը, Գեդորը,
59Մարոթը, Բեթանոթը, Եղթեկեն. վեց քաղաքներ եւ նրանց աւանները. Թեկովը եւ Եփրաթան, այսինքն՝ Բեթղահէմը, Բագորը, Ետամը, Կուղոնը, Տատամին, Սորէսը, Կարէմը, Գաղղիմը, Բեթերը, Մանոքովը. տասնմէկ քաղաքներ եւ նրանց աւանները.
60Կարիաթբաաղը, այսինքն՝ Յարիմ քաղաքը եւ Արաբան. երկու քաղաքներ, նրանց աւանները իրենց ագարակներով հանդերձ,
61Բեթբարգիսը, Բեթարաբան, Մադոնը, Սոքովան,
62Նեբսանը, Աղահանքի քաղաքները, Ենդագիսը. եօթը քաղաքներ եւ նրանց աւանները։
63Յեբուսացիները բնակւում էին Երուսաղէմում, եւ Յուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դէմ, ուստի յեբուսացիները մինչեւ այսօր Երուսաղէմում բնակւում են Յուդայի որդիների հետ։
1Մանասէի՝ Յովսէփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասէի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հօրը, որովհետեւ պատերազմող մարդ էր, բաժին հասաւ Գաղաադը Բասանաստանում։
2Մանասէի միւս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիէլի որդիներին, Սիւքէմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Օփերի որդիներին բաժին հասաւ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Յովսէփի որդու՝ Մանասէի որդիները, արու զաւակներ ըստ իրենց տոհմերի։
3Մանասէի որդու Մաքիրի որդու Գաղաադի որդու Օփերի որդի Սաղպաադը արու զաւակ չունէր, այլ միայն՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անունները սրանք են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։
4Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նաւէի որդի Յեսուի եւ իշխանների առաջ եւ ասացին. «Աստուած Մովսէսի միջոցով պատուիրեց, որ մեզ ժառանգութիւն տրուի մեր հօրենական եղբայրների մէջ»։ Եւ Տիրոջ հրամանով նրանց ժառանգութիւն տրուեց իրենց հօրենական եղբայրների մէջ։
5Մանասէին բաժին ընկան Ղաբեկի դաշտը եւ Գաղաադն ու Բասանը, որ Յորդանան գետի այն կողմում են,
6որովհետեւ Մանասէի որդիների դուստրերը ժառանգութիւն ստացան իրենց եղբայրների մէջ, ուստի Գաղաադ երկիրը Մանասէի միւս որդիներինը եղաւ։
7Մանասէի որդիների սահմանները գնում են Սիւքէմի դիմացը գտնուող Ասերմաքթոթից մինչեւ Յամին եւ Ասեբ՝ Թափթոթայի աղբիւրը։
8Թափթոթայի երկիրը Մանասէինը եղաւ, իսկ Մանասէի սահմանների վրայ գտնուող Թափթոթա քաղաքը՝ Եփրեմի որդիներինը։
9Սահմանները հարաւային կողմից իջնում են Կանայի ձորը, Յայիրի ձորի դիմաց. եւ Եփրեմի բեւեկնի ծառը ընկնում է Մանասէի քաղաքի մէջ։ Մանասէի սահմանը հիւսիսից գնում է մինչեւ հեղեղատը եւ վերջանում է ծովում։
10Հարաւային կողմը Եփրեմինն է, իսկ հիւսիսային կողմը՝ Մանասէինը, եւ նրանց սահմանը ծովն է։ Հիւսիսային կողմից նրանք յարում են Ասերին, իսկ արեւելեան կողմից՝ Իսաքարին։
11Իսաքարի եւ Ասերի միջեւ Մանասէինը եղան Բեթսանն ու նրա աւանները, Ամբղանն ու նրա աւանները, Ենդորի բնակիչներն ու նրա աւանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա աւանները, Տանաքի բնակիչներն ու նրա աւանները, Նափեթի երրորդ մասն ու նրա աւանները։
12Մանասէի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։
13Եւ երբ իսրայէլացիները զօրացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։
14Յովսէփի որդիներն ընդդիմացան Յեսուին եւ ասացին. «Ինչո՞ւ համար մեզ մէկ բաժին ժառանգութիւն եւ մէկ կալուածք տուիր։ Մենք բազմամարդ ենք, եւ Աստուած մեզ օրհնել է»։
15Յեսուն նրանց ասաց. «Եթէ դուք բազմամարդ էք, գնացէ՛ք անտառ, ձեզ համար տե՛ղ մաքրեցէք Փերեզացիների ու Ռափայինների երկրում, եթէ ձեզ համար նեղ է Եփրեմի լեռը»։
16Յովսէփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բաւական չէ. այնտեղ, մեր երկրում՝ Բեթսանում, նրա աւաններում եւ Յեզրայէլի ձորում մեզ հետ բնակուող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զէնքեր ունեն»։
17Յեսուն խօսեց Յովսէփի որդիների՝ Եփրեմի եւ Մանասէի հետ եւ ասաց. «Դուք բազմամարդ ժողովուրդ էք եւ շատ զօրութիւն ունէք, թող ձեզ մէկ կալուածք չլինի,
18անտառը ձերը լինի։ Անտառ է, կը մաքրէք այն, մինչեւ ծայրը այն ձերը կը լինի, երբ բնաջնջէք քանանացիներին. թէպէտ նրանք ընտիր երիվարներ ունեն եւ ձեզանից ուժեղ են, բայց դուք կը յաղթէք նրանց»։
1Իսրայէլի ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Սելովում, եւ այնտեղ կանգնեցրին վկայութեան խորանը, քանի որ երկիրը նուաճուեց նրանց կողմից։
2Իսրայէլացիներից եօթը ցեղ էր մնացել, որ իր ժառանգութիւնը չէր ստացել։
3Յեսուն նրանց ասաց. «Մինչեւ ե՞րբ պէտք է ծուլանաք եւ չմտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ ձեզ տուեց մեր հայրերի Տէր Աստուածը։
4Ամէն ցեղից ինձ երեքական մարդ տուէ՛ք, ես կ՚ուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով եւ չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թէ ինչպէս պէտք է բաժանել այն»։ Նրանք եկան նրա մօտ,
5ու նա բաժանեց երկիրը նրանց մէջ եօթը մասի։ Եւ ասաց. «Յուդայի երկիրը թող մնայ նրանց սահմանը հարաւից, Յովսէփի որդիներն իրենց սահմաններում մնան հիւսիսից,
6իսկ դուք երկիրը բաժանեցէ՛ք եօթը մասի եւ չափագրութիւնը բերէք ներկայացրէ՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կը հանեմ։
7Ղեւիի որդիները ձեր մէջ բաժին չունեն, որովհետեւ նրանց բաժինը Տիրոջ համար արուած քահանայութիւնն է. Գադը, Ռուբէնը եւ Մանասէի կէս ցեղը Յորդանան գետի այն կողմում՝ արեւելքում ստացան իրենց ժառանգութիւնը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել էր նրանց»։
8Եւ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Անցէք գնացէ՛ք, աչքի անցկացրէ՛ք երկիրն ու վերադարձէ՛ք ինձ մօտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կը գցեմ»։
9Մարդիկ գնացին շրջեցին երկրում, հետազոտեցին ու տեսան երկիրը եւ այն, ըստ նրա քաղաքների, եօթը բաժին անելով՝ չափագրեցին մի գրքի մէջ եւ բերին Յեսուի մօտ՝ բանակատեղի, Սելով։
10Յեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց Սելովում եւ այնտեղ երկիրը բաժանեց իսրայէլացիներին՝ ըստ իրենց բաժինների։
11Առաջին վիճակն ընկաւ Բենիամինի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց բաժնի սահմանն ընկաւ Յուդայի եւ Յովսէփի որդիների միջեւ։
12Նրանց սահմանները եղան Յորդանան գետի հիւսիսից, որոնք Երիքովի հարաւից բարձրանում են դէպի հիւսիս, ելնում են լերան վրայ դէպի ծովի կողմը, եւ նրանց վերջը հասնում է մինչեւ Բեթաւանի Մաբդարա բնակավայրը.
13այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարաւային կողմից, Լուզի ետեւից, այսինքն՝ Բեթէլից, եւ սահմաններն իջնում են Ադարի Աստարոթ բնակավայրը, դէպի լերան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարաւում է։
14Սահմաններն անցնում, պտոյտ են տալիս հարաւից ծովահայեաց ափով, այն սարից, որ հարաւում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթբաաղ, այսինքն՝ Յուդայի որդիների Կարիաթարիմ քաղաքը։
15Ծովի կողմում ծայրը այս է։ Իսկ հարաւային կողմում Կարիաթբաաղի ծայրից սահմաններն անցնում են Գայի եւ դուրս են գալիս դէպի Նափթովայի ջրերի աղբիւրը։
16Սահմաններն իջնում են ենոմացիների հովտի դիմացի լերան եզերքը, որ հիւսիսում Ենակի ռափայինների մասն է, եւ հարաւից, Յեբուսի ետեւից իջնում են Ենոմի Գայի բնակավայրը եւ գնում Ռոգէլի աղբիւրը։
17Հիւսիսից կտրում անցնում են Բեթսամիւսի աղբիւրը, գնում են Եդոմինի զառիվերի դիմացը գտնուող Գալիլոթ, իջնում են մինչեւ Ռուբէնի որդու Բաան վէմը.
18Բեթարաբայի թիկունքից անցնում են հիւսիս եւ իջնում Արաբա։
19Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի ետեւից, ծովի հիւսիսից եւ վերջանում են Աղի ծովի հիւսիսային ու Յորդանան գետի հարաւային ծայրում։
20Այս է նրանց սահմանը հարաւից. իսկ արեւելեան կողմի սահմանը Յորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնը, եւ սրանք են նրանց սահմանները շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
21Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքովը, Բեթագղան, Ամենգասիմը,
22Բեթարաբան, Սեմարիմը, Բեթէլը,
23Աւիմը, Ափարը, Արփան,
24Կարեմը, Քափերամինը եւ Գարաան. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները,
25Գաբաւոնը, Ռամման, Բերոթը,
26Մասփան, Կեփիրան, Ամուսան,
27Ռէկէմը, Յերփայէլը, Թարաղան,
28Սելալէփը, Յեբուսը, այսինքն՝ Երուսաղէմը, Գաբաաթը եւ Արեմ քաղաքը. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։
29Այս է Բենիամինի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։
1Երկրորդ վիճակն ընկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների ժառանգութեան մէջ։
2Նրանց բաժինը եղան. Բերսաբէէն, Սաբէէն, Մողադան,
3Ասերսուաղը, Բաթուղը, Բողան, Ասոմը,
4Եղթուղաադը, Երման,
5Սիկեղան, Բեթմարքաբոթը, Ասերսուսիմը,
6Բեթղաբաթը եւ նրանց ագարակները. տասներկու քաղաքներ ու նրանց աւանները,
7Այինը, Ռեմոնը, Եթերը եւ Ասանը. չորս քաղաքներ եւ նրանց աւանները,
8այդ քաղաքների շուրջը եղած բոլոր ագարակները մինչեւ Բաաղեթ Բերամմոթ, հարաւային Ռամաթայի մուտքի մօտ։ Այս է Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։
9Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների բաժնի մէջ, որովհետեւ Յուդայի որդիների բաժինն աւելի մեծ էր, քան նրանցը, ուստի Շմաւոնի որդիները ժառանգութիւն ստացան նրանց բաժնի մէջ։
10Երրորդ վիճակը դուրս եկաւ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութեան սահմանները եղան մինչեւ Սարիդ։
11Նրանց սահմանները ելնում են դէպի ծովը եւ Մարաղա, հասնում են մինչեւ Դաբասթէ, հանդիպում Եկնամի դիմացը գտնուող ձորին,
12Սարիդից ետ են դառնում Բեթսամէի արեւելեան կողմը, դէպի Քասաղոթ Թաբորի սահմանները, անցնում Դաբարաթ եւ բարձրանում Յաբագայի մօտով.
13այնտեղից անցնում են արեւելք՝ ձգուելով դէպի Կատասիմ քաղաքը, անցնում են Ռեմմոն, Ամաթարիմ Աննուա,
14շրջւում են հիւսիսային սահմաններով մինչեւ Եկանթով եւ վերջանում Գայիում՝ Եփթայեղում.
15նաեւ՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Յադեղան եւ Բեթղեհէմը՝ տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։
16Այս է Զաբուղոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։
17Չորրորդ վիճակը դուրս եկաւ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
18Նրանց սահմանները եղան՝ Յեզրայէլը, Աքասեղոթը, Սունամը,
19Ափերեմը, Սիանը,
20Ռամաթը, Ենդանիմը, Ռենաթը, Անարեթը,
21Ռաբբոթը, Կէսիոնը, Այեմէսը, Ռենաթը, Ենգադիսը, Ենգադդան եւ Բեթմասեմը։
22Այս սահմանները ծովային կողմից յարում են Թաբոթին եւ Կասիմին ու Բեթսամիւսին. նրանց սահմանները վերջանում են Յորդանան գետում՝ տասնվեց քաղաքներ ու նրանց աւանները։
23Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
24Հինգերորդ վիճակը դուրս եկաւ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։
25Նրանց սահմանները եղան՝ Քեղկաթը, Ոողին, Բատնէն, Աքսափը,
26Ամաթը եւ Մասաղը։ Ծովային կողմից սահմանները յարում են Կարմեղին, Սիորին եւ Բաղանայէին
27եւ արեւելեան կողմից ետ են դառնում դէպի Բեթդագոն, հիւսիսից յարում են Զաբուղոնին, Գայիին, Եփթայէղին, մտնում են Սափաթա Բեթամեկ, գնում են Անայէլի սահմաններով եւ ձախ կողմից անցնում են Քաբող,
28Աքրան, Ռոբ, Ամմոն եւ Կանայի, մինչեւ մեծ Սիդոն։
29Ապա սահմանները ետ են դառնում Ռամա, մինչեւ ամրացուած Տիւրոս քաղաքը, շրջւում են դէպի Սոսա եւ վերջանում են ծովում, Ակզիփի կալուածքում.
30ապա՝ Ամման, Ափեկան, եւ Ռաւոբան՝ քսաներկու քաղաքներ ու նրանց աւանները։
31Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
32Վեցերորդ վիճակը դուրս եկաւ Նեփթաղիմին, Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
33Նրանց սահմանները եղան՝ Մէեղէփը, Մայեղոմը, Բերսանայիմը, Արմէն, Նագեբը եւ Յաբնեղը մինչեւ Ղակու. սահմանները վերջանում են Յորդանան գետում։
34Այս սահմանները ետ են դառնում դէպի Ազանոթ Թաբորի ծովը, այնտեղից անցնում են Կոկ, հարաւից հատում են Զաբուղոնը, ծովային կողմից՝ Ասերը, արեւելեան կողմից՝ Յուդայի երկիրը եւ Յորդանան գետը.
35նաեւ՝ տիւրացիների պարսպապատ քաղաքները՝ Տիւրոսը, Ամաթը, Ռեկկաթը, Քեներեթը,
36Ադամին, Ռամման, Ասորը,
37Կադէսը, Եդրայինը, Ակնասորը,
38Յարոնը, Մակդաղիէլը, Օրամը, Բեթանաթը եւ Թասմուսը՝ տասնինը քաղաքներ եւ նրանց աւանները։
39Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
40Դանի որդիների ցեղին, ըստ իրենց տոհմերի, դուրս եկաւ եօթներորդ վիճակը։
41Նրանց ժառանգութեան սահմանները եղան՝ Սարաան, Եսթաւուլը,
42Սաղաբինը, Յեթղան, Թամնան,
43Եղթեկովը, Բաաղոթը,
44Բանեբարակը եւ Սամես, Յաաղոն,
45Եղոն, Ակկարոն, Գաբաթոն, Յութ եւ Գեթրեմոն քաղաքները,
46Բազէից ծովը եւ Բակրոնան՝ Յոպպէի մօտի սահմանի հետ։
47Դանի որդիների սահմանը նրանց ժառանգութիւնից դուրս մնաց։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։ Դանի որդիները չբնաջնջեցին ամորհացիներին՝ լերան վրայի իրենց նեղողներին, իսկ ամորհացիները նրանց չէին թողնում իջնել հովիտները եւ նրանցից խլում էին նրանց բաժնի սահմանները։ Դանի որդիները գնացին եւ պատերազմեցին Ղեսէմի դէմ, առան այն եւ սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն եւ բնակուեցին նրա մէջ ու իրենց հօր անունով Ղեսէմն անուանեցին Դան։
48Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով եւ նրանց աւաններով հանդերձ։
49Եւ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։ Ամորհացիները շարունակեցին ապրել Եղովում եւ Սաղամիմում, բայց Եփրեմի ձեռքը ծանրացաւ նրանց վրայ, եւ նրանք Եփրեմին հարկատու դարձան։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով։ Իսրայէլացիները Նաւէի որդի Յեսուին ժառանգութիւն տուին իրենց տարածքի մէջ.
50Տիրոջ հրամանով նրան տուին նրա ուզած Թամնաթսարա քաղաքը, որ Եփրեմի լերան վրայ է, եւ նա շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։
51Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ Իսրայէլի ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրը։
1Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛.
2«Տուէ՛ք այն ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ,
3որպէս ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամայ, դիպուածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպէսզի սպանողը սպանուածի արիւնակցի կողմից չսպանուի, մինչեւ որ ժողովրդի առաջ ատեանում չկանգնի։
4Ակամայ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մէկը, կանգնի քաղաքի դռան մօտ եւ այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խօսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մօտ, նրան տեղ տայ, եւ նա բնակուի նրանց հետ։
5Եւ եթէ սպանուածի արիւնակիցը գնայ նրա ետեւից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպուածաբար է սպանել եւ նրա դէմ նախկինում ատելութիւն չի ունեցել։
6Թող նա այդ քաղաքում բնակուի, մինչեւ որ կանգնի ժողովրդի առաջ ատեանում, մինչեւ որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանուի։ Յետոյ սպանողը թող ետ դառնայ եւ գայ իր տեղը, իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է»։
7Եւ առանձնացրին Կադէսը Գալիլիայում, Նեփթաղիմի լերան վրայ, Սիւքէմը՝ Եփրեմի լերան վրայ, եւ Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ.
8Յորդանան գետի այն կողմում, Երիքովի արեւելքում Ռուբէնի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում, Մանասէի ցեղից՝ Գողանը Բասանաստանում։
9Սրանք են բոլոր իսրայէլացիների եւ եկած, նրանց մէջ բնակուածների համար որոշուած հոյակապ քաղաքները, ուր կարող է փախչել ամէն ոք, որ ակամայ մարդ է սպանել, որպէսզի չսպանուի սպանուածի արիւնակցի ձեռքով, մինչեւ որ չկանգնի ժողովրդի առաջ ատեանում։
1Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդիների ցեղերի ու տոհմերի նահապետներին,
2խօսեցին նրանց հետ Սելովում, քանանացիների երկրում եւ ասացին. «Տէրը Մովսէսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակուելու համար քաղաքներ եւ մեր անասունների համար նրանց արտերը տրուեն»։
3Եւ իսրայէացիները Տիրոջ հրամանով ղեւտացիներին ժառանգութիւն տուին այս քաղաքներն ու դրանց արտերը։
4Վիճակը դուրս եկաւ Կահաթի տոհմին. եւ Ահարոնի որդիներին՝ ղեւտացի քահանաներին վիճակով հասան տասներեք քաղաքներ Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից եւ Բենիամինի ցեղից։
5Իսկ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմից, Դանի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։
6Գեթսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ։
7Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակով հասան տասներկու քաղաքներ։
8Իսրայէլացիները վիճակով ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ դրանց արտերը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին։
9Յուդայի, Շմաւոնի եւ Բենիամինի որդիների ցեղերը իրենց անունով կոչուած այս քաղաքները տուին
10Ահարոնի որդիներին, որոնք Ղեւիի որդիներից՝ Կահաթի տոհմից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։
11Նրանց տուին Ենակի քաղաքամայր Կարիաթարբոկը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ, նրա շուրջը եղած արտերը,
12նրա ագարակները եւ աւանները։ Դրանք Յեսուն որպէս կալուածք տուեց Յեփոնիի որդի Քաղէբին։
13Ահարոնի որդիներին՝ քահանաներին տուին նաեւ սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը եւ նրա արուարձանները, Ղեբնան եւ նրա արուարձանները,
14Յեթերը եւ նրա արուարձանները, Յեսթեմովը եւ նրա արուարձանները,
15Աղոնը եւ նրա արուարձանները, Դաբիրը եւ նրա արուարձանները,
16Այինը եւ նրա արուարձանները, Յետտան եւ նրա արուարձանները, Բեթսամիւսը եւ նրա արուարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։
17Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբաւոնը եւ նրա արուարձանները,
18Անաթոթը եւ նրա արուարձանները, Սաղմոնը եւ նրա արուարձանները, Գաբեէն եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
19Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին իրենց արտերով։
20Կահաթի որդիների տոհմի ղեւտացիներին՝ Կահաթի մնացած որդիներին, քաղաքներ բաժին հասան Եփրեմի ցեղից։
21Նրանց տուին սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Սիւքէմը եւ նրա արուարձանները Եփրեմի լերան վրայ, Գազերը եւ նրա արուարձանները,
22Կաբսեմը եւ նրա արուարձանները, Վերին Բեթորոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
23Դանի ցեղից՝ Եղթեկովը եւ նրա արուարձանները, Գեբեթոնը եւ նրա արուարձանները,
24Յաղոնը եւ նրա արուարձանները, Գեթրեմոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
25Մանասէի կէս ցեղից՝ Թանաքը եւ նրա արուարձանները, Բեթսանը եւ նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։
26Կահաթի որդիների մնացած տոհմերի բոլոր քաղաքներն իրենց արուարձաններով թուով տասն էին։
27Գեթսոնի որդիներին՝ Ղեւտացիների ազգականներին, Մանասէի կէս ցեղից տուին սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ Գողանը Բասանաստանում ու նրա արուարձանները եւ Բէեստարան ու նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։
28Իսաքարի ցեղից՝ Կեսիոնը եւ նրա արուարձանները, Դաբրաթը եւ նրա արուարձանները,
29Երիմոթը եւ նրա արուարձանները, Նամակաց աղբիւրը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
30Ասերի ցեղից՝ Մասաաղը եւ նրա արուարձանները, Աբդոնը եւ նրա արուարձանները,
31Քեղկաթը եւ նրա արուարձանները, Ռոբը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
32Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ՝ Կադէսը Գալիլիայում եւ նրա արուարձանները, Եմաթդորը եւ նրա արուարձանները, Նոյեմոնը եւ նրա արուարձանները՝ երեք քաղաքներ։
33Գեթսոնի բոլոր քաղաքներն ըստ իրենց տոհմերի տասներեքն էին՝ իրենց արուարձաններով հանդերձ։
34Մերարիի որդիների տոհմին, այսինքն՝ մնացած ղեւտացիներին տուին Զաբուղոնի որդիների ցեղից՝ Յեկնամը եւ նրա արտերը, Կադէսը եւ նրա արտերը, Կարթան եւ նրա արտերը,
35Դեմնան եւ նրա արտերը, Նաաղողը եւ նրա արտերը՝ հինգ քաղաք։
36Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Ռուբէնի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Բոսորը Միսորի անապատում եւ նրա արտերը, Յազերը եւ նրա արտերը,
37Կեդսոնը եւ նրա արտերը, Մասփան եւ նրա արտերը՝ չորս քաղաք։
38Գադի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Ռամոթը Գաղաադում եւ նրա արտերը, Մանայամը եւ նրա արտերը,
39Եսեբոնը եւ նրա արտերը, Ազերը եւ նրա արտերը՝ ընդամէնը չորս քաղաք։
40Ղեւիի ցեղից մնացած Մերարիի որդիների բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։
41Իսրայէլացիների կալուածքների մէջ ղեւտացիների բոլոր քաղաքներն ընդամէնը քառասունութն էին՝ այդ քաղաքների շուրջը եղած իրենց արտերով հանդերձ։
42Այդ քաղաքներն իրենց շուրջն ունէին արտեր. այդպէս էին այդ բոլոր քաղաքները։ Եւ Յեսուն աւարտեց երկրի բաժանումն իր սահմաններով։ Իսրայէլացիները Տիրոջ հրամանի համաձայն Յեսուին բաժին տուին այն քաղաքը, որ նա խնդրեց՝ Թամնասաքարը Եփրեմի լերան վրայ։ Յեսուն շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։ Եւ Յեսուն վերցրեց այն քարէ սրերը, որոնցով թլփատել էր անապատի ճանապարհին ծնուած իսրայէլացիներին, քանի որ նրանք չէին թլփատուել անապատում։ Յեսուն այդ քարերը վար դրեց Թամնասաքարում։
43Եւ Տէրն իսրայէլացիներին տուեց այն ամբողջ երկիրը, որ երդուել էր տալ նրանց հայրերին. եւ նրանք ժառանգեցին այն ու բնակուեցին նրա մէջ։
44Տէրը նրանց հանգիստ տուեց երկրի բոլոր սահմաններում, ինչպէս երդուել էր նրանց հայրերին. եւ նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկաւ նրանց դէմ, որովհետեւ նրանց բոլոր թշնամիներին Տէրը մատնել էր նրանց ձեռքը։
45Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խօսքերից, որ ասել էր Տէրն իսրայէլացիներին, այլ ամէն բան կատարուեց։
1Շատ օրեր յետոյ, երբ Տէրը հանգստացրել էր Իսրայէլին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, եւ Յեսուն ծերացել ու տարիքն առել էր,
2նա կանչեց բոլոր իսրայէլացիներին, նրանց ծերակոյտին, իշխաններին, դատաւորներին, օրէնսգէտներին, բոլորին միասին եւ ասաց նրանց. «Ես ծերացել եմ եւ տարիքս առել։
3Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածն արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջեւից, որովհետեւ Տէր Աստուածն ինքն էր պատերազմում ձեզ համար։
4Արդ, տեսէ՛ք, տարածքներն այս մնացած ազգերի, բոլոր ազգերի, որոնց ջարդեցի Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը, դէպի արեւմուտք, ձեզ ժառանգութիւն թողեցի ըստ ձեր ցեղերի։
5Մեր Տէր Աստուածն ինքը կը կոտորի նրանց ձեր առաջ, մինչեւ որ ոչնչանան, նրանց դէմ վայրի գազաններ կ՚արձակի, մինչեւ որ ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագաւորներին, եւ դուք ժառանգութիւն կը ստանաք նրանց երկիրը, ինչպէս որ մեր Տէր Աստուածն ասել էր մեզ։
6Ուստի շա՛տ զօրացէք եւ զգո՛յշ եղէք, որ կատարէք այն ամէնը, ինչ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, որ չխոտորուէք նրանից աջ կամ ձախ։
7Չլինի թէ մտնէք այն մնացած ազգերի մէջ. թող նրանց աստուածների անունները չտրուեն ձեր մէջ, նրանցով չերդուէք, չպաշտէք նրանց եւ նրանց երկրպագութիւն չանէք,
8այլ մեր Տէր Աստծու ետեւից գնաք, ինչպէս որ արել էք մինչեւ այսօր։
9Տէրը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ եւ հզօր ազգերին, եւ ոչ ոք դէմ չկանգնեց ձեզ մինչեւ այսօր։
10Ձեզնից մէկը հազարներին հալածեց, որովհետեւ Տէր Աստուածն ինքն էր պատերազմում ձեզ համար, ինչպէս որ ասել էր ձեզ։
11Շա՛տ զգոյշ եղէք ձեր նկատմամբ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն։
12Իսկ եթէ ետ դառնաք, ձեր մէջ մնացած ազգերին յարէք, նրանց հետ խնամութիւն անէք, խառնակուէք նրանց հետ, եւ նրանք էլ ձեզ հետ,
13իմացած եղէք, որ Տէրն այլեւս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, եւ նրանք ձեզ համար որոգայթ եւ գայթակղութիւն կը լինեն, խոչընդոտ՝ ձեր գարշապարների համար եւ նետեր՝ ձեր աչքերի համար, մինչեւ որ կորչէք այս բարի երկրից, որ տուեց ձեզ ձեր Տէր Աստուածը։
14Եւ ահա ես այսօր մահուան ճանապարհն եմ գնում, ինչպէս այս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ։ Իմացէ՛ք ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խօսքերից, որ ասաց ձեր Տէր Աստուածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամէն ինչ կատարուեց ձեզ համար. դրանցից ոչ մի խօսք սխալ դուրս չեկաւ։
15Եւ ինչպէս որ ձեզ վրայ կատարուեցին այն բոլոր բարի խօսքերը, որ ասաց ձեզ համար Տէրը, այդպէս էլ Տէրը ձեզ վրայ կը կատարի ամէն տեսակ չար խօսքեր, մինչեւ որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տուել է ձեզ ձեր Տէր Աստուածը,
16եթէ դրժէք ձեր Տէր Աստծու ուխտը, որ պատուիրել է ձեզ, եւ գնաք ծառայէք օտար աստուածներին ու նրանց երկրպագութիւն անէք։ Տէրը կը բարկանայ ձեզ վրայ, եւ դուք անմիջապէս կը կորչէք այս բարի երկրից, որ Տէրը տուել է ձեզ։
1Յեսուն Իսրայէլի բոլոր ցեղերին հաւաքեց Սելովում, կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, օրէնսգէտներին ու դատաւորներին, եւ նրանք կանգնեցին Տիրոջ առաջ։
2Յեսուն խօսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Նախկինում ձեր նախահայրերը՝ Թարան՝ Աբրահամի հայրը եւ Նաքորի հայրը պանդխտել են գետի այն կողմը եւ պաշտել օտար աստուածներին։
3Գետի այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին եւ նրան առաջնորդեցի Քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տուի Իսահակին, իսկ
4Իսահակին տուի Յակոբին եւ Եսաւին, Եսաւին որպէս ժառանգութիւն տուի Սէիր լեռը։ Յակոբը եւ նրա որդիներն իջան Եգիպտոս եւ այնտեղ մեծ, բազմամարդ ու հզօր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին,
5եւ Տէրը հարուածեց եգիպտացիներին նրանց դէմ գործադրած նշաններով եւ զարմանահրաշ գործերով։
6Յետոյ Տէրը ձեզ հանեց Եգիպիտոսից, դուք մտաք ծովը, եւ եգիպտացիները կառքերով ու ձիերով հետապնդեցին ձեր հայրերին մինչեւ Կարմիր ծովը։
7Մենք աղաղակեցինք Տիրոջը, եւ նա ամպ ու մէգ դրեց մեր եւ եգիպտացիների միջեւ, ծովը նրանց վրայ լցրեց եւ ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թէ ինչ արեց Տէրը եգիպտացիների երկրում։ Ապա շատ օրեր մնացիք անապատում։
8Եւ նա ձեզ բերեց Յորդանան գետի այն կողմում բնակուող ամորհացիների երկիրը, նրանք ձեր դէմ պատերազմեցին, Տէրը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ։
9Մովաբի արքայ Սեպփորի որդի Բաղակը վեր կացաւ եւ պատերազմ մղեց Իսրայէլի դէմ. մարդ ուղարկեց, կանչեց Բէորի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի։
10Բայց ձեր Տէր Աստուածը չկամեցաւ ձեզ կորստեան մատնել, օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից եւ նրանց մատնեց ձեր ձեռքը։
11Դուք անցաք Յորդանան գետը եւ եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները, քետացիները եւ գերգեսացիները պատերազմեցին ձեր դէմ, եւ Տէրը մատնեց նրանց ձեր ձեռքը։
12Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց եւ նրանց՝ ամորհացիների տասներկու թագաւորներին, քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով եւ ո՛չ քո աղեղով արուեց այդ։
13Տէրը ձեզ տուեց այս երկիրը, որտեղ դուք չէք աշխատել եւ բնակւում էք այն քաղաքներում, որ դուք չէք շինել, ուտում էք այն այգիներից եւ թզենիներից, որ դուք չէք տնկել։
14Արդ, դուք վախեցէ՛ք Տիրոջից, ծառայեցէ՛ք նրան շիտակութեամբ եւ արդարութեամբ, հեռացրէ՛ք օտար աստուածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում եւ Եգիպտոսում, եւ պաշտեցէ՛ք Տիրոջը։
15Իսկ եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա որոշեցէ՛ք այսօր, թէ ո՛ւմ էք պաշտելու. ձեր հայրերի՞ աստուածներին, որոնք գետի այն կողմում էին, թէ՞ ամորհացիների աստուածներին, որոնց երկրում դուք բնակւում էք։ Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ նա սուրբ է»։
16Ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. «Քա՛ւ լիցի, որ մենք թողնենք մեր Տէր Աստծուն եւ օտար աստուածներ պաշտենք,
17որովհետեւ Տէրն է մեր Աստուածը, նա հանեց մեզ եւ մեր հայրերին եգիպտացիների երկրից, ծառայութեան տնից, մեզ համար նա մեծամեծ նշանները գործեց, պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մէջ, որոնց միջով մենք անցանք։
18Տէրը մեր առաջից քշեց ամորհացիներին եւ այս երկրում բնակուող բոլոր ազգերին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետեւ նա է մեր Աստուածը»։
19Յեսուն ասաց ժողովրդին. «Դուք չէք կարող Տիրոջը պաշտել, որովհետեւ նա սուրբ է. նա նախանձոտ լինելով՝ չի ների ձեր մեղքերն ու անօրէնութիւնները,
20երբ թողնէք Տիրոջը եւ օտար աստուածներին պաշտէք։ Նա կը չարչարի եւ կ՚ոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարէն, որ արել է ձեզ համար»։
21Ժողովուրդն ասաց Յեսուին. «Այդպէս չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։
22Յեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն էք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Նրանք ասացին. «Վկայ ենք»։
23Նա ասաց. «Հեռացրէ՛ք ձեզանից օտար աստուածներին եւ ձեր սիրտն Իսրայէլի Տէր Աստծո՛ւն դարձրէք»։
24Ժողովուրդը Յեսուին ասաց. «Մեր Տէր Աստծուն պիտի պաշտենք եւ նրա խօսքը պիտի լսենք»։
25Եւ այդ օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արեց եւ Սելովում, Իսրայէլի Աստծու խորանի առաջ նրան օրէնքներ եւ կանոններ տուեց։
26Յեսուն դրանք գրեց Աստծու օրէնքի գրքում, առաւ մի մեծ քար եւ այն կանգնեցրեց Տիրոջ առաջ եղած բեւեկնի ծառի տակ։
27Եւ Յեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկայ լինի, որովհետեւ սա լսեց Տիրոջ բոլոր խօսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկայ լինի ձեզ յետագայ օրերին, երբ պատահի, որ ուրանաք ձեր Տէր Աստծուն»։
28Եւ Յեսուն արձակեց ժողովրդին, ու ամէն մէկը գնաց իր տեղը։
29Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից
30յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։
31Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ։
32Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում, Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր։
33Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում, ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին։
34Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լերան վրայ։ Այդ օրերին իսրայէլացիներն առնելով Աստծու ուխտի տապանակը՝ տանում էին իրենց հետ։ Եւ Փենէէսը քահանայ դարձաւ իր հօր՝ Եղիազարի փոխարէն, մինչեւ որ մեռաւ եւ թաղուեց Գաբաաթի իր կալուածքում։ Իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տեղն ու իր քաղաքը։ Նրանք պաշտեցին Աստարտին, Աստարոթին եւ իրենց շրջակայքում եղած ազգերի աստուածներին։ Եւ Տէրը նրանց մատնեց Մովաբի արքայ Եգղոմի ձեռքը, որը տիրեց նրանց վրայ տասնութ տարի։